Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/250

Այս էջը սրբագրված է

Հողերի 30–40%–ը ոռոգվում է։ Մշակվող կարևորագույն կուլտուրան փյունիկյան արմավենին է (291,6 հզ․ տ. 1980/81)։ Մշակում են նաև ցորեն, սորգո, կորեկ, գարի, եգիպտացորեն, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Անասնապահությունը էքստենսիվ է։ 1980-ին երկրում կար 307,2 հզ․ խոշոր եղջերավոր անասուն, 3171,4 հզ․ ոչխար, 2172,6 հզ․ այծ, 109,2 հզ․ ուղտ։ Զբաղվում են ձկնորսությամբ (48,4 հզ․ տ. 1981)։

Տրանսպորտը թույլ է զարգացած։ Երկաթուղիների երկարությունը 719 կմ է, ավտոճանապարհներինը՝ ասֆալտապատ՝ 22,1 հզ․ կմ, գրունտային՝ 23 հզ․ կմ, նավթամուղներինը՝ 3,3 հզ կմ (1981)։ Ծովային առևտր․ նավտորմի տոննաժը 2,8 մլն տ է (2,2 մլն տ հեղուկատար, 1980)։ Խոշոր նավահանգիստներն են Ջիդդան, Դամմամը։ Նավթի արտահանման գլխավոր նավահանգիստներն են Ռաս Թաննուրան, Էլ Խուբարը և Մինա Սաուդը։ Ունի 3 օդանավակայան (Դահրան, Ջիդդա և Էր Ռիյադ)։

Արտաքին առևտուրը։ 1981/82-ին արտահանումը կազմել է 357,9 մլրդ ռիալ, ներմուծումը՝ 143,1 մլրդ ռիալ։ Արտահանում է նավթ, նավթամթերք, հեղուկ գազ, ներմուծում՝ մեքենաներ և սարքավորում, շինանյութեր, սպառման արդ․ ապրանքներ ևն։ Առևտր․ գործընկերներն են Ճապոնիան, ԱՄՆ–ը, Ֆրանսիան, Իտալիան, ԳՖՀ, Մեծ Բրիտանիան։ 1981-ին Ս․ Ա․ են այցելել 879,4 հզ․ ուխտավորներ։

Դրամական միավորը՝ սաուդյան ռիալ։

VII․ Զինված ուժերը

Զինված ուժերը կազմված են ցամաքային զորքերից, ռազմաօդային (ՌՕՈՒ) և ռազմածովային (ՌԾՈՒ) ուժերից։ Գերագույն գլխ․ հրամանատարը թագավորն է, անմիջական ղեկավարությունն իրագործում են ռազմ. մինիստրը և գլխ․ շտաբը։ Բանակը համալրվում է վարձկաններով։ Զինված ուժերում ընդգրկված է 58500 մարդ (1978)։ Ցամաքային զորքերը (45 հզ․ մարդ) կազմված են 2 զրահատանկային, 4 հետևակային բրիգադից, պարաշյուտային 2 գումարտակից, թագավորական գվարդիայի 1 գումարտակից ևն, ունեն ավելի քան 320 միջին տանկ, 250 զրահատրանսպորտյոր, 300 զրահամեքենա ևն։ ՌՕՈԻ (12 հզ․ մարդ) ունեն մոտ 240 մարտական ինքնաթիռ, ուղղաթիռներ, ՌԾՈԻ՝ (1500 մարդ) մոտ 30 մարտանավ և տարբեր նշանակության օժանդակ նավեր։ Կան ազգային գվարդիա (35 հզ․ մարդ), ափային և սահմանային պահպանություն (6500 մարդ)։

VIII․ Բժշկաաշխարհագրական բնութագիրը

1975–80-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 44,8, մահացությունը՝ 18,3, մանկական մահացությունը (1971) 1000 ողջ ծնվածին՝ 152։ Տարածված են աղիքային վարակիչ և մակաբուծական հիվանդությունները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 1977-ին կար 90 հիվանդանոցային հիմնարկ՝ 11,8 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 1,2 մահճակալ), այդ թվում 67 հիվանդանոցը 10,5 հզ․ մահճակալով՝ պետական։ 1977-ից բժիշկներ են պատրաստում երկրի 3 համալսարանների բժշկ․ ֆակուլտետներում։

IX․ Լուսավորությունը

1926-ին օրենք է ընդունվել պարտադիր տարրական կրթության և աշխարհիկ պետ․ դպրոցներ հիմնելու (կան նաև մասնավոր դպրոցներ), 1960-ին՝ օրենք աղջիկների պարտադիր ուսուցման (բացվել է կանանց մանկավարժական ուսումնարան), 1964-ին՝ օրենք աղջիկների բարձրագույն ուս․ հաստատություններ բացելու մասին։ Տարրական կրթությունը ձրի է։ Գործում են անգրագիտության վերացման կենտրոններ։ Չնայած այս ամենին, անգրագետ է բնակչության ճնշող մեծամասնությունը, դպրոց չեն հաճախում քոչվորների երեխաները և աղջիկների զգալի մասը։ Տարրական դպրոցը 6-ամյա է (ընդունվում են 6 տարեկանից), միջնակարգը ունի 2 փուլ՝ ոչ լրիվ (3-ամյա) և լրիվ (3-ամյա)։ Տղաների և աղջիկների ուսուցումը համատեղ չէ։ Գործում են 4-ամյա պրոֆտեխ․ դպրոցներ (տարրականի հիմքի վրա) և 3-ամյա պրոֆտեխ․ ուսումնարաններ կամ երկամյա դպրոցներ (ոչ լրիվ միջնակարգի հիմքի վրա)։ Կան նաև գեղարվեստական տեխնիկում, գյուղատնտ․ դպրոցներ, ուսումնարաններ, բուժմանկաբարձական դպրոց։ Մանկավարժական կադրեր են պատրաստում մանկավարժական և սպորտի դասատուների ինստ–ները, կանանց և տղամարդկանց մանկավարժական կոլեջները։

Բուհերից են․ Էր Ռիյադի (հիմն. է 1957-ին), Ջիդդայի Աբդ ալ Ազիզի (1967), Մեդինայի իսլամական հետազոտությունների (1961) համալսարանները, Էր Ռիյադի բարձրագույն տեխնոլոգիական և տեխ․ ինստ–ները, Դահրանի նավթային կոլեջը։ Խոշոր գրադարաններից են․ Ազգային (1968, 16 հզ․ գիրք), Սաուդի (շուրջ 15 հզ․ գիրք, 200 ձեռագիր), Արիֆ Հիքմաթի (1500 գիրք, 4,5 հզ․ ձեռագիր) համալսարանների և այլ գրադարանները։

X․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը

Արաբ, թերթերից ու ամսագրերից են․ «Ալ–Բիլյադ» («Al-Bilad», 1934-ից), «Ան–Նադվա» («Аn-Nadwah», 1958-ից), «Ալ–Մեդինա ալ–Մունավարա» («Al-Madina al-Munawara», 1937-ից), «Էր–Ռիյադ» («Аl-Riyad», 1964-ից), անգլ․ «Նյուս ֆրոմ Սաուդի Արաբիա» («News from Saudi Arabia», 1961-ից, Ինֆորմացիայի մինիստրության տեղեկաթերթ), «Արաբ Նյուս» («Arab News», 1976-ից, օրաթերթ, հրատարակվում է Ջիդդայում)։ Ռադիոհաղորդումները՝ 1948-ից (3 պետ․ ռադիոկայան, հաղորդումները տրվում են անգլ․ և արաբ․, արտասահմանի համար՝ ուրդու, ինդոնեզ․, պարսկ․ և սուահիլի լեզուներով), հեռուստատեսությունը՝ 1965-ից (7 հեռուստակայան պատկանում են ինֆորմացիայի մինիստրությանը)։

XI․ Գրականությունը

Ս․ Ա–ի ժամանակակից պետության տարածքում հին և միջնադարյան գրականության կազմավորումն ընթացել է համաարաբ․ մշակույթի հունով (տես Արաբական մշակույթ, Գրականություն բաժինը)։ Հիջազում V–VII դդ․ զարգացել է բեդվինական պոեզիան (Իմրու ուլ Կայս, մահ․ 530–540-ի միջև), VII դ․ 1-ին կեսին ստեղծվել է Ղուրանը։ Այդ պոեզիան և Ղուրանը առ այսօր դասական են համարվում արաբ. բոլոր երկրներում։ Խալիֆաթը կազմավորվելուց և գրական կյանքի կենտրոնները Դամասկոս, Բաղդադ ու Կահիրե փոխադրվելուց հետո գրականության զարգացումը Ս․ Ա–ում արգելակվել է։ Այն հիմնականում ներկայացված է ժող․ պոեզիայով։

Ս․ Ա–ի նոր գրականության աճը երկար ժամանակ կասեցվել է պահպանողական հասարակարգի և վահաբական գաղափարախոսության կողմից։ XX դ․ 20-ական թթ․ սկսած հարևան արաբ. երկրների գրականության ազդեցությամբ Ս․ Ա–ում երևան են եկել բանաստեղծներ, լրագրողներ, իսկ նրա գրականության մեջ զուգորդվել են լուսավորական, ռոմանտիկական և ռեալիստական ուղղությունները։

Ռոմանտիկական ուղղությունը սկզբնավորել են բանաստեղծներ Մուհամմեդ Սուրուր աս Սաբբանը (ծն․ 1898) և Մուհամմեդ Հասան Ավվադը (ծն․ 1906), որոնք ունեցել են իրենց հետևորդները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արձակում ռեալիստ. ուղղությունը ներկայացված է Ամին Սալեմ Ռումեյհի, Աբդալլա Մունայի, Հասան Նասըֆի և այլոց պատմվածքներով ու վիպակներով։ Պատմվածքի ու նովելի ժանրում աչքի ընկնող տեղ է գրավում Աբդ ալ Գաֆուր Ատտարը։ Ռեալիստ գրողների ստեղծագործություններում դեռևս ուժեղ են սենտիմենտալիզմի տարրերը։ Գրողները հանդես են գալիս ի պաշտպանություն ազգ․ շահերի, արձագանքում են երիտասարդ բանվոր դասակարգի հակաիմպերիալիստական պայքարին։

XII․ ճարտարապետությունը և կերպարվեստը

Ս․ Ա–ի տարածքում պահպանված հնագույն հուշարձանները ընդհանրացված, կոպիտ դիմագծերով քարե արձանների մնացորդներն են և կենդանիների պատկերներով քարե ռելիեֆներ (մ․ թ․ ա․ VII–II դդ․, Էլ Ուլա, Մադաին Սալիհ)։ Մ․ թ․ ա․ II դ․–մ․ թ․ I դ․ են վերաբերում Հիջազից հս․ գտնվող Նաբաթեյան քաղաքների ավերակները՝ ուղղանկյուն հատակագծով սրբարաններով և ճակատների ատամնավոր ավարտներով ժայռափոր դամբարաններով։ Արաբ. միջնադարյան ճարտ․ հուշարձաններ (մզկիթներ,