Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/189

Այս էջը սրբագրված է

ՍԱՌՆԱՐԱՆ, սննդամթերքը և այլ մթերքներ շրշապատող միջավայրի ջերմաստիճանից ցածր ջերմաստիճաններում (4-ից մինչև –40°C) պահելու սարք, հարմարանք կամ կառույց։ Տարբերում են տնային և արդ․ Ս–ներ։

Տնային Ս․ նախատեսված է տնային պայմաններում արհեստական պաղեցման եղանակով սննդամթերքը պահելու և սառույց պատրաստելու համար։ Տնային Ս․ ներկառուցված հերմետիկ սառնարանային ագրեգատով մետաղական պահարան է։ Ս–ի ներսում գտնվում է սառնարանային խցիկը, որի պատերը արտաքին միջավայրից բաժանված են ջերմամեկուսիչ շերտով։ Օդի պաղեցումը կատարվում է օդի և գոլորշացուցիչի սառը մակերեույթի միջև ջերմափոխանակման միջոցով։ Ս–ում անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմն ապահովվում է սառնարանային ագրեգատի կարճատև պարբերական աշխատանքի շնորհիվ։ Տնային Ս․ արտադրում են 20-ից մինչև 800 լ ծավալով։ Ըստ նշանակման դրանք լինում են․ առանց ցածր ջերմաստիճանային բաժանմունքի և ցածր ջերմաստիճանային բաժանմունքով, որում ջերմաստիճանը կարող է լինել –6°C, –12°C և –18°C։ Նշված ջերմաստիճաններին համապատասխանում են ցածրջերմաստիճանային խցիկի դռնակին դաջված մեկ, երկու կամ երեք աստղանիշեր։ Ըստ սպասարկման ավտոմատացման աստիճանի տարբերում են գոլորշարարի ձյունածածկույթի ոչ ավտոմատ, կիսաավտոմատ և ավտոմատ հալումով Ս–ներ, ըստ Ս–ում օդի շրջանառության եղանակի՝ բնական և հարկադրական (օդափոխիչի օգնությամբ) շրջանառությամբ Ս–ներ։ Հայրենական առաջին տնային Ս–ներն արտադրվել են 1939-ին։ Կոմպրեսիոն տիպի տնային Ս–ների (տես Սառնարանային մեքենա) զանգվածային արտադրությունն սկսվել է 1951-ից։

Արդյունաբերական Ս․՝ շուտ փչացող սննդամթերքը և այլ մթերքներ ցածր ջերմաստիճաններում պահելու համար նախատեսված կառույց։ Խոշոր արդ․ Ս․ (որը գործում է որպես ինքնուրույն ձեռնարկություն) բաղկացած է ավտոմոբիլային և երկաթուղային հարթակներ ունեցող պաղեցվող պահեստից, սառնարանային տեղակայանքի մեքենայական և կոնդենսատորային բաժանմունքից, խտարանից, շրջանառու ջրամատակարարման պոմպակայանից և այլ շենքերից ու կառույցներից։ Ըստ նշանակման արդ․ Ս–ները լինում են արտադրական՝ պաղեցված կամ սառեցված սննդամթերքի սառը մշակման և պահման համար (տես Սառեցում սննդամթերքի), բաշխիչ՝ արդ․ կենտրոններն ու քաղաքները տարվա ընթացքում սեզոնային սննդամթերքով հավասարաչափ սպասարկելու համար, և առևտրական (առևտրի բազաներում, խանութներում, ճաշարաններում և այլ օբյեկտներում մթերքը կարճատև պահելու համար)։ Արդ․ Ս–ներում նախատեսված են տարբեր ջերմաստիճանային ռեժիմներով սառնարանային խցիկներ։ Բոլոր սառնարանային խցիկները սարքավորվում են ջերմամեկուսիչ դռներով։

ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ԱԳԵՆՏ, սառնագենտ, սառնարանային մեքենայի աշխատանքային նյութը։ Շոգեկոմպրեսիոն մեքենաներում որպես Ս․ ա․ օգտագործվում են ֆրեոններ, ամոնիակ, ածխաջրածիններ (պրոպան, էթան, էթիլեն) ևն, աբսորբցիոն մեքենաներում՝ ամոնիակի և լիթիումի բրոմիդի ջրային լուծույթներ, շոգեարտարկիչային մեքենաներում՝ ջրային գոլորշի։

ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՄԵՔԵՆԱ, մատուցվող էներգիայի օգնությամբ արհեստական սառեցումը իրականացնող մեքենա։ Ս․ մ․ օգտագործում են 10-ից մինչև –150°C ջերմաստիճաններ ստանալու համար։ Ավելի ցածր ջերմաստիճանների տիրույթը վերաբերում է կրիոգենային տեխնիկային։ Ս․ մ․ աշխատում է ջերմային պոմպի սկզբունքով․ սառեցվող մարմնից ջերմություն է կորզում և, էներգիա ծախսելով, հաղորդում այդ ջերմությունը սառեցնող միջավայրին (սովորաբար, ջրին կամ շրջապատող օդին), որի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան սառեցվող մարմինը։ Ս․ մ–ի աշխատանքը բնութագրվում է սառնարտադրողականությամբ, որը ժամանակակից մեքենաների համար հասնում է մինչև մի քանի Մվտ։

Սառնարանային տեխնիկայում կիրառվում են շոգեկոմպրեսիոն, աբսորբցիոն, շոգեարտարկիչային և օդաընդարձակիչ Ս․ մ–ներ։ Շոգեկոմպրեսիոն Ս․ մ–ների (նկ․ 1) հիմնական տարրերն են գոլորշացուցիչը (1), կոմպրեսորը (2), խտարարը (3) և ջերմակարգավորիչ փականը (4)։ Շոգեկոմպրեսիոն Ս․ մ–ում իրականացվում է սառնագենտի շրջանառության փակ ցիկլ։ Գոլորշացուցիչում սառնագենտը եռում է (գոլորշիանում) ցածր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում։ Եռման համար անհրաժեշտ ջերմությունը կորզվում է սառեցվող մարմնից, որի հետևանքով վերջինիս ջերմաստիճանն իջնում է։ Կոմպրեսորն արտածծում է առաջացած գոլորշին, սեղմում այն և փոխանցում խտարարին, որտեղ սառնագենտը խտացվում է՝ իր ջերմությունը հաղորդելով ջրին կամ օդին։ Ստացված հեղուկ սառնագենտը անցնում է կարգավորիչ փականով, որտեղ տեղի է ունենում ճնշման և ջերմաստիճանի նվազում, այնուհետև վերադառնում է գոլորշացուցիչ, և ցիկլը կրկնվում է։ Աբսորբցիոն Ս․ մ․ (նկ․ 2) բաղկացած է շոգեգեներատորից (1)» խտարարից (2), գոլորշացուցիչից (3), աբսորբիչից (4), պոմպից (5) և ջերմակարգավորիչ փականից (6)։ Աբսորբցիոն Ս․ մ–ներում որպես աշխատանքային նյութ ծառայում են երկխառնուրդ լուծույթները, որոնք բաղկացած են միևնույն ճնշման պայմաններում խիստ տարբեր գոլորշիացման ջերմաստիճան ունեցող բաղադրիչներից։ Ավելի ցածր եռման ջերմաափճան ունեցող բաղադրիչը սառնագենտի դեր է կատարում, իսկ երկրորդը աբսորբիչ է (կլանիչ)։ Առավել տարածված աշխատանքային նյութեր են ամոնիակի ջրայրն լուծույթը (0-ից մինչև –45°C ջերմաստիճաններ ստանալու համար) և լիթիումի բրոմիդի ջրային լուծույթը (0-ից ոչ ցածր ջերմաստիճաններ ստանալու համար)։ Աբսորբցիոն Ս․ մ–ի գոլորշացուցիչում, ի հաշիվ սառեցվող մարմնից կորզվող ջերմության, տեղի է ունենում սառնագենտի գոլորշիացում։ Առաջացող գոլորշիները կլանվում են աբսորբիչում։ Ստացված խիտ լուծույթը պոմպով մղվում է դեպի շոգեգեներատոր, որտեղ նրանից շոգեհանվում է սառնագենտը՝ արտաքին աղբյուրից մատուցվող ջերմային Էներգիայի հաշվին, իսկ մնացած լուծույթը կրկին վերադառնում է աբսորբիչ։ Գազանման սառնագենտը շոգեգեներատորից հոսում է դեպի խտարար, խտացվում և ջերմակարգավորիչ փականի միջով մատուցվում գոլորշացուցիչին՝ կրկնակի գոլորշիացման համար։ Աբսորբցիոն մեքենաների կիրառումը նպատակահարմար է այն ձեռնարկություններում, որտեղ կան երկրորդային Էներգառեսուրսներ (աշխատած գոլորշի, տաք ջուր են)։ Շ ո գ ե– արսարկիչային Ս․ մ–ում որպես սառնագենտ ծառայում է ջուրը, իսկ որպես Էներգիայի աղբյուր՝ 0,3–1 Մն/մ² ճնշման գոլորշին։ Այս տիպի մեքենաները կիրառվում են հիմնականում օդի կոնդիցիոնման տեղակայանքներում և այն դեպքերում, երբ տեխնոլոգիական կարիքների համար պահանջվում է մեծ քանակությամբ ջուր։ Օդաընդարձակիչ Ս․ մ–սերում որպես սառնագենտ ծառայում է օդը։ Մինչև –80°C ջերմաստիճանային տիրույթում մեքենայի արտադրողականությունն ավելի ցածր Է, քան շոգեկոմպրեսիոն մեքենայինը։ Ավելի տնտեսողաբեր են ռեգեներատիվ օդային Ս․ մ–ները, որոնվում օդն ընդարձակվելուց առաջ սառեցվում Է։ Տարբերում են բարձր և ցածր ճնշման, ինչպես նաև փակ և բաց ցիկլով աշխատող օդային Ս․ մ–ներ։

Առաջին Ս․ մ–ները ի հայտ են եկել XIX դ․ կեսերին։ Աբսորբցիոն Ս․ մ–ի հայտնագործումը և կոնստրուկտիվ ձևավորումը կապված է Ջ․ Լեսլիի (Մեծ Բրիտանիա, 1810), Ֆ․ Կառեի (Ֆրանսիա, 1850) և Ֆ․ Վինդհաուզենի (Գերմանիա, 1878) անունների հետ։ Եթերով աշխատող առաջին շոգեկոմպրեսիոն մեքենայի հեղինակը Ջ․ Պերկինսն էր (Մեծ Բրիտանիա, 1834)։ Ավելի ուշ ստեղծվեցին նման մեքենաներ, որոնցում որպես սառնագենտ օգտագործվեցին մեթիլեթերը և ծծմբային անհիդրիդը։ 1874-ին Կ․ Լինդեն (Գերմանիա) կառուցել է ամոնիակային շոգեկոմպրեսիոն Ս․ մ․, որով սկիզբ դրվեց սառնարանային մեքենաշինությանը։