ՍԵԼԻՆՋԵՐ (Salinger) Ջերոմ Դեյվիդ (ծն․ 1․1․1919, Նյու Յորք), ամերիկացի գրող։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ Վաղ շրջանի նովելներում պատկերել է շահամոլության և ուտիլիտարիզմի հետ բախված երիտասարդ ամերիկացիների հոգեկան ցնցումները («Ինը պատմվածք», 1959, ժողովածու)։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» (1951) վիպակով, որի պատանի հերոսը «միջին ամերիկացիների» ողորմելի գործարարությանը հակադրում է մարդասիրությունը, երազկոտությունն ու գեղեցկի ընկալումը։ Հերոսի այս կերպարը կարևոր տեղ է գրավել 50–60-ական թթ․ երիտասարդությանը նվիրված արմ․ գրականության մեջ։ Համանման կերպարներ են պատկերված Գլասսների գերդաստանի մասին գրված վիպակներում («Ֆրենին և Զուին», 1961, «Ծպեղները բարձր, ատաղձագործներ», 1963)։ Ս–ի արձակին բնորոշ, են քնարականությունը, երաժշտականությունը և յուրատեսակ փիլիսոփայությունը։
ՍԵԼԻՏՐԱՆԵՐ ( < լատ․ sal - աղ+nitrum – սոդա), տես Բորակներ։
ՍԵԼԿՈՒՊԵՐԵՆ, տես Սամոդիական լեզուներ։
ՍԵԼՅԵ (Selye) Հանս (ծն․ 1907), կանադական բժիշկ–ախտաբան։ Ծնվել է Վիեննայում, կրթությունն ստացել է Պրագայի գերմանական համալսարանի բժշկ․ ֆակուլտետում, Փարիզի, Հռոմի համալսարաններում։ 1932-ից ապրում է Կանադայում։ Աշխատել է Կանադայի Մակգիլլի համալսարանում, 1945-ից՝ Մոնրեալի համալսարանին կից փորձառական բժշկագիտության և վիրաբուժության ինստ–ի (այժմ՝ ստրեսի միջազգային ինստ․) դիրեկտոր, պրեզիդենտ։ Աշխատելով մի շարք ոչ մաքուր կամ թունավոր հորմոնային պատրաստուկներով՝ Ս․ հայտնաբերել է (1936), որ դրանք, ինչպես նաև որոշ ուժեղ գրգռիչներ (գերսառեցում, վնասվածք, վարակ, արյունահոսություն են) առնետների օրգանիզմում առաջացնում են մակերիկամների, ուրցաավշային և մարսողական համակարգերի միանման փոփոխություններ։ Նշված դիտողությունների հիման վրա ձևակերպել է ստրեսի տեսությունը, տվել հարմարվողական համաախտանիշ (ադապտացիոն սինդրոմ) հասկացությունը (տես Հարմարվողականություն), ըստ որի հիվանդածին գործոնն օժտված է յուրահատուկ «գործարկիչ» ազդեցությամբ։ Ս–ի աշխատությունները հիմնականում վերաբերում են բժշկակենսաբանական պրոբլեմներին, մշակել է օրգանիզմում էլեկտրոլիտների և ստերոիդային հորմոնների հաշվեկշռի խանգարման հետևանքով առաջացող սրտամկանի մեռուկացման փորձառական մոդել, առաջարկել այդ ախտաբանական վիճակի կանխարգելման մեթոդ՝ քիմ․ միջոցներով։ Ս․ կարևոր ներդրում ունի նաև փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության բնագավառներում։ Որոշ դեպքերում Ս․ իր առանձին մասնագիտական կոնցեպցիաները տեղափոխում է մարդկային հասարակության վրա։ Աշխարհի բազմաթիվ համալսարանների պատվավոր դոկտոր է, միջազգային և ազգային բժշկ․ գիտական ընկերությունների անդամ։ Բռնոյի (ՉԱՍՀ) համալսարանը սահմանել է Ս–ի անվ․ մեդալ, որը շնորհվում է ընդհանուր ախտաբանության և ներզատաբանության բնագավառում մեծ ներդրում ունեցողներին։ ՍԵԼՈԶ, հայաբնակ գյուղ-ավան Թուրքիայում, Բուրսայի վիլայեթում, Նիկիո լճից հարավ, Սելոզ գետի վերին հոսանքի շրջանում, բլրոտ տեղանքում։ XVII դ․ հիմնադրել են ջալալիների ասպատակությունների հետևանքով Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Ապուչեխ գյուղից գաղթած հայերը։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 10 հզ․ հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմնականում ձիթապտղի, ծխախոտի մշակությամբ, մետաքսի արտադրությամբ։ Ունեին 12 ձիթհան, մետաքսաթելի 6 արհեստանոց։ Գյուղում կար երկու վարժարան՝ արական (Սահակ–Մեսրոպյան, 600 աշակերտ) և իգական (Հռիփսիմյան, 200 աշակերտուհի)։ Ս–ի կենտրոնում էր գտնվում Ս․ Հրեշտակապետ եկեղեցին։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մոտ 6 հզ․ հայ 1918-ին վերադարձել է Ս․, 1919–22-ի հույն–թուրք․ պատերազմի ժամանակ կազմակերպած ինքնապաշտպանության ջոկատներով դիմադրել գյուղն ասպատակող թուրք, հրոսակներին, ապա ստիպված տարագրվել։ Հունաստանում, Բուլղարիայում, Ֆրանսիայում և այլուր հանգրվանած մոտ 4 հզ․ սելոզցիների զգալի մասը հետագայում ներգաղթել է Սովետական Հայաստան։ Սփյուռքում մնացածները հիմնել են «Արևելք» հայրենակցական միությունը։ Ծագումով Ս–ից են գրող և գրականագետ Հ․ Օշականը, ֆրանսահայ նկարիչ ժանսեմը, բուլղարահայ վիրաբույժ Ա․ Տերեճյանը և ուրիշներ։
ՍԵԼՋՈՒԿՅԱՆ ԹՈՒՐՔԵՐ, օղուզ թուրքերի ցեղերից մեկը, որը հաստատվել էր Սիրդարյայի միջին հոսանքի, Կարադաուի (Կարատաու) նախալեռնային շրջաններում։ Անվանադիրը օղուզական քընըք(կընըկ) ցեղի առաջնորդներից Սելջուկն էր, որը օղուզական խաքանի մոտ հասել էր զինվ․ բարձր պաշտոնի, իր շուրջն է համախմբել օղուզների տարբեր ցեղեր։ Նոր արոտավայրեր և հողեր ձեռք բերելու համար Սելջուկի կողմնակից օղուզների նոր վերնախավի և խաքանի շուրջ համախմբված, երկիրը կառավարող հին օղուզների ավագանու միջև պայքարն ավարտվել է Սելջուկի պարտությամբ։ X դ․ 60-ական թթ․ Ս․ թ․ հաստատվել են իրանալեզու բնակչություն ունեցող Սամարղանդի, Բուխարայի, Նուրայի շրջաններում և այդ ժամանակ էլ ընդունել են մահմեդականություն։ Ս․ թ․ աստիճանաբար գրավել են ճենտը (Զենտ), Մավերաննահրը (XI դ․ 1-ին քառորդ)։ Սելջուկի թոռները՝ Տուղրիլ և Չակիր բեկերը 1040-ին գրավել են Խորասանը և նվաճած տարածքները հռչակել Ս․ թ–ի պետություն։ Այնուհետւ Ս․ թ․ արշավել են արմ․ և 1042-ից մինչև XI դ․ վերջը գրավել Իրանը, Ատրպատականը, Իրաքը, Պաղեստինը, Ասորիքը, Փոքր Ասիայի զգալի մասը, վասալական կախման մեջ դրել Վրաստանը։ 1047/48–1072-ի ընթացքում Ս․ թ․ նվաճել են Հայաստանը։ 1055-ին Բաղդադի խալիֆան Տուղրիլ բեկին հռչակել է սուլթան։ Ս․ թ–ի նվաճումների հետևանքով ստեղծվել է հասարակ ական–տնտ․ զարգացման տարբեր մակարդակ ունեցող ժողովուրդներից և տնտ․ թույլ կապեր ունեցող տարբեր երկրներից կազմված պետություն (այդ հանգամանքն էլ պայմանավորեց արդեն XI դ․ վերջից նրա քայքայումը)։ Ս․ ծ–ի պետությունում հողատիրության հիմնական ձևը իքտան էր։ Մինչև XI դ․ վերջը գերագույն սուլթանի հենարանը նվաճումներով շահագրգռված ռազմաֆեոդ․ ավագանին էր, սակայն, աստիճանաբար դառնալով հողային մեծ տարածքների տեր (իքտադար), ավագանին ձգտել է դրանք դարձնել ժառանգական, հաճախ հրաժարվել է ենթարկվել սուլթանին։ Ֆեոդ․ մասնատվածության ուժեղացումը հանգեցրել է փաստորեն ինքնուրույն սելջուկյան սուլթանությունների [Կրմանի (1041–1187), Ասորիքի (1074–1117), Իկոնիայի (1077–1307, տես Իկոնիայի սուլթանություն)] առաջացմանը։ Խոշոր ֆեոդալների կենտրոնախույս ձգտումները գերագույն սուլթաններին հարկադրել են հենարան փնտրել Իրանի աստիճանավորական ավագանու միջավայրում։ Այդ գաղափարներն են արտահայտված Ալփ Արսլանի (1063–72) և Մելիք–շահ 1-ի (1072–92) վեզիր Նիզամ ալ–Մուլքին վերագրվող «Սիասեթնամե»-ում («Գիրք կառավարման»)։ Սակայն կենտրոնաձիգ քաղաքականությունն անհաջողություն է կրել ֆեոդ․ մասնատվածության հետագա խորացման հետևանքով։ Ս․ թ–ի պետության քայքայմանը նպաստել են նաև արտաքին հանգամանքները։ Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ Ս․ թ․ կորցրել են Փոքր Ասիայի առափնյա շրջանները, Ասորիքի մի մասը և Պաղեստինը։ Շուտով Ս․ թ–ի գերիշխանությունն է թոթափել Վրաստանը։ Մելիքշահի մահից հետո Ս․ թ–ի պետությունում սկսվել է երկպառակտչական պայքար, որը զուգակցվել է իսմայիլականների (շիա աղանդավորներ) դեմ պայքարով։ 1118-ին Ս․ թ–ի