Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/368

Այս էջը սրբագրված է

2 երկարությունից ոչ պակաս, բարձրությունը՝ 3–5 ւ/, երկարությունը՝ ըստ տարողության (250–3000 ա)։ Խրամատների պատերը և հատակը կառուցում են բետոնից, երկաթբետոնից։ Պատերի համար օգտագործվում են նաև հավաքովի երկաթբետոնե սալիկներ։ Խրամատի հատակը պետք է ունենա թեքամուտքի ձե։ Պատերի երկարությամբ կառուցվում են առվակներ՝ մթնոլորտային տեղումներից կուտակվող ջրերը հեռացնելու համար։

Աշտարակային տիպի Ս․ կ․ հիմնականում օգտագործվում են սենաժը պահպանելու համար։ Հերմետիկ փակվող աշտարակներում ստացվում է բարձրորակ կեր, կորուստները 10%–ից չեն գերազանցում։ Աշւռարակները կառուցում են մետաղից, բետոնից, երկաթբետոնից։ Մետաղե աշտարակների տրամագիծը՝ 6–8, բարձրությունը 16–18 մ է, իսկ երկաթբետոնինը՝ համապատասխանաբար 12–15 ե․ 22–25 մ։

ՍԻԼՈՍԱՑՈՒՄ, կերերի պահածոյացումն անօդ պայմաններում։ Հյութալի կերերի կուտակման առավել տարածված ձև է։ Ս․ հայտնի է Եվրոպայում XVIII դարից։ Ռուսաստանում կիրառվել է XIX դ․ վերջերից։ Ս–ման ժամանակ կերային զանգվածում օդի թափանցումը կանխելով դադարում է աերոբ մանրէների և բորբոսասնկերի զարգացումը, իսկ կաթնաթթվային մանրէների կենսագործունեության հետևանքով առաջացած կաթնաթթուն կերը թթվեցնելով (pH-ի լավագույն մեծությունը՝ 4,2) ճնշում է անաերոբ նեխման, կարագաթթվային և այլ պրոցեսները։ Կաթնաթթվային մանրէների սնման աղբյուրը շաքարն է, որի պարունակությամբ էլ որոշվում է կերի Ս–ման ունակությունը։ Գործնականում տարբերում են հեշտ սիլոսացվող բույսեր (եգիպտացորեն, արեվածաղիկ, միամյա և բազմամյա հացազգի խոտաբույսեր, դրանց խառնուրդը բակլազգիների հետ, կերի կաղամբը, արմատապտուղներն ու դրանց փրերը ևն), դժվար սիլոսացվող բույսեր (բակլազգհ խոտաբույսեր, կարտոֆիլի փրերը ևն) և չսիլոսացվող բույսեր (եղինջ, լոլիկի, դդումի հյութալի փրերը ևն)։ Ս–ման պրոցեսը կարգավորում են Ս–ման ունակությանը համապատասխան հումքի ընտրությամբ։ Ոչ ցանկալի մանրէաբանական պրոցեսները կանխելու նպատակով դժվար սիլոսացվող զանգվածի վրա ավելացնում են քիմ․ տարբեր նյութեր։ Սիլոսացվող զանգվածում շաքարի ավելցուկը խմորվում է շաքարասնկերով։ Այս դեպքում անօգուտ կորչում է կերի չոր նյութի զգալի մասը։ Այդ պրոցեսը կարելի է կանխել զանգվածի խոնավության նվազեցմամբ։ Հումքի խոնավությունը 75%-ից չպետք է գերազանցի, իսկ ջերմաստիճանը՝ 35–37°C։ Բուսական հումքի մանրացումը (սիլոսային կառույցները լցնելուց առաջ) առաջացնում է առատ բջջահյութի անջատում, որի հետևանքով կաթնաթթվային մանրէներն ավելի լավ են օգտագործում ածխաջրերը, և կաթնաթթվի կուտակումն արագ է ընթանում։ Մանրացրած զանգվածն ավելի հեշտ է խառնել այլ կերերի հետ, հանել պահեստարաններից և բաշխել կենդանիներին։ Տես նաև Սիլոս։


ՍԻԼՎԱՆՈՍ, Սիղուանոս (լատ․ Sil-vanus, < silva–անտառ), նախապես անտառների ու վայրի բնության աստվածը հին հռոմ․ դիցաբանության մեջ։ Կայսերական Հռոմում՝ հասարակ ժողովրդի ու ստրուկների ամենահանրաճանաչ աստվածը։ Աստիճանաբար Ս․ համարվել է երկրագործության, տան, բույսերի, կենդանիների, լեռների ու հանքերի հովանին, ընչազուրկների փրկիչն ու գերագույն աստվածը, հաճախ նաև՝ Հերակլեսի նման անպարտելի մարտիկ։ Ս․ մարմնավորել է ճնշված ու ընչազուրկ խավերի բողոքն ընդդեմ իշխող դասակարգի։ Իշխողները, Ս–ին դիտելով իբրև խռովարար, երկնային աստվածների թշնամի և երկրային ստորակարգ նյութ, պաշտոնապես արգելել են նրա պաշտամունքը։ Ս–ի պատվին հիմնվել են բազմաթիվ սրբարաններ։ Նրա անդրին կերտվել է գեղջուկի կերպարանքով ու հագուստով, մանգաղն ու պտուղները ձեռքին, որին ուղեկցում են շուն, այծ, օձ։

ՍԻԼՎԻՆ [Sylvius–հոլանդ, բժիշկ, և քիմիկոս Ֆ․ Բոեի (1614–72) լատինացված անունից], հալոգենների կարգի միներալ, քիմ․ կազմը՝ KC1։ Պարունակում է 52,48% K, ինչպես նաև Br, J, NaCl և Fe203 խառնուրդներ։ Բյուրեղային համակարգը խորանարդային է։ Հալիտի, կառնալիտի հետ սովորաբար առաջացնում է հատիկային հոծ ագրեգատներ։ Կարծրությունը՝ 2, խտությունը՝ 1990 կգ/մ3, գույնը՝ սպիտակ (կաթնագույն է, երկաթի օքսիդի խառնուրդի դեպքում՝ կարմիր)։ Բնության մեջ հալիտի, կառնալիտի հետ նստում է աղաբեր հաստվածքներում՝ երբեմն առաջացնելով կալիումական աղերի խոշոր հանքավայրեր։ Ս–ի հազվադեպ հանդիպող (ինչպես նաև արհեստական) թափանցիկ բյուբեղներն օգտագործվում են օպտիկայում։

ՍԻԼՈՒԵՏ [ֆրանս․ silhouette, Ֆրանսիայի ֆինանսների գլխավոր հսկիչ է․ դը Սիլուետի (E de Silhouette, 1709–1767) անունից, որի ծաղրանկարը ուրվապատկերվել է], տես Ուրվապատկեր։

ՍԻԼՈՒՄԻՆ (< լատ․ Sil(icium)–սիլիցիում) և (Al)umin(ium)–(ալյ)ումին], ալյումինի հիմքով ձուլման թեթև համաձուլվածքների խմբի ընդհանուր անվանում, պարունակում է սիլիցիում (մինչև 23%) և այլ տարրեր (պղինձ, մանգան, մագնեզիում)։ Ս․ ստանում են, սովորաբար, ալյումինը սիլիցիումի հետ ձուլելով։ Մշակվել է XX դ․ սկզբին։ Ս․ օժտված է համեմատաբար բարձր մեխանիկական հատկություններով և կոռոզակայունությամբ՝ խոնավ և ծովի մթնոլորտում։ Կիրառվում է ավտո–և ավիաշինության մեջ՝ բարդ ձևի դետալներ պատրաստելու համար։ Տես նաև Ալյումինի համաձուչվածքներ։

ՍԻԼՈՒՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ (համակարգ, փուլ), ս ի լ ու ր, պալեոզոյան խմբի երրորդ (ներքևից) փուլը, որը համապատասխանում է Երկրի երկրբ․ պատմության պալեոզոյան դարաշրջանի երրորդ ժամանակաշրջանին։ Անվանումն ստացել է ըստ հին կելտական ցեղի՝ սիլուրների, որոնք ապրում էին Մեծ Բրիտանիայում՝ Ուելսի սահմանային մարզում։ Տևողությունը մոտ 30 մլն տարի է․ սկիզբը ռադիոլոգիական մեթոդներով որոշվում է 440 մլն տարի մ․ թ․ ա․։ Ս․ ժ․ հաջորդում է օրդովիկի ժամանակաշրջանին և նախորդում ղևոնի ժամանակաշրջանին։ Սահմանել է անգլ․ երկրաբան Ռ․ Մուրչիսոնը՝ 1835-ին, Մեծ Բրիտանիայում (տիպային տարածքը՝ Ուելսի սահմանային մարզ)։ Հետագայում ստորին մասը առանձնացվել է որպես ինքնուրույն՝ օրդովիկի ժամանակաշրջան։ «Սիլուր» անվանումը պահպանվել է միայն վերին մասի համար և այդ ծավալով էլ հաստատվել Երկրաբանական միջազգային կոնգրեսի XXI նստաշրջանում (Կոպենհագեն, 1960)։ Ս․ ժ․ ստորաբաժանվում է երկու մասի, ստորին՝ ընդգրկում է լլանդովերի և ուենլոկի, և վերին՝ լուդլովի ս․ պրժիդոլի (դաունտոնի) հարկերը։

Ընդհանուր բնութագրումը։ Սիլուրի հասակի նստվածքները հայտնի են բոլոր մայր ցամաքներում (բացառությամբ Անտարկտիդայի)։ Դասական կտրվածքներն ուսումնասիրված են Մեծ Բրիտանիայում, Չեխոսլովակիայում, ՍՍՀՄ–ում։ Սիլուրի երկրակեղևի ստրուկտուրային պլանը հիմնականում ժառանգված է քեմբրիի և օրդովիկի ժամանակաշրջաններից։ Շարունակում են գոյություն ունենալ խոշոր, համեմատաբար կայուն պլատֆորմները (Արևելա–Եվրոպական, Աֆրիկյան, Չինական, Սիբիրական, Հնդստանյան, Հս–Ամերիկյան)։ Դրանց նվազագույն չափերը հասնում են հազարավոր կմ–ի։ Շարժուն գոտիները՝ գեոսինկլինալները (Դրամպիանյան, Միջերկրածովյան, Ուրալա–Սիբիրական, Խաղաղօվկիանոսյան, Ապալաչյան), ավելի սահմանափակ տարածություններ են գրավում։ Մայր ցամաքների և ծովերի փոխադարձ տեղադիրքը գրեթե նույնն էր, ինչ որ օրդովիկում։ Ամենախոշոր ցամաքազանգվածը՝ Գոնդվանա մայր ցամաքը, ընդգրկում էր Աֆրիկայի ժամանակակից տարածքի զգալի մասը (Սահարայից հվ․), Արաբիան, Հնդստանը, Անտարկտիդան և Բրազիլիան։ Հս․ Ամերիկայի և Եվրասիայի տարածքում տեղաբաշխված էին ավելի փոքր՝ Դրենլանդիայի, Բալթո–Սարմաթիայի (Եվրոպայի հս–արլ․), Անգարայի ցամաքազանգվածները, որոնք ռեգրեսիաների և տրանսգրեսիաների հետևանքով Հս․ կիսագնդում վւոխել էին իրենց ուրվագիծը։ Ենթադրություն կա այն մասին, որ սիլուրում, Դոնդվանայի հետ, գոյություն ունեին ևս երկու մայր ցամաք՝ Եվրոամերիկան և Ասիան։ Մայր ցամաքներն աչքի էին ընկնում հարթ, թույլ կտրտված ռելիեֆով։ Լեռնազանգվածներն ու լեռնաշղթաները, հավանաբար, բացակայում էին։ Ս․ ժ–ի սկիզբը բնութագրվում է գեոկրատիկ ռեժիմի մարմամբ, Երկրի մակերևույթի զգալի խորասուզմամբ, որն ուղեկցվում է լլանդովերի դարում առավելագույնի հասնող հսկայական ծովային տրանսգրեսիայով։ Պլատֆորմային սալերի խորասուզումը ընթանում էր անհավասարաչափ։ Ամենամեծ չափով խորասուզվել են Հս–Ամերիկյան և Սիբիրական