լեռներ են՝ կազմված գլխավորապես կավճի և նեոգենի նստվածքներից։ Կլիման չոր ցամաքային է, բուսականությունը՝ գերազանցապես լեռնատափաստանային։
ՍԱԼՄԱՍՏԻ ԽՈՍՎԱԾՔ, տես Խոյի բարբառ։
ՍԱԼՄՈՆԵԼՈԶՆԵՐ (Salmoneloses), մարդու և կենդանիների աղիքային սուր վարակիչ հիվանդությունների խումբ։ Հարուցիչները Salmonella [ամերիկյան ախտաբան Դ․ է․ Սալմոնի (D․ E․ Salmon) անունից] խմբի բակտերիաներն են։ Հայտնաբերվել են սալմոնելների 1600 սերոտիպ, որոնցից ամենատարածվածը S․ typhimurium-ն է։ Ս․ տարածված են աշխարհի բոլոր երկրներում։ Վարակի աղբյուրը հիվանդ կենդանիները և թռչուններն են, ինչպես նաև հիվանդ մարդը կամ առողջ պարազիտակիրը։ Մարդու կամ կենդանու օրգանիզմից հարուցիչներն արտազատվում են կղանքի, փսխման զանգվածի և մեզի միջոցով։ Վարակման համար նշանակություն ունի հարուցիչների քանակը, սակայն երեխաները կարող են վարակվել փոքր քանակությունից։ Վարակվում են սննդային (մսի, մսամթերքների, ձկնեղենի, կաթի և կաթնամթերքների, ձվի և ձվի փոշուց պատրաստված սննդամթերքների միջոցով), ինչպես նաև կոնտակտկենցաղային (կեղտոտ ձեռքերի, զանազան առարկաների, փոշու միջոցով՝ հատկապես մանկական հիմնարկներում, հիվանդանոցներում, առողջարաններում, ծննդատներում) և օդակաթիլային ճանապարհներով։ Ս–ի գաղտնի շրջանը տևում է մի քանի ժամից մինչև 2–3 օր։ Հիվանդությունն սկսվում է սուր։ Հիմնական ախտանշաններն են՝ փսխում, ուժեղ սրտխառնոց, սարսուռ, տենդ, գլխացավ, ցավեր որովայնում և մկաններում, հաճախ այդ երևույթներին միանում է լուծը, օրգանիզմը խիստ ջրազրկվում է, և սկսվում են ծանր թունավորման երևույթներ։ Ս–ի կլինիկական պատկերը խիստ բազմազան է։ Տարբերում են ստամոքսաաղիքային, դիզենտերիանման, խոլերանման, տիֆային, գրիպանման, սեպտիկ, նոզոպարազիտային և ենթակլինիկական ձևերը։ Հիվանդությունից հետո պարազիտակրությունը տևում է մի քանի շաբաթից մինչև 6–8 տարի և ավելի։
Ախտորոշում են կլինիկական, համաճարակագիտական տվյալների և բակտերիալոգիական հետազոտության (փսխման զանգվածի, ստամոքսի լվացուկի, կղանքի, մեզի, արյան են) արդյունքների հիման վրա։ Բուժումը՝ ստամոքսի և աղիքների լվացում, առատ տաք հեղուկների օգտագործում, ծանր դեպքերում՝ աղային լուծույթների ներարկում, սպազմոլիտիկ դեղամիջոցներ, անտիբիոտիկներ, դիետա։
Կանխարգելումը․ ա․ անասնապահական–սանիտարական հսկողություն և սան․ կանոնների կիրառում՝ կենդանիների սպանդի, սննդամթերքների մշակման, պահպանման, փոխադրման օբյեկտներում և բ․ ընդհանուր և անձնական հիգիենայի կանոնների կիրառում՝ սննդի օբյեկտներում, մանկական հիմնարկներում և կենցաղում։ Կենդանիների Ս–ի մասին տես Մատղաշների հիվանդություններ հոդվածում։
ՍԱԼՅԱՆ, քաղաք (1916-ից), Ադրբեջանական ՍՍՀ համանուն շրջանի կենտրոնը։ Գետային նավահանգիստ է Կուրի աջ ափին։ 25,7 հզ․ բն․ (1975)։ Կա նավթի արդյունահանություն։ Ունի երկաթուղային կայարան, բամբակազտիչ, էլեկտրաեռակցման սարքավորումների, պլաստմասսայե իրերի, գարեջրի–ոչ ալկոհոլային խմիչքների գործարաններ, գյուղատնտ․ տեխնիկում, բժշկ․ ուսումնարան։
«ՍԱԼՅՈՒՏ», շուրջերկրյա ուղեծրակայանների սովետական սերիայի անվանումը, դրանց մշակման ու արձակումների ծրագիրը։ Իրականացվել են ավտոմատ և օդաչուավոր ռեժիմներով թռիչքներ։ «Ս․» ուղեծրակայաններն ուղեծիր են դուրս բերվում «Պրոտոն» եռաստիճան կրող հրթիռով։ Տիեզերագնացների անձնակազմերը և բեռները «Ս․», «Ս․-2», «Ս․-3», «Ս․-4», «Ս․-5» ուղեծրակայաններ են հասցվել «Սոյուզ» սերիայի տիեզերանավերով, իսկ «Ս․-6», «Ս․-7» ուղեծրակայաններ՝ նաև «Սոյուզ Տ», «Պրոգրես» և «Կոսմոս» սերիաների տիեզերանավերով։ «Ս․» սերիայի ուղեծրակայանները նախատեսված են երկրամերձ տիեզերական տարածությունում լայն շրջանի խնդիրներ լուծելու համար, բժշկակենսբ․ հետազոտություններ՝ մարդու օրգանիզմի վրա երկարատև տիեզերական թռիչքի ազդեցության ուսումնասիրմամբ, ալիքի երկարության տարբեր տիրույթներում աստղաֆիզիկ․ հետազոտություններ, Երկրի (ներառյալ մթնոլորտը և մակերևույթը) ուսումնասիրում, գիտատեխ․ փորձերի անցկացում (այդ թվում նաև անկշռելիության պայմաններում որոշ տեխնոլոգիական պրոցեսների փորձարկում), ուղեծրակայանների ստեղծման սկզբունքների ստուգում ևն։ Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելուց հետո լցավորված և համալրված «Ս․» ուղեծրակայանի զանգվածը 18,9 տ է․ գիտական ապարատների զանգվածը՝ 1,5 տ, երկարությունը՝ 16 մ, բնակելի հատվածամասերի իրանի առավելագույն տրամագիծը՝ 4,15 մ, կայանի լայնական չափսը (ըստ արևային մարտկոցների բացվածքի)՝ 16,5 մ, բնակելի հատվածամասերի ծավալը (ըստ հերմետիկ իրանի)՝ 82,5 մ³, ազատ ծավալը՝ 47 մ³, անձնակազմի անդամների թիվը՝ 2–4 մարդ, անձնակազմի առավելագույն երկարատև թռիչքը՝ 211 օր («Ս․-7»)։ «Ս․» բաղկացած է աշխատանքային ու անցման հերմետիկ և ագրեգատային ոչ հերմետիկ հատվածամասերից։ Աշխատանքային և անցման հատվածամասերը բնակելի են։ «Ս․» հանդերձված է թռիչքի կառավարման և կողմնորոշման համակարգով (ապահովում է կայանի ավտոմատ և ձեռքով կողմնորոշումը), ջերմակարգավորման, ռադիոկապի, էլեկտրասնուցման, կցման, կողային համալիրի կառավարման համակարգերով, գիտական սարքավորումներով, կենսաապահովման համակարգով։ Անցման հատվածամասը տրամագիծը՝ 2 մ, երկարությունը՝ 3 մ) ծառայում է գիտ․ հետազոտություններ և փորձեր կատարելու, փոխադրական տիեզերանավից ուղեծրակայան անցնելու համար։ Հատվածամասի ներսում տեղակայված են կցման ագրեգատը, ջերմակարգավորման, կենսաապահովման համակարգերի սարքավորումները, գիտ․ ապարատները և սարքավորումը (լուսանկարչական խցեր, կենսբ․ փորձերի բլոկներ), «Օրիոն» աստղադիտակով կառավարման կետը ևն։ Հատվածամասի համալրումը (ապարատներով և սարքավորումով), կախված թռիչքի խնդիրներից, փոփոխվում է։ Արտաքին մակերևույթին ամրացված են արևային մարտկոցների պանելները, մոտեցման ռադիոհամակարգի անտենաները, տվիչային ապարատները, կենսաապահովման