Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/31

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Ռ․ գաղթած հայերը ոչ միայն պահպանել են իրենց հետ տարած բազմաթիվ ձեռագրերը, այլև ստեղծել նորերը։ Հայ գրչության կենտրոններ են դարձել Սուչավան, Յասսին, Աքքերմանը, Բըրիլան, Սիրետը, Քիլիան, Կրայովան, Բուխարեստը։ Ստեղծված ձեռագրերը պահպանվում են ոչ միայն Ռ–ում, այլև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան մատենադարաններում, Երուսաղեմի մատենադարանում և այլուր։ Աքքերմանի հայ գրչության դպրոցում դեռ 1459–1460-ին «օգնականների» (թուղթ կտրողներ, տող քաշողներ, կազմողներ) հետ գործել է գրիչ և մանրանկարիչ Նիկողայոս եպիսկոպոսը։ XVII դ․ երկրորդ տասնամյակում Սուչավայում բազմաթիվ ձեռագրեր է ստեղծել գրիչ, ծաղկող և հեղինակ Ղազար Բաբերդացին։ Հայերը տեղի Զամկայի վանքին առընթեր ունեցել են մատենադարան, դիվանատներ։

Ռ–ի հայ միջնադարյան մշակույթի խոշոր ներկայացուցիչներից են՝ Մինաս և Հակոբ Թոխաթեցի տաղասացները, Վրթանես Սռնկեցին (XVI դ․), Մարտիրոս Ղրիմեցին և Սարգիս դպիր Մելիտենցին (XVII դ․), նոր ժամանակներում՝ երգիծաբան Գրիգոր Անուշյանը (1768–1830), Վարդան Մեշտուճյանը, լրագրող և գրող Լևոն Շահազիզյանը (Լ․ Լանիս), բանաստեղծներ Եդվարդ Գոլանճյանը, Զարեհ Պլպուլը, արձակագիր և հրապարակախոս Մ․ Պոտուրյանը, Հ․ Սիրունին և ուրիշներ։

Ռ–ի Յասսի, Գալաց, Բրըիլա, Տուլչա, Բուխարեստ քաղաքներում գործել են հայկ․ տպարաններ, որոնցում լույս են տեսել շուրջ հիսուն անուն պարբերականներ (առաջինը Գալացում, Ղևոնդ քահ․ Փափազյանի «Անի» տպարանում 1895–1899-ին հրապարակված «Հայկական տարեցույց»-ներն են)։ 1923–26-ին հրատարակվել է «Նավասարդ» գրական-արվեստագիտ․ ամսագիրը։ Լույս է տեսնում «Նոր կյանք» ամսաթերթը (նախկինում՝ շաբաթաթերթ)։ 1922-ին Ռ–ի հայկ․ թեմական պատգամավորական ընդհանուր ժողովում ընդունվեց համայնքի կանոնադրությունը և ընտրվեց թեմական գործադիր մարմին, որը ռումին. կառավարությունը պաշտոնապես վավերացրեց 1931-ին։ 1948–55-ին Ռ–ի հայոց թեմակալ առաջնորդն էր Վազգեն Պալճյանը (1955-ից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա)։

Ռ–ի հայերը եռանդուն մասնակցել են ոչ միայն երկրի քաղ․ և մշակութային կյանքին, այլև ռումին ժողովրդի հետ պայքարել օտար նվաճողների դեմ։ Թուրք. հրոսակների դեմ մարտնչող Շտեֆան չել Մարեի (Շտեֆան Մեծ) զորքում եղել են բազմաթիվ հայ զինվորներ Աքքերմանից և Քիլիայից։ XVI դ․ երկրում իշխանությունն անցել է Սերպեգա հայազգի գերդաստանին, որի աչքի ընկնող ներկայացուցիչներից էին Յոն Քաջը, Յոն Պոտկոավըն, Ալեքսանդր Սերպեգան, վերջինիս որդի Պետրու Կազակուլը։ Հայ թարգմանիչ և խորհրդական է ունեցել Շտեֆան Մեծը։ Իշխան Միհայ Վիտեազուլի (1593–1601) խորհրդական, հայազգի Արմին Պետերը (Պետրու Գրիգորովիչ) եղել է նշանավոր դիվանագետ, զորավար, պատմագիր, նկարիչ, տիրապետել բազմաթիվ լեզուների։ Հայտնի դիվանագետ էր նաև Պետրու Ռարեշ իշխանի (1527–38) խորհրդական, Մուչավայի զորքերի հրամանատար Պետրե Վարդիկը։ Ռումին. պետության նշանա– վոր դիվանագետներից էր Մանուկ Բեյը, որի իջևանատանը («Հանուլ Մանուկ») կնքվել է 1812-ի Բուխարեստի հաշտության պայմանագիրը։ 1877–78-ին Թուրքիայի դեմ ազատագր․ պատերազմում գեներալի կոչման արժանացավ հայազգի ռազմ. գործիչ Միհայիլ Չերքեզը։ Խոշոր լուսավորիչ էր Ասաքի Գեորգեն, նշանավոր գիտնականներ էին Վասիլե Կոնտան, Սպիրու Հարեթը, Պետրե Միսիրը։ Ճանաչված բժիշկներ էին Քրիստեա Պուիկլիուն (1857–1916) և Յակոբ Յակոբովիչը (1879–1959)։ Հայտնի գրողներ էին Յոն Բարբուն (1895–1961), Յոն Միսիրը, Ալեքսանդրու Շահիկյանը։ Հայկ․ ծագում է վերագրվում բանաստեղծ Միհայ Էմինեսկուին։ Արվեստի նշանավոր գործիչներ էին Յոն Պետրեսկուն (դերասան), էմանուիլ Չոմակը (երաժշտագետ), Միհայիլ ժորան (կոմպոզիտոր), Մաթեյ Սոկորը (կոմպոզիտոր), Գրիգոր Զամպագճյանը (արվեստաբան) և ուրիշներ։

Ռ–ի հայերը մասնակցել են երկրում ծավալված հեղափոխական շարժումներին։ Բանվորական և սոցիալիստ. շարժման նշանավոր գործիչ Դեոտատ Ա․ Ցըրանուն (Ցարանյան) 1890-ական թթ․ հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է, ազատվելուց հետո հիմնադրել սոցիալիստ. գրականություն լույս ընծայող «Մոլդովա» տպարանը, մասնակցել II Ինտերնացիոնալի կոնգրեսներին։ 1926-ին Բուխարեստում ստեղծված «Հոկտեմբերյան բջիջ» հայկ․ կազմակերպությունը կապեր հաստատեց ռումին. կոմկուսի հետ։ Ռ–ի տարբեր քաղաքներում գործում էին ՀՕԿ–ի մասնաճյուղեր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռ–ի շատ հայեր մասնակցեցին հակաֆաշիստ. շարժմանը, ձախողեցին հիտլերյան բանակի համար Ռ–ի հայերից կամավորներ հավաքելու փորձերը, բազ– մազան օգնություն ցուցաբերեցին Ռ–ի համակենտրոնացման ճամբարների սովետական ռազմագերիներին, զենքը ձեռքներին կռվեցին ֆաշիզմի դեմ։ Պարտիզանական շարժման նշանավոր գործիչներ էին Մեսիա 1սաչերյանը, Մուշեղ Մկրտչյանը, Տինար Մարգարյանը և ուրիշներ։ 1946–48-ին Ռ–ի հայերի զգալի մասը (շուրջ 3000 մարդ) ներգաղթեց Սովետական Հայաստան։ 1983-ի տվյալներով Ռ–ում բնակվում է մոտ 5 հզ․ հայ։ Որպես իրավազոր քաղաքացիներ, նրանք ակտիվորեն մասնակցում են երկրում նոր հասարակարգի կառուցմանը։ Ռ–ի և օտարերկրյա 12 ակադեմիաների անդամ Աննա Ասլանը Բուխարեստի հերոնտոլոգիական (ծերաբուժական) ինստ–ի ղեկավարն է, սոցիալիստ, աշխատանքի հերոս։ Նշանավոր հոգեբույժ է դ–ր, պրոֆեսոր Լևոն Միրախորյանը։ ճանաչված են նկարիչներ Չիկ Ցամատյանը, Հրանդ Ավագյանը արձակագիրներ Վարդան Առաքելյանը, Սևակ Հայրապետյանը, Շտեֆան Հակոբյանը, բանաստեղծ Դան Դեշլիուն, Անայիս Ներսեսյանը։ Տնտեսության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում աչքի ընկած Ռ–ի շատ հայեր արժանացել են կառավարական բարձր պարգևների, ընտրվել երկրի ղեկավար մարմիններում։

Ռ–ի հայ գաղութը սերտ կապեր է պահպանում մայր հայրենիքի՝ Սովետական Հայաստանի հետ, մասնակցում սովետա–ռումին․ բարեկամության ընկերության կազմակերպած միջոցառումներին (մշակութային կապեր, ցուցահանդեսների փոխանակություններ ևն)։ Ս․ Քուանջյան

Պատկերազարդումը տես 9-րդ հատորի 672–673-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ XII–XIII։