մթերքում պարունակվող գրեթե ամբողջ ջուրը սառչում է, լիովին դադարում բուսական միկրոօրգանիզմների և ֆերմենտների ակտիվությունը, մթերքը ձեռք է բերում սկզբնական որակը երկարատև պահպանելու հատկություն (ջերմաստիճանը նույն ցածր մակարդակի վրա պահելու պայմաններում)։ Սննդամթերքի սառեցման համար անհրաժեշտ սառնությունն արտադրվում է սառնարանային մեքենաներով։ Սառեցման խցերը պաղեցվում են հեղուկ ֆրեոնով կամ ամոնիակով, որոնք շրջանառում են խցի պատերի երկայնքով և առաստաղի տակ կամ առանձին շենքում տեղադրված խողովակներից բաղկացած մարտկոցներում։ Խցում սառեցման արդյունավետությունը բարձրացնելու համար օդափոխիչների օգնությամբ ստեղծվում են օդային շիթերի ուղղորդված հոսքեր։ Մի շարք դեպքերում կիրառվում է թաց Ս․ ս․, երբ սննդամթերքն ընկղմվում է հեղուկի մեջ կամ ողողվում չսառչող պաղեցնող միջավայրի (օրինակ, կերակրի աղի լուծույթի) շիթերով։ Սառեցումը սովորաբար տևում է 1–3 օր։ Արագ սառեցնող սալային ապարատները բաղկացած են զուգահեռ դասավորված մի շարք սնամեջ սալերից, որոնց ներսում շրջանառություն է կատարում պաղեցված ամոնիակը կամ աղաջուրը։ Մթերքով տուփերը կամ թերթերը տեղավորվում են սալերի վրա, որոնք շարժվում են հատուկ հարմարանքի օգնությամբ՝ ընդ որում ապահովվում է մթերքի հպումը սալերի սառը մակերևույթների հետ։ Այդ ապարատները թույլ են տալիս սառեցման տևողությունը հասցնել 2–3 ժ–ի (սալերի միջև գտնվող մթերքի մինչև 50 մմ հաստության շերտի դեպքում)։ Թերություններն են․ պարբերական գործողությունը և մթերքի բեռնման ու բեռնաթափման ժամանակի կորուստները։ Առավել կատարելագործված են մթերքի զբաղեցրած տարածության միջով ներփչվող պաղեցված օդի ինտենսիվ շարժումով արագ սառեցնող ապարատները։ Բարձրորակ սառեցված մթերք ստանալու համար կարևոր է փաթեթավորումը, որը պահելու ընթացքում բացառում է խցի օդի հետ շփումը։ Նման շփման դեպքում ոչ միայն ընթանում են օքսիդացման պրոցեսներ (մթերքը կորցնում է համային հատկությունները), այլ սառույցի գոլորշիացման հետևանքով տեղի է ունենում կշռի կորուստ։ Առաջացած գոլորշիները ձյան մեկուսացնող շերտի տեսքով խտանում են պաղեցնող մարտկոցների խողովակների, խցի պատերի և առաստաղի վրա, որի հետևանքով վատանում են սառնարանային ապարատների աշխատանքի պայմանները։ Որակյալ սառեցման համար կարևոր է նաև ջերմաստիճանը նույն մակարդակի վրա պահելը։ ՍՍՀՄ–ում լայնորեն կիրառվում է մսի, մսամթերքի, ձվի մելանժի (առանց կճեպի ձվի զանգված), ինչպես նաև ձկան արդ․ սառեցում։ Հատուկ նշանակություն ունի հատապտղի, մրգի և բանջարեղենի սառեցումը, քանի որ պահածոյացման ցանկացած այլ մեթոդի դեպքում հնարավոր չէ այդ աստիճան պահպանել մթերքի հիմնական որակական ցուցանիշները․ համը, հոտը, արտաքին տեսքը, թանձրությունը, ինչպես նաև անկայուն վիտամինները, մասնավորապես՝ С վիտամինը։ Սառեցնում են մրգի, հատապտղի, բանջարեղենի գրեթե բոլոր տեսակները (բացառությամբ բողկի, սալաթի և բանջարեղենի մի քանի այլ տեսակների)։ Բանջարեղենը և միրգը նախապես լվանում են, հեռացնում կեղևը, սերմերը և ուտելու համար ոչ պիտանի և պակաս պիտանի այլ մասերը։ Բանջարեղենի և մրգի որոշ, խոշոր տեսակներ (ճակնդեղ, գազար, կաղամբ, խնձոր ևն) բաժանում են մասերի, կտորների (սառեցումն արագացնելու և հետագայում օգտագործելու հարմարության համար)։ Նախապատրաստված հատապտուղը, միրգը և բանջարեղենը ենթարկվում են սպիտակեցման։ Այնուհետև կշռաբաշխում են պերգամենտի, ցելոֆանի, պոլիէթիլենի կամ խոնավության համար անթափանց այլ նյութերի ներդրակով, բարակ պարաֆինապատ ստվարաթղթից պատրաստված ոչ մեծ (250–1000գ) տուփերում և տուվփ հետ սառեցնում սալային կամ այլ ապարատներում։ Կիրառվում է նաև առանց տարայի Ս․ ս․։ Բանջարեղենը սովորաբար սառեցնում են բնական տեսքով, իսկ միրգը՝ նաև շաքարով։ Ծիրանը, դեղձը, խնձորը սառեցնելիս երբեմն օգտագործում են քիչ քանակությամբ ասկորբինաթթու, որը նպաստում է մրգի բնական տեսքի լավ պահպանմանը։ Սառեցրած բանջարեղենի և բանջարեղենի խառնուրդների (–18°C–ից ոչ բարձր ջերմաստիճանների դեպքում), մրգի և հատապտղի (–12C-ից ոչ բարձր ջերմաստիճանների դեպքում) պահելու ժամկետը մինչև 12 ամիս է (կախված մթերքի տեսակից)։
Խիստ կարևոր է պատրաստող գործարանից մինչև սպառողը անընդհատ սառնարանային շղթայի ստեղծումը։ Մթերքի հալվելը խիստ վատացնում է որակը, առաջ բերում հյուսվածքների կառուցվածքի քայքայում, հյութի մեծ կորուստ։ Այդ պատճառով էլ սառեցրած բանջարեղենը և միրգը տեղափոխում են սառնարան-վագոններով կամ ավտոգնացքներով, մինչև վաճառքի հանելը պահում սառնարաններում։ Սառեցրած բանջարեղենը չեն հալեցնում, անմիջապես գցում են եռացրած ջրի մեջ և եփում (մի քանի րոպե)։ Միրգը հալեցնում են։
Նոր ուղղություն է արագ սառեցրած պատրաստի բանջարեղենի, բանջարեղենիմսի, ինչպես նաև մրգի պատրաստի կերակրատեսակների և խոհարարական կիսաֆաբրիկատների արտադրությունը։ Կերակրատեսակը եփում են մինչև գրեթե պատրաստ լինելը, ապա սառեցնում և բաժնեծրարում։ Գործածելիս այդ կերակրատեսակները պետք է միայն տաքացնել կամ 3–5 ր եռացնել։
ՍԱՌԸ ԴՐՈՇՄՈՒՄ, դրոշմում առանց մշակվող նյութի տաքացման։ Ս․ դ–ման դեպքում դետալների պատրաստման պրոցեսը բաժանվում է գործողությունների և անցումների, որոնք իրականացվում են հատուկ դրոշմոցներում։ Որպես կանոն, Ս․ դ–ման հետևանքով տեղի է ունենում մետաղի մակերևութային ամրացում և պլաստիկության փոքրացում, որից խուսափելու համար կիրառում են միջանկյալ ջերմամշակում։ Ս․ դ–մամբ ստանում են նախապատրաստուկներ և շինվածքներ թերթավոր ու շերտավոր նյութերից (բարձր մեխանիկական հատկություններով օժտված պատասխանատու դետալներ՝ ժամացույցի մեխանիզմի դետալներից մինչև ավտոմոբիլների թափքերը)։ Կիրառում են նաև կռված կամ գլոցված նախապատրաստուկների ծավալային դրոշմում։ Ս․ դ–ման ավանդական մեթոդներից բացի օգտագործում են դրոշմման ոչ մամլային տեսակներ (պայթումային, էլեկտրահիդրավլիկական, էլեկտրամագնիսական ևն)։ Տես նաև Թերթային դրոշմում։
ՍԱՌԸ ԶԵՆՔ, ձեռնամարտի զենք։ Լինում է հարվածային, ծակող, հատող, ծակող–հատող, ծակող–կտրող ևն։ Ս․ զ․ երևան է եկել մարդկության զարգացման վաղ շրջանում՝ որպես որսի միջոց, այնուհետև դարձել է մարտական զենք։ Ս․ զ․ սկզբում պատրաստել են փայտից, ոսկրից, քարից, իսկ ավելի ուշ՝ պղնձից, բրոնզից, երկաթից, պողպատից։ Մինչև XY–XVII դդ․ Ս․ զ․ եղել է զենքի հիմնական տեսակը։ Հրաձգային զենքի (տես Հրազեն) կատարելագործումն աստիճանաբար դուրս մղեց Ս․ զ․։ Ժամանակակից բանակներում Ս․ զ–ից օգտագործվում են միայն սվինը, բանակային դանակը և դաշույնը։ Տես նաև Զենք։
«ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ», երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շրջանառության մեջ մտած տերմին՝ բնորոշելու համար Արևմուտքի հետադիմական ու ագրեսիվ շրջանների քաղաքականությունը՝ ուղղված Սովետական Միության և սոցիալիստական մյուս երկրների, ինչպես նաև ազգ․ անկախության, դեմոկրատիայի ու սոցիալիզմի համար պայքարող ժողովուրդների դեմ։ Այդ քաղաքականությունն արդարացնում է սպառազինությունների անզուսպ մրցավազքը, ռազմ․ ծախսերի ավելացումը, հետադիմության ուժեղացումն ու առաջադեմ ուժերի հալածանքը կապիտ․ երկրներում։ «Ս․ պ․»-ի քաղաքականությունը բացահայտորեն հռչակվեց 1946-հ մարտի 5-ին ԱՄՆ–ի Ֆուլտոն քաղաքում Ու․ Չերչիլի արտասանած ծրագրային ճառում, ուր կոչ արվեց ստեղծել անգլո–ամեր․ դաշինք «համաշխարհային կոմունիզմի» դեմ պայքարելու համար։ Սովետական Սիությունն ու սոցիալիստական երկրները շատ ջանք թափեցին «Ս․ պ․»-ի քաղաքականությունը վերացնելու և միջազգային իրադրությունը կանոնավորելու համար։ Համաշխարհային ասպարեզում ուժերի հարաբերակցությունը հօգուտ խաղաղության և սոցիալիզմի արմատապես փոխվելու հետևանքով (որը նախ և առաջ Սովետական Միության և ամբողջ սոցիալիստ, համագործակցության աճած հզորության արդյունք էր) 1970-ական թթ․ սկզբին հնարավոր դարձավ շրջադարձը դեպի միջազգային լարվածության թուլացումը, այդ քաղաքականության հաջողություններից էին ՍՍՀՄ–ի և ԱՄՆ–ի միջև կնքված մի շարք