Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/137

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

սենյակներ։ Գլխ․ եկեղեցին (ըստ թմբուկի հս–արլ․ պատի արձանագրության 1643–1655-ին հիմքերից վեր վերակառուցվել է, աշխատանքներն ավարտվել են 1680-ին) արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռաբսիդ, անկյունային չորս ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Թմբուկը տասնվեց կողանի է, մշակված կամարաշարով, քանդակներով, պսակված՝ հովանոցաձև վեղարով։ Տանիքի ջրթողները կենդանիների և մարդակերպ էակների գլուխների քանդակներ են։ Եկեղեցին արտաքուստ ունի մշակված տրամատով գետնախարիսխ, դեպի վեր՝ հյուսկեն զարդագոտի։ Հվ․ և արլ․ պատերին կամարաձև և ուղիղ ընթացող ցցուն, կիսաբոլոր հատվածքով երիզ է։ Արլ․ եռակամար խորշերով ճակատը զարդարված է ուղղանկյուն շրջանակների մեջ ներառված քանդակներով, ուղղանկյուն և խաչաձև լուսամուտները՝ ճոխ զարդամոտիվներով։ Ներսը որմնազարդված է։

Գրկ․ Hofrichter H․, Das Kloster Stepannos Nachawega in der Iranischan Provinz Azerbaidschan, Aachen, 1971: Hofrichter H․, Uluhogian G․, S․Stephanos, Documenti di Architettura Armena, N 10, Milano, 1980․

Ա. Զարյան

ՍՏԵՓԱՆՈՍ ՌՈՇՔԱ Ստեփանոսի [Ռոշքյան, Ստեփանյան, Կամենիցացի, Կամենացի, Լեհացի (12․8․1670, Կամենից –31․10․1739, Ստանիսլավ)], հայ բառարանագիր, եկեղեց․, մշակութային գործիչ։ 1713-ից՝ եպիսկոպոս։ Սկզբնական կրթությունն ստացել է Կամենիցում և Լեոպոլսում (այժմ՝ Լվով)։ 1690-ին մեկնել է Հռոմ, 1691-ին ընդունվել տեղի Ուրբանյան դպրատունը, որն ավարտելով՝ ստացել է փիլիսոփայության և աստվածաբանության վարդապետի աստիճան, ձեռնադրվել է քահանա, այնուհետև անցել Կ․ Պոլիս, այստեղից էլ վերադարձել Կամենից։ Անձամբ ծանոթ է եղել Խաչատուր Երզնկացու, Ներսես Երևանցու, Իսրայել Օրու հետ։ Որպես ավագերեց և կրոն. առաջնորդ պաշտոնավարել է լեհահայ եկեղեցիներում, զբաղվել հայ համայնքի լուսավորությամբ, նորոգել է Տրանսիլվանիայի և հայկ․ այլ բնակավայրերի եկեղեցիները։ 1815-ից եղել է լեհահայոց թեմի առաջնորդի տեղակալ։ Լեմբերգում, Կամենիցում, Ստանիսլավում ստեղծել է հայկ․ միություններ, հաստատել կանոններ։

Ստեփանոս Ռոշքան հայերենից ու լեհերենից բացի, տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին։ Պաշտոնավարմանը զուգընթաց զբաղվել է գիտության ու մշակույթի հարցերով։ Գրել է փիլ․, աստվածաբանական, բառարանագիտական, քերականական, ժամանակագրական, կենսագրական և այլ բնույթի աշխատություններ [«Փիլիսոփայության գիրք» (II մասը՝ «Տրամաբանություն»), «Բարոյական աստվածաբանություն» (1725), «Մաշտոց հայոց», «Քերականություն» (1718), «Կենսագրություն հայոց եպիսկոպոսաց ի Լեհս», «Ժամանակագրություն կամ տարեկանք եկեղեցականք» (1739, հրտ․ 1964)]։

Ստեփանոս Ռոշքայի մատենագիտական ժառանգության մեջ առավել կարևոր է «Գանձ հայոց լեզուի կամ բառարան Ստեփանյան»-ը, որի վրա հեղինակն աշխատել է ավելի քան 30 տարի։ Այդ աշխատությունը հայերենի բառապաշարի առաջին ծավալուն, մատենագիտության վրա հիմնված, հավաքածուն է։ Ունի երկու մաս՝ հայերեն–լատ․ և լատ–հայերեն։ Առաջին մասը, որ ավելի ստվար է, համատեղում է բացատրական և թարգմանական բառարանների հատկանիշները։ Հայերեն բառերի դիմաց նշվում են դրանց մատենագիտական աղբյուրները, լատ․ հոմանիշները, բերվում են բառիմաստները ցուցադրող օրինակներ։ Երկրորդ մասի բառահոդվածներում տրվում է լատ․ բառերի թարգմանություննը։ Բառարանը ցայժմ ձեռագիր վիճակում է։

Գրկ․ Ալիշան Ղ․, Տեսութիւն ի Գանձ լեզուին հայոց կամ ի Ստեփանյան բառարան, «Բազմավեպ», 1852, էջ 86–95։ Տաշյան Հ․, Ցուցակ հայերեն ձեռագրաց մատենադարանին Մխիթարյանց ի Վիեննա, Վնն․, 1855, №6։ Աղայան Է․, Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1958։ Ոսկյան Հ․, Ստեփանոս վ․ Ռոշքա, Մատթեոս վ․ Ջուղայեցի, Վնն․, 1968։ Գասպարյան Գ․ Կ․, Հայ բառարանագրության պատմություն, Ե․, 1968։

Հ․ Ամալյան

ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ Առաջին (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), V դարի հայ բանաստեղծ–երաժիշտ։ Սյունյաց եպիսկոպոս։ Ամենայն հավանականությամբ սահակ–մեսրոպյան կրտսեր աշակերտներից։ Հայկ․ շարակնոցում պահպանվել են նրա գրչին պատկանող 80 երգ, ութ շարքով (յուրաքանչյուր ձայնեղանակում տասական երգ)։ Ինչպես գրական, նույնպես և երաժշտ․ բաղադրիչի առումով հնագույն, հազվագյուտ գեղեցկությամբ աչքի ընկնող բարձրարվեստ այդ երգերը կոչվում են «Հարության ավագ օրհնություններ» ու կատարվում Զատկին և առհասարակ բոլոր կիրակիներին (այսինքն եկեղեցական տարվա ընթացքում հարությունը խորհրդանշող օրերին)։ Գրականագիտական դիտումները ցույց են տվել, որ «Հարության ավագ օրհնություններն» ստեղծվել են հայոց հնագույն Սաղմոսարան–ժամագրքում ընդգրկված մարգարեական տաս օրհնությունների հարասությամբ և սկզբնապես երգվել են վերջիններին կից, որպես դրանց կցուրդները։ «Հարության ավագ օրհնությունների» երաժշտ․ բաղադրիչի քննությունը ևս բերում է համոզման, որ դրանք հորինվել են հայ հոգևոր ինքնուրույն երգի զարգացման վաղ շրջանում (ոչ ուշ՝ քան V դ․ 2-րդ կեսը)։ Ընդ որում, բարենպաստ հանգամանքների բերումով, այդ երգերն իրենց ողջ զանգվածով պահպանել են ոճական նախնական գծերը։

Պարզ է բոլոր 80 ստեղծագործության լադային հիմքը։ Դրանց մեջ չկա մեկը, որ ներկայացնի բազմաճյուղ–ստեղի կամ զարտուղի եղանակով նմուշ։ Զարտուղություն կիրառված չէ նաև դարձվածք տիպի ձայնեղանակներում, որոնք հանդիպում են երկու շարքերում։ Անպաճույճ է նաև մեղեդիների ելևէջային կողմը։ Երգերի ընթացքն է միջակ կամ չափավոր (ոչ մի ծանր կտոր)։ Գրական բնագրի մեկ