Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/90

Այս էջը սրբագրման կարիք չունի

գործադուլային կոմիտեներ, որոնք ամբողջ Այրում–Կարս և Ալեքսանդրապոլ–Երևան գծի վրա փաստական իշխանությունը վերցրեցին իրենց ձեռքը և ամենուրեք կատարում էին սովետների ֆունկցիաները։ Երկաթուղու նորմալ երթևեկությունը դադարեց։ Երկրամասի հեղափոխական կենտրոնների հետ կապը պահպանելու նպատակով բանվորները ստեղծեցին պատգամավորական գնացքներ։ Հեղափոխական կարգը պահպանելու համար կազմակերպվեցին զինված մարտական դրուժինաներ։ Ամենուրեք բանվորները ձգտում էին միավորման։ Հեղափոխական սոցիալ–դեմոկրատիան ակտիվացրեց աշխատանքն աշխատավորների շրջանում։ Տարածվում էին մարքսիստական գրականություն, կոչեր, թռուցիկներ, ս–դ․ լեգալ մամուլի բազմաթիվ օրինակներ։ Ալեքսանդրապոլում, Սանահինում, Կարսում և այլուր տեղի էին ունենում երկաթուղային բանվորների քաղ․ ցույցեր՝ «Կորչի ցարական ինքնակալությունը» լոզունգով։ Նոյեմբ․ 19-ին սկսվեց Ալավերդու շուրջ 4000 բանվորների քաղ․ գործադուլը, որը երկաթուղայինների շարժման հետ մեկտեղ Հայաստանի հեղափոխական շարժման բարձրակետն էր։ Նոյեմբ․ 20-ին Ալավերդիում տեղի ունեցավ ինտերնացիոնալ համերաշխությամբ աչքի ընկած հզոր միտինգ, որին մասնակցեցին նաև երկաթուղային բանվորները ու հարևան գյուղերի աշխատավորները։ Միտինգը պաշտպանում էին բանվորա–գյուղացիական զինված դրուժինաները։

1905-ի վերջերին և հատկապես 1906-ին հեղափոխության տեղատվության պայմաններում Հայաստանում ծավալվեցին գյուղացիական շարժումներ։ Այն ուժեղ էր Լոռիում, Զանգեզուրում, Ղազախ–Շամշադինում, Դարալագյագում, Սևանի ավազանում, Շիրակում և այլուր, ուր տեղի էին ունենում գյուղացիական մասսայական միտինգներ։ 1906-ի հուլիսին Հաղպատի մոտ «խաչի դուռ» կոչված վայրում, կայացավ Լոռու, Ղազախի, Ալեքսանդրապոլի գավառի գյուղացիների ներկայացուցիչների միացյալ միտինգ։ Ընդունված բոլշևիկյան բանաձևի տակ ստորագրեց 1100 գյուղացի։ Մի շարք շրջաններում ստեղծվեցին հեղափոխական–գյուղացիական կոմիտեներ, որոնք կազմակերպում էին կալվածատիրական և եկեղեցապատկան հողերի բռնագրավումներ, հանդես էին գալիս հայ–ադրբ․ ընդհարումների դեմ, բոյկոտում դաշնակցական կոմիտեների գործունեությունը, գյուղացիների շրջանում ամրապնդում պրոլետարիատի հետ դաշինքի գաղափարը։ Զինվորական շարժումներից նշանավոր էին հատկապես 1906-ի ամռանը Ալեքսանդրապոլում, Կարսում, Սարիղամիշում տեղի ունեցած մասսայական ելույթները։ 1906–07-ի առավել նշանավոր բանվ․ ելույթներն էին Ալավերդու բանվորների 1906-ի օգոստոսի և Ղափանի բանվորների 1907-ի մարտին տեղի ունեցած գործադուլները։ Առաջինին մասնակցում էր շուրջ 4500 բանվոր։ Մոտ մեկ ամիս տևած այդ գործադուլը, որը ռեակցիայի հարձակման պայմաններում դաժանորեն ճնշվեց ցարական իշխանությունների կողմից, Հայաստանի պրոլետարական շարժման ամենանշանավոր երևույթներից էր։ Ղափանի բանվորների գործադուլին մասնակցում էր ավելի քան 2000 մարդ։ Այն ավարտվեց բանվորների մասնակի հաղթանակով։

1905–07-ին բոլշևիկյան, ս–դ․ կազմակերպությունների ամրապնդման, աշխատավորների հեղափոխական շարժումը գլխավորելու գործում մեծ աշխատանք են ծավալել Ս․ Շահումյանը, Ս․ Սպանդարյանը, Ս․ Կասյանը, Ս․ Միրաքյանը, Ա․ Կախոյանը, Մ․ Մելիքյանը, Ալ․ Մալխասյանը, Դ․ Սոկոլովսկին, Ս․ խանոյանը, Ա․ Խումարյանը, Դ․ Սադաթյանը, Ա․ Մռավյանը, Հ․ Սարուխանյանը և ուրիշներ։

Հեղափոխության տարիներին բացառիկ մեծ է եղել բոլշևիկյան մամուլի դերը։ Լույս են տեսել ու Հայաստանում լայնորեն տարածվել «Պրոլետարիատի կռիվը», «Պրոլետարիատի կռվի» թերթիկը, «Բանվորի ձայնը», «Կավկազսկի ռաբոչի լիստոկ» («Кавказский рабочий листок»), «Կայծ», «Նոր խոսք», «Ֆակտի», «Կոչդեվեթ», «Օրեր» և այլ թերթերը։

Հեղափոխության տեղատվության շրջանում Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների ակտիվ գործունեության անառարկելի վկայություններն էին տեղական բոլշևիկյան կազմակերպությունների կոնֆերանսները Երևանում, Հաղպատում, Լեջանում։ ՌՍԴԲԿ IV համագումարին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների կողմից պատգամավոր է ընտրվել Ս․ Շահումյանը։ ՌՍԴԲԿ հինգերորդ (լոնդոնյան) համագումարին մասնակցել են Բորչալուի (Լոռի) և Երևանի նահանգի կազմակերպությունների ներկայացուցիչներ Ս․ Շահումյանը, Աս․ Կախոյանը, Մ․ Ցխակայան, Դ․ Սոկոլովսկին։ Բոլշևիկյան կազմակերպություններն ամրապնդվում էին մենշևիկների, «սպեցիֆիկների», դաշնակցականների, հնչակյանների, էսէռների, անարխիստների և այլոց դեմ մղված անհաշտ պայքարի պայմաններում։

Քարտեզը տես 9-րդ հատորի 609-րդ էջից առաջ՝ ներդիրում։

ՌՈՒՍԵ, Ռուսչուկ, քաղաք Բուլղարիայի հս–ում, համանուն օկրուգի վարչական կենտրոնը։ 173 հզ․ բն․ (1980)։ Երկրի արդ․ և տրանսպորտային հիմնական կենտրոններից է, գլխ․ նավահանգիստ Դանուբի ափին։ Կամրջով կապված է Ռումինիայի Ջուրջու քաղաքի հետ։ Զարգացած է մեքենաշինությունը, նավթավերամշակությունը, քիմ․, սննդհամի, տեքստիլ, կաշվի, կահույքի արդյունաբերությունը։ Ռ․ կարևոր մշակութային կենտրոն է։ Ունի օպերայի և դրամատիկական թատրոններ, պատմության թանգարան, գրադարան, գյուղատնտ․ մեքենայացման և էլեկտրիֆիկացիայի ինստ․։ Պահպանվել են միջնադարյան ամրություններ, եկեղեցի (XIII–XIV դդ․)։

Ռ․ հիմնել են հռոմեացիները I դ․ որպես ռազմ. նավակայան։ XV դ․ թուրք. ամրոց էր և վարչաառևտրական կենտրոն։ Ռ–ում հայերը սկսել են բնակություն հաստատել XV դ․ կեսից։ XVI դ․ և, հատկապես, XVII դ․ սկզբին գաղթավայրը համալրել են երևանցի, ղափանցի, շոռոթցի և նախիջևանցի գաղթականները։ Ռ–ի հայությունը կենտրոնացած էր քաղաքի հս–արմ․ թաղամասում, ըստ Մինաս Բժշկյանի 1808-ին Ռ–ում «Հայք էին 150 տունք, եւ եկեղեցի է յանուն Աստուածածին․․․»։ XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին հայերի թիվը շուրջ 2 հզ․ էր։ Զբաղվում էին արհեստներով, առևտրով, կային բանվորներ ևն։ Գաղութում գործում էին հասարակական–քաղ․ կազմակերպություններ, գրադարաններ, ակումբներ, եկեղեցի, դպրոց («Մեսրոպյան»), հրատարակվում էր մամուլ («Դանուբ», «Ձիթենի», «Վերածնություն», «Պալքանյան մամուլ» ևն)։ Մինչև 1938-ը գործում էր ՀՕԿ–ի Ռ–ի մասնաճյուղը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) տարիներին Ռ–ի հայերը մասնակցել են բուլղ․ դիմադրության շարժմանը, խանդավառությամբ դիմավորել 1944-ի սեպտ․ 9-ին սովետական զորամասերի մուտքը Ռ․։ 1944-ին ստեղծվել է «Երևան» կազմակերպության Ռ–ի մասնաճյուղը, որի կազմում գործում են «Կոմիտաս» երգչախումբը․ թատերախումբ, երգի և պարի անսամբլ ևն։ 1980-ական թթ․ սկզբին Ռ–ում բնակվում էր շուրջ 1800 հայ։ Տես նաև Բուլղարիա, Հայերը Բուլղարիայում մասը։

ՌՈՒՍԵՐԵՆ, ռուսաց լեզու, ռուսների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի սլավ, ճյուղի արլ․ խմբին։ Խոսվում է ՌՍՖՍՀ–ում և հարակից որոշ տարածքներում (Բալթիկ ծովից մինչև Սախալին ու Կուրիլյան կղզիներ)։ խոսողների թիվը ավելի քան 190 մլն (1982)։ Գիրը սերում է սլավ, գրի կիրիլիցա տարբերակից (տես Ռուսական այբուբեն)։ Գրավոր աղբյուրները՝ X–XI դարերից։ Նոր Ռ–ի բարբառային տարբերակումները խստորեն չեն ընդգծված, առկա են, ըստ էության, երկու բարբառային գոտիներ՝ հյուսիս–վելիկոռուսական (օյախոս) և հարավ-վելիկոռուսական (այախոս)։ ժամանակակից գրական Ռ․ կազմավորվել է այախոս բարբառախմբի, մասնավորապես Մոսկվայի խոսվածքի հիմքի վրա։ Այն իր հնչյունական, բառային, քերականական, ոճական ամբողջական համակարգումն ու նորմավորումը ձեռք է բերել XIX դ․ 1-ին տասնամյակներին, հատկապես Ա․ Ս․ Պուշկինի