Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/98

Այս էջը հաստատված է

98 ԱԶԱՏԵԿ

շրջանում։ Ազատ գետի ձախ ափին է, շրջկենտրոնից 5 կմ հս֊արմ.։ 2549 բն, (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան, կապի բաժանմունք։ Ա. հիմնադրել են Սալմաստից գաղթած հայերը 1828-ին։

ԱԶԱՏԵԿ, գյուղ Հայկական ՍՍՀ Ազիզբեկովի շրջանում։ Վայքի լեռնաշղթայի հս. լանջին է, շրջկենտրոնից 7 կմ հվ.։ 571 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ։ Ա֊ում կան ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան։ Կանգուն է XVII դ. կառուցված եկեղեցին։ Ա֊ի բնակիչների նախնիները եկել են Սալմաստից, 1828-ին։


ԱԶԱՏ֊ՄԽՈՑԱՎՈՐ ԳԱԶԱԳԵՆԵՐԱՏՈՐ, գազի մեխանիկական գեներատոր։ Ծառայում է գազային տուրբինն աշխատանքային գազով ապահովելու համար և գործում է ազատ֊մխոցավոր շարժիչների սկզբունքով։ Վերջիններն ուղղակի գործողության անլիսեռ շարժիչներ են, որոնց մեջ մեխանիկական էներգիան հաղորդվում է ազատ շարժվող մխոցների օգնությամբ, առանց շուռտվիկաշարժաթևային մեխանիզմի։

Աշխատանքի սկզբունքը հետևյալն է (տես նկ.). երբ գազագեներատորի գլանում (7) շարժվող մխոցները (8), խիստ սեղմման ենթարկելով այնտեղ գտնվող օդը, հասցնում են գլխի միջին մասը, բոցամուղից (6) սրսկվում է վառելիքը և ինքնաբոցավառվում։ Այրման ընդարձակվող արգասիքների ճնշման տակ մխոցները միմյանցից հեռանում են. այդ պահին թարմ օդը ներածման փականներով (1) ներծծվում է կոմպրեսորային գլան (3)։ Թափարգելային տարածությունում (5) սեղմման ենթարկված օդը մխոցներին ստիպում է շարժվել դեպի ետ՝ գազագեներատորի գլանի կենտրոնը, որի ժամանակ կոմպրեսորային գլանում սեղմվող օդը բացում է մղման փականները (2) և փչահարման պատուհաններով (4) անցնում գազագեներատորի գլան։ Տեղի է ունենում վերջինի փչահարումն ու լիցքավորումը կոմպրեսորային գլանում սեղմված օդով։ Այրման արգասիքները գազագեներատորային գլանից անցնում են գազային տուրբին։ Դրանից հետո աշխատանքային տակտը նորից կրկնվում է։

Ա֊մ. գ. գազատուրբինի հետ մեկտեղ կազմում է համակցված ջերմաուժային տեղակայում և կարող է զարգացնել 400–6000 կվտ հզորություն (ընդհանուր օ.գ.գ.՝ 40–45%)։ Աշխատում է գազային կամ հեղուկ (մազութ, սոլյարային յուղ ևն) վառելանյութերով։ Օգտագործվում է շարժական էլեկտրակայաններում՝ էլեկտրական էներգիա ստանալու համար, ինչպես նաև երկաթուղային, ջրային և ավտոմոբիլային տրանսպորտում, պոմպակայաններում՝ որպես ուժային տեղակայում։ ՀՍՍՀ֊ում Ա֊մ. գ֊ների ուսումնասիրման և նոր կառուցվածքների նախագծման հարցերով զբաղվում է Կոմպլեքսային էլեկտրասարքավորման համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը (Երևան)։

Գրկ. Մկրտումյան Է. Ա. և Թերզյան Ա. Վ., Ազատ մխոցային շարժիչներ, Ե., 1960։ Լ. Ղուլոյան


ԱԶԱՏՅԱՆ Թորոս Մարտիրոսի (Ազատունի, 1898–1955), հայ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքի մերձակա Ապուչեխ գյուղում, սովորել Վարագի, Ակնի, Չմշկածագի դպրոցներում։ 1936-ին Կ. Պոլսում հիմնադրել է «Մշակույթ» հրատարակչությունը, ապա՝ «Աստղաբերդ» (1951) հայագիտական֊ազգագրական ամսաթերթը, խմբագրել «Արևելք», «Զարթոնք» պարբերականները։ Ունի արձակ, չափածո և գրականագիտական գործեր։ Մահացել է նոյեմբերի 15-ին։

Երկ. Միսաք Մեծարենց (իր կյանքը), հ. 1, ԿՊ, 1922։ Քառասնակ, ԿՊ, 1930: Կոմիտաս վարդապետ (իր կյանքն ու գործունեությունը), հ. 1, ԿՊ, 1931։ Ժամանակակից դեմքեր, Զ. և Հ. Ասատուր, ԿՊ, 1937։ Ակն և ակնցիք, ԿՊ, 1943։


ԱԶԱՏՅԱՆ Հակոբ Նիկողոսի (1902–1965), հայ սովետ․ փորագրիչ։ ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1963)։ Ծնվել է փետրվարի 26 (մարտի 10)֊ին, Իգդիրում։ 1939-ին պատրաստած պահարանի փեղկերի վրա քանդակազարդել է 16 դրվագ «Սասունցի Դավիթ» էպոսից (ՍՍՀՄ հեղափոխության պետ. թանգարան), 1948-ին՝ «Հայրենիքի համար մղված մարտերում» կոմպոզիցիան, «Առատություն» (1950), «Հայաստան» (1953), «Սևան» (1963), «Արարատյան դաշտը» (1965) դեկորատիվ սկահակները, ընդելուզել կժեր, սափորներ, գավաթներ ևն։ Գրել է «Փայտի գեղարվեստական փորագրություն» ձեռնարկը (Ե., 1961)։ Մասնակցել է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։ Նրա գործերից 32-ը պահվում են Հայաստանի ժող. ստեղծագործության տանը, մյուսները՝ ՀՊՊ֊ում և ՍՍՀՄ մի շարք թանգարաններում։ Մահացել է մարտի 21-ին, Երևանում։


ԱԶԱՏՅԱՆ Հայկ Նահապետի (1881–1964), հայ սովետ․ տնտեսագետ, հասարակական֊քաղաքական գործիչ։ ՀՍՍՀ ԳԱ թղթ֊անդամ (1956), պրոֆ. (1928)։ Ծնվել է սեպտ. 25-ին, Ղարաքիլիսայում (այժմ՝ Կիրովական), ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում։ 1903–1905-ին ուսանել է Բեռնի համալսարանի բժշկական ֆակուլտետում, հետևել հասարակական գիտությունների դասընթացի՝ Փարիզում և Բեռլինում։ 1905-ի աշնանն Ա. մտել է ՌՍԴԲԿ շարքերը, հարել մենշևիկյան ֆրակցիային։ 1908–11-ին գործել է Բաքվի մենշևիկյան կազմակերպությունում, եղել է մետաղագործների արհմիության քարտուղար։ 1913-ին բանտարկվել է հեղափոխական գործունեության համար։ 1915–17-ին «Պայքար» թերթի խմբագրությունում ներկայացնում էր մենշևիկյան ֆրակցիան։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում կատարել է պատասխանատու աշխատանք։ 1918-ի կեսերից հարել է ս֊դ. ինտերնացիոնալիստների խմբակին, իսկ 1920-ի դեկտեմբերին մտել կոմկուսի շարքերը։ Ա. Սովետական Հայաստանի Արհմիությունների խորհրդի աոաջին նախագահն էր։ Եղել է նաև ՀԿԿ Կենտկոմի քարտուղար (1921) և ՀՍՍՀ Կենտգործկոմի նախագահի տեղակալ (1924–28)։ Վ. Ի. Լենինի անվ. ՀամԳԳԱ փոխպրեգիդենտ (1930), ապա՝ Անդրկովկասյան մասնաճյուղի դիրեկտոր (1931–34)։ 1934-ից անցել է մանկավարժական աշխատանքի Թբիլիսիի բուհերում։ Մահացել է նոյեմբերի 13-ին, Թբիլիսիում, թաղված է Երևանում։

Ա֊ի տնտեսագիտական աշխատությունները վերաբերում են սոցիալիզմի քաղաքատնտեսության՝ գյուղատնտեսության կոոպերացման և աշխատավարձի տեսության հարցերին, խմբագրել է Կ. Մարքսի «Կապիտալ»֊ի հայերեն հրատարակության 3-րդ հատորի առաջին գիրքը (1947) և առաջին հատորի 2-րդ հրատարակությունը (1954)։

Երկ. ԽՍՀ Միության տնտեսական զարգացումը և գյուղատնտեսական կոոպերացիան, Ե., 1926։ Աշխատավարձի խնդիրները, Ե., 1929։


ԱԶԱՏՅԱՆ Շմավոն Ռուբենի (ծն. 1925), հայ սովետ․ ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստ. ճարտարապետ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ծնվել է մարտի 3-ին, Ադրբ. ՍՍՀ Զաքաթալա քաղաքում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ֊ը (1949)։ 1958-ից աշխատում է «Երևաննախագիծ» ինստ֊ում (1969-ից ճարտարապետական արվեստանոցի ղեկավար)։ Ա֊ի նախագծերով