մասնագետների, Երևանում կազմակերպում է սփյուռքահայ ուսուցիչների կարճատև դասնթացներ ու սեմինարներ։ Սփյուռքահայ դպրոցների շատ շրջանավարտներ բարձրագույն կրթություն են ստանում ՀՍՍՀ բուհերում։
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԻ ԿՈՄԻՏԵ, հասարակական կազմակերպություն, ստեղծվել է 1964-ին՝ Հայաստանի մտավորականության և աշխատավորության նախաձեռնությամբ։ Նորաստեղծ կազմակերպության կոլեկտիվ անդամ են դարձել հանրապետության խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, կոլեկտիվ ու սովետական տնտեսություններ, ստեղծագործական միություններ։
Հիմնադիր ժողովում ընդունված կանոնադրության համաձայն, կոմիտեն պետք է ջանա կապերի մեջ մտնել սփյուռքի հայրենասիրական, մշակութային, բարեսիրական, հայրենակցական, երիտասարդական կազմակերպությունների, նշանավոր մտավորականների ու հասարակական գործիչների հետ և նպաստի հայ մշակույթի տարածմանը, հայապահպանությանը և հայրենիք–սփյուռք կապերի ամրապնդմանը։ Մինչ կոմիտեի ստեղծումը, այդ հարցերով զբաղվել են Հայկական ՍՍՀ ժողկոմխորհի ներգաղթի հանձնաժողովը (1931), ՀՕԿ–ը (1921-37), ներգաղթի կոմիտեն (1931–44) և Արտասահմանյան երկրների հետ բարեկամության ու մշակութային կապի հայկական ընկերությունը (1944–64)։ Անցած շրջանում շուրջ 70 երկրների ավելի քան 1000 հայկական միություն, ընկերություն և մոտ 8 հազար անհատ (գիտնական, լրագրող, մշակութային, հասարակական գործիչ) կապերի մեջ են մտել կոմիտեի հետ և իրենց ակտիվ մասնակցությունը բերել հայ մշակույթի տարածման, ՀՍՍՀ նվաճումների պրոպագանդման գործին։ Կոմիտեն ունի Ամերիկյան, Եվրոպական, Ասիայի և Աֆրիկայի երկրների, մամուլի, առաքման բաժիններ, հասարակական հիմունքներով՝ գրականության, արվեստի, գիտության, ճարտարապետության հանձնախմբեր, հրատարակում է «Սովետական Հայաստան» ամսագիրը և «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթը։ Կոմիտեի նախագահն է (1964-ից) Վ․ Համազասպյանը։
Կոմիտեն սփյուռքահայ դպրոցներ է առաքում 1–10-րդ դասարանների մայրենի լեզվի, հայ գրականության, աշխարհագրության դասագրքեր։ Ամեն տարի կազմակերպում է ավելի քան 200 դպրոցականների ամառային հանգիստը ՀՍՍՀ պիոներական ճամբարներում, 50 ուսուցչի համար մեկամսյա որակավորման դասընթացներ Երևանում։
Կոմիտեի և ՀՍՍՀ գրողների միության նախաձեռնությամբ սփյուռքահայ բազմաթիվ գրողների գործեր տպագրվում են Երևանում, կազմակերպվում են նկարիչների ցուցահանդեսներ, արտիստների, արվեստագետների, կոմպոզիտորների ելույթներ, սփյուռքահայ գաղթավայրերն են այցելում հայրենիքի արվեստի, գրականության նշանավոր դեմքեր, ելույթ են ունենում գեղարվեստական խմբեր ու պետական կոլեկտիվներ։ 1980-ին, Հայաստանում սովետական կարգերի հաստատման 60-ամյակի օրերին, կայացել է սփյուռքահայության ներկայացուցիչների առաջին համաժողովը։
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ, հայ ժողովրդի այն հատվածը, որը բնակվում է հայրենիքից կամ բնօրրանից դուրս։ Սփյուռքահայություն տերմինն սկսել է օգտագործվել 1920-ական թթ․ սկզբից, 1915-ին թուրք, կառավարության իրագործած հայկական ցեղասպանության (տես Մեծ եղեռն) և Արևմտյան Հայաստանից ու Թուրքիայի մյուս հայաբնակ վայրերից բռնագաղթի հետևանքով աշխարհով մեկ ցրված հայերի նկատմամբ։ Հայկական փոքր ու մեծ գաղթավայրեր գոյություն են ունեցել դեռևս վաղ միջնադարից (տես Հայկական գաղթավայրեր)։ Մայր երկրից պարբերաբար կատարվող զանգվածային արտագաղթերը և գաղթաշխարհի առաջացումը պայմանավորված էր Հայաստանի տնտեսական և քաղաքական հանգամանքներով։ Դարեր շարունակ Հայաստանի տարածքը, իր աշխարհագրական դիրքի և տնտեսական նշանակության պատճառով, ենթարկվել է տարբեր նվաճողների (պարսիկներ, հռոմեացիներ, բյուզանդացիներ, արաբներ, սելջուկներ, մոնղոլներ, թուրքեր ևն) ասպատակությունների, զանգվածային կոտորածների ու մեծ ավերածությունների, ինչն առաջացրել է հայ բնակչության պարբերական արտահոսք։ Ընդգրկումով ու դաժանությամբ իր նախադեպը չունեցող մեծ եղեռնի հետևանքով (շուրջ 1,5 մլն զոհված հայեր) հայաթափ եղան Արևմտյան Հայաստանը և Կիլիկիան։ Եղեռնից փրկված հայերը ապաստանեցին թե արդեն գոյություն ունեցող հայ գաղթավայրերում և թե հիմնեցին նորերը (Ավստրալիայում, Կանադայում, Լատինական Ամերիկայի երկրներում)։ Հայ սփյուռքը դարձավ ստվար՝ երկու միլիոնից ավելի մի հավաքականություն։
Հայկական պետականության բացակայության պայմաններում, հայ քաղաքական կյանքում ու մշակույթի զարգացման գործում կարեվոր դեր են խաղացել առանձին գաղթավայրեր։ Դրությունն արմատապես փոխվեց Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության ստեղծմամբ (1920), որը դարձավ հայկական քաղաքական սոցիալ–տնտեսական, մշակութային կյանքի կենտրոնը։
Սփյուռքահայերն ապրել են արհավիրքներ ու ցնցումներ, անորոշության, արհամարհանքի և անքաղաքացիության դառնությունը, սակայն հաղթահարելով դրանք, ձեռք են բերել որոշ տնտեսական, քաղաքական ու մշակութային կայունություն։ Սփյուռքահայ յուրաքանչյուր համայնքի վիճակը պայմանավորված է տվյալ երկրի սոցիալ–տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքի դրությամբ ու ընդհանուր մակարդակով։ Համայնքում առկա են դասակարգային այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք բնորոշ են տվյալ երկրին։ Սփյուռքահայությունը գերազանցապես քաղաքաբնակ է․ հայ գյուղացիություն կա հիմնականում Իրանում, Սիրիայում և Լիբանանում։ Թեև յուրաքանչյուր համայնք ունի ինքնատիպ սոցիալական շերտավորվածություն, սակայն, ընդհանուր առմամբ, սփյուռքահայ համայնքին հատուկ են հետևյալ սոցիալական խմբերը՝ արհեստավորներ, բանվորներ, պետական հիմնարկների ծառայողներ, մանր ու խոշոր առևտրականներ և ձեռնարկատերեր, մտավորականներ։ Սփյուռքահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպում և ղեկավարում են եկեղեցական, հասարակական–քաղաքական, բարեգործական, կրթական, հայրենակցական, մշակութային ևն կազմակերպությունները։
Սփյուռքահայ կյանքում զգալի ազդեցություն ունի եկեղեցին, որը ոչ միայն հոգևոր–կրոնական կազմակերպություն է, այլև ունի որոշակի վարչական դեր և իրավասություն։ Հայ եկեղեցու արտասահմանյան թեմերը հիմնականում գտնվում են էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսության հոգևոր գերագույն իշխանության ներքո։ Սփյուռքում գործում են Հայոց եկեղեցու հետևյալ կենտրոնները. Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո (նստավայրը՝ Բեյրութ, Անթիլիաս, այստեղից էլ՝ «Անթիլիասի կաթողիկոսություն» անվանումը), մինչև 1956-ը գործում էր էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսության գերագահության ճանաչման և նրա հետ համերաշխության սկզբունքով, սակայն 1956-ից ի վեր դաշնակցության ազդեցությամբ վարում է Հայոց եկեղեցու պառակտման վնասակար գիծ, ձգտում է իր հոգևոր–վարչական իրավասությանը ենթարկել արտասահմանի հայ եկեղեցական թեմերը, Կոստանդնուպոլսի պատրիարքություն կամ Պատրիարքություն հայոց Թուրքիո (նստավայրը՝ Ստամբուլ), Երուսաղեմի հայոց պատրիարքություն (կենտրոնը՝ Երուսաղեմ), Եվրոպայում՝ Արևմտաեվրոպական (կենտրոնը՝ Փարիզ), Կենտրոնական–Եվրոպական (կենտրոնը՝ Վիեննա), Հարավ–Ֆրանսիական կամ Մարսելի, Ռումինական, Բուլղարական, Հունական թեմերը և Անգլիայի հոգևոր հովվությունը։ Ասիայում՝ Հնդկաստանի հոգևոր հովվությունը, Ավստրալիական և Նորզելանդական, Իրաքի, Իրանում՝ Թեհրանի, Թավրիզի և Սպահանի թեմերը․ Աֆրիկայում՝ Եգիպտական