Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/210

Այս էջը սրբագրված է

«Ս․-1 В», «Ս․-5») անվանում։ «Ս․-1» կրող հրթիռները նախատեսված էին «Ապոլլոն» տիեզերանավերի մակետները և Երկրի «Պեգաս» արհեստական արբանյակները տիեզերք դուրս բերելու համար։ Առանց օգտակար բեռի ստարտային զանգվածը 502 տ է, տրամագիծը՝ 6,58 մ, երկարությունը՝ 43,3 մ «Ս․-1 Բ»-ները նախատեսված են անօդաչու և օդաչուավոր «Ապոլլոն» տիեզերանավերը շուրջերկրյա ուղեծիր դուրս բերելու, տիեզերագնացներին «Սքայլաբ» ուղեծրակայան հասցնելու, ինչպես նաև «Ապոլլոն–Սոյուզ» ծրագրով տիեզերանավեր արձակելու համար։ Ստարտային զանգվածը մոտ 570 տ է, տրամագիծը՝ 6,6 մ, երկարությունը՝ 43,3 մ։ «Ս․-1» և «Ս․-1 Բ» կրող հրթիռները երկաստիճան են։ Եռաստիճան «Ս․-5»-ը ծառայում է լուսնախցիկով «Ապոլլոն» տիեզերանավեր երկրակենտրոն ուղեծիր և դեպի Լուսին արձակելու համար։ Երկաստիճան «Ս․-5» կրող հրթիռներով երկրակենտրոն ուղեծիր են դուրս բերվում «Սքայլաբ» ուղեծրակայանները: Առանց օգտակար բեռի ստարտային զանգվածը մոտ 3000 տ է, երկարությունը՝ 86 մ, տրամագիծը՝ 10 մ: «Ս․»-ներն աշխաոում են հեղուկ վառելիքով։

ՍԱՏՈՒՌՆԻ ՕՂԱԿՆԵՐ, տես Մատուռն։

ՍԱՏՈՒՌՆՈՍ (լատ․ Saturnus), հին հռոմ, աստված։ Պաշտամունքի նախնական իմաստավորումն անհայտ է։ Հետագայում (մ․ թ․ ա․ III դ․) նույնացվել է իր զավակներին խժռող Կռոնոսին։ Այդ պատճառով Ս․ մեկնաբանվում է որպես ժամանակի անողորմ աստված, որը կլանում է այն ամենը, ինչ ստեղծել է ինքը։ Համարվել է նաև Լատիումի առաջին թագավոր։ Ըստ առասպելի, Ս․ տապալվելով իր որդի Յուպիտերի ձեռքով, հաստատվել է Լատիում երկրամասում և նրա բնակիչներին սովորեցրել երկրագործություն, այգեգործություն, քաղաքակրթել նրանց։ Ս–ին նվիրված ամենամյա տոնը կոչվել է Սատուռնալիա։ Ըստ անտիկ հեղինակների, այդ տոնախմբության ժամանակ տերերն ու ծառաները փոխել են իրենց պարտականությունները, ընտրել խեղկատակթագավոր, որի գլխավորությամբ տեղի են ունեցել թատերացված անզուսպ խրախճանքներ, փոխադարձ նվիրատվություններ են։ Հին աստղագուշակները Ս–ին նույնացրել են «պաղ ու մռայլ» մոլորակին, որը նրա անունով կոչվել է Սատուռն։

ՍԱՏՈՒՐԱՏՈՐ (< լատ․ saturator – հագեցուցիչ), հեղուկները (օրինակ, զովացուցիչ ըմպելիքները) ածխաթթու գազով հագեցնելու սարք։ Խառնման սարքում՝ կլանիչում հավելյալ ճնշման տակ CO2–ը լուծվում է պաղեցված հեղուկի մեջ։ Ս․ լինում է պարբերական, ցիկլային, անընդհատ գործողության, ձեռքի, կիսաավտոմատ և ավտոմատ կառավարումով։ Լայնորեն օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ (օրինակ, շաքալի և ըմպելիքների արտադրություն), ինչպես նաև առևտրի և հասարակական սննդի ձեռնարկություններում՝ գազով ըմպելիքներ, ջրեր ստանալու համար (պրոցեսը երբեմն կոչվում է կ ա ր բ ո ն ա ց ու մ)։

ՍԱՐԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի համանուն գավառում։ XX դ․ սկզբին ուներ մոտ 150 հայ բնակիչ (20 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի տարբեր տեսակների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԱՐԲԱՆԴԱ (իսպ․ zarabanda), իսպ․ հնագույն ժող․ պար։ Չափը՝ Սկզբնապես պարել են միայն կանայք՝ կաստանիետների նվագակցությամբ։ Պարը եղել է կրակոտ, խանդավառ բնույթի։ XVII դ․ Ֆրանսիայում Ս․ ենթարկվել է վերափոխման, պարել են մենուետի նման, զույգերով, վեհորեն։ XVII–XVIII դդ․ Ս․ դարձել է պալատական պար, տեղ գտել բալետային պարտիտուրներում (Լյուլլիի «Սիրո հաղթանակը» ևն)։ Որպես երաժշտ․ ձև կազմել է XVIII դ․ գործիքային սյուիտի մաս։

ՍԱՐԱԳԱՏ (Saragat) Ջուզեպե (ծն․ 1898), իտալ․ պետ․ և քաղ․ գործիչ։ 1922-ին հարել է սոցիալիստական շարժմանը, եղել նրա աջ թևի պարագլուխներից։ Ֆաշիստ, դիկտատուրայի հաստատումից (1926) հետո տարագրվել է, վերադարձել է 1943-ին։ 1944-ին եղել է Իտալ․ սոցիալիստական կուսակցության գործկոմի անդամ և անպորտֆել մինիստր, 1945–46-ին՝ դեսպան Ֆրանսիայում, 1947–64-ին (ընդհատումներով)՝ Իտալ․ ս–դ․ կուսակցության քաղ․ քարտուղար, 1975-ից նախագահն է։ 1947–49 և 1954–57-ին՝ պրեմիեր մինիստրի տեղակալ, 1963–64-ին՝ արտգործմինիստր, 1964–71-ին՝ Իտալ․ Հանրապետության պրեզիդենտ։

ՍԱՐԱԳՅՈՒՂ, գյուղ ՀՍՍՀ Ղուկասյանի շրջանում, Զավախքի լեռնաշղթայի արմ․ լանջին, Ծաղկաշեն գետի վերին հոսանքում, շրջկենտրոնից 14 կմ հս–արլ․։ Միավորված է Բավրայի անասնապահական Սարագյուղ սովետական տնտեսության հետ, խոշոր եղջերավոր անասունների միջտնտեսային ձեռնարկություն է։ Զբաղվում են նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։

ՍԱՐԱԳՈՍԱ (Zaragoza), քաղաք Իսպանիայի հս–արլ–ում, էբրո գետի ափին։ Արագոն մարզի և Աարագոսա նահանգի վարչական կենտրոնն է։ 590 հզ․ բն․ (1976)։ Տրանսպորտային հանգույց է։ Զարգացած է մեքենաշինությունը (գյուղատնտ․ մեքենաներ, ավտոմոբիլներ, ինքնաթիռներ), սննդի, քիմ․, տեքստիլ, ցեմենտի, փայտամշակման, թղթի, կաշվի արդյունաբերությունը։ Կա համալսարան (1474-ից), գեղեցիկ արվեստների թանգարան։ Ա–ում անցկացվում են համապատասխան. ամենամյա արդ․ տոնավաճառներ։ Հիմնադրել են հռոմեացիները, մ․ թ․ ա․ 27-ին։ XI դ․ –XII դ․ սկզբում եղել է Արագոսյան էմիրաթի կենտրոնը, XII–XV դդ․՝ Արագոնի թագավորության մայրաքաղաքը։ Պահպանվել են X–XVIII դդ․ ճարտ․ հուշարձաններ։

ՍԱՐԱԵՎՈ (Sarajevo), քաղաք Հարավսլավիայում, Բոսնիա և Հերցեգովինա սոցիալիստական հանրապետության մայրաքաղաքը (1963-ից)։ Գտնվում է Միլյացկա գետի ափերին։ 350 հզ․ բն․ (1978)։ Տրանսպորտային կարևոր հանգույց է, առևտրա արդ․ կենտրոն։ Զարգացած են մեքենաշինությունը, էլեկտրոնիկան, քիմ․, սննդի, տեքստիլ, փայտամշակման, թեթև արդյունաբերությունը, ավանդական արհեստագործությունը։ Շրջակայքում կան սև մետալուրգիայի, էլեկտրաճենապակու, փայտամշակման ձեռնարկություններ։ Ս–ում են ««էներգոինվեստ» արտադրագիտական էլեկտրատեխ․ միավորումը (խոշորագույնը Հարավսլավիայում), Բոսնիայի և Հերցեգովինայի գիտությունների և արվեստների ակադեմիան։ Կան համալսարան, բուհեր, ԳՀԻ–ներ, գրադարան, կինոստուդիա, պատկերասրահ, թանգարան, թատրոններ, XV–XX դդ․ ճարտ հուշարձաններ։ Զարգացած է տուրիզմը։ Որպես քաղաք առաջին անգամ հիշատակվում է 1244-ից, Վրխբոսնա անվամբ, 1507-ից՝ Ս․։ Ս–ում 1914-ին սպանել են ավստրո–հունգ․ գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդին (տես Սարանոյի սպանություն)։

ՍԱՐԱԵՎՈՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ավստրոհունգ․ գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդի և նրա կնոջ սպանությունը «Երիտասարդ Բոսնիա» գաղտնի կազմակերպության անդամների ձեռքով, Սարաևո քաղաքում, 1914-ի հունիսի 28-ին։ Ավստրո–Հունգարիան և Գերմանիան Ս․ ս․ օգտագործեցին որպես առիթ Սերբիայի վրա հարձակվելու համար, որով և սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը (1914–18)։

ՍԱՐԱԼ, գյուղ ՀՍՍՀ Սպիտակի շրջանում, Փամբակ գետի աջ ափին, շրջկենտրոնից 7 կմ արլ․։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ, բան։ ջարաբուծությամբ և պտղաբուծությամբ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ,