Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/188

Այս էջը սրբագրված է

համաձայնագրերը, Եվրոպայի ետպատերազմյան սահմանների անձեռնմխելիությունն ընդունող պայմանագրային համակարգի ստեղծումը, Հելսինկիի եզրափակիչ ակտի (տես Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցություն) ստորագրումը ևն։ Բայց 1970-ական թթ․ վերջին և 1980-ական թթ․ սկզբին իմպերիալիզմի ագրեսիվ ուժերը և հատկապես ԱՄՆ–ի վերջին վարչակազմերը (Ֆորդ, Քարթեր, Ռերան) նորից վերակենդանացրին «Ս․ պ․»-ի քաղաքականությունը՝ լարելով միջազգային իրադրությունը, զարկ տալով սպառազինությունների մրցավազքին և «խաչակրաց արշավանքի» կոչ անելով սոցիալիստ․ երկրների դեմ։ ՍՍՀՄ և նրա դաշնակիցները շարունակում են պայքարը «Ս․ պ․»-ի բոլոր դրսևորումների դեմ, հանուն լարվածության թուլացման և միջազգային անվտանգության ամրապնդման։

ՍԱՌՆԱ, գյուղ Պարսկահայք նահանգի Սալմաստ գավառում։ XX դ․ սկզբին ուներ 430 հայ բնակիչ (74 տուն)։ Զբաղվում Էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, հացահատիկի տարբեր տեսակների մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Հայ բնակիչները մասամբ զոհվել են 1918-ին՝ թուրք, ներխուժումների ժամանակ, մնացածները հեռացել են Իրանի խորքերը։

ՍԱՌՆԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ, մետաղների՝ ջերմաստիճանի նվազման դեպքում փխրունություն ձեռք բերելու (կամ այդ հատկությունը զգալիորեն մեծացնելու) հալում։ Ս․ հատուկ է ցածրլեգիրված պողպատներին, ծավալակենտրոնադիր խորանարդային ցանցով մի շարք մետաղների (երկաթ, քրոմ, մոլիբդեն, վոլֆրամ ևն) և դրանց հիմքով համաձուլվածքներին։ Ս–յան պատճառներից է մետաղներում վնասակար խառնուկների առկայությունը։ Ս․ Փոքրացնելու նպաաակով մետաղները մաքրում են այդ խառնուկներից, ենթարկում ջերմամշակման և լեգիրման։ Ս․ ժողովրդատնտեսական կարևոր նշանակություն ունի հս․ շրջանների ջերմաստիճանային պայմաններում կոնստրուկցիաների շահագործման դեպքում, տիեզերական ապարատների, լուսնագնացների, ջրածնային շարժիչների համար։

ՍԱՌՆԱԿՈՒՆՔ, գյուղ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հս–արմ․։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման օբյեկտ, կինո, բուժկայան։ Կա պանրագործարան։ Ս–ի մոտակայքում պահպանվել են ժայռապատկերներ (VIII–VII դդ․ մ․ թ․ ա․)։ Ս–ի մոտ գտնվել է (1945) Սառնակունքի գանձը։

ՍԱՌՆԱԿՈՒՆՔԻ ԳԱՆՁ, արծաթե հնագույն դրամների գանձ–հավաքածու։ Պատահմամբ գտել են գյուղացիները 1945-ին՝ ՀՍՍՀ Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղից մոտ 1 կմ հս–արլ․, կավանոթի մեջ։ Դրամների մեծ մասը կորել է, մնացածը (373 դրամ) 1946–66-ին հավաքվել է տարբեր անձանցից և պահվում է Հայաստանի պատմության պետ․ թանգարանում։ Ս․ գ․ ուշ, հելլենիստական ժամանակաշրջանին վերաբերող ամենամեծ և արժեքավոր հավաքածուն է Հայաստանի տարածքում հայտնաբերվածների մեջ։ Այն պարունակում է Հռոմ․ հանրապետության 225, սելևկյան 58, փյունիկյան 39, պարթև․ 22, հայկ․ 10, կապադովկիական 8, փոքրասիական և մերձավորարևելյան քաղաքների (Տյուրոս, Միդոն, Պերգամոն, Եփեսոս ևն) 8, հունա–մակեդոն․ 2 և պոնտական 1 դրամ։ Ամենահները Ալեքսանդր Մակեդոնացու (մ․ թ․ ա․ IV դ․) հունա–մակեդոն․, իսկ ամենանորերը Մարկոս Անտոնիոսի (մ․ թ․ ա․ 31) հռոմ․ դրամներն են, ուստի ենթադրվում է, որ գանձը թաղվել է մ․ թ․ ա․ մոտ 30–20-ական թթ․։ Դրամների հայկ․ խումբն ընդգրկում է Տիգրան Բ Մեծի (95–56) և Արտավազդ Բ–ի (56–34) գահակալության տարիներին թողարկված չորեքդրամյաններ ու դրաքմեներ։ Ս․ գ․ մեծ նշանակություն ունի Հին Հայաստանի պատմության, դրամաշրջանառության, միջազգային կապերի, մշակույթի ուսումնասիրության համար։

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ, գյուղ ՀՍՍՀ Անիի շրջանում, Արագած լեռան արմ․ լանջին, շրջկենտրոնից 10 կմ հվ–արլ․։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ս–ում է Լենինականի Չկալովի անվ․ կարի ֆաբրիկայի արտադրամասերից մեկը։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, ակումբ–գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղի տուն, մսուր–մանկապարտեզ, բուժմանկաբարձական կայան։ Ս–ում են ծնվել Հայկ․ ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Գ․ Սահակյանը, բանաստեղծ Ա․ Սրոյանը։

Ս․ հարուստ է տարբեր դարաշրջանների պատմաճարտարապետական հուշարձաններով։ Գյուղի կենտրոնում կանգուն է սրբատաշ կարմիր տուֆից կառուցված, երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկի հորինվածքով Ս․ Թադևոս առաքյալ եկեղեցին (1883), որի արմ․ ճակատին կից է անավարտ զանգակատունը։ Ս․ Հակոբ եկեղեցին (V դ․, հիմնովին վերակառուցվել է XVIII–XIX դդ․) պահպանել է նախնական միանավ հորինվածքի հս․ պատի հատվածը, մուտքը և վաղ միջնադարին բնորոշ զարդաքանդակներ ունեցող խարսխով որմնասյունը։ Գրիգոր Լուսավորչի ուխտատեղին բնական մեծ քարայր է հորդառատ աղբյուրներով, ժայռերին խաչքանդակներով, հավանաբար, սկզբնապես եղել է ջրի պաշտամունքի վայր։ Ս–ից մոտ 3 կմ հս–արմ․ Հոգեվանքի համալիրն է։ Գյուղի շրջակայքում պահպանվել են չորս բերդշեն, բազալտից և տուֆից մենաքարեր, գյուղատեղիներ, գերեզմանոցներ։ Մոտ 6 կմ գյուղից արլ․, բարձունքի վրա, Ղազարի կոչվող գյուղատեղում գտնվում են խաչաձև, գմբեթավոր Ս․ Ղազար եկեղեցու (V–VI դդ․) ավերակները։ Պահպանվել են պատերի հիմքերը՝ շարված կարմիր տուֆի սրբատաշ քարերից։ խաչաթևերը դրսից և ներսից ուղղանկյուն են։ Շարվածքի հորիզոնական կարաններն ունեն եզրակոսներ, քարերի վրա կան կառուցող վարպետների նշաններ։ Միակ մուտքը արմ–ից է։ Արլ․ ուղղանկյուն խորանի առկայությամբ եկեղեցին եզակի է Հայաստանի նույնատիպ հուշարձանների շարքում և հորինվածքով առնչվում է վաղ քրիստոնեական դամբարաններին։

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՍՍՀ Անիի շրջանում, Սառնաղբյուր գյուղից 1 կմ հս․, Արագածի արմ․ լանջին, ժամանակավոր հոսքով Մեծ ձորի ջուր գետի միջին հոսանքում։ Շահագործման է հանձնվել 1972-ին։ Երկարությունը 3,5 կմ Է, լայնությունը՝ մինչև 160 մ։ Պատվարը խճակոպճային Է՝ կավային միջուկով, ունի բավականին բարձրություն, երկարություն։ Մակերեսը 0,56 կմ² Է, ընդհանուր ծավալը՝ 4,65 մլն մ³, օգտակարը՝ 4,55 մլն մ³, տարեկան բաց թողնվող ջրի քանակը՝ 5 մլն մ³։ Սնումը խառն Է։ Ձմռանը սառցակալում Է։ Ոռոգում է 883 հա հողատարածություն։