ճնշվեցին։ Բոլշևիկները հեղափոխության նոր վերելքը կապում էին բոլոր ուժերի և առաջին հերթին բանվոր դասակարգի գործողությունների միասնության հետ։ ՌՍԴԲԿ չորրորդ (միավորիչ) համագումարը (1906-ի ապրիլ) ցույց տվեց բոլշևիկների և մենշևիկների հայացքների արմատական տարաձայնությունները։ Միավորումը ձևական էր, ժամանակավոր։ Գաղափարական պայքարը շարունակվում էր։
Ցարական կառավարությունը հեղափոխության դեմ պայքարում էր ոչ միայն հալածանքներով, այլև ռեֆորմներով։ 1906-ի ապրիլին հրավիրվեց «Օրենսդրական» Պետական դումա՝ այն նախապես վերածելով իշխանությունից զուրկ մարմնի։ Դումայում մեծամասնությունը կադետների կողմն էր։ Ագրարային հարցի քննարկման ընթացքում դումայի օպոզիցիոն դիրքն անհանգստացրեց ռեակցիային և ցարը այն ցրեց հուլիսի 9-ին։ Երկրում ծավալվեց հալածանքների նոր ալիք։ 1907-ի սկզբին տեղի ունեցան II Պետ․ դումայի ընտրությունները, որին մասնակցեցին նաև բոլշևիկները։ Հակառակ կառավարության սպասածի, II դուման ավելի ձախ ստացվեց և ցարիզմը այն ևս ցրեց (1907-ի հուլիսի 3-ին), ս–դ․ ֆրակցիան բանտարկվեց։ Փաստորեն այդ արդեն հեղափոխության վերջն էր։ Հեղափոխության պարտության կարևոր պատճառներից էին․ նախ՝ բանվորների ու գյուղացիների ոչ ամուր դաշինքը, որի պատճառով էլ բանվորները, գյուղացիները և զինվորները հանդես էին գալիս ոչ միասնական ճակատով։ Բավարար չէր համագործակցությունը նաև բանվոր դասակարգի շարքերում, որը հետևանք էր մենշևիկների օպորտունիստական քաղաքականության։ Դավաճանական դեր խաղաց նաև ռուս. լիբերալ բուրժուազիան՝ գործարքի մեջ մտնելով ցարիզմի հետ։ Ցարիզմին զգալի օգնություն ցույց տվեցին օտարերկրյա կապիտալիստները։ Նրան օգնեց նաև հաշտության կնքումը ճապոնիայի հետ։
Չնայած հեղափոխության պարտությանը, այն ցնցեց ցարիզմի հիմքերը, քաղ․ պայքարի արթնացրեց միլիոնավոր մասսաների, կյանքի կոչվեցին մասսայական պայքարի ու կազմակերպության նոր ձևեր (քաղ․ գործադուլներ, սովետներ և այլն), ուժեղացավ ճնշված ժողովուրդների համախմբումը ռուս. պրոլետարիատի շուրջը։ Բանվորները ձեռք բերեցին աշխատանքային պայմանների որոշ բարելավում, ցարիզմը հարկադրված էր հրավիրել Պետ․ դուման, խոստանալ (թեև ժամանակավոր) խոսքի, միությունների, ժողովների ազատություն։ Հեղափոխության ընթացքում կազմակերպչորեն ամրապնդվեց բոլշևիկների կուսակցությունը, այն թվապես աճեց, բարձրացավ նրա հեղինակությունը ժող․ մասսաների մեջ։ Լայնորեն ծավալվեց ականավոր բոլշևիկ–լենինյանների՝ Յա․Մ․ Սվերդլովի, Մ․ Վ․ Ֆրունզեի, Ս․ Գ․ Շահումյանի, Ի․ Վ․ Բաբուշկինի, Մ․ Մ․ Լիտվինովի, Վ․ Լ․ Շանցերի (Մարատ), Պ․ Ա․ Ջափարիձեի, Ս․ Ա․ Տեր–Պետրոսյանի (Կամո), Կ․ Ե․ Վորոշիլովի, Մ․ Ի․ Կալինինի և ուրիշների կազմակերպչական ընդունակությունները։ 1905–07-ի հեղափոխության փորձը մեծապես նպաստեց ցարիզմի ու կապիտալիզմի տապալմանը Ռուսաստանում։ 1905–07-ի հեղափոխության ազդեցության տակ հեղափոխական շարժումներ ծավալվեցին Իրանում (1905–11), Թուրքիայում (1908), Չինաստանում (1911–1913)։ Մեծ վերելք ապրեց ազգ․-ազատագր․ շարժումը Արևելքի երկրներում։ Ուժերի տեղաշարժ կատարվեց միջազգային ասպարեզում։ Ռուսաստանը դարձավ համաշխարհային հեղափոխական շարժման կենտրոն, նրա առաջատար ուժը՝ դադարելով միջազգային ռեակցիայի հենարան լինելուց։ 1905–07-ի հեղափոխության փորձն այժմ էլ ստեղծագործաբար օգտագործում են իմպերիալիստական տերությունների ճիրաններից ազատագրվող ժողովուրդները։ Օպորտունիզմի դեմ բոլշևիկների մղած պայքարը նպաստեց Եվրոպայի ս–դ․ կուսակցությունների հեղափոխական ուժերի սահմանազատմանը ռեֆորմիստներից և մարքս–լենինյան տիպի կոմունիստական կուսակցությունների ձևավորմանը։ «Առանց այդպիսի «գլխավոր փորձի», ինչպես 1905 թվականն էր, –գրել է Վ․ Ի․ Լենինը, –1917 թ․ հեղափոխությունը, ինչպես բուրժուականը՝ փետրվարյանը, այնպես էլ պրոլետարականը՝ Հոկտեմբերյանը անհնարին կլինեին (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 38, էջ 381)։
1905–07 թթ․ հեղափոխական շարժումը լայն ծավալ ստացավ նաև Հայաստանում։ 1905-ին բոլշևիկյան, ս–դ․ միացյալ կազմակերպություններ էին գործում Ալավերդիում, Սանահինում, Հաղպատում, Ալեքսանդրապոլում (Լենինական), Երևանում, Ջալալօղլիում (Ստեփանավան), Կարսում, Մեծ Ղարաքիլիսայում (Կիրովական), Նոր Բայագետում (Կամո), Դավանում, Իգդիրում, Վաղարշապատում և այլ վայրերում։ Հեղափոխական սոցիալ–դեմոկրատիայի գործունեությանը լրջորեն նպաստեց Մ․ Շահումյանի ղեկավար մասնակցությամբ ՌՍԴԲԿ Երևանի և Բորչալոփ կոմիտեների ստեղծումն ու ամրապնդումը։ «Արյունոտ կիրակիի» իրադարձություններին արձագանքեցին Հայաստանի աշխատավորները։ Ալավերդիում, Ալեքսանդրապոլում և բանվ․ այլ շրջաններում տեղի ունեցան բողոքի ցույցեր։ Հունվարի 31-ին Սանահինի երկաթուղային բանվորները շրջադարձի մեջ գցեցին շոգեքարշը՝ դրանով իսկ խափանելով Թիֆլիս–Կարս երկաթուղու նորմալ աշխատանքները։ Ալավերդու պղնձահանքերում ու գործարաններում, ուր 1905-ին աշխատում էր 3500-ից ավելի բանվոր, հեղափոխության հենց սկզբից տեղի ունեցան մասնակի գործադուլներ, որոնք մարտի կեսերին դարձան համընդհանուր։ Ստեղծվեց գործադուլային կոմիտե, որը մարտի 5-ին ֆրանս․ ձեռնարկատերերին ներկայացրեց տնտ․ պահանջներ, որոնց մեջ հաշվի էին առնված բոլոր ազգերի բանվորների շահերը։ Ձեռնարկատերերը մասամբ բավարարեցին բանվորների պահանջները։
Մարտի 20-ից սկսվեց Հայաստանի երկաթուղային բանվորների գործադուլը։ Նախաձեռնողները Ալեքսանդրապոլի բանվորներն էին։ Մարտի 31-ին նրանք միացան անդրկովկասյան երկաթուղայինների գործադուլին։ Շարժումն ընդգրկեց Ալեքսանդրապոլ, Սանահին, Կարս, Մեծ Ղարաքիլիսա, Երևան, ուլուխանլու (Մասիս), Ախթալա, Այրում և այլ կայարանների ու երկաթուղային դեպոների բանվորներին։ Մարտի վերջերից գործադուլային շարժման մեջ ներգրավվեցին Երևանի Սարաջևի և Շուստովի կոնյակի գործարանների բանվորները, Երևանի, Ալեքսանդրապոլի, Կարսի սպասարկման ոլորտի բանվոր–ծառայողները։ Ալավերդու բանվորները նշեցին մայիսի 1-ը և այլն։ Ամռանը նորից ոտքի կանգնեցին Ալավերդու բանվորները, որոնք փաստորեն մշտական հեղափոխական պայքարի մեջ էին։ Ծավալվող և խորացող բանվ․ շարժման ազդեցությամբ պայքարի մեջ ներգրավվեցին նաև Հայաստանի գյուղացիությունը, Ալեքսանդրապոլում, Կարսում, Սարիղամիշում, Արդահանում, Դիլիջանում, Ջալալօղլիում տեղաբաշխված զինվորները, դեմոկրատ մտավորականությունը, սովորող երիտասարդությունը։
Հայաստանում հեղափոխական շարժումը լայն չափերի հասավ 1905-ի հոկտեմբեր-դեկտեմբերին։ Առավել նշանավոր իրադարձություններից էին երկաթուղայինների հոկտեմբեր–դեկտեմբերյան և Ալավերդու բանվորների նոյեմբերյան ընդհանուր քաղ․ գործադուլները և մասսայական ցույցերը։ Ալեքսանդրապոլում, Սանահինում, Կարսում, Երևանում ևն կարևոր կայարաններում ստեղծվեցին