Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/218

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

որոշ աշխուժություն է նկատվում սփյուռքահայ կինոարվեստի զարգացման ասպարեզում։ 1920–30-ական թթ․ ստեղծված առանձին կարճամետրաժ գործերին այժմ ավելանում են լիամետրաժ գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր։

Սփյուռքահայ մամուլը, ինչպես անցյալում, այնպես էլ սփյուռքի պայմաններում, ազգային մշակույթի զարգացման հիմնական սյուներից է (չնայած քաղաքական ու նյութական ծանր պայմաններին), այն բազմաբնույթ է ու բազմաքանակ։ Գրեթե ամեն մի քաղաքական կուսակցություն, ուսումնական հաստատություն, կրոնաեկեղեցական, հասարակական, հայրենակցական, բարեխնամ, մշակութային ու մարզական կազմակերպություն (նան անհատներ) ունի իր պարբերականը (1985-ին՝ 225 անուն)։ Սփյուռքահայ մամուլում նկատելի է երկլեզվայնության միտումը և օտարալեզու հայկական թերթերի աճը, հատկապես սփյուռքի եվրոպական, ամերիկյան և ավստրալիական կենտրոններում։ Սփյուռքի իմացական պահանջմունքները բարելավելու, ազգային արժեքները ավելի կազմակերպված պրոպագանդելու համար ստեղծվում են հայկական հրատարակչական նոր կենտրոններ։

Սփյուռքահայ ձայնասփյուռը, որպես եթերային լրագիր, հատկապես սկսեց զարգանալ դարիս վերջին քառորդում։ Ներկայումս գործում են հայախոս շուրջ չորս տասնյակ ռադիոժամեր և երկու հեռուստատեսային կայաններ, որոնց տնօրինում են հայկական կազմակերպությունները և անհատ անձինք՝ տեղական իշխանությունների հովանավորության ներքո։

Սփյուռքահայ գրականության, կերպարվեստի, երաժշտության, թատրոնի և մամուլի մասին ավելի մանրամասն տես առանձին երկրների համապատասխան բաժիններում։

Սփյուռքահայ հայագիտությունն այժմ զարգանում է ինչպես գաղթաշխարհի ժամանակ ստեղծված ավանդական կենտրոններում (Վենետիկ, Վիեննա, Սորբոն, Բրյուսել, Երուսաղեմ, Անթիլիաս), այնպես էլ նորաստեղծ հայագիտական ամբիոններում (Կալիֆոռնիայի, Կոլումբիայի, Ուեյնի, Լոնդոնի, Բոստոնի համալսարաններում) և նորաստեղծ հայկական բարձրագույն ուսումնական հաստատություններում (17 հայկական և 27 օտար հայագիտական կենտրոն)։ Այն առավել ուշադրություն է դարձնում աղբյուրագիտության, ազգագրության ու հայ ժողովրդի նորագույն պատմության և սփյուռքի պատմության ուսումնասիրմանը, ինչպես նաև հայ պատմությունն ու մշակույթը օտարներին ծանոթացնելու հարցերին (տես նաև Հայագիտություն)։ Սփյուռքահայ գիտնականները իրենց ավանդն ունեն նաև հումանիտար գիտությունների այլ բնագավառներում և, ընդհանրապես, իրենց հյուրընկալած երկրների գիտության ու տեխնիկայի զարգացման գործում։ Սփյուռքահայ առաջատար գիտնականները ընտրվել են Հայկական ՍՍՀ ԳԱ արտասահմանյան անդամներ։

Սփյուռքահայության հիմնական խնդիրը եղել ու մնում է կապերի ամրապնդումը մայր հայրենիքի հետ, երկիր վերադառնալու հույսի, իր ազգային առանձնահատկությունների, ավանդույթների, կենցաղային սովորույթների պահպանումը և հնի պատվանդանի վրա առաջավոր նորի ստեղծումը։ Այդ առաքելության իրականացման համար սփյուռքահայությունը հաղթահարել է գաղթականության կործանիչ քաղաքական, տնտեսական, մշակութային, հոգեբանական և կազմակերպչական դժվարությունները և նորովի վերակազմակերպվել, ստեղծել իր համար անհրաժեշտ հասարակական, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և այլ կազմակերպություններ ու հաստատություններ։ Ճշգրտելով իր վերաբերմունքը դեպի մայր հայրենիքը՝ սփյուռքահայության ճնշող մեծամասնությունը միշտ որոնել ու գտել է սփյուռք– հայրենիք փոխադարձ կապերի ամրապնդման նորանոր արդյունավետ միջոցներ։ Այստեղ ակնառու է Սովետական Հայաստանի դերն ու նշանակությունը, նրա բազմակողմանի օգնությունն ու աջակցությունը։ Սփյուռքահայությունը ևս աշխատել է իր նպաստը բերել հայրենիքի մշակութային և տնտեսկան վերելքին, մասնակցել է Սովետական Հայաստանում հայրենի բնակավայրերի անուններով ավանների կառուցմանը, օգնել 1926-ին Լենինականի երկրաշարժից տուժածներին, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դեղորայք և պարեն ուղարկել սովետական բանակի մարտիկներին, միջոցներ հանգանակել «Սասունցի Դավիթ» և «Հովհաննես Բաղրամյան» տանկային շարասյուների, ինչպես նաև պատերազմից հետո ներգաղթի կազմակերպման համար ևն։ Սփյուռքահայությունը ամուր և գործուն բարեկամական կապեր է մշակում այն ժողովուրդների հետ, որոնք հյուրընկալել են հայ գաղթականներին ու նրանց տվել ապրելու, աշխատելու և ստեղծագործելու հնարավորություն։ Պահպանելով հանդերձ յուրաքանչյուր երկրի պայմաններից բխող պահանջների նկատմամբ իրապաշտ մոտեցում՝ սփյուռքահայությունն է՛լ ավելի եռանդուն է մասնակցում համասփյուռքային արժեքների ստեղծման, սփյուռքի տարբեր կենտրոնների միջև կապերի ուժեղացման ու ամրապնդման գործին։ Սփյուռքահայ յուրաքանչյուր առաջադիմական կազմակերպություն իր անդամների գիտակցության մեջ արմատավորում է իր պատմական բնօրրանին ու իր անցյալին, արդի հայրենիքին և իր քաղաքացիությանը պատկանելու գաղափարը։

Սովետական Հայաստանի, որը դարձավ սփյուռքահայ աշխատավորների միակ հույսն ու ապավենը, ստեղծումից ի վեր կատարվել և կատարվում է սփյուռքահայերի հայրենադարձություն (տես Հայրենադարձություն հայերի)։ ՀԿԿ Կենտկոմը և ՀՍՍՀ կառավարությունը մեծ աշխատանք են տարել և տանում հայրենադարձների համար՝ ապահովելու բարեկեցիկ պայմաններ։ Հայրենիք վերադարձած սփյուռքահայերը գործուն մասնակցություն են ցուցաբերում Սովետական Հայաստանի ժողովրդական տնտեսության, գիտության և մշակույթի զարգացմանը։

1964-ին ստեղծվեց Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն (մինչ այդ նման խնդիր իրագործում էր 1944-ին ստեղծված Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերությունը)՝ խնդիր ունենալով կապեր հաստատել սփյուռքահայ հայրենասիրական, բարեգործական, հայրենակցական, մշակութային, մարզական, երիտասարդական ևն կազմակերպությունների, նշանավոր մտավորականների ու հասարակական գործիչների հետ և նպաստել հայ մշակույթի տարածմանը, հայապահպանությանը և հայրենիք–սփյուռք կապերի ամրապնդմանը։

Գրկ․ Մյասնիկյան Ա․, Կուսակցությունները գաղութահայության մեջ, Թ․, 1924։ Հովհաննիսյան Ա․ Գ․, Գաղութահայ խնդիրներ, Ե․, 1925։ Դեմիրճյան Կ․Ս․, Սովետական Հայաստան, Ե․, 1980։ Աբրահամյան Ս․ Գ․, Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ․ 1–2, Ե․, 1964–67։ Գասպարյան Ս․, Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր, Ե․, 1962։ խուրշուդյան Լ․ Ա․, Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում, Ե․, 1964։ Սիմոնյան Հ․ Ռ․, Սփյուռքահայությունը սոցիալ–քաղայական պայքարի ուղիներում, Ե․, 1968։

ՍՓՑՈԻՌՔԱՀԱՅՈԻԹՅԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՈԻՄԸ (1985 Թ․)

ԱՄԵՐԻԿԱ

ԱՄՆ - 700 000 Արգենտինա – 85 000 Բրազիլիա – 20 000 Կանադա – 70 000 Կուբա – 100 Մեքսիկա – 400 ՉԻւԻ – 300 Վենեսուելա – 1 600 Ուրուգվայ – 14 000

ԱՍԻԱ

Արաբական Միացյալ էմիրություններ – 5000 •Բիրմա – •Եմեն – Երուսաղեմ – 600 Թուրքիա – 65 000,

                                             բացի դրանից՝
                                             1 000000 մահմեդականացած 
                                             հայեր

Իսրայել – 2 000 Իրան – 208 000 Իրաք – 22 000 Լիբանան – 250 000 •Հարավային Կորեա – Հնդկաստան - 1000 •Հոնկոնգ – Հորդանան – 4 000 Սաուդյան Արաբիա – 8 000 •Սինգապուր – Սիրիա - 120 000 •Տայվան – Քուվեյթ - 11 000

ԱՎՍՏՐԱԼԻԱ, ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ

Ավստրալիական Միություն - 30 000 Նոր Զելանդիա – 500

ԱՖՐԻԿԱ

•Ալժիր – •Գանա – Եգիպտոս – 12 000 Եթովպիա – 1 000 •Զիմբաբվե – •Թունիս – •Լիբիա - •Կոնգո - ՀԱՀ – 30 000 •Մադագասկար –