ստեղծագործությունների շնորհիվ։ Ռ․ այժմ էլ ներկայանում է իր տարածքային, սոցիալական ու գործառական տարբերակներով, գրական ու խոսակցական դրսևորումներով, ոճական բազմազան ոլորտներով և բազմաֆունկցիոնալությամբ։
Արդի գրական Ռ․ որոշ չափով տարբերվում է հին Ռ–ից։ Զանազանությունը հիմնականում հանգում է հետևյալին, ռնգային ձայնավորների անկում, լիահնչունության հաստատում, բաղաձայնների փափուկ ու կոշտ տարբերակների հնչույթավորում, թույլ ձայնավորների անկում, դրա հետ կապված՝ բաց վանկերի վերակառուցում, շնչավորի ու անշունչի քերականական կարգի ուրույն զարգացում, երկակի թվի կորուստ, կոչականի ինքնատիպ ձևի վերացում, ժամանակների բազմաձևության կրճատում ևն։ Ռ․ թեքական լեզու է․ նրանում այժմ առկա են 6 ձայնավոր, 37 բաղաձայն (պայթականների երկշարք համակարգով), ուժային, փոփոխական շեշտ, անվանական կարգերից՝ հոլովի (թվով՝ 6), սեռի (արական, իգական, չեզոք), թվի (եզակի, հոգնակի), ածականների համեմատության աստիճանների (դրական, բաղդատական, գերադրական), բայական կարգերից՝ եղանակի (սահմանական, ստորադասական՝ պայմանական, հրամայական), ժամանակի (ներկա, անցյալ, ապառնի), դեմքի (թվով՝ 3), կերպի (անկատար, կատարյալ), բայասեռի (անցողականություն, անանցողականություն), կարգեր, դիմավոր և անդեմ ձևեր (դերբայներ) ևն։
Ռուս ժողովրդի տնտ․, քաղ․, գիտ․ ու մշակութային վերելքին զուգընթաց, ինչպես և նրա միջազգային կապերով, փոխհարաբերություններով ու փոխազդեցություններով պայմանավորված, Ռ․ դարերի ընթացքում մշակվել ու զարգացել է․ հարստացել է նրա բառապաշարը, կանոնավորվել ու միօրինականացել քերականական կառուցվածքը։ Ռ–ի գործառական ոլորտն ընդլայնվել է հատկապես Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, այն էական դեր է ստանձնել ՍՍՀՄ ժողովուրդների սոցիալիստական փոխհարաբերություններում և նրանց լեզվական մշակույթի առաջընթացի մեջ։ Մեծ է Ռ–ի դերը նաև ժամանակակից գրական հայերենի կյանքում, մասնավորապես նրա բառապաշարի հարստացման, գիտատեխ․ տերմինաբանության մշակման բնագավառում։ Ընդ որում, այժմ այլ լեզուներից փոխառությունների մեծ մասը կատարվում է Ռ–ի միջոցով (իբրև միջնորդ լեզու)։ Ռ–ի դերը առանձնապես նշանակալից է եղել Հոկտեմբերյան հեղափոխության շնորհիվ ազգ․ ու սոցիալական ազատագրում ձեռք բերած ժողովուրդների ու ազգությունների համար։ Ռ–ի իմացությունը ՍՍՀՄ եղբայրական ժողովուրդների համար հուսալի միջոց է շփվելու համաշխարհային մշակույթի նվաճումների հետ։ Ռ․ ՍՍՀՄ–ում ունի ազգամիջյան հաղորդակցման դեր, այն արդեն դարձել է համաշխարհային ճանաչում գտած, ՄԱԿ–ում պաշտոնական ու աշխատանքային գործառություն ձեռք բերած վեց հայտնի լեզուներից մեկը։ Աշխարհում այժմ լույս տեսնող յուրաքանչյուր չորրորդ գիրքը Ռ․ է։ Իբրև օտար կամ երկրորդ լեզու այն դասավանդվում է շուրջ 90 երկրներում։ 1967-ից գործում է «Ռուսաց լեզվի ու գրականության ուսուցիչների միջազգային ընկերությունը», 1974-ից՝ Ա․ Ա․ Պուշկինի անվ․ ռուսաց լեզվի ինստ–ը, 1944-ից՝ ՍՍՀՄ ԴԱ ռուսաց լեզվի ինստ–ը, 1974-ից՝ «Ռուսկի յազիկ» հրատարակչությունը, որը լույս է ընծայում գեղարվեստական ու գիտամեթոդական գրականություն, ձեռնարկներ, բառարաններ՝ Ռ․ սովորող արտասահմանյան քաղաքացիների համար։ Հրատարակվում են «Ռուսկի յազիկ վ նացիոնալնոյ շկոլե («Русский язык в национальной школе», 1957-ից), «Ռուսկայա ռեչ» («Русская речь», 1967-ից), Ռուսկի յազիկ զա ռուբեժոմ» («Русский язык за рубежом», 1967-ից), «Ռուսկի յազիկ վ շկոլե [Русский язык в школе», նախկինում՝ «Ռոդնոյ յազիկ վ շկոլե» («Родной язык в школе»), 1914-ից] և այլ ամսագրեր։
Գրկ. Ղազարյան Ս․ Ղ․, ժամանակակից հայոց լեզուն և ռուսերենի դերը նրա հարսաացման ու զարգացման մեջ, Ե․, 1955։ Даль В․ И․, Толковый словарь живого великорусского языка, 6 изд․, т․ 1–4, М․, 1978–80; Виноградов В․ В․, Русский язык, М․, 1947; Словарь современного русского литературного языка, т․ 1–17, М․–Л․, 1950–65; Кондратов Н․ А․, Славянские языки, М․, 1956; Борковский В․ И․, Кузнецов П․ С․, Историческая грамматика русского языка, 2 изд․, М․, 1967․ ՌՈՒՍԹԱՎԵԼԻ Շոթա (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XII դ․ վրաց բանաստեղծ, «Ընձենավոր» («Վագրենավորը») պոեմի հեղինակը։ Ռ–ու կյանքի և գրական գործունեության վերաբերյալ հավաստի տեղեկություններ չեն պահպանվել։ Միայն «Ընձենավոր»-ի նախերգանքի VII և VIII քառատողերում շեշտվում է, որ հեղինակը ոմն Ռուսթվելի է, ծագումով՝ մեսխ։ Ռուսթավելի ձևը և Շոթա անունը վկայված են XVII դ․ գրավոր աղբյուրներում։ Ենթադրվում է, որ Ռ․ Թամար թագուհու արքունիքում վարել է բարձր պաշտոններ, եղել է էրիսթավի (իշխանաց իշխան) և մեճուրճլեթուխուցեսի (գանձարանապետ կամ առևտրի և ֆինանսների նախարար)։ Ծերության տարիներին հեռացել է Վրաստանից, կյանքի վերջին շրջանն անցկացրել Երուսաղեմի Ս․ Խաչ վրաց․ վանքում, որի սյուներից մեկի վրա հայտնաբերված որմնանկարում, գիտնականների կարծիքով, պատկերված է Ռ․։
Ռ․ պոեմը գրել է 1189–1207 թթ․ միջև ընկած ժամանակամիջոցում և նվիրել Թամար թագուհուն և Դավիթ Սոսլանին։ Թեև նկարագրվող դեպքերը տեղի են ունենում ուրիշ (նաև մտացածին) երկրներում, այդուհանդերձ հեղինակը ճշմարտացիորեն է արտացոլել XII դ․ ֆեոդ․ Վրաստանի հասարակական–քաղ․ կացությունը։ Պոեմում զուգորդվում են սյուժետային երկու հիմնական գիծ՝ Ավթանդիլի ու Թինաթինի (արաբ․) և Տարիելի ու Նեստան–Դարեջանի (հնդկ․)։ Հիմնական թեմայի ու կերպարների զարգացմանը նպաստում են նաև Ռոստևանի և Ավթանդիլի մրցության, Ավթանդիլի ճամփորդության ու արկածների, Դուլանշարո քաղաքի առօրյայի, Փրիդոն արքայի պատմության նկարագրությունները։ Ռ․ ստեղծել է կենդանի, լիարյուն բնավորությունների մի պատկերասրահ։ Այս հերոսները, որ նույնպես տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, ակտիվ են, գործունյա, քաջ, պատրաստ իրենց անձը զոհաբերելու հանուն հայրենիքի, հանուն ընկերոջ։ Դատապարտելով պասսիվությունն ու ստրկամտությունը՝ բանաստեղծը անհաշտ պայքարի է կոչում ընդդեմ չարի ու բռնության։ Երբ պոեմի գլխ․ հերոսուհին՝ ողջախոհ և առաքինի Նեստան–Դարեջանն իմանում է, որ հայրը՝ Հնդկաստանի տիրակալ Փարսադանը, որոշել է իրեն ամուսնացնել Պարսկաստանի թագաժառանգի հետ, ըմբոստանում է այդ որոշման դեմ, խնդրում սիրած տղային՝ երկրի ամիրբար Տարիելին, կանխել դիվանագիտական այդ նվաստացուցիչ առևտուրը։ Նեստանը դառնում է արյունահեղ իրադարձությունների զոհ, նետվում Քաջեթի ամրոցը, որը ստրկություն ու բռնություն է խորհրդանշում։ Երեք դյուցազունների՝ Ավթանդիլի, Տարիելի և Փրիդոնի եղբայրացումն ու համատեղ գրոհը պսակվում է ամրոցի առումով։ Պոեմն ավարտվում է արդարության հաղթանակով։
«Ընձենավորը» հիմն է ազատ, անկեղծ ու երկրային սիրո։ Բանաստեղծը մերժում է գռեհկորեն զգայական, մարմնական սերը, հնարավոր համարում տղամարդու և կնոջ բարոյամտավոր հավասարությունը։ Սիրո թեմային հավասար զարգանում է եղբայրության ու բարեկամության թեման․ «Ով բարեկամ չի որոնում, նա ինքն է հենց իր թշնամին»։ Որպես իր դասակարգի ջերմեռանդ գաղափարախոս, Ռ․ ջատագովում է թագավորական կենտրոնացված իշխանությունն ու կառավարման միապետական սկզբունքը։ Ըստ նրա՝ միապետը պետք է լինի հզոր, լուսավորյալ, օրենքներին խստորեն հետևող ու արդարադատ, այսպիսին են պոեմում հանդես եկող արքաներն ու թագաժառանգները։ Ռ․ ֆեոդ, հասարակարգը համարում է իդեալական և անփոխարինելի, բայց և ձգտում է շահագործողների ու շահագործվողների փոխհարաբերությունները դնել հումանիստական հիմքերի վրա, դատապարտում է միջպետ․ ու ներֆեոդ․ երկպառակությունները, այպանում դավաճանությունը, շահամոլությունը, կամայականություններն ու հանրության անդորրը խաթարող երևույթները։ Սիրո, բարեկամության, հայրենասիրության ու հումանիզմի ծիրերն այնպես են միաձուլված, որ դժվար է ասել, թե որտեղ է սկսվում մեկը, որտեղ վերջանում մյուսը։ Ռ․ հիմնավոր կերպով յուրացրել է ժամանակի քաղաքակրթության նվաճումները։