Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/421

Այս էջը սրբագրված է

կան թագավորություն»։ 132-ին կոնսուլ Պուբլիոս Ռուպիլիոսը ճնշել է ապստամբությունը։ 2-րդ ապս տամբությունը (104–99) սկսվել է Սիկիլիայի գյուղատնտ․ շրջաններում։ Գլխավորել են իտալիկ ստրուկ Սալվիոսը (հռչակվել է թագավոր՝ Տրյուփոն անունով) և կիլիկեցի ստրուկ * Աթենիոսը (ենթարկվել է Սալվիոսին)։ Ապստամբները գրավել են համարյա ամբողջ կղզին, պարտության մատնել հռոմ․ զորքերին, սակայն 99-ին հռոմ․ զորավար Մանիոս Աքվիլիոսը ճնշել է ապստամբությունը։

ՍԻՓԱՀԻՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ, տես Հնդկական ժողովրդական ապստամբություն 1857-1859։

ՍԻՓԱՆ (ՆեխՄասիք, Ծիպան, Սուփխան), բազմածին հանգած հրաբուխ Հայկական հրաբխային բարձրավանդակում, Վանա լճի հս․ ափին։ Բարձրությամբ (4434 մ) երկրորդն է Հայկական լեռնաշխարհում (Մասիսից հետո)։ Լանջերը զառիթափ են, կտրտված ձորակներով ու հեղեղատներով։ Գագաթային մասը ծածկված է հավերժական ձյունով։ Կան կախված փոքր ֆիռնային սառցադաշտեր։ Ս–ի անդեզիտադացիտային լավային հաստվածքը տեղադրված է էոցենի ծալքավորված կորալային կրաքարերի և օլիգոցեն–միոցենի կոնգլոմերատների դենուդացիոն մակերեվույթի վրա։ Հիմքը կազմող ապարները մերկանում են ինչպես ստորոտում, այնպես էլ լանջերում։ Հիմքը բեկորազատված է հվ–արմ–ից հս–արլ․ ձգվող (Նեմրուդ– Սիփան–Ծաղկանց – Թոնդուրեկ – Արարատ) խորքային հզոր բեկվածքով և նրան հարող երիտասարդ խզվածքներով, որոնց տեկտոնական ակտիվացմամբ է պայմանավորված հրաբխականությունը։ Լավաների թթվայնության պատճառով լավային հոսքերը լեռան ստորոտից հեռու չեն տարածվել։ Հս–ում նրանք խորասուզված են Բադնոցի դաշտի լճային նստվածքների, հս–արլ–ում Ծաղկանց լեռների անդեգիտային լավային հոսքերի տակ։

3800 մ–ից բարձր մերձգագաթային սարահարթ է (հնագույն խառնարանը), լցված լիպարիտաօբսիդիանային թթու լավայով, կազմավորելով Ս–ի երեք խոշոր՝ արմ․ (4434 մ), արլ․ (4300 մ) և հվ․ (4150 մ) գագաթները։ Մերձգագաթային սարավանդի արլ․ մասում կան 15 գազապղպջակային ծագման լավային «բշտիկներ» կամ պայթած հոռնիտոսներ, արմ․ մասում՝ ձնհալքային 2 լճակներ։ Ս․ Ծաղկանց լեռների հետ հանդիսանում է Վանա լճի ռեժիմի կանոնավորիչը։ Ա–ում լավ արտահայտված է բարձունքային գոտիականությունը։ Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 400–1000 մմ։ Հողաբուսական ծածկույթը ներկայացված է տափաստանային և լեռնամարգագետնային տեսակներով։ Ս–ի լանջերն անտառազուրկ են, տարածված են ալպյան մարգագետինները։

Ս–ի հետ հայ ժողովուրդը կապել է առասպելներ և դյուցազներգեր՝ համարելով այն սուրբ լեռ։

ՍԻՓԱՆ, գյուղ ՀՍՍՀ Արագածի շրջանում, Սև սար լեռան ստորոտին, շրջկենտրոնից 12 կմ հս–արմ․։ Միավորված է Զամշլուի կաթնաանասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։ Գյուղում պահպանվել է գերեզմանոց (XYIII–XIX դդ․)։

ՍԻՓԱՆՆԵՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Ալջավազ գավառում։ 1909-ին ուներ 534 հայ բնակիչ (78 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ս․ ուներ եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԻՖԻԼԻՍ (իտալացի բժիշկ Ջ․ Ֆրակաստորոյի «Syphilis sive de morbo Gallico»՝ «Սիֆիլիս կամ ֆրանսիական հիվանդություն» պոեմի անվանումից, ուր նկարագրված է ոմն հովիվ Սիֆիլուսի հիվանդությունը), լյուէս (< լատ․ lues – վարակ), մարդու քրոնիկական վարակիչ հիվանդություն։ Ախտահարում է բոլոր օրգաններն ու հյուսվածքները, չբուժվելու դեպքում տևում է տասնյակ տարիներ և կարող է փոխանցվել սերնդին (բնածին Ս․)։ Միջին դարերում Ս․ խիստ տարածված է եղել բազմաթիվ երկրներում և անվանվել «սեռական ժանտախտ»։ Դրան նպաստել են երկրների միջև առևտրական կապերի ուժեղացումը, պատերազմները, ազգաբնակչության խոշոր տեղաշարժերը, պոռնկությունը։

Հարուցիչը դժգույն սպիրոխետն (տրեպոնեմ) է։ Սպիրոխետը պարուրաձև է, երկարությունը՝ 6 – 14 մմ, լայնությունը՝ 0,2–0,35 մկմ։ Կազմությունը բարդ է, պաշտպանական մեխանիզմները՝ յուրահատուկ։ Օրգանիզմ է թափանցում մաշկի ու լորձաթաղանթների ամենաաննշան վնասվածքներով, երբեմն նույնիսկ անվնաս մակերեսով։ Մարդու օրգանիզմում անբարենպաստ պայմանների դեպքում սպիրոխետները ժամանակավորապես վերածվում են ցիստային, հատիկավոր, ֆիլտրվող ձևերի, որը բարձրացնում է նրանց կայունությունը։ Օրգանիզմից դուրս (տնային, հատկապես բարձր ջերմաստիճանի, չորության, քիմ․ նյութերի առկայության պայմաններում) դժգույն տրեպոնեմների կենսունակությունը նվազում է։ Ս–ով վարակվում են հիմնականում սեռական ճանապարհով (սեռական Ս․)։ Վարակումը հնարավոր է նաև համբույրի, կենցաղում օգտագործվող իրերի (կենցաղային Ս․), արյան փոխներարկումների միջոցով։ Ս–ի դեպքում կայուն անընկալություն չի առաջանում, ուստի հնարավոր են կրկնակի վարակումները։

Ս–ի կլինիկան բնորոշվում է ալիքաձև ընթացքով՝ ակտիվ արտահայտված ձևերը պարբերաբար փոխարինվում են թաքնված ընթացող շրջաններով։ Չբուժված Ս–ի ընթացքը բաժանում են հետևյալ շըրջանների․ գաղտնի, առաջնային, երկրորդային երրորդային։ Գաղտնի շրջանը տևում է 3–4 շաբաթ, երբեմն՝ մինչև 5–6 ամիս։ Առաջնայինշրջանում (տևում է 6–8 շաբաթ) տրեպոնեմների ներթափանցման տեղում (սեռական օրգաններ, երբեմն շրթունքներ, բերանի խոռոչի լորձաթաղանթ, հետանցք են) առաջանում է մակերեսային խոց կամ էրոզիւս (կարծր շանկր)։ Խոցերը սակավաթիվ են (1–3), ոսպի հատիկից մինչե սիսեռի հատիկի մեծության, ափսեանման, ցավուր չեն, հիմքի ինֆիլտրատը պինդ է ևն։ Գրեթե միաժամանակ մեծանում են խոցի մոտակա ավշային հանգույցները (բուբոն)։ Առաջնային շրջանի վերջում կարծր շանկրն ինքնաբերաբար լավանում, անհետանում կամ սպի է թողնում։ Երկրորդային շրջանն սկսվում է վարակումից մոտ 9 շաբաթ անց։ Բնորոշվում ՛; մաշկի ու լորձաթաղանթների վրա տարածուն ցաների առաջացմամբ (վարդաբծեր, հանգուցիկներ, բշտեր) ու տարբեր տեղադրման ավշային հանգույցների ւածացմամբ (պոլիադենիտ)։ Ցանավորման տարրերին բնորոշ են պղնձակարմիր գունավորումը, կլորավուն գծագրությունը, սուբյեկտիվ երևույթների (քոր, ցավ) բացակայությունը ևն։ Ցանավորումը, պահպանվելով 1 –1,5 ամիս, առանց միջամտության վերանում է, և հիվանդությունն անցնում է թաքնված վիճակի։ Երկրորդային շրջանի ընթացքում (2–5 տարի) ակտիվ ցանավորումով արտահայտվող վիճակը մի քանի անգամ փոխարինվում է թաքնված, անախտանշանհյին շրջանով։ Նշված շրջանում նկատվում է մազաթափություն, պարանոցի շրջսփում մաշկի գունազրկում (լեյկոդերմա), մարմնի ծալքերում ցաների խոշորացում ու խմբավորում ևն։ Երրորդային շրջանն սկսվում է հիվանդության սկզբից տարիներ անց և արտահայտվում է մաշկի, լորձաթաղանթների վրա, նյարդային և շարժողական համակարգերում, ներքին օրգաններում խորը տեղադրված խոշոր ինֆիլտրատիվ տարրերի (թմբիկներ ու գումմաներ) առաջացմամբ։ Վերջիններս մի քանի շաբաթ անց քայքայվում են, առաջացնելով տվյալ օրգանի գործունեության խանգարում, առանձին դեպքերում՝ վտանգ կյանքի համար։ Այս երևույթների առաջացումն ու անհետացումը (ակտիվ ու թաքնված վիճակը) կրկնվումէ է մի քանի անգամ։ Հաճախ երկարատև թաքնված շրջանից հետո կարող են զարգանալ կենտրոնական նյարդային համակարգի յուրահատուկ ծանր ախտահարումներ՝ պրոգրեսիվ պարաւիզ և ողնուղեղդ սմքախա։ Նկատվում են նաև սրտի, աորտայի, լյարդի, թոքերի և այլ ներքին օրգանների ծանր ախտահարումներ։ Գոյություն ունեն նաև Ս–ի ոչ սովորական ձևեր (Ս․ առանց կարծր շանկրի, անախտանշան, չարորակ ձևեր)։ Գնածին Ս․ ունի իր ուրույն արտահայտությունները, ներարգանդային զարգացման 5-րդ