Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/86

Այս էջը սրբագրման կարիք չունի

բոլշևիկյան կազմակերպությունների գործունեության պատկերը ներկայացվեց տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթներում։ Թիֆլիսի կազմակերպությունից հանդես եկավ Արշակ Աթաբեկյանը (Աթաբեկով), Բաքվի կազմակերպությունից Գ․ Ստուրուան, Ս․ Յակուբովը, Ա․ Կովրիժկինը, Բ․ Զնելաձեն, Ալեքսանդրապոլից՝ Պ․ Արվելաձեն, Տրապիզոնից՝ Հ․ Հովսեփյանը, Սարիղամիշից՝ Կիասաշվիլին, Կարսից՝ Սկարյուկինը։ Հաղպատի և Ալավերդու բոլշևիկյան կազմակերպությունների գործունեությունը ներկայացրեց Ա․ Միկոյանը։ Ելույթներ ունեցան Ն․ Կուզնեցովը, Ֆ․ Մախարաձեն, Ս․ Թոդրիան, Ավակովը (Գորի), Մռավյանը (Ելիզավետպոլ), Դալաքիշվիլին և ուրիշներ։ Համագումարն առանձնակի ուշադրություն նվիրեց Կովկասյան բանակում տարվող աշխատանքներին։ Իրենց ելույթներում Գ․ Կորգանովը, Վ․ Մուշնիկովը, Հ․ Հովսեփյանը, Գ․ Կիվկուցան, Պ․ Արվելաձեն, Բ․ Ձնելաձեն և ուրիշներ նշեցին, որ Կովկասյան բանակում տեղի է ունենում վճռական բեկում՝ հօգուտ բոլշևիկների։ Երկրամասում ձևավորվում էր սոցիալիստական հեղափոխության հարվածային բռունցքը։ Սահմանադիր ժողովի նկատմամբ բոլշևիկների վերաբերմունքի և ընտրությունների նախապատրաստման մասին զեկուցմամբ հանդես եկավ Դանուշ Շահվերդյանը (Շավերդով), այդ բնագավառում Կովկասյան բանակում տարվող աշխատանքի մասին հարակից զեկուցումով՝ Գ․ Կորգանովը։ Համագումարը մերժեց այդ հարցում որոշ պատգամավորների (Բորյան, Ջորով, Լեժավա, Կովրիժկին) սխալ տեսակետները և ընդունեց 3 բանաձև, որոնք տեղական կազմակերպություններին պարտավորեցնում էին՝ չտարվելով պառլամենտական պատրանքներով, ակտիվորեն մասնակցել նախընտրական կամպանիային՝ հանուն մասսաների նվաճման։

Համագումարում ազգ․ և ագրարային հարցերին նվիրված զեկուցումներով հանդես եկան Մ․ Տորոշելիձեն և Ֆ․ Մախարաձեն։ Ազգ․ հարցի քննարկման ժամանակ մի քանի անգամ ելույթ ունեցավ Ս․ Շահումյանը՝ վճռականորեն պաշտպանելով լենինյան դիրքորոշումը։ Նա առաջարկեց հաղթական սոցիալիստական հեղափոխությունից առաջ ընդունել Անդրկովկասի նոր վարչական–տերիտորիալ բաժանում, որը լիովին կհամապատասխաներ հայ, վրացի և ադրբեջանցի ազգերի ինտերնացիոնալ համերաշխության ամրապնդմանը և նրանց զարգացման շահերին։ Համագումարն ընդունեց Կովկասյան կուսակցական կազմակերպությունների կանոնադրություն։
Ընտրվեց ՌՍԴԲ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտե՝ բաղկացած 11 անդամից (Ս․ Շահումյան, Պ․ Ջափարիձե, Մ․ Ցխակայա, Ֆ․ Մախարաձե, Ա․ Աթարբեկյան, Ա․ Քավթառաձե, Հ․ Նազարեթյան, Մ․ Օկուջավա, Դ․ Շավերդով, Մ․ Տորոշելիձե, Յու․ Ֆիգատներ։ 

Գրկ․ Մ ո վ ս ի ս յ ա ն Ռ․ Լ․, Կովկասյան բոլշևիկյան կազմակերպությունների երկրային առաջին համագումարը և Ստեփան Շահումյանը, Ե․, 1955։ Ու դ ու մ յ ա ն Կ․ Բ․,ՌՍԴԲՊ(բ)Կ Կովկասյան կազմակերպությունների երկրային առաջին համագումարը, Ե․, 1957։ Մելիքյան Հ․ Ս․, Հոկտեմբերյան հեղափոխությունը և Կովկասյան բանակը, Ե․, 1970։ Очерки истории коммунистических организаций Закавказья, ч․ 1 (1883–1921 гг․), Тб․, 1967; Иванидзе К․, Первый краевой съезд большевистских организаций Кавказа, Тб․, 1969․ Հ․ Մեչիքրսն

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼ–ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍ, տեղի է ունեցել 1905-ի նոյեմբերի վերջերին Թիֆլիսում՝ համառուսաստանյան զինված ապստամբության նախապատրաստման, ռուս․ առաջին հեղափոխության վերելքի պայմաններում։ Հրավիրվել է նախապես որոշված ՌՍԴԲԿ Կովկասյան միության IV համագումարի փոխարեն։ ժամանակի կուսակցական փաստաթղթերում II կոնֆերանսը հիշատակվել է որպես IV կոնֆերանս, որը համապատասխանել է նախատեսված IV համագումարին։ Մասնակցել է 24 պատգամավոր, 14-ը՝ վճռական, 10-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացրել են Կովկասյան միության, Բաքվի, Իմերեթա–Մինգրելական, Թիֆլիսի, Բաթումի, Գուրիայի կազմակերպություններում և Գրոզնու ս–դ․ խմբերում միավորված երկրամասի մոտ 3500 կուսակցականների։ Հայկ․ շրջանների, մասնավորապես Լոռու, Երևանի, Ալեքսանդրապոլի, Կարսի, Ելիզավետպոլի կազմակերպությունները ներկայացրել են Կովկասյան միության, Բաքվի և Թիֆլիսի ներկայացուցիչները։ Ներկա է եղել ՌՍԴԲԿ Կենտկոմի ներկայացուցիչը։

Կոնֆերանսում քննարկվել են Կովկասյան միության կոմիտեների հաշվետվությունը, կուսակցության միավորման, Կովկասում կուսակցական կազմակերպությունների միավորման ձևերի, ՌՍԴԲԿ IV համագումարին Կովկասի ներկայացուցչության, հրատարակչության, գյուղացիների և զինվորների շրջանում տարվող աշխատանքի, զինման և զինված ապստամբության, հայ–թաթար․ ընդհարումների, ազգ․ հարցի, բանվորական դեպուտատների սովետների, արհմիությունների մասին և այլ հարցեր։

Կոնֆերանսի հիմնական հարցերը երկուսն էին՝ կուսակցության բոլշևիկյան և մենշևիկյան ֆրակցիաների միավորումը հանուն բանվոր դասակարգի պառակտվածության հաղթահարման և զինված ապստամբության նախապատրաստումը։ Կոնֆերանսը որոշեց ֆրակցիաների միավորման համար հիմք ընդունել 1905-ի նոյեմ․ 10-ին «Նովայա ժիզն» («Новая жизнь») թերթում հրատարակված ՌՍԴԲԿ Կենտկոմի «Կուսակցական բոլոր կազմա– կերպություններին և բոլոր սոցիալ–դեմոկրատներին» դիմումն ու ՌՍԴԲԿ III համագումարում ընդունված կուսակցության կանոնադրության 1-ին կետի լենինյան ձևակերպումը և տեղերում սկսել միավորման պրակտիկ իրագործումը (տես նաև ՌՍԴԲԿ չորրորդ միավորիչ համագումար)։

Որպես միավորման նպատակահարմար ձև ընտրվեց Կովկասյան միությունը, որի Միութենական կոմիտեն պետք է ուժեղացներ կապը տեղական կազմակերպությունների հետ։ Առողջ հիմքի վրա տեղական ս–դ․ կազմակերպությունների փաստական միավորումը մեծապես նպաստեց շարժման ընդլայնմանը և խորացմանը։

Ապստամբության նախապատրաստման հարցում կոնֆերանսը դատապարտեց հեղափոխության վերելքի շրջանում Պետ․ դումային մասնակցելու մենշևիկների տակտիկան, գտնելով, որ այն թմրեցնում է մասսաներին և նրանց հեռացնում ապստամբության գաղափարից։ Բոլոր կուսակցական կազմակերպություններին առաջարկվեց անմիջականորեն նախապատրաստվել զինված ապստամբության՝ այդ հարցում ղեկավարվելով ՌՍԴԲԿ III համագումարի որոշումներով։ Ապստամբությունը ղեկավարելու համար ստեղծվեց Կովկասյան բյուրո։ Որոշվեց ուժեղացնել աշխատանքը զինվորների և գյուղացիների շրջանում։

Կոնֆերանսը մեծ տեղ հատկացրեց գործադուլային կոմիտեների ու սովետների ստեղծմանը՝ դրանք դիտելով որպես զինված ապստամբության մարմիններ, և պահանջեց դրանցում ընդգրկել ավելի մեծ թվով կոփված սոցիալ-դեմոկրատներ։ Միջոցառումներ մշակվեցին հայկ․ և ադրբ․ շրջաններում ս–դ․ աշխատանքն ավելի ակտիվացնելու ուղղությամբ։ Որոշվեց Կովկասյան միության օրգան <Կավկազսկի ռաբոչի լիստոկի» («Кавказский рабочий листок») օրինակով թերթեր հրատարակել հայ․, վրաց․, ադրբ․։

Ազգ․ հարցում կոնֆերանսը հետևողականորեն պաշտպանեց ազգերի ինքնորոշման վերաբերյալ լենինյան ծրագիրը՝ դատարապարտելով ավտոնոմիայի և ֆեդերացիայի մասին տեղական բուրժ․ նա– ցիոնալիզմի տեսակետը։ Այն մեկ անգամ ևս տեղական նացիոնալիզմին հակադրեց պրոլետարական ինտերնացիոնալիզմը, աշխատավորների հեղափոխական համերաշխությունը։ Դատապարտվեց ցարիզմի վայրագ քաղաքականությունը, որը երկրամասում հրահրում էր հայ–թաթար․ ընդհարումներ։

ՌՍԴԲԿ IV համագումարի պատգամավորներ ընտրվեցին Ի․ Վ․ Ստալինը, Պ․ Վ․ Մոնտինը և Գ․ Պ․ Թելիան։ Երևանի կազմակերպության կողմից համագումարի պատգամավոր էր ընտրվել նաև Ս․ Գ․ Շահումյանը։

Կոնֆերանսը կարևորագույն դեր է խաղացել այդ շրջանում տեղական բոլշևիկյան կազմակերպությունների գաղափարական ու կազմակերպական ամրապընդման, աշխատավորների հեղափոխական շարժման ակտիվացման գործում։

Գրկ․ Ղարիբշանյան Գ․ Բ․, Լենինը և Անդրկովկասը, հ․ 2, Ե․, 1973։ Очерки истории коммунистических организаций Закавказья, ч․ 1 (1883–1921), Тб․, 1967; Жвания Г․ К․, В․ И․ Ленин, ЦК партии и большевики Закавказья, Тб․, 1969․ <․ Մելիքյան

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼ–ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՖԵՍՏ», սոցիալ–դեմոկրատական կուսակցության հիմնադրումն ու նրա նպատակներն ազդարարող դեկլարացիա։ Կազմվել է ՌՍԴԲԿ I համագումարի որոշ–