Կիլիկիան ընդգրկվեցին Տիգրան Բ Մեծի հայկ․ տերության մեջ։ Տիգրան Բ հովանավորեց Ասորիքի քաղաքները՝ նրանց շնորհելով արտոնություններ (ներքին ինքնավարություն, դրամ հատելու իրավունք ևն), ապահովեց երկրի անդորրությունը, նպաստեց առևտրի զարգացմանը։ 69–66-ի հայ–հռոմ․ պատերազմի ժամանակ Ասորիքն անցավ Հռոմին։ Մ․ թ․ ա․ 64-ին հռոմ․ զորավար Պոմպեոսը Ասորիքը դարձրեց հռոմ․ պրովինցիա։
ՍԵԼԵՎԿՈՍ I ՆԻԿԱՏՈՐ [հուն․ Σέλευκος Νικάτορ («Հաղթող»)] (մ․ թ․ ա․ մոտ 358–281 կամ 280), Սելևկյանների դինաստիայի և պետության հիմնադիրը։ Առաջ է քաշվել որպես Ալեքսանդր Մակեդոնացու զորավար։ Ալեքսանդրի մահից հետո ի կառավարումն ստացել է (321–ին) Բաբելոն սատրապությունը, որտեղ Ամրապնդվել է 312-ին (մ․ թ․ ա․ 312-ը, այսպես կոչված, սելևկյան տոմարի սկիզբն է)։ Իշխանության համար դիադոքոսների միջև պայքարում իր տիրապետությանն է միացրել Մարաստանը, Սուզիանեն, Պարսքը, ապա Բակտրիան։ 305-ին իրեն հռչակել է թագավոր։ Արշավել է Հնդկաստան։ Իպսոսի ճակատամարտից (301) հետո Ալեքսանդր Մակեդոնացու հիմնած պետության տարածքը դիադոքոսների միջև վերաբաժանելիս ստացել է Միջագետքը և Ասորիքը։ 281-ին ջախջախելով Թրակիայի և Փոքր Ասիայի մի մասի թագավոր Լիսիմաքոսին, զավթել է գրեթե ամբողջ Փոքր Ասիան։ Թրակիան և Մակեդոնիան նվաճելու համար զորքով անցել է Հելլեսպոնտոսը, բայց սպանվել է Մակեդոնիայի թագավոր Պտղոմեոս Կերավնոսի դեմ կռվում։
ՍԵԼԻԳԵՐ, լիճ ՌՍՖԱՀ Կալինինի և Նովգորոդի մարզերում։ Գտնվում է 205 մ բարձրության վրա, Վալդայան բարձրության հս–արմ–ում։ Մակերեսը 212 կմ² է, խորությունը՝ մինչև 24 մ։ Ունի սառցադաշտային ծագում և թաթաձև բարդ ուրվագիծ։ Կազմված է նեղուցներով իրար միացած մի քանի մեկուսացած ջրադաշտերից։ Սառցապատվում է նոյեմբերին, սառցազերծվում՝ ապրիլին։ Կա ձկնորսություն (սիգ, բրամ, շիղաձուկ, գայլաձուկ ևն)։ Ս–ի ափին է Օստաշկով քաղաքը։ Զարգացած է տուրիզմը։
ՍԵԼԻՄԻ ԿԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ, Սուլեմայի կարավանատուն, միջնադարյան Հայաստանի կարավանատներից, Սյունյաց նահանգի Գեղարքունիք գավառը Վայոց ձորին կապող ճանապարհին, Սուլեմայի (Սելիմի) լեռնանցքի (2410 մ) հարավահայաց լանջին (այժմ՝ ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանի Աղնջաձոր գյուղի տարածքում)։ Կառուցել է տվել Չեսար Օրբելյան իշխանը 1332-ին։ Պատկանում է կարավանատների եռանավ դահլիճ տիպին։ 13,0 մx26,0 մ չափերի դահլիճը 7 զույգ մույթերով բաժանվում է միջին (5,3 մ) և կողային (3,05 մ, 3,2 մ) նավերի, որոնք ծածկված են թաղակիր կամարներին հենվող, երկլանջ կտուրի տակ առնված գլանաձև թաղերի համակարգով։ Մույթերի միջև սարքավորված են քարե մսուրներ, դահլիճի անկյունում միակտուր քարից ջրավազան է։ Դահլիճի վերջում գտնվող երկու փոքր սենյակները հատկացվում էին կարավանը ուղեկցող մարդկանց։ Նախասրահը և դահլիճը լուսավորվում են թաղածածկի գագաթի երդիկների միջոցով։ Կառույցի ներքին և արտաքին, ընդհանուր առմամբ, պարզ ճարտ․ ձևերի մեջ հատկապես ուշագրավ է ստալակտիտազարդ շքամուտքը։