Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/134

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

в философии и политике [XIX–XX], М․, 1982․

Կ․ Միրումյան

ՍՏԵՓԱՆՆՈՍ ԵՐԵՑ, Ստեփանոս քահանա Տերտերյան [1746, գ․ Հազարջրիբ (Իրանի Սպահանի նահանգի Փերիա գավառում)–1813, գ․ Հազարջրիբ], հայ պատմագիր։ Կրթվել է Նոր Ջուղայի Ամենափրկչյան վանքում, ձեռնադրվել քահանա, կարգվել Փերիայի հայ գաղութի հոգևոր գործակալ։ Հայտնի է իր «Հանգիտագիրք» ձեռագիր մատյանով (գրվել է 1787–89-ին), որտեղ շարադրել է 1665–1789-ի Իրանի և հայ գաղութի (մասնավորապես՝ Փերիայի, Նոր Ջուղայի, Բուրվարի և այլ շրջանների) պատմությունը։ Ստեփաննոս Երեցը թողել է նաև հանելուկներ, կրոնական, խրատական և այլ բնույթի բանաստեղծություններ, արձակ գործեր։ Նրա ձեռագրերը պահպանվում են Նոր Ջուղայի Ամենափրկչյան վանքում։

Գրկ․ Մինասյան Լ․ Գ․, Պատմագիր Ստեփաննոս Երեց, Թեհրան, 1956։

Բ․ Տերտերյան

ՍՏԵՓԱՆՈՍ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), VII դարի հայ նկարիչ։ Արուճում 666-ին որմնանկարազարդել է հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի կառուցած Ս․ Գրիգոր տաճարը։ Պահպանվել է որմնանկարի մի փոքր մասը միայն՝ ավագ խորանը երիզող շքեղ զարդագոտին և գմբեթարդում պատվանդանի վրա կանգնած Քրիստոսի մեծադիր (մոտ 7մ բարձրությամբ) պատկերի ստորին մասը։ Քրիստոսի ձախ ձեռքում պատկերված է մագաղաթագալար՝ Ավետարանից վերցված երկաթագիր քաղվածքով։ Կենտր․ պատկերից ներքև, խորանի հս․ կողմի պատի վրա պահպանվել են վեց առաքյալների պատկերները, որոնք ձեռքերին ունեն զարդարված կազմերով գրքեր։ Նկարիչն իր անունը գրել է Քրիստոսի պատվանդանի տակ, որմնանկարում օգտագործված կանաչ ներկով։ Հսկայական չափերով կոթողային որմնանկարը ունի հանդիսավոր ու վեհաշուք տեսք, ստեղծված է կատարողական հասուն վարպետությամբ և գեղարվեստական նուրբ ճաշակով։

Գրկ․ Մաթևոսյան Կ․, Արուճի տաճարի 666թ․ որմնանկարը, «ԼՀԳ», 1981, № 3։ Дурново Л․, Стенная живопись в Аруче, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ», 1952, № 1։ Котанджян Н․, Цвет в ранней средневековой живописи Армении, Е․, 1978․

Կ․ Մաթևոսյան

ՍՏԵՓԱՆՈՍ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XII դ․ հայ տոմարագետ։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում պահպանվում է նրա կազմած հայկական մի նոր տոմարի բացատրություն (ձեռ․ № 4617)։ Իսկ № 1973 ձեռագրում կա այդ տոմարով հաշված բոլորակ, ուր 19 տարիների համար տրված են տարվա վերադիրը, Լուսնի զատկական լրումը և եկեղեցական որոշ տոներ։ Այս տոմարով թվականն ստանալու համար պետք է Հայոց Մեծ թվականից հանել 532։ Փաստորեն Ստեփանոսի տոմարը Հայոց Փոքր թվականի նման սկիզբ է առնում 1085-ից։ Տոմարն անշարժ է, նահանջ տարվա լրացուցիչ մեկ օրը ավելացվում է Ավելյաց ամսվա վերջում։ Սրանով հայկական և հռոմեական ամիսների զուգակցությունն ավելի պարզ և նպատակահարմար է (նավասարդի 1՝ մարտի 1), քան Սարկավագադիր տոմարով, որով տարեսկիզբը համապատասխանում էր օգոստոսի 11-ին։ Մյուս առավելությունն այն է, որ Հայոց Մեծ թվականից 532-ամյա պարբերաշրջան անցնելուց հետո նավասարդի 1-ը համընկնում էր փետրվարի վերջին օրվա հետ, իսկ այս տոմարով՝ մարտի 1-ի հետ, այսինքն անմիջապես շարունակությունն է կազմում։ Սակայն Ստեփանոսի տոմարի մասին տեղեկությունները քիչ են և դժվար է ասել, գործածվել է այն, թե ոչ։

Գրկ․ Թումանյան Բ․ Ե․, Հայ աստղագիտության պատմություն, հ․ 1, Ե․, 1964։

Ջ․ Էյնաթյան

ՍՏԵՓԱՆՈՍ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIII դ․ վերջի և XIV դ․ սկզբի հայ գրիչ և մանրանկարիչ, Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Ապրել և ստեղծագործել է Բզնունյաց գավառի Արճեշ քաղաքում, աշակերտել ծաղկող և դպիր Խաչատուր քահանային [վերջինիս 1298-ի պատկերազարդ մեկ Ավետարանը գտնվում է Լենինգրադում (արևելագիտության ինստիտուտ, ձեռ․ № В–44)]։ Ստեփանոսի երկու ձեռագիր Ավետարաններ պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (1292-ի ձեռ․ № 6387 և 1303-ի ձեռ․ № 4052)։ Առավել ամբողջական է 1303-ի ձեռագիրը, չնայած հետագա վերանորոգման ժամանակ խախտվել է թերթերի դասավորությունը։ Նկարների թեմատիկ շարքն ու պատկերագրությունը առնչվում է X–XI դդ․ ավանդների հետ, մանավանդ՝ «Տեմպիետոյի» («Տաղավարիկի») մոտիվի և համաբարբառի աղյուսակների դասավորությունը յոթ էջի վրա։ Ստեփանոսի արվեստին բնորոշ է ճկուն և արտահայտիչ գծանկարը, որը երբեմն հյութեղ, երբեմն՝ թափանցիկ գունահատվածների հետ (բոցեղեն կարմիր, դարչնագույն, կանաչ) ստեղծում է կենդանի շարժում՝ որոշ նյութականություն հաղորդելով կերպարներին։

Գրկ․ հայկական մանրանկարչություն, Վասպուրական (Ալբոմ), Ե․, 1978։

Հ․ Հակոբյան

ՍՏԵՓԱՆՈՍ Դ ՀՌՈՄԿԼԱՅԵՑԻ (ծն․ թ․ անհտ․–1293, Կահիրե), Հայոց կաթողիկոս 1290-ից։ Ծնվել է Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Եկեղյաց գավառի Խախ գյուղում։ Ուսանել է Հռոմկլայի կաթողիկոսարանում, դարձել անապատական։ Կաթողիկոս է ընտրվել Կիլիկիայի թագավոր Հեթում Բ–ի կամքով, գահընկեց արված Կոստանդին Բ Կատուկեցու փոխարեն։ Աթոռակալել և գործել է Հեթում Բ–ի և ապագա կաթողիկոս Գրիգոր Է Անավարզեցու թելադրանքով, թեպետ երբեմն ընդդիմացել է։ 1292-ին Հռոմկլան գրաված Եգիպտոսի սուլթանության զորքերը Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն գերել և տարել են Կահիրե։ Մահացել է բանտում։

ՍՏԵՓԱՆՈՍ ԴԱՇՏԵՑԻ (1653, Նոր Ջուղա – մահ․ թ․ և տեղը անհտ․), հայ բանաստեղծ, հանելուկագիր, ժամանակագիր, հրապարակախոս։ Սինչև Աբբաս I շահի կազմակերպած բռնագաղթը (1604) նախնիները բնակվել են Գողթն գավառի Դաշտ գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի դպրոցում, ձեռնադրվել սարկավագ, ապա թողել կրոնավորի պաշտոնը և զբաղվել վաճառականությամբ, եղել աշխարհի տարբեր երկրներում։ Ենթադրվում է, որ ուսանել է Հռոմի Ուրբանյան վարժարանում։

Ստեփանոս Դաշտեցին գրել է բազմաթիվ երգիծական–պարսավական և խրատական–իմասաասիրական տաղեր, որոնք պատմ․, ազգագր․, բարբառագիտ․ և բանահյուս․ արժեք ունեն։ Գրել է աշխարհիկ բովանդակությամբ 22 հանելուկ՝ կիրառելով հանելուկների ստեղծման նոր հնարանքներ։ Ստեփանոս Դաշտեցին թողել է նաև մի ժամանակագրություն՝ «Կարգ թագավորաց հնդկաց» (մոտ 1719, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ № 1786), որտեղ արժեքավոր տեղեկություններ կան XVIII դ․ սկզբի Հնդկաստանի քաղ․ անցուդարձերի մասին։ Ստեփանոս Դաշտեցին հեղինակել է դավանաբանական–հրապարակախոսական երկեր, որոնցից առավել արժեքավոր են «Մաղախ փշրանաց» (1700, նույն տեղում, ձեո․ № 9689), «Խնդիր ուղղության» (1700, նույն տեղում, ձեռ․ № 673), «Կոչնակ ճշմարտության» (1714–15, մեգ է հասել իրարից էապես տարբեր երկու օրինակով, նույն տեղում, ձեռ․ № 8111 և ձեո․ № 9049) երկերը։ Դրանցում հեղինակը հայտնում է ինքնակենսագրական մանրամասեր, հազվագյուտ տեղեկություններ իր գաղափարական հակառակորդների, անցյալի ու իր ժամանակի նշանավոր դեմքերի ու դեպքերի, տարբեր ժողովուրդների կենցաղի, սովորույթների, կրոնի ու քաղ․ կարգերի մասին։ Իբրև կաթոլիկամետ մտածող, ելնելով Թովմա