Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/133

Այս էջը սրբագրման կարիք չունի

ցեղեր։ Ըստ անտիկ հեղինակների, վաչկատուն և ռազմասեր Ս․ բնակվել են Հս․ Մերձսևծովյան շրջաններում՝ ցեղակից կիմերների հարևանությամբ։ Մ․ թ․ ա․ VIII դ․ վերջին քառորդին կիմերներին մղելով դեպի Անդրկովկաս և Փոքր Ասիա, մ․թ․ ա․ VII դ․ սկզբին Ս․ ևս հոծ զանգվածներով անցել են Կովկասյան մեծ լեռնաշղթան (գլխավորապես Կասպից ծովի արմ․ ափերով) և աստիճանաբար սփռվել Հայկ․ լեռնաշխարհի հս–արլ․ և արլ․, ինչպես նաև Միջին Ասիայի ու Իրանի որոշ շրջաններում։ Ըստ Ստրաբոնի, Ս. նախ հաստատվել են Բակտրիայում (Միջին Ասիա) ու Հայաստանի այն «լավագույն հողում», որն այնուհետև նրանց անունով կոչվել է Սակասենե (հայկ․ աղբյուրներում՝ Շակաշեն)։ Հայկ․ լեռնաշխարհում հաստատված Ս․ մ․ թ․ ա․ VII դ․ առաջին քառորդին իրենց տիրապետությունը տարածելով Կուր գետի արլ․ ավազանից մինչև Կապուտան (Ուրմիա) լճի ավազանը, Ուրարտու և Մանա թագավորությունների անմիջական հարևանությամբ մ․ թ․ ա․ 673-ին հիմնել են հզոր թագավորություն, որն ասորեստանյան սեպագիր աղբյուրներում հիշատակվում է Աշգուզա կամ Իշկուզա, հին եբր․՝ Աշկենազ, հին հայ․՝ Ասքանազ անվանումներով։ Ս–ի հզորացումը պայմանավորվել է Հայկ․ լեռնաշխարհի արմատական բնակչության հետ քաղ․, տնտ․ և մշակութային սերտ փոխհարաբերությամբ, ինչպես նաև Ուրարտուի ու Մանայի հետ հաստատած ռազմաքաղ․ դաշնակցությամբ։ Մ․ թ․ ա․ 673-ին նրանց հետ Ասորեսաանը ևս կնքել է դաշնագիր, որն ամրապնդվել է Ասարխադդոն թագավորի դստեր և Ասքանազյան թագավորության հիմնադիր Պարաաաուայի (հուն, աղբյուրներում՝ Պրոտոթիես, հայկ․ աղբյուրներում՝ Պարույր Սկայորդի) ամուսնությամբ։ Ս․ թ․ ա․ մոտ 630-ին Պարտատուա–Պարույրի գահը ժառանգել է որդին, որին հին հուն, հեղինակներն անվանում են Մադիես, հայ պատմիչները՝ Հրչե կամ Հրաչյա։ Ըստ Հերոդոտոսի, Մադիեսը, մ․ թ․ ա․ 625 կամ 624-ին պարտության մատնելով Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն պաշարած Մարաստանի զորքերին, այնուհետև 28 տարի գերիշխել է Մերձավոր Արևելքում։ Դաշնակիցների զինակցությամբ նա արշավել է Պաղեստինյան Ասորիք, հարկեր ստացել Եգիպտոսի Պսամմետիքոս թագավորից, ապա Փոքր Ասիայում ջախջախել է կիմերական տրերների ցեղերին։ Հայկ․ լեռնաշխարհում հաստատված Ս․ համեմատաբար կարճ ժամանակամիջոցում դարձել են նստակյաց և աստիճանաբար ձուլվել հասարակական զարգացման ավելի բարձր մակարդակում գտնվող տեղաբնիկների մեծամասնությանը՝ ընդունելով նրանց բարքերը, սովորույթները և լեզուն։

Մ․ թ․ ա․ VI–V դդ․ պարսկ․ արձանագրությունները տարբերակում են Ս–ի երեք խումբ՝ խաումավարգա Ս․ (անտիկ աղբյուրներում՝ ամյուրգներ), տիգրախադա Ս․ («սրածայր գդակավորներ») և «ծովամերձ» (այսինքն՝ Մերձսևծովյան) Ս․։ Հին Իրանի տարածքում բնակվող Ս․ մ․ թ․ ա․ VI դ․ վերջից հպատակվել են Աքեմենյաններին, նրանց վճարել հարկեր, կատարել զինվ․ ծառայություններ, առանձին զորախմբերով մասնակցել մ․ թ․ ա․ 500–449 թթ․ հույն–պարսկ․ պատերազմներին, իսկ մ․ թ․ ա․ 330-ական թթ․՝ հունա–մակեդոն․ նվաճողների դեմ Դարեհ III Կ ո դ ո մ ա ն ո ս ի մղած ճակատամարտերին։ Ս–ի որոշ ցեղախմբեր (ապարհներ, դահեր) մ․ թ․ ա․ III դ․ կեսին զգալի դեր են խաղացել Պարթևաց թագավորության կազմավորման գործում։ Մ․ թ․ ա․ II դ․ վերջին Ս․ հաստատվել են Պարթևաստանի Դրանգիանե նահանգում, որն այնուհետև կոչվել է Մակաստան (այժմ՝ Սիստան կամ Սեյստան), իսկ մ․ թ․ ա․ II դ․ վերջից՝ Հս․ Հնդկաստանում։ I–II դդ․ Ս․ ձուլվել են Իրանի, Միջին Ասիայի, Աֆղանստանի և Հս․ Հնդստանի հին ժողովուրդների հետ։ Արլ․ Թուրքեստանում Ս–ի լեզուն պահպանվել է մինչև X դ․։

Սովետական հնագետները Ս–ի մշակութային հուշարձաններ են հայտնաբերել Միջինասիական հանրապետությունների տարբեր շրջաններում։ Ս–ի արվեստին բնորոշ է, այսպես կոչված, սկյութական «գազանային ոճով» կերտած գեղարվեստական արտադրանքը։ Նրանց կրոնում գերապատիվ դեր է հատկացվել արևի պաշտամունքին կապված գլխավոր աստվածությանը։

ՍԱԿեՐԵՆ, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղի միջին իրան, լեզուների արլ․ խմբին։ Մեռած լեզու է։ Հայտնաբերվել է XX դ․ սկզբին չին․ Թուրքեստանում, VII– X դդ․ ստեղծված հուշարձանների միջոցով։ Հնչյունական համակարգում տարբերակել է երկար ու կարճ ձայնավորներ, ունեցել է երկբարբառներ (բարձրացող, իջնող)։ Բաղաձայնական համակարգում առկա է քմային–ոչ քմային հնչյունների հակադրություն։ Շեշտն ընկնում է նախավերջին, հաճախ՝ նրանից առաջ գտնվող վանկի վրա։ Գոյականն ունի սեռի (արական, իգական), թվի (եզակի, հոգնակի), հոլովի (թվով 6) կարգեր։ Ածականին բնորոշ են համեմատության բաղդատական և գերադրական աստիճանները, հոլովվելիս ընդունում է գոյականի վերջավորություններ։ Թվականն ունեցել է երկու տեսակ՝ քանակական և դասական։ Բային բնորոշ, են դեմքի, թվի, սեռի, ժամանակի, եղանակի, կերպի քերականական կարգերը։ Շարահյուսության մեջ որոշիչ–որոշյալը համաձայնվել են թվով և հոլովով։ Ս․ տեքստերը գրվել են հընդկական բրահմի գրով։

ՍԱԿԻ, անհոսք աղի լիճ Ուկր․ ՍՍՀ Ղրիմի մարզում, Եվպատորիայից 20 կմ հվ–արլ․։ Ծովի մակարդակից 2,1 մ ցածր է։ Մակերեսը 8,1 կմ² է, երկարությունը՝ 5,5 կմ, առավելագույն լայնությունը՝ 3 կմ, միջին խորությունը՝ 0,8 մ։ Լճի հատակը ծածկված է հանքային ցեխով։ Ունի խառը սնում։ Ափին են Սակի քաղաքն ու առողջարանը։

ՍԱԿԻ, քաղաք (1952-ից) Ուկր․ ՍՍՀ Ղրիմի մարզում, Սակիի շրջանի կենտրոնը։ Գտնվում է Սակի լճի ափին, Սև ծովից 4 կմ հեռավորության վրա։ Երկաթուղային կարերան է Եվպատորիա–Օստրյակովո գծի վրա։ Կան քիմ․ գործարան, սննդարդյունաբերության ձեռնարկություններ։ Ցեխաբուժական առողջարան է։ Ամառը տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 23°С), ձմեռը՝ մեղմ (փետրվարի միջին ջերմաստիճանը՝ – 1°С), տարեկան տեղումները՝ 380 մմ։ Բուժիչ միջոցներն են․ Սակի լճի տղմոտ ցեխը, բնաղաջուրը և հանքային ջրերը։ Ս–ից 7 կմ հեռավորության վրա կա հանքային աղբյուր՝ քլորիդային հիդրոկարբոնատնատրիումային տաք (45°С) ջրերով։ Բուժվում են ոսկրերի, հոդերի, մկանների, գինեկոլոգիական և մաշկային հիվանդություններով տառապողները։

ՍԱԿԿՈ–ՎԱՆ5ԵՏՏԻԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ծագումով իտալացի բանվորհեղափոխականներ Նիկոլա Սակկոյի և Բարտոլոմեո Վանցետտիի դատը ԱՄՆ–ում, որոնք մեղադրվում էին 1920-ի ապրիլի 15-ին Սաութ–Բրեյնթրի քաղաքի (Մասսաչուսեթսի նահանգ) կոշիկի ֆաբրիկայի գանձապահի և երկու պահակների սպանության մեջ։ Դատավարությունը սկսվել է 1920-ի հունիսին, Պլիմուտ քաղաքում։ 1921-ի հուլիսի 14-ին հատուկ ընտրված երդվյալ ատենակալների դատարանը, հենվելով կեղծ վկաների ցուցմունքների և փորձաքննության սարքովի տվյալների վրա, հանցավոր ճանաչեց Սակկոյին և Վանցետտիին, և նրանք դատապարտվեցին մահվան։ Մերժվեցին գործի վերանայման բոլոր խնդրագրերը։ Դատարանի որոշումը ԱՄՆ–ուվ և ամբողջ աշխարհում առաջ բերեց բողոքի լայն շարժում․ սակայն՝ ապարդյուն։ 1927-|ի օգոստ․ 23-ին Սակկոն և Վանցետտին մահապատժի ենթարկվեցին էլեկտրական աթոռի միջոցով։

ՍԱԿՌԱԲԵՐԴ, Սակրաբերդ, Սագրաբևրդ, բերդ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ուրծ գավառում, Ուրծաձոր գետի հովտում։ Ուրծեաց նախարարության իշխանանիստ կենտրոնը։ V դ․ Ս–ի տերերից հիշատակվում են Ներսեհ, Կողթեկ և վարազներսեհ Ուրծեցի իշխանները։ XV վ․ մի հայսմավուրքում Ս․ հիշատակվում է որպես գյուղ՝ Ս․ Ստեփանոս եկեղեցով և Արջառերեկ մենաստանով։ Ղ․ Ալիշանի և Ս․ Երեմյանի կարծիքով՝ Ս․ համապատասխանում է ներկայիս Մեծ Վեդի ավանին։

ՍԱԿՍԱԳԱՆՍԿԻ (իսկական ազգանունը՝ Տոբիլևիչ), Պանաս (Աֆանասի) Կարպովիչ (1859–1940), ուկրաինացի սովետական դերասան, ռեժիսոր, մանկավարժ։ ՍՍՀՄ Ժող․ արտիստ (1936) Ի․ Կ․ Կարպենկո–Կարիի և Ն․ Կ․ Սադովսկու եղբայրը: