վանկի հետ հաճախ զուգորդվում է չափական միավորի արժեքով մեկ հնչյուն։ Խոսքի ու երաժշտության նման կապերի պայմաններում էլ սակայն (և սա է կարևորը), լրիվ ապահովվում է ստեղծագործությունների ընդհանուր երգային բնույթը։ Եղանակները ծավալով համեմատաբար փոքր են և սակայն, նշանակալի՝ իրենց մոնումենտալ ոճով և հնչյունների իմաստավոր փոխհարաբերությամբ։ Ակնառու են նաև «Հարության ավագ օրհնությունների» զուտ գեղարվեստական արժանիքները․ տրամադրության խորություն, բարձր խոհականություն, ապրումների անկեղծություն և արտահայտության անմիջականություն։ Երգերի ողջ զանգվածը կրում է հեղինակային անհատականության վառ կնիքը։ Իսկ առանձին մի ամբողջ շարք նմուշներ շփման եզրեր են հանդես բերում սահակմեսրոպյան այն երգերի հետ, որոնք զերծ են մնացել հետսամույծ՝ ակնհայտնի փոփոխություններից։ Ստեփանոս Սյունեցին ստեղծագործաբար կիրառել է իր մեծ ուսուցիչների երաժշտա–բանաստեղծական արվեստի լավագույն ավանդույթները։
Գրկ․ Թահմիզյան Ն․, Սյունեցի համանուն երկու երաժիշտներ և Հարության ավագ օրհնությունները, «Էջմիածին», 1973, № 2։
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ, Ստեփանոս Քերթող, Ստեփանոս Սյունեցի Երկրորդ (ծն․ թ․ անհտ․–21․7․735, թաղված է Թանահատի վանքում), հայ մատենագիր, աստվածաբան, քերական, թարգմանիչ, բանաստեղծ, երաժիշտ։ Եղել է Դվին քաղաքի ավագերեցի որդին։ Նախ սովորել է Հայոց կաթողիկոսարանում, ապա՝ Մաքենյաց վանքի դպրոցում և Սյունիքի վարդապետարանում, որտեղ աշակերտել է Սյունյաց եպիսկոպոս Մովսես Քերթողին։ Իր հայացքների համար ենթարկվելով Սմբատ Բագրատունի ասպետի հալածանքին՝ գաղտնի մեկնել է Կ․ Պոլիս, սովորել հուն. ու լատ., ուսումնասիրել աստվածաբանություն, փիլիսոփայություն, երաժշտություն և այլ գիտություններ։ Ուսումը կատարելագործել է Աթենքի ու Հռոմի գրադարաններում։ Վերադառնալով Դվին՝ որոշ ժամանակ զբաղվել է գրական–թարգմանչական գործունեությամբ, այնուհետև ձեռնադրվել է Սյունիքի եպիսկոպոս։ Սպանվել է Եղեգնաձորի Մոզ ավանում՝ մի կնոջ ձեռքով, որին քարոզի ժամանակ հանդիմանել էր։
Ստեփանոս Սյունեցին գրել է Կ․ Պոլսի հայրապետ Գերմանոսին, Անտիոքի պատրիարքին, Աղվանքի վարդապետներին ուղղված դավանաբանական բնույթի պատասխան թղթերը, Արարածոց, Եզիկիելի, Հոբի գրքերի, չորս Ավետարանների մեկնությունները, ճառեր և այլ գործեր։
Ստեփանոս Սյունեցին հայկ․ հայրաբանության (տես Պատրիստիկա) խոշոր ներկայացուցիչներից է․ հունարենից թարգմանել է Կեղծ Դիոնիսիոս Արեոպագացու, Նեմեսիոս Եմեսացու, Գրիգոր Նյուսացու բնագիտական որոշ աշխատություններ, ինչպես նաև Կյուրեղ Ալեքսանդրացու «Դիրք պարապմանց» և Գեորգիոս Պիսիդեսի «Վեցօրեայք» երկերը։ Նրա՝ «Պիտանի լուծմունք Սահմանացն և Պորփյուրին» մեկնությունը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ 1919), նվիրված է Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան» և Պորփյուրի «Ներածութիւն» գործերին։ Որպես իդեալիստ փիլիսոփա Ստեփանոս Սյունեցին կարծում է, որ զգայարաններին մատչելի բնությունը աստվածային ոգու ցածրագույն դրսևորումն է։ Մարմնավորի էությունը գաղափարն է, որը ըմբռնելի է լոկ բանականությամբ։ Դեղագիտության մեջ տարբերակել է աշխարհիկ և հոգևոր արվեստները, վերջինիս ստեղծման և կատարման ընթացքում հնարավոր համարելով աշխարհիկ արվեստի հնարանքների օգտագործումը։ Ուշագրավ դատողություններ ունի առասպելի տարբերակների, գրական մի շարք ժանրերի բնույթի և կատարողական առանձնահատկությունների մասին։
Արժեքավոր է Ստեփանոս Սյունեցինու «Սեկնութիւն քերականին» երկը, որը Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստ» երկի հայ․ թարգմանության մեկնությունն է։ Քերականությունը համարելով ուղղախոսության և ճիշտ գրելու արվեստ, այն առնչել է գրականության հետ՝ իբրև նրան օժանդակող գիտություն և բաղկացուցիչ մաս։ Անդրադարձել է առոգանության հարցերին, կարևորել հարևան ժողովուրդների լեզուների և հայերենի բարբառների իմացությունը, տվել որոշակի տեղեկություններ այդ բարբառների մասին, կատարել դրանց դասակարգման առաջին փորձը։ Ստեփանոս Սյունեցին լեզվի փոփոխությունը դիտել է որպես նրա աղավաղման պրոցես, որը լծորդ հնչյունները միմյանցով փոխարինելու, «կրկնակ» բաղաձայններն իրենց բաղադրիչների վերածելու և որևէ հնչյուն ավելացնելու կամ պակասեցնելու հետևանք է։ Քննության առարկա է դարձրել նաև հնչյունի ֆիզիկական և ֆիզիոլոգիական հատկանիշները, դասակարգել ձայնավորներն ու բաղաձայնները, առանձնացրել բառն ու «բանը»։
Ստեփանոս Սյունեցուն են վերագրվում մի ամբողջ շարք շարականներ և ուրիշ ստեղծագործություններ, որոնցից անվիճելիորեն նրանը պիտի համարել Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Հինանց և Պահոց ստողոգիական սաղմոսները, որոնք պահպանվել են «Մանրուսմունք» (տես Մանրուսում) կոչվող ձեռագիր ժողովածուներում։ Նրա անվան հետ է կապված Հայաստանում կանոնի ժանրի վավերացումը, ութձայնի նոր ուսմունքի հաստատումը, ինչպես և հոգեոր երաժշտությունը խազերով գրի առնելու նախնական արվեստի ծագումը։ Ստեփանոս Սյունեցին արծարծել է գեղարվեստական կերպարի ստեղծման մի քանի ձևերի, միջոցների ու հնարանքների, ժող․ գուսանական ու եկեղեց․ երաժշտության փոխհարաբերության և այլ հարցեր։ X դ․ առաջ գրվել է Ստեփանոս Սյունեցու ընդարձակ վարքը, որի բնագիրը մեզ չի հասել, սակայն չորս խմբագրությունները պահպանվել են Մովսես Կաղանկատվացու («Պատմութիւն Աղուանից աշխարհի», գիրք 3, X դ․ հավելում), Կիրակոս Գանձակեցու, Մխիթար Այրիվանեցու և Ստեփանոս Օրբելյանի երկերում։ Նախնական բնագրին առավել հարազատ է Մխիթար Այրիվանեցու մշակումը։
Երկ․ Շարական հոգևոր երգոց․․․, Էջմիածին, 1861, էջ 605-635, 705-746։ Մեկնութիւն քերականին, տես Адонц Н․, Дионисий Фракийский и армянские толкователи, П․, 1915, с․ 181-219․
Գրկ․ Ջարբհանալյան Գ․, Մատենադարան հայկական թարգմանությանց նախնյաց, Վնտ․, 1889։ Հովսեփյան Գ․, Մխիթար Այրիվանեցի, Երուսաղեմ, 1931։ Ջահուկյան Գ․, Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում (V–XV դդ․) Ե․, 1954։ Գրիգորյան Մ․, Ստեփանոս Սյունեցի, Բեյրութ, 1958։ Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 3, Ե․, 1968։ Թահմիզյան Ն․, Սյունեցի համանուն երկու երաժիշտներ և Հարության ավագ օրհնությունները, «Էջմիածին», 1973, № 2։ Հակոբյան Գ․, Շարականների ժանրը հայ միջնադարյան գրականության մեջ (V–XV դդ․), Ե․, 1980։ Памятники армянской агиографии, [Тексты] в․ 1, пер․ с древнеарм․, вступительные статьи и примечания К․ С․ Тер-Давтян, Е․, 1973․
ՍՏԵՓԱՆՈՍ ՏԱՐՈՆԵՑԻ, Ստեփանոս Ասողիկ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ պատմագիր։ Ապրել և ստեղծագործել է X դ․ 2-րդ և XI դ․ 1-ին կեսերին՝ հայ պետականության ամրապնդման, երկրի տնտ․ և քաղ․ վերելքի ժամանակաշրջանում։ Տարոնեցի անունից ենթադրվում է, որ ծնվել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, իսկ Ասողիկ պատվանվանը նա արժանացել է հավանաբար հմուտ երգասաց լինելու համար։ Կրթվել է Անիում, հռչակվել որպես գիտուն վարդապետ։ Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանեցու (992–1019) հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն տիեզերական» խորագրով երկը։ Ստեփանոս Տարոնեցին իր պատմ․ երկը «տիեզերական» է կոչել, որովհետե շարադրել է ինչպես հայոց, այնպես էլ բազմաթիվ այլ ժողովուրդների (հրեաներ, ասորեստանցիներ, մարեր, պարսիկներ, պարթևներ, վրացիներ, հռոմեացիներ, հույներ, արաբներ ևն) հակիրճ պատմությունը, նրանց թագավորների ու հոգևոր առաջնորդների ժամանակագրությունը։ Աշխատությունը բաղկացած է երեք հանդեսից (մասից)։ Առաջինում (5 գլուխ) հեղինակը տվել է աշխարհի արարչությունից (ըստ աստվածաշնչյան ավանդության) մինչև III դ․ վերջերքի, երկրորդում (6 գլուխ)՝ Հայոց Արշակունի թագավոր Տրդատ Բ Մեծից (274–330) մինչև Բագրատունյաց թագավորության հիմնադիր Աշոտ Ա–ի գահակալման (885–890) ժամանակաշրջանների համառոտ պատմությունը։ Երրորդ հանդեսը (48 գլուխ) բովանդակում է Աշոտ Ա–ից մինչև Գագիկ Ա Բագրատունու գահակալման 15-րդ տարվա (1004) հանգամանալից պատմությունը։ Առաջին երկու հանդեսները Ստեփանոս Տարոնեցին շարադրել է հայ և օտար բազմաթիվ հեղինակների աշխատությունների հիման վրա։ Օտար աղբյուրներից առավել չափով օգտագործել է Աստվածաշնչի գրքերը և Եվսեբիոս Կեսարացու Քրոնիկոնը (ժամանակագրությունը), հայկ․ աղբյուրներից՝ իրեն նախորդած գրեթե բոլոր հայ պատմագիրների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի, Անանիա Շիրակացի, Սեբեոս, Ղևոնդ, Անանուն զրուցագիր, Հովհաննես Դրասխանակերտցի) երկերը, բարեխղճորեն