Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/8

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

1948-ին Լատվիայի կոմկուսի Դաուգավպիլսի գավառկոմի քարտուղարն էր, 1952-ից՝ ՍՍՀՄ կառավարությանն առընթեր կոլտնտեսությունների գործերի խորհրդի ներկայացուցչի տեղակալը Լատվ․ ՍՍՀ։ 1954-ից՝ ՍՍՀՄ մթերումների մինիստրության լիազորի տեղակալը Լատվ․ ՍՍՀ։ 1956–58 և 1960–61-ին Ռ․ աշխատել է Լատվիայի կոմկուսի Կենտկոմի ապարատում։ 1961-ին նշանակվել է Լատվ․ ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1962-ին՝ նախագահ։ 1970-ից Լատվ․ ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ։ 1974–1984-ին ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի նախագահն էր։ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու (1966-ից), ՍՍՀՄ VI–XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Վ․ Ի․Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան» շքանշաններով։

ՌՈՒԲԵՆ Ա (1025-1095),Կիլիկիայի Հայոց իշխան 1080-ից։ Ռուբինյանների իշխանապետության հիմնադիրը։ Եղել է Գագիկ Բ Բագրատունի արքայի թիկնապահ իշխան։ Հետագա մի քանի հայ պատմիչներ (Սամվել Անեցի, Կիրակոս Գանձակեցի և ուրիշներ) Ռ-ին անվանում են Բագրատունիների և Արծրունիների մերձավոր ազգական (հավանաբար նրան թագավորական ծագում վերագրելու միտումով)։ Գագիկ Բ-ի մահից (1079) հետո Ռ․ ամրացել է Բարձրբերդ, Կոպիտառ և Կոռոմոզոլ բերդերում, շրջակա հայերի աջակցությամբ ապստամբել Բյուզ․ կայսրության դեմ, 1080-ին թոթափել նրա գերիշխանությունը՝ Լեռնային Կիլիկիայում հիմնելով անկախ և կայուն իշխանապետություն։ Թաղվել է Կաստալոնի վանքում՝ գահը թողնելով ավագ որդի Կոստանդին Ա–ին։

ՌՈՒԲԵՆ Բ (ծն․ թ. անհտ․–1169), Կիլիկիայի Հայոց իշխան 1169-ին։ Ռուբինյանների ազգատոհմից։ Հաջորդել է հորը՝ Թորոս Բ-ին։ Ռ–ի անչափահասության պատճառով երկիրը ղեկավարում էր Թովմաս պայլը։ Սակայն նույն թվականին գահը բռնագրավել է Թորոս Բ–ի եղբայր Մլեհը։ Թովմաս պայլը Ռ–ին փախցրել է Հռոմկլա (Ներսես Շնորհալու մոտ), որտեղ շուտով մահացել է (հավանաբար սպանվել դավադրությամբ)։

ՌՈՒԲԵՆ Գ (1145–1187), Կիլիկիայի Հայոց իշխան 1175-ից։ Ռուբինյանների ազգատոհմից։ Իշխան Ստեփանեի և Հեթումյան դշխուհի Ռիթայի ավագ որդին։ Հոր եղերական վախճանից (1165) հետո մոր և կրտսեր եղբայր Լևոնի հետ դաստիարակվել և կրթվել է քեռու՝ Պապեռոն բերդի տեր Բակուրան իշխանի մոտ։ Գահ է բարձրացել հորեղբոր՝ Մլեհի դավադրական սպանությունից հետո։ Գահակալման սկզբին մահապատժի է ենթարկել Մլեհի դավադիրներին, զսպել որոշ իշխանների անջատամետ ձգտումները, Բյուզանդիայից ազատագրել Ադանա և Մսիս քաղաքները։ Մանուիլ I կայսեր մահից (1180) հետո Ռ․ վերացրել է կայսրության վերջին հենակետերը Դաշտային Կիլիկիայում, բյուզ․ տարրից մաքրել ծովեզերքը (Աղեքսանդրետից մինչև Սելևկիա)։ 1182-ին պաշարել է Հեթումյան հզոր և դեռևս կիսանկախ իշխանության կենտրոն Լամբրոնը։ Ռ–ի դեմ երկարատև պայքարում Հեթումյաններն օգնություն են խնդրել Անտիոքի դուքս Բոհեմունդից։ Վերջինս, խաղաղության պայմանագիր կնքելու պատրվակով, 1185-ին Ռ–ին հրավիրել է Անտիոք, խարդախորեն ձերբակալել է նրան և իր զորքով ներխուժել Դաշտային Կիլիկիա։ Սակայն, հանդիպելով Ռ–ի եղբոր՝ հայկ․ զորաբանակի զորավար Լևոնի հակահարվածին, Բոհեմունդը նահանջել է։ 1187-ին Լևոնը փրկագնել է (Կաստոն բերդից մինչև Ջահանգետն ընկած տարածքների զիջմամբ) Ռ–ին, բայց վերջինս գահը կամովին հանձնել է եղբորը՝ Լևոնին (Լևոն Բ), և նվիրվել կրոնին։ Թաղվել է Դրազարկի վանքում։

ՌՈՒԲԵՆԻ, Ծատուրյան Ալեքսանդր Միրզաջանի [(27․3)․ 10․4․1881, Շուշի—20․3․1920, Շուշի], Հայաստանում և Անդրկովկասում հեղափոխական շարժումների և սովետական կարգերի հաստատման համար պայքարի, ռուս. երեք հեղափոխությունների մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1912-ից։ Հեղափոխական շարժումների մեջ ներգրավվել է դեռևս 1903-ից՝ Բաքվում։ 1903-ին մտել է «Սոցիալ–դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության» շարքերը և գլխավորել նրա հեղափոխական մարքսիստական թևը։ 1909–13-ին սովորել է Մոսկվայի տնտեսագիտական ինստ–ում, որտեղ հաղորդակից է եղել բոլշևիկների գործունեությանը, սերտ կապեր հաստատել Ա. Մյասնիկյանի, Վ․ Տերյանի, Պ. Մակինցյանի և այլոց հետ, հոդվածներով հանդես եկել «Գարուն» ալմանախում՝ քննադատելով դաշնակցություն կուսակցության ծրագիրն ու գործելակերպը։ 1913-ին վերադարձել է Շուշի, տեղի թեմական դպրոցում դասավանդել պատմություն, ապա վարել տեսուչի պաշտոնը։ Անլեգալ պայմաններում համախմբել է տեղի ս–դ–ների աշխատանքը, վերստեղծել բոլշևիկյան կազմակերպությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ռ․ հետևողականորեն պաշտպանել է բոլշևիկների տակտիկան՝ պատերազմի և խաղաղության հարցերում, Ղարաբաղի աշխատավորներին բացատրել պատերազմի թալանչիական բնույթը։

1917-ի Փետրվարյան հեղափոխության հաղթանակից հետո մի շարք հեղափոխական ընկերների հետ ամրապնդել է Շուշիի կոմունիստական կազմակերպությունը, պայքարել սովետական կարգերի հաղթանակի համար։ Բաքվի կոմունայի օրերին ղեկավարել է Ղարաբաղի բոլշևիկների պայքարը թուրք–մուսավաթական զավթիչների դեմ։ Բաքվում սովետական իշխանության ժամանակավոր պարտությունից հետո, 1919-ին Ռ–ի ջանքերով ստեղծվել է Ղարաբաղի մարզի բոլշևիկյան կոմիտե, որը ղեկավարում էր աշխատավորների պայքարը սովետական իշխանություն հաստատելու համար։ Զոհվել է 1920-ի մուսավաթական խռովության ժամանակ։ 1981-ին Ստեփանակերտում Ռ–ի հիշատակին կանգնեցվել է հուշարձան։

ՌՈՒԲԵՆՍ, Ռյուբենս (Rubens), Պիտեր Պաուել (28․6․1577, Զիգեն, Գերմանիա-30․5․1640, Անտվերպեն), ֆլամանդացի նկարիչ։ Ծնվել է Ֆլանդրիայից տարագրված իրավաբանի ընտանիքում։ 1589-ին տեղափոխվել է Անտվերպեն, ուր ստացել է բազմակողմանի հումանիտար կրթություն։ Սովորել է Ա․ վան Նորտի (մոտ 1591–94), Օ․ Վենիուսի (վան Վենի, մոտ 1594–98) մոտ։ 1600–08-ին եղել է Իտալիայում (Հռոմ, Մանտույա, Ջենովա), որտեղ ուսումնասիրել է Միքելանջելոյի, Ռաֆայելի, Տիցիանի և Կարավաջոյի, ստեղծագործությունները։ Վաղ շըրջանի աշխատանքներում նկատելի է մաներիզմի ազդեցությունը, սակայն առանձին երկերում արդեն առկա է Ռ–ի հասուն ոճի նորարարական ոգին (Դուքս Լերմի դիմանկարը, 1603, կոմսուհի Վալդելագրավի հավաքածու, Մադրիդ)։ Վերադառնալով Անտվերպեն՝ Ռ. զբաղեցրելէ Ֆլանդրիայի կառավարչուհի Իզաբել Ավստրուհու պալատական գլխ․ նկարչի պաշտոնը։ Հայրենիքում ստեղծված առաջին իսկ նկարներում զուգակցվում են իտալ․ Վերածննդի գեղանկարչության տպավորություններն ու ազգ․ արվեստի ռեալիստական ավանդները (Բբեյգել Ավագ և ուրիշներ): Չխախտելով բարոկկոյի հասուն ոճի սկզբունքները, Ռ իր ստեղծագործության հիմնական բովանդակությունը դարձրեց կյանքի տարերքի փառաբանումը: Ռ–ի՝ դեկորատիվ թափով աչքի ընկնող կոմպոզիցիաները անհամաչափ են, անհանգիստ, բարդ ռիթմով, լայնորեն օգտագործվում են լուսաստվերային հակադրությունները։ Անտվերպենում ապրած առաջին տարիներին (1608–12) Ռ․միաժամանակ ստեղծել է կրոն, թեմաներով մոնումենտալ նկարներ («Խաչից իջեցնելը», մոտ 1611–14, Օնզե–լիվե–Վռաուեկերկ տաճար, Անտվերպեն), դիմանկարներ (ինքնադիմանկար առաջին կնոջ՝ Իզաբել Բրանտի հետ, 1609, Հին պինակոտեկա, Մյունխեն) և դիցաբանական պատկերներ: Այս նկարների մեծ մասին բնորոշ են պաճուճանքը, կոլորիտի գունագեղությունը: 1612–20-ին Ռ․ ստեղծել է իր լավագույն երկերից շատերը․ («Պերսևս և Անդրոմեդա», մոտ 1620–21, էրմիաաժ, Լենինգրադ, «Ահեղ դատաստանի» երկու տարբերակ, մոտ 1615-16 և մոտ 1618–20, Հին պինակոտեկա, Մյունխեն)։ Ռ-ի բնանկարները («Քար փոխադրողներ», մոտ 1620 էրմիտաժ) մասամբ մտացածին բնույթ ունեն․