Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/200

Այս էջը սրբագրված է

մյուս լեռնային դժվարամատչելի շրջանների, ամրացել են նաև Ս–ում։ VIII դ․ վերջից Ս–ում իշխել են Մամիկոնյաններից սերած Թոռնիկյանները։ 851-ին Ս–ի բնակիչները՝ Հովնան Խութեցու գլխավորությամբ, Մշո դաշտում ջախջախել են արաբ. զորախումբը և սպանել զորապետ Յուսուփին։ 852-ին Հայաստան ներխուժած արաբ, զորաբանակը՝ Բուղայի առաջնորդությամբ, Ս–ում կոտորել է 30 հզ․ մարդ։ Այնուհանդերձ, Թոռնիկյաններն իրենց ձեռքում են պահել Ս․ և շարունակել ազատագր․ կռիվները։ Արաբ նվաճողների դեմ Ս–ի հերոսական պայքարի հիման վրա ձևավորվել է «Սասնա Ծռեր» էպոսը։ X դ․ սկզբին Բյուզ․ կայսրությունը, իր զավթումները Հայաստանում դյուրացնելու նպատակով, կարողացել է միմյանց հետ գժտեցնել Ս–ի Թոռնիկյաններին և Տարոնի Բագրատունիներին։ Թոռնիկյաններին հաջողվել է տիրել Տարոնի մի մասը։ Սակայն Տարոնի բյուզ․ զավթումից (966/967) հետո Թոռնիկյանները, զգուշանալով թշնամու խարդախ քաղաքականությունից, ընդունել են Անիի Բագրատունիների գերիշխանությունը և համագործակցել նրանց։ Հովհաննես Չմշկիկ կայսեր 974-ի Արլ․ արշավանքին ընդառաջ ելած Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի բանակում Մատթեոս Ուռհայեցին հիշատակում է նաև Ս–ի զորաբանակը։ Այծյաց բերդի (Մուշից արմ․) մոտ բյուզ․ բանակը ենթարկվել է Ս–ի հետևակ զորամասի հակահարվածին և կրել մեծ կորուստներ։ Նաև Վասիլ Բ կայսեր (976–1025) գահակալության սկզբնական շրջանում Տարոնի մի հատվածը (Այծյաց բերդից արլ․ ընկած հողերը) Ս–ի հետ մնացել է Թոռնիկյանների սեփականություն։ Տարոնն ամբողջությամբ Բյուզ․ կայսրությունը զավթել է միայն 990–1000-ին։ Իսկ Ս․ իր անկախությունը պահպանել է ինչպես բյուզ․, այնպես էլ սելջուկյան թուրերի նվաճումների ժամանակ։ XI դ․ Ս.-ում իշխել է Մուշեղը, ապա նրա որդի Թոռնիկը (վերջինիս են հասցեագրված Գրիգոր Մագիստրոսի մի քանի նամակները)։ Թոռնիկի օրոք Ս–ի իշխանությունը հզորացել է, սահմաններն ընդարձակվել են՝ ընդգրկելով նաև Տարոնի զգալի մասը, Անձիտ գավառի որոշ մասեր և Աշմուշատը։ Արաբ, աղբյուրներում Ս–ի այդ հզոր իշխանը հիշվում է թագավոր («մալիք ալ–Սանասինա»)։ 1059-ին նա պարտության է մատնել Տարոն ներխուժած սելջուկյան թուրքերին։ Կոմմագենեում և շրջակա երկրամասերում իշխող Փիլարտոս Վարաժնունին փորձել է իրեն ենթարկել Ս․, սակայն 1073-ին Ալելուա դաշտի (Անձիտ գավառում) ճակատամարտում Թոռնիկը պարտության է մատնել նրան։ Թոռնիկը շուտով զոհ է գնացել Անձիտի ամիրայի դավադրությանը։ Թոռնիկի որդի Չորդվանելը (1073–1120-ական թթ․) Աղձնիքի ամիրայությունից ազատագրել և իր տիրույթներին է միացրել 30 գյուղ։ Չորդվանելի որդու՝ Վիգենի օրոք (1120-ական թթ․–1175) Ս–ի իշխանությունը կրկին հզորացել է, արմ․ սահմաններն ընդարձակվել են մինչև Դեգիք գավառը (Չորրորդ Հայք նահանգում)։ Ս–ի իշխանական տունը խնամիական կապեր էր հաստատել Մոկսի Արծրունիների (Վիգենը կնության էր առել Հմայակ իշխանի Մելեքսթ դստերը), Դեգիքի Կեկավմենոսների (Վիգենի դուստր Կատան կնության էր տրվել Կատակալոնի թոռ Շահնշահին) և Պահլավունիների (Վիգենի որդի Չորդվանելը կնության էր առել Վասիլ իշխանի Վանենի դստերը) հետ։ Վիգենին հաջորդել է թոռը՝ Շահնշահը (1175–88)։ Վերջինս 1184-ին մտել է Հռոմկլա և փորձել կաթողիկոսական աթոռը հանձնել եղբորը, սակայն Հայոց կաթողիկոս Գրիգոր Դ Տղան (Շահնշահի քեռին) Իդաթի ամիրա Բեկ–Թամուրի օգնությամբ կարողացել է պահպանել իր իրավունքը։ Շուտով Շահնշահին հաջողվել է հաղթել և գերեվարել Բեկ–Թամուրին, որպես փրկագին, նրանցից ստանալով Թառձյան կամ Թառձենք հայկ․ բերդը։ Բեկ–Թամուրն իր հերթին նոր ուժերով արշավել է Ս․, պարտության մատնել Շահնշահին և սահմանել ծանր հարկեր։ 1188-ին Շահնշահը, Վասիլ և Թոռնիկ եղբայրների հետ ստիպված է եղել գաղթել Կիլիկիա, որտեղ Լևոն Բ–ից ստացել է Աելևկիա ամրոցը։ Այնուհետև Թոռնիկյանների շառավիղները ամրացել են Ս–ի առավել դժվարամատչելի շրջաններում։

Մոնղ․ տիրապետության ժամանակ (XIII –XIV դդ․) Ս․ նախ ընդգրկվել է Հայաստանի հվ–արմ․ նահանգներից կազմված «Մեծ Հայք» վիլայեթի մեջ՝ պահպանելով կիսաանկախ վիճակ։ Հուլավու խանը 1260-ական թթ․ գրավել է Ս․ և միացրել իր հիմնադրած իշխանությանը։ Ըստ Կիրակոս Գանձակեցու, Հուլավուն Ս–ի կառավարումը հանձնել է Սադուն Բ Սրծբունուն։ Լենկթեմուրի 1387-ի արշավանքի ժամանակ Տարոնի բնակչությունը կոտորածից և գերեվարումից փրկվել է՝ պատսպարվելով Ս–ի լեռներում։

XV դ․ Ս․ ընկել է կարակոյունլու, ապա՝ նրանց հաջորդած ակկոյունլու թուրքմենների, XVI դարից՝ օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ, սակայն պահպանելով իր կիսաանկախ վիճակը։

Թուրք. տիրապետության օրոք Ս–ում հաստատվել են քրդ․ մի քանի վաչկատուն ցեղեր։ Դրանցից Բելեքցի կոչվող ոչ մահմեդական քրդերը (շուրջ 40 տոհմ), որոնք բնակվում էին Մարաթուկ սարի ստորոտներում, խոսում էին հայերեն (Ս–ի բարբառով), հաճախում հայկ․ սրբավայրերը, իսկ թուրք, կառավարության ոտնձգությունների ժամանակ համագործակցում հայերին։ Ս–ի հայերի հետ դրացիական սերտ հարաբերությունների մեջ էին նաև Հզուի շրջանում հաստատված սառմնցի և մուսեցի կոչվող քրդերը։ Սակայն հետագայում թուրք, կառավարող շրջանները, օգտագործելով Ս–ի քրդերի հետամնացությունը, զանազան (հայերի ունեցվածքի, հողերի, արոտավայրերի հափշտակման) խոստումներով կարողացել են նրանց դրդել հայերի դեմ, ջլատել նրանց միասնական պայքարը։ Հովնան Մշեցու և Հովսեփ Էմինի նամակագրությունից երևում Է, որ Ս․ XVIII դ․ 2-րդ կեսին ունեցել է զինված ջոկատներ և հեծելազոր։ Պահպանելով, միջնադարյան ավանդույթները՝ XIX դ. 1-ին երեսնամյակին Ս․ կառավարվել է ներքին սկզբունքներով։ Երկրամասը փաստորեն տնօրինել է հայ իշխանը՝ ընտրովի ավագանու օժանդակությամբ, հողատիրության իշխող ձևը եղել է հյուքումեթությունը։ Ս–ի հայերը ոչ միայն զենք են կրել, որն արգելված էր օսմանյան Թուրքիայում, այլև արտադրել։ 1849-ին Օսմանյան կայսրությունը, Բաղեշի Շերեֆների քրդ․ տոհմը վերացնելուց հետո,