Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/409

Այս էջը սրբագրված է

1960), «Աղբյուրի մոտ» (1967), «Անի քաղաքը» (1968), «Կոմիտասի քառյակը» (1978), «Վիլյամ Սարոյան» (1982)։ Կոմիտասյան թեմաներով որմնանկարել է էջմիածնի Կոմիտասի թանգարանի գմբեթը (1969, նկարիչներ Հ․ Հակոբյանի և Ա Մելքոնյանի հետ)։ Ձևավորել է ՀՍՍՀ ազգ․ ցուցահանդեսներ արտասահմանյան երկրներում։ 1954-ից մասնակցում է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։

ՍԻՐԴԱՐՅԱ, գետ ՍՍՀՄ–ում, ամենաերկարը և ջրառատությամբ երկրորդը (Ամուդարյայից հետո) Միջին Ասիայում։ Կազմավորվում է Նարին և Կարադարյա գետերի միախառնումից, թափվում Արալյան ծովը։ Երկարությունը 2212 կմ է (Նարինի ակունքներից՝ 3019 կմ), ավազանը՝ 219 հզ․ կմ²։ Ս–ի ավազանը ներկայացնում է գետերի, ջրանցքների ու կոլեկտորների բարդ միահյուսում (ջրանցքների ու կոլեկտորների երկարությունը զգալիորեն գերազանցում է գետային ցանցի երկարությանը)։ Խոշոր վտակներն են Կասանսայը, Գավասայը, Չաադաբսայը, Իսֆայրամսայը, Շախիմարդանը, Սոխը, Իսֆարան, Խոջաբակիրգանը ևն։ Ս–ի ավազանում կա մոտ 750 ջրանցք։ Խոշոր ջրանցքներն են Մեծ Ֆերգանայինը, Մեծ Անդիժանինը, Անդիժանսայը, Շաարիխանսայը, Սավայը, Ախունբաբաևի անվ․ ջրանցքը։ Գետաբերանում առաջացնում է դելտա՝ բազմաթիվ բազուկներով, վտակներով, լճերով ու ճահիճներով։ Սնումը գերազանցապես ձնային է, սակավ՝ սառցադաշտային ու անձրևային։ Վարարում է մարտ–ապրիլից օգոստոս–սեպտեմբեր։ Ջրի տարեկան միջին ծախսը վերին հոսանքում մոտ 500 մ³/վրկ է, Չիրչիկ գետը Ս․ թափվելու տեղում՝ 703 մ³/վրկ, Կազալինսկ քաղաքի մոտ՝ 446 մ³/վրկ։ Հոսքը կարգավորվում է ջրամբարներով։ Ս–ի ավազանում գործում է 61 ՀԷԿ(1,6 Գվտ ընդհանուր կարողությամբ)։ Նավարկելի է առանձին հատվածներում՝ գետաբերանից մինչև Բեկաբադ։ Կա ձկնորսություն։ Ս–ի ափերին են Լենինաբադը, Բեկաբադը, Չարդարան, Կզըլ–Օրդան, Կազալինսկը։

ՍԻՐԴԱՐՅԱՅԻ ՄԱՐԶ, Ուզբեկ․ ՍՍՀ–ի կազմում։ Կազմավորվել է 1963-ի փեւոր․ 16-ին։ Մարզի տարածքի մեծ մասը 1973-ին անցավ նոր կազմավորված Զիզակի մարզին։ Տարածությունը 5,1 հզ․ կմ² է, բն․՝ 494 հզ․ (1983)։ Բաժանված է 9 շրջանի։ Ունի 5 քաղաք, 2 քտա։ Վարչական կենտրոնը՝ Գուլիստան։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1967-ին)։

Բնությունը։ Մակերևույթը ալիքավոր հարթավայր է, որի սահմաններում է գտնվում Սովյալ տափաստանի մի մասը։ Արլ–ում Սիրդարյայի հովիտն է։ Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը՝ –6°C hu-nuf, –2°C հվ–ում, հուլիսինը՝ 27–29°C։ Տարեկան տեղումները 180–220 մմ են։ Անսառնամանիք շրջանը՝ 218 օր։ Հիմնական գետը Սիրդարյան է, որի ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Տարածված են մարգագետնային (ոռոգվող շրջաններում), բաց մոխրագույն և գիպսակիր հողերը։ Բնորոշ են էֆեմեր բույսերը։ Կենդանիներից հանդիպում են տափաստանային աղվես, բազմաթիվ կրծողներ, սողուններ, թռչուններից սաքսաուլային ճայ, անապատային շիկահավ ևն։

Բնակչությունը։ Ավելի քան 60% –ը ուզբեկներ են։ Բնակվում են նաև ռուսներ, թաթարներ, կիրգիգներ, ղազախներ, տաջիկներ, կորեացիներ և այլք։ Սիջին խտությունը 1 կմ² վրա ավելի քան 96,9 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 31% (1983)։

Տնտեսությունը։ Ս․ մ․ զարգացած արդյունաբերաագրարային շրջան է։ Արդյունաբերությունը հիմնված է բամբակի և գյուղատնտ․ այլ հումքի մշակման և վերամշակման բազայի վրա։ Զարգացած է մետաղամշակումը, թեթև (բամբակի), կարի, սննդի արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, կա ՊՇԷԿ։ Ս․ մ–ին բաժին է ընկնում հանրապետության գյուղատնտ․ համախառն արտադրանքի 4,7%–ը։ Գլխավոր ճյուղը բամբակագործությունն է։ Հողագործությունը գրեթե ամբողջովին կենտրոնացած է ոռոգվող հողատարածություններում։ Ունի ոռոգիչ ջրանցքների խիտ ցանց։ 1982-ին մարզում կար 26 կոլեկտիվ և 78 սովետական տնտեսություն։ Հողային ֆոնդի 270 հզ․ հա բաժին է ընկնում ցանքատարածություններին, մնացածը՝ արոտավայրերին։ Ցանքատարածությունների 164,4 հզ․ հա զբաղեցնում է բամբակը, 59,7 հզ․ հա՝ հացահատիկային, 39,1 հզ․ հա՝ կերային կուլտուրաները, 5,4 հզ․ հա՝ կարտոֆիլն ու բանջարաբոստանային կուլտուրաները։ Զբաղվում են նաև այգեգործությամբ, անասնապահությամբ, ձկնաբուծությամբ և շերամապահությամբ։ 1982-ին մարզում կար 66 հզ․ խոշոր, 34,6 հզ․ մանր եղջերավոր անասուն, 33 հզ․ խոզ, 800 ձի, 950,1 հզ․ թռչուն։ Երկաթուղիների երկարությունը 146 կմ է, մարզի տարածքով է անցնում Տաշքենդ–Կրասնովոդսկ երկաթուղին։ Կոշտ ծածկով ավտոճանապարհների երկարությունը 1020 կմ է։

Լուսավորությունն ու առողջապահությունը։ 1981–82 ուս․ տարում մարզում կար 257 հանրակրթական, 19 սպորտային դպրոցներ, 16 պրոֆտեխ․ ուսումնարան, 2 բարձրագույն, 10 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 224 նախադպրոցական հիմնարկ։ 1982-ին կար 241 մասսայական գրադարան, 165 ակումբ, երաժշտադրամատիկական թատրոն, 220 կինոկայանք, 54 հիվանդանոց։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։

ՍԻՐԵՆՆԵՐ (հուն․ Σeιpfjves), ոգեղեն էակներ հին հուն, դիցաբանության մեջ։ Համարվել են մուսաներից մեկի և Աքելոոսի (նույնանուն գետի ոգի) կիսաթռչնակերպ դուստրերը, որոնք հորից իբր ժառանգել են վայրի տարերքը, իսկ մորից՝ աստվածային ձայնը։ Ըստ Հոմերոսի «Ոդիսականի», բնակվելով Կիրկե և Սկիլլա կղզիների միջև գտնվող ժայռակղզում, իրենց կախարդական երգով հրապուրել և կործանել են ծովագնացներին։ Ս–ի կղզու մոտակայքով նավարկող Ոդիսնսը կախարդ Կիրկեի խորհրդով նավաստիների ականջները փակել է մեղրամոմով, իսկ իրեն պատվիրել է կապել կայմին, որպեսզի լսի Ս–ի երգը։ Նույն կղզու մոտով անվնաս անցել են նաև արգոնավորդները։ Այս առասպելի համաձայն՝ Որփեոսն իր հմայիչ երգով ու նվագով խլացրել է Ս–ին և փրկել նրանց։ Հիսաթափված Ս․ իբր նետվել են ծովը և վերածվել ժայռերի։ Ս․ ընկալվելով նույնիսկ իբրև անդրաշխարհիկ մուսաներ, հաճախ պատկերվել են մահարձանների վրա։ Ս․ սովորաբար պատկերվել են կնոջ գլխով ու կրծքով, թռչնի մարմնով։

ՍԻՐԵՏ (Siret), քաղաք Ռումինիայի Սուչավա գավառում, Սիրետ գետի ափին։ Ս․ գրավոր աղբյուրներում հիշատակվում է 1340-ից։ Մոլդավ․ իշխանության ստեղծումից (XIV դ․) հետո Ս․ դարձել է կարևոր կենտրոն։ XIV դ․ Ս–ում հաստատված հայերը ստացել են առանձնաշնորհումներ, ունեցել սեփական քաղաքային վարչություն, քաղաքապետ, 12 ծերերի խորհուրդ և դատարան (առաջնորդվել է Մխիթար Գոշի «Դատաստանագրքով»)։ XV դ․ Ս–ում եղել է մոտ 700 ընտանիք հայ բնակիչ։ Տաղասաց Մինաս Թոխաթցու (1510–1622) վկայությամբ՝ Ս–ում եղել է հայկ․ եկեղեցի։ 1551–52-ին իշխան Շտեֆան Ռարեշի հալածիչ քաղաքականության պատճառով մեծ թվով հայեր Ս–ից գաղթել են Տրանսիլվանիա։ Ս–ից հայերի նոր խոշոր գաղթ է տեղի ունեցել 1670-ական թթ․ Գեորգե Դուկա իշխանի հարկային ծանր քաղաքականության հետևանքով։ XVIII դ․ 70-ական թթ․ Ս–ում բնակվել է 58, XIX դ․ սկզբին՝ 10 ընտանիք հայ։ Ս–ի հայկ․ համայնքը գոյատևել է մինչև XIX դ․ 2-րդ կեսը։ Ներկայումս Ս–ում պահպանվել են XVII դ․ հայատառ արձանագրություններով 13 տապանաքար, որոնք հայկ․ եկեղեցու և գերեզմանոցի ավերակների հետ պեղվել են 1885-ին։

ՍԻՐԹԵՐ (թուրք, սիրթ–բարձրություն, ), 1․ հարթ կամ թույլ ալիքավոր բնույթներ Տյան Շանում՝ 3500– 4000 մ բարձրությունների վրա։ Հարթված մակերևույթների մնացորդներ են, որոնք նորագույն ժամանակներում ճկվել են ծալթի ձևով, բարդվել խզումներով և մաս–