Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/349

Այս էջը սրբագրված է

ցուցման կարիք են զգում և այսպես՝ շարունակ։ Ս․ է–ի երկերում պահպանվել են մեջբերումներ հին հուն, բազմաթիվ մտածողների կորած աշխատություններից։ Ազդեցությունը նկատելի է Մ․ Մոնտենի, Պ․ Բեյլի և նոր ժամանակի ուրիշ սկեպտիկների հայացքներում։

ՍԵՔՎԵՆՑԻԱ (ուշ լատ․ sequentia, < լատ sequare – հետևել), 1․ միջնադարյան կաթոլիկական մոնոդիկ երգասացություն, որ կատարվել է պատարագի ընթացքում ալելուիայից հետո (մինչև Ավետարանի ընթերցումը) որպես դրա ընդարձակում, նախապես առանց գրական տեքստի (վոկալիզ), IX դարից՝ տեքստով։ Տրիդենտյան տիեզերական ժողովի (1545–63) վավերացրած հինգ Ս–երից մեկը «ահեղ դատաստանի» գաղափարն արտացոլող Dies irae-ն է՝ խստաշունչ–ողբերգական բնույթի արտահայտիչ եղանակով (ժող․ ծագում ունի), որը XIX–XX դդ․ կոմպոզիտորները (դրանց թվում՝ Ա․ խաչատրյանը իր Երկրորդ սիմֆոնիայում) օգտագործել են որպես ողբերգականի խորհրդանիշ։ 2․ Երաժշտության տեսության մեջ՝ հարաշար, որևէ մեղեդիական մոտիվի կամ ներդաշնակային դարձվածքի ճըշգրիտ, նաև այս կամ այն ձևով փոփոխվող կրկնումը տարբեր աստիճանների վրա։ Երաժշտ․ մտքի զարգացման գործուն միջոց է․ վերընթաց Ս․ սովորաբար առաջ է բերում լարվածության աճ, վարընթաց Ս․՝ պարպում։ Հայ ժող․ երգերում լայնորեն կիրառվում է գլխավորապես հանգուցալուծման նպատակով։

ՍԵՔՎՈՅԱ (Sequoia), ճահճանոճազգիների ընտանիքի մշտադալար փշատերև ծառերի ցեղ։ Ունի մեկ տեսակ՝ մշտադալար Ս․ (Si sempervirens)։ Միատուն, հսկա բույսեր են, բարձրությունը՝ մինչև 110 մ, բնի տրամագիծը՝ 8–10 մ։ Բունն ուղիղ է, ծածկված մինչև 70 սմ հաստությամբ կեղևի շերտով, սաղարթը նեղ կոնաձև է։ Փշատերևները գծա–նշտարաձև են, երկկողմանի սանրաձև դասավորված։ Բազմանում է սերմերով և կտրոններով։ Աճում է Կալիֆոռնիայի և Հվ․ Օրեգոնի լեռներում․ հսկայական անտառներ է առաջացնում։ Ապրում է մինչև 2 հզ․ տարի։ Եվրասիայում հայտնաբերված է բրածո վիճակում։ Բնափայտն արժեքավոր է․ օգտագործվում է նավաշինության, կամուրջների և ստորջրյա շինարարության մեջ։ Ինտենսիվ ծառահատումը Ս–ի անհետացման վտանգ է առաջացրել։ Ներկայումս պահպանվում է։ Մշակվում է հազվադեպ, ՍՍՀՄ–ում՝ Սև ծովի մերձարևադարձային ափերին, ՀՍՍՀ–ում՝ Իջևանի դենդրարիումում։

ՍԵՔՎՈՅԱԴԵՆԴՐՈՆ (Sequoiadendron), մամոնտածառ, վելլինգտոնիա, ճահճանոճազգիների ընտանիքի ծառերի ցեղ։ Հայտնի է մեկ տեսակ՝ հսկա Ս․ (S․ giganteum), որը 100 մ/ և ավելի բարձրությամբ և մինչև 10 մ բնի տրամագծով, միատուն, մշտադալար ծառ է։ Ապրում է մինչև 1500, այլ տվյալներով՝ 3– 4 հզ․ տարի։ Բունն ուղիղ է, սլացիկ, ծածկված մինչև 60 սմ հաստության կեղևով։ Սաղարթը խիտ է, կոնաձև կամ կլորավուն։ Փշատերևները նեղ նշտարաձև են, մոխրականաչավուն, 3–6, երբեմն՝ 12 մմ երկարությամբ, պարուրաձև դասավորված։ Կոները ձվաձև են, 5–8 սմ երկարությամբ, հասունանում են երկրորդ տարում։ Բազմանում է սերմերով, աշնանային կտրոններով և պատվաստի միջոցով։ Բնափայտն ունի մեխանիկական լավ հատկանիշներ և մեծ քանակությամբ տանին պարունակելու շնորհիվ չի փտում։ Օգտագործվում է կահույք, հեռագրասյուներ պատրաստելու համար, ինքնաթիռաշինության մեջ ևն։ Աճում է Կալիֆոռնիայում (երրորդական և կավճի դարաշրջաններում տարածված է եղել նաև Եվրասիայում)՝ Սիեռա–Նևադայի արմ․ լանջերին, 1450–2500 մ բարձրության վրա։ Ամենաընդարձակ բնական անտառները վերածված են արգելավայրերի։ Գրեթե բոլոր խոշոր ծառերն ունեն իրենց անունները՝ «Մագելլան», «–ոպեռնիկոս», «Գեներալ Շերման» ևն։ Ամենախոշոր ծառը կոչվում է «Անտառի պարոն էվերեստ» և ունի 112 մ բարձրություն (բնի միջով ավտոխճուղի է անցնում)։ Մշակվում է որպես դեկորատիվ բույս (ՍՍՀՄ–ում՝ Ղրիմում, Կովկասում, Միջին Ասիայում, Կաիպատներում)։ ՀՍՍՀ է ներմուծվել 1939-ին և հաջողությամբ աճում է ՀՍՍՀ ԳԱ բուսաբանական այգու Կիրովականի բաժանմունքում, Իջևանի դենդրոպարկում և «Զեյթուն» սովետական տնտեսության պուրակում։ Լ․ Հարությունյան

ՍԵՔՈՒԼՅԱՆ Օգոստինռս [Լադիսլավ Զաքարիայի (19․09․1921, գ․ Զուրջով, Տրանսիլվանիա (այժմ՝ Ռումինիայում)], բնագրագետ, տոմարագետ, դրամագետ, խմբագիր։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1931-ին մեկնել է Վիեննա, ավարտել տեղի գիմնազիան (1939), ապա՝ համալսարանի փիլ–յան և աստվածաբանության ֆակ–ը (1946)։ 1938-ից Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ է (1944-ից՝ վարդապետ)։ 1944-ից զբաղվել է մանկավարժությամբ, եղել Վիեննայի մատենադարանի և թանգարանի վարիչ։ 1945–47-ին հետևել է համալսարանի ասորերենի, արամեերենի, եբրայերենի և արաբ, դասընթացներին։ 1957-ին տեղափոխվել է Բեյրութ, 1959– 1968-ին՝ տեղի Մխիթարյան վարժարանի տնօրեն։ 1968-ին վերադարձել է Վիեննա, ընտրվել տեղի Մխիթարյան միաբանության վարչության անդամ։ 1980-ից՝ «Հանդես ամսօրյայ-ի խմբագիր։ Սփյուռքի տարբեր պարբերականներում տպագրում է հայագիտական ուսումնասիրություններ, գեղարվեստական ստեղծագործություններ։ «Ազգային մատենադարան» մատենաշարով լույս է ընծայել բնագրագիտական կարևոր հետազոտություններ։ Լուրջ արժեք է ներկայացնում Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի ձեռագրերի Ս–ի կազմած ցուցակը։

ՍԵՖԵԴԻՆՅԱՆՆԵՐ, հայ իշխանական տոհմ Հայաստանի Վասպուրական նահանգում XII–XVI դդ․։ Հիմնադիրն է Արծրունիների շառավիղ և մեծահարուստ Սեֆեդին Ա Արքայունը, որը 1150-ական թթ․ ամուսնանալով Խեդենեկյանների ժառանգ Մարիամի հետ, որպես օժիտ ստացել է Աղթամար կղզու մի մասը, ապա սնանկացած աներոջից (Խեդենեկ Գ) գնել նաև Մնացածը։ Հետագայում Ս–ի իշխանությունը տարածվել է նաև կղզու հանդիպակաց ափի գյուղերի վրա։ 1272– 1580-ական թթ․ Ս․ իրենց ձեռքում են պահել Աղթամարի կաթողիկոսությունը (աթոռակալել են Ս–ից սերած հոգևորականներ), սեփական զինված ջոկատներով պաշտպանվել օտար նվաճողներից։ Ս–ից Զաքարիա Գ կարակոյունլու թուրքմենների առաջնորդ Ջհանշահ խանի օգնությամբ 1460-ին դարձել է Հայոց կաթողիկոս՝ միավորելով էջմիածնի և Աղթամարի կաթողիկոսությունները։ Ս–ի աշխարհիկ գործիչները կրել են «պարոն», «մեծ պարոն», «ամիր» տիտղոսները, երբեմն փորձելով վերականգնել Վասպուրականի Արծրունյաց թագաւխրությունը։ Տոհմի նշանավոր գործիչներից Աղթամարի կաթողիկոս Ստեփանոս Դ Տղան 1466-ին իր տոհմակից Սմբատին (Գուռջիբեկի որդի) օծել է թագավոր և հռչակել Արծրունյաց թագավորների իրավաժառանգ։ Վերջինիս մեկամյա «թագավորույունն» ամփոփվել է հիմնականում Աղթամար կղզով։ XVI դ․ վերջից Ս․ աստիճանաբար վերացել են քաղ․ ասպարեզից։

ՍԵՖԵՐԻՍ (Σεφέρης) (Սեֆերիադիս) Գեորգոս (1900, Իզմիր –1971, Աթենք), հույն բանաստեղծ, 1914-ից ապրել է Աթենքում։ 1918–25-ին Փարիզում ուսումնասիրել է իրավագիտություն։ 1926–62-ին կատարել է դիվանագիտական աշխատանք։ Հրատարակել է «Շրջադարձ» (1931), «Ցիստեռն» (1932), «Պատմությունը առասպելներում» (1935), «Փ՛որձերի գիրք» (1940), «Ա տախտակամածի օրագիրը» (1940), «Բ տախտակամածի օրագիրը» (1944), «Կեռնեխ» (1947), «Գ տախտակամածի օրագիրը» (1955) ժողովածուները։ «Տախտակամած» փոխաբերությունը բանաստեղծություններում ներկայացնում է անընդհատ շարժվող բեմահարթակ, որտեղ բանաստեղծը գործում է ու խորհրդածում։ Դիմադրության տարիներին երգել է ազատության համար մարտնչող ժողովրդին։ Նոբելյան մրցանակ (1963)։

ՍԵՖՅԱՆՆԵՐ, Աեֆևիներ, թագավորական դինաստիա Իրանում 1502– 1736-ին։ Հիմնադիրն էր շիա մահմեդականների Սեֆևիյե աղանդի առաջնորդ շեյխ Սաֆի (Սեֆի) Էդ–Դին Իսհակ Արդաբիլիի սերնդից Իսմայիլը (տես Իսմայիլ /), որը, հենվելով կըզըչբաշների վրա, պարտության է մատնել ակ–կոյունչուներին, հիմնել կիսաթեոկրատիկ պետու–