մայրաքաղաք։ Գտնվել է այժմյար Բաղդադից հվ․։ Ս–ով անցել են առևտր․ կարևոր ճանապարհներ (կապված էր նաև Հայաստանի քաղաքների հետ), որոնք նպաստել են Ս–ի ծաղկմանը։ Մ․ թ․ I դ․ ուներ մոտ 600 հզ․ բնակիչ։ II դ․ կեսից Պարթև, թագավորության կազմում էր։ Մ․ թ․ 164 կամ 165-ին ավերելէ հռոմեացի զորավար Ավիդիոս Կասսիոսը, որից հետո Ս․ կորցրել է իր նշանակությունը։ Պիեռիայի Ս․ հիմնվել է մ․ թ․ ա․ մոտ 300-ին։ Մ․ թ․ ա․ 245–219-ին Պտղոմեյանների պետության կազմում էր։ Ավագն Անտիոքի (տես Անտիոք) նավահանգիստն էր (Ասորիքի մերձափնյա քաղաքներից միակն էր, որը չէր մտել Տիգրան Բ Մեծի պետության կազմի մեջ)։ Մ․ թ․ ա․ I դ․ կեսից Հռոմի տիրապետության տակ էր․ Հռոմի նավատորմի հիմնական խարսխակայանը։ V–VI դդ․ անկում է ապրել։ Ավերվել է երկրաշարժի (526), պարսկ․ (VI դ․) և արաբ․ (VII դ․) արշավանքների հետևանքով։
ՍԵԼԵՎԿՅԱՆՆԵՐ, տիրապետող դինաստիա Սելևկյանների պետությունում (մ․ թ․ ա․ 312–64-ին, ընդհատումով)։ Հիմնադիրն էր Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Սելևկոս I Նիկատորը (գահակ․ 312-281/280)։ Նրան հաջորդել են․ Անտիոքոս I Սոտեր («Փրկիչ», 281/280–261), Անտիոքոս II Թեոս («Աստված», 261–246), Սելևկոս II Կալլինիկոս («Հաղթական», 246–226), Սելևկոս III Սոտեր (226–223), Անտիոքոս III Մեծ (223–187), Սելևկոս IV Փիլոպատոր («Հայրասեր», 187–175), Անտիոքոս IV Եպիփանես («Փառավոր», 175–164/163), Անտիոքոս V Եվպատոր («Ազնվազարմ», 164/163–162), Դեմետրիոս I Սոտեր (162–150), Ալեքսանդր (150–145), Դեմետրիոս II Նիկատոր (145–139/138), Անտիոքոս VI Եպիփանես (145–142/141), Անտիոքոս VII (139/138–129), Դեմետրիոս II Նիկատոր (129–125, երկրորդ անգամ), Սելևկոս V (125), այնուհետև երկարատև գահակալական պայքարի ընթացքում գահակալել են․ Անտիոքոս VIII Դրյուպոս («Արծվաքիթ», 125–96), Անտիոքոս IX Կյուզիկեցի (115–95), Դեմետրիոս III (96–88), Սելևկոս VI (96–95), Անտիոքոս X Եվսեբես («Բարեպաշտ», 95–92), Անտիոքոս XI (93), Փիլիպպոս I (93–84), Անտիոքոս XII Փիլադելփոս («Եղբայրասեր», 87–84)։
84/83-ին Ս–ի պետությունը գրավել է Տիգրան Բ Մեծը։ Հայ–հռոմ․ պատերազմի ժամանակ (մ․ թ․ ա․ 69–66) հռոմ․ զորավար Լուկուլլոսը Ս–ի գահը հանձնել է Ս–ի շառավիղ Անտիոքոս XIII Ասիացուն, սակայն Տիգրան Բ Մեծը պահպանել է իր գերիշխանությունը։ 64-ին հռոմ․ զորավար Պոմպեոսը վերացրել է Ս–ի թագավորությունը։
ՍԵԼԵՎԿՅԱՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, հելլենիստական պետություն (մ․ թ․ ա․ 312–64-ին, ընդհատումով) Սելևկյանների գլխավորությամբ։ Ստեղծվել է Ալեքսանդր Մակեդոնացու տերության տրոհումից հետո։ Հիմնադիրը Սելևկոս I Նիկատորն էր։ Տարածքային առավելագույն ընդարձակման ժամանակ Ս․ պ․ ընդգրկել է Փոքր Ասիայի մեծ մասը, Ասորիքը, Փյունիկիան, Միջագետքը, Իրանական սանահարթը, Միջին Ասիայից մինչև Հնդկաստան ընկած երկրները (հելլենիստական ամենամեծ պետությունն էր)։ Ս․ պ․ ներառել է զարգացած հուն․ պոլիսներ (արմ–ում), հին արլ․ հնագույն քաղաքակրթության օրրաններ (Ասորիքը, Բաբելոնը, Ասորեստանը), դասակարգային հասարակություն նոր թևակոխած մի շարք արլ․ երկրներ։ Պետության կորիզը Ասորիքն էր, որի քաղ․ և տնտ․ կյանքում կարևոր դեր էին խաղում Օրոնտես գետի ափին տեղադրված Անտիոքը (հայկ․ աղբյուրներում՝ Ավագն Անտիոք)՝ Ս․ պ–յան մայրաքաղաքը, նավահանգիստ Սելևկիան (տես Սելևկիա), Լաոդիկեան և Ս․ պ–յան ռազմ. կենտրոն Ապամեան։ Պետության երկրորդ մայրաքաղաքն էր համարվում Տիգրիսի Սելևկիան, որը ժամանակի խոշոր քաղաքներից էր։
Ս․ պ–յան տարածքը և քաղ․ կառուցվածքը հիմնականում ձևավորվել են Սելևկոս I-ի օրոք։ Նրա որդի Անտիոքոս I Սոտերի («Փրկիչ», 281/280–261) օրոք սկզբնավորվել է երկարատև հակամարտությունն ու պայքարը Եգիպտոսի Պտղոմեյանների հետ։ Անտիոքոս I պարտության է մատնել 278–277-ին Փոքր Ասիա ներխուժած կելտական ցեղերին (գաղատներ)։ III դ․ կեսին Ս․ պ․ թուլացել է․ նրանից անջատվել են պարթևները և Բակտրիան, Փոքր Ասիայի մի քանի շրջաններ և ստեղծել ինքնուրույն պետություններ։ Անտիոքոս III Մեծը (223–187) արլ․ և արմ․ (մինչև Հունաստան) կատարած արշավանքների հետևանքով ժամանակավորապես վերականգնել է Ս․ պ–յան նախկին տարածքը։ Սակայն մ․ թ․ ա․ 190-ին Սագնեսիայի ճակատամարտում հռոմեացիների հաղթանակը սկզբնավորել է Ս․ պ–յան անկման ընթացքը։ Թեև Ս․ պ․ քաղ․ մասնակի կայունություն ունեցավ Անտիոքոս IV Եպիփանեսի («Փառավոր», 175–164/163) օրոք, այնուամենայնիվ հետագայում Պարթևաստանից կրած պարտությունները, ներքին երկպառակությունները թուլացրին Ս․ պ․։
Ս․ պ–յան գլուխ կանգնած էր թագավորը՝ անսահմանափակ իշխանությամբ և պաշտոնապես «աստված» հռչակված։ Լայնածավալ պետության կառավարումը դյուրացնելու նպատակով հաճախ գահակից էր հռչակվում թագաժառանգը։ Վարչական առումով Ս․ պ․ ապակենտրոն էր․ կազմված էր ներքին ինքնավարություն ունեցող քաղաքներից, տաճարային տնտեսություններից, իշխանություններից, ցեղերից։ Սելևկյանները շարունակեցին դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ սկսված հելլենիստական քաղաքներ հիմնադրելու պրակտիկան և հիմնեցին բազմաթիվ հելլենիստական տիպի պոլիսներ, որոնց բնակչության կորիզը կազմում էին հունա-մակեդոնացիները։ Նոր հիմնադրված պոլիսներն ու հին քաղաքները, քաղաք–տաճարները և տաճարները Սելևկյանների իշխանության հիմնական հենարաններն էին։ Ս․ պ–յան կազմի մեջ մտնող կիսանկախ իշխանություններն ու ցեղերը, ենթարկվելով հանդերձ կենտրոնական իշխանությանը, կառավարվում էին իրենց ավանդական սովորույթներով։ Հողային հարաբերությունները Ս․ պ–ում ունեին բարդ կառուցվածք։ Մեծ տարածություն էր գրավում արքունի հողային ֆոնդը, որի միայն մի մասն էր անմիջականորեն գտնվում թագավորի տրամադրության տակ։ Մյուս մասը պայմանական հողատիրության իրավունքով տրված էր աստիճանավորներին, զինվորների կոլեկտիվներին (կատոյկներ) ևն։ Քաղաքները, տաճարները, իշխանությունները, ցեղերն ունեին իրենց հողային տարածությունները, որոնց մի մասը պատկանում էր համայնքին, մյուսը՝ մասնավոր անձանց (լիիրավ քաղաքացիներին)՝ իբրև մասնավոր սեփականություն։ Թագավորը երբեմն իր հողային ֆոնդից նվիրատվություն էր անում մերձավորներին, որոնք այդ հողը պարտավոր էին կցագրել որևէ քաղաքի տարածքի, տաճարների ևն։ Արքունական հողերի վրա հիմնական արտադրողը «արքունի ժողովուրդն» էր (լաոյ բասիլիկոյ), որի վիճակը մասամբ նման էր ճորտի վիճակին, քաղաքային հողերի վրս աշխատում էին ստրուկները և ոչ լիիրավ երկրագործ բնակչությունը։ Ստրկությունը տարածված էր մեծ մասամբ քաղաքներում, ստրկական աշխատանքը հիմնականում արհեստագործության և տնային սպասարկության ոլորտում էր։ Միջագետքում, Ասորիքում զարգացած էր հացահատիկի, բակլայի, ձիթաբեր կուլտուրաների մշակումը (Բաբելոնիայում տարեկան հավաքում էին մի քանի բերք), Ասորիքում զարգացած էր նաև խաղողագործությունը։ Ս․ պ–յան արլ․ լեռնային շրջաններում, Իրանական սարահարթում զարգացած էր անասնապահությունը (խոշոր և մանր եղջերավորներ, ուղտեր, ձիեր), որի արդյունքը բավարարում էր ներքին պահանջները և արտահանվում այ երկրներ։ Բարձր զարգացման էին հսաել արհեստները, մասնավորապես՝ մետաղագործությունը (Փոքր և Միջին Ասիայում), փայտամշակությունը և ապակեգործությունը (Ասորիքում), մանածագործությունը (Բաբելոնիայում), բրուտագործությունը, կաշեգործությունը, շինարարական արվեստը։
Ապրանքային արտադրության զարգացումը նպաստել է տարբեր շրջանների միջև առևտր․ կապերի աշխուժացմանը, միջազգային առևտրի ընդլայնմանը։ Պետության համար առանձնապես կարևոր նշանակություն ուներ Փոքր Ասիայից Հնդկաստան տանող ուղին, որն անցնում էր Միջագետքով, Պարսից ծոցի ափով, Բակտրիայով և Սողդիանայով։
Հայ–սելևկյան հարաբերությունները սկզբնավորվել են Ս․ պ–յան կազմավորման ժամանակաշրջանից։ Մ․ թ․ ա․ III դ․ Հայաստանը Սելևկյանների հարձակումների օբյեկտ էր և ձգտում էր պահպանել իր Անկախությունը, մտնում հակասելևկյան դաշինքների մեջ։ III դ․ վերջին Անտիոքոս III նվաճեց Հայաստանը։ Շուրջ մեկ տասնամյակ անց, Մագնեսիայի ճակատամարտից հետո, Հայաստանը կրկին ձեռք բերեց անկախություն։ Մ․ թ․ ա․ II դ․ հայ–սելևկյան հակամարտությունները շարունակվեցին ուժերի հավասարակշռության պայմաններում։ Մ․ թ․ ա․ 84/83–69-ին Ս․ պ–յան կազմի մեջ մտնող հիմնական տարածքների Ասորիքը, Փյունիկիան և