խաղերին՝ Ս–Ն․ հակադրել է հայալեզու երգերն ու խորապես մարդկային ապրումներ արտահայտող ստեղծագործությունները և կամրջել միջնադարյան բանաստեղծությունն ու ձևավորվող նոր քերթությունը, ժող․ խաղն ու անձնական քնարերգությունը։ Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած XVIII դ․ 2-րդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Ս–Ն․ իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության մեջ։
Ս–Ն․ գրական նորարար է, սիրո և արդարության քարոզիչ, բանաստեղծ, երգիչ, երգահան ու նվագածու՝ միաժամանակ։
1759-ի կեսերին ավարտվել է Ս–Ն–ի՝ իբրև բանաստեղծի ու երգահան–երաժշտի կյանքը։
1759-ին Հերակլ II-ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Սփեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հվ․ ափին գտնվող Էնգելի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1760)։ Ե՜րբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766-ին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտր․ ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում (եղել է քահանա), որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժողովածու (երկու ձեռագրերն էլ պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում)։ 1768-ին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ (Հովհաննես, Մելքիսեթ, Սառա և Մարիամ)։ Այդ կամ հաջորդ տարվաՆից Ս–Ն–Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778-ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում (հավանաբար 1784-ին) միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս։ 1795-ի սեպտ–ին, Աղա–Մահմադ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Ս․ Գևորգ եկեղեցու բակում։ 1914-ից ամեն տարի մայիսին այդտեղ մեծարվում է Ս–Ն–ի հիշատակը՝ ժող․ այցելությամբ և վարդատոնով (նախաձեռնողը եղել է Հ․ Թումանյանը)։
Մեծ բանաստեղծի մոռացված ստեղծագործություններին հարություն տվողը և սայաթնովագիտության հիմնադիրը եղել է հայագետ Գ․ Ախվերդյանը։ 1848-ի մայիսին ձեռք բերելով աշուղի Դավթարը, հետազոտական քրտնաջան աշխատանքից ու որոնումներից հետո, 1852-ին լույս է ընծայել Ս–Ն–ի հայ․ խաղերի առաջին ժողովածուն (46 խաղ)՝ կցելով բանաստեղծի կենսագրությունը, Թիֆլիսի բարբառի քննությունը և առանձին ոտանավորների բառապաշարին վերաբերող արժեքավոր մեկնաբանություններ։ Դա ծրագրված «Գուսանք» մատենաշարի միակ գիրքը եղավ։ Ախվերդյանի ազդեցությամբ ռուս բանաստեղծ Յա․ Պոլոնսկին Ս–Ն–ի մի քանի խաղ թարգմանել է ռուս. և նրա մասին ուսումնասիրություն հրատարակել Թիֆլիսի «Կավկազ» («Кавказ») թերթում (1851, 1852)։ Հետագայում նոր խաղեր են հայտնաբերել ու հրատարակել բանասերներ Գ․ Տեր–Աղեքսանդրյանը (1885), Գ․ Ասատուրը (1903), աշուղ Սկանդար–Նավեն (1912) և ուրիշներ։ Ս–Ն–ի գրական ժառանգությունը ժողովրդականացնելու գործում մեծ վաստակ ունեն Հ․ Թումանյանը, նկարիչ Գ․ Բաշինջաղյանը և ուրիշներ, որոնց ջանքերով 1913-ին տոնվել է մեծ երգչի ծննդյան 200-ամյա հոբելյանը և 1914-ին հրատարակվել հայ․ խաղերի առավել լրիվ ժողովածուն («Սայաթ–Նովա»)։
Սայաթնովագիտությունը բուռն զարգացում ապրեց սովետական կարգերի հաստատումից հետո ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Հրատարակվեցին նոր ժողովածուներ, գրվեցին հետազոտություններ։ Այդ մարզում իրենց ներդրումն ունեն բանասերներ Գ․ Լևոնյանը, Ռ․ Աբրահամյանը, Հ․ Զավրյանը, Ն․ Աղբալյանը, Ա․ Ղանալանյանը, խ․ Սարգսյանը, Գ․ Աբովը, Ա․ Հարությունյանը, Պ․ Սևակը, Լ․ Մելիքսեթ–Բեկը և ուրիշներ, ամենից ավելի՝ Մ․ Հասրաթյանը, որը կազմել է Ս–Ն–ի «Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի» նոր և ամենաընդարձակ ժողովածուն (3-րդ հրտ․ 1963), թարգմանել վրաց․ 32 և ադրբ․ 85 խաղ․ գրել ուշագրավ մեկնաբանություններ, տվել Ս–Ն–ի խաղերն ամփոփող Դավթարի նկարագրությունը, մեկնաբանել բանաստեղծի երգերի բառապաշարը։ Ս–Ն–ի կյանքը նյութ է դարձել գրական երկերի (վեպ, նովել, պոեմ, դրամա, բալլադ, ոտանավորներ) և արվեստի ստեղծագործությունների (օպերա, կինոնկար, թեմատիկ նկարներ)։ Նրա երևակայական նկարն ստեղծել են Գ․ Շարբաբչյանը, Հ․ Ռուխկյանը, քանդակել է Ա․ Հարությունյանը։ Սովետական Հայաստանում Ս–Ն–ի անունով են կոչվում դպրոցներ, փողոցներ, գուսանական–երաժշտ․ խմբեր։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուս. և աշխարհի մի շարք այլ լեզուներով։ 1963-ի խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ նշվեց Ս–Ն–ի ծննդյան 250-ամյակը։
Մոլորակագիտության միջազգային միության պատվավոր պրեզիդենտ Գ․ Կատերֆելդի առաջարկությամբ՝ 1976-ին Ս–Ն․ անունով կոչվեցՄերկուրիի խառնարաններից մեկը (այսպես կոչված՝ Մարսի ծովի հարավում)։
Ս–Ն․ առաջնակարգ երաժիշտ–հորինող է։ Նրա խաղերը մեծագույն մասով հորինվել են որոշակի եղանակներով հանդերձ (խոսքերում առկա են երգային կրկնակներ կամ եղանակի մասնավոր ձևի հետ կապված՝ բառերի հավելյալ կրկնումներ)։ Շարունակելով Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ավանդույթը՝ Ս–Ն․ իր շատ խաղեր օժտել է սեփական հատուկ եղանակներով։ Օգտագործել է նաև աշուղական ավանդական եղանակները և այդպիսի դեպքում ոտանավորին կցել եղանակը հուշող ծանոթագրություն։ Թե՛ մեկ և թե՛ մյուս եղանակները գործնականորեն մեզ են հասել բանավոր հաղորդման միջոցով։ Հայերեն խաղերի 27 եղանակ հավաքել և գրի են առել Մ․ Աղայանը և Շ․ Տալյանը (տպ․ Ե․, 1946 և 1963), ժողովրդի մեջ գոյություն ունեն նաև անտիպ մնացող եղանակներ կամ տարբերակներ։
Ս–Ն–ի եղանակների հիմքը հայ մոնոդիկ երաժշտությունն է (ժող․ և գուսանա–աշուղական երգ, միջնադարյան տաղեր, քաղաքային ժող․-գործիքային նվագ), այդ երաժշտության ինտոնացիաները և դրանցով բացահայտվող ձայնակարգերն իրենց էական հատկանիշներով կազմում են նրա մեղեդիների ձևակառուցման գլխ․ գործոնը։ Ս–Ն․ աշուղի երաժշտ․ արվեստը նաև որոշ տարրեր ու բնորոշ գծեր է ներառել Թիֆլիսի կենցաղային երաժշտությունից, որն այն ժամանակ միավորում էր մերձավորարևելյան երաժշտության մաս կազմող բազմազան ազգ․ ավանդույթներ։ Այդ բոլոր տարրերը, թե՛ աշուղի սեփական և թե՛ օգտագործած ավանդական եղանակներում, իր՝ հեղինակի ստեղծագործական մտածելակերպի համաձայն «խմբագրվել են», վերաձուլվել ու վերարտադրվել մի միասնական ոճում, որը բնութագրվում է որպես սայաթնովյան ոճ։ Ս–Ն–ի երգերի ներկայումս հայտնի եղանակները, մեծ մասամբ, ակնառու վարպետության արգասիք են։ Ընդհանուր բնույթով աշուղական՝ դրանք օգտագործում են ինչպես երգային, այնպես էլ ասերգային հնարներ, համանըման սկզբունքներով ծավալվող ավարտուն ձևերում երևան են բերում ներքին նկատելի բազմազանություն։ Երբեմն մեղեդիները հոսում են տարբեր ձայնակարգերի բարդ զուգորդումներում («Բլբուլի հիդ»), մեղեդիական միևնույն կառույցի տարբերակումներով գոյանում են ընդարձակ կառուցվածքներ («Դուն էն գլխեն իմաստուն իս», որի եղանակը՝ Չարգյա–հի ձայնակարգում՝ ավանդաբար գալիս է Բաղտասար Դպիրի «Ի ննջմանեդ արքայական» տաղից)։ Հետաքրքրական են միջնադարյան այլ տաղերի ու գուսանական նվագարանային երաժշտության տարրեր օգտագործող լայնածոր մեղեդիները («Մե խոսկ ունիմ» երգի 2-րդ տարբերակը), մետրական առանձնապես դինամիկ հիմք ունեցող նմուշները («էշխն վառ կրակ» երգում՝ 8/8 և 7/8 խառը չափերի զուգորդումը), պարային ռիթմական կերտվածք ունեցող եղանակներում միևնույն մետրի տարբեր (երկմաս և եռամաս) մեկնաբանումը («Պատկիրքտ ղալամով քաշած»), բանաստեղծության չափի, ռիթմի և շեշտականության ճշգրիտ երաժշտականացումը («Փահրադն մեռած», «Քանի վուր ջան իմ» ևն)։ Բոլոր երգերը հուզառատ են, ինչպես վայել է իսկական աշուղական երգին։ Հատկապես ասերգային նմուշներում խոսքի արտաբերումը հասնում է խորագույն արտահայտչության («Առանց քիզ ի՞նչ կոնիմ» ևն)։ Մեզ հասած երգերը թեև փոքրաքանակ են, բայց ընդգրկում են հայ աշուղական երգի ռիթմաինտոնացիոն և ձևային կարևորագույն բոլոր տեսակները: