1899-ի դեկտեմբերի 31-ի կեսօրին սկսված արևադարձային տարվա 1 /31556925,9747 մասին։ Ճշգրիտ թվականը նշվում է, որովհետև արևադարձային տարին ինքը հաստատուն չէ։ Մինչև էփիմերտեական վայրկյանի կիրառումը (1956) ժամանակի էտալոն է ծառայել միջին արեգակնային օրվա 1/86400 մասով որոշվող վայրկյանը, սակայն այն բավականաչափ կայուն չէր՝ Երկրի պտույտի անհավասարաչափության պատճառով։ էփիմերտեական, ապա նաև ատոմային վայրկյանի ներմուծումը հնարավորություն է տվել մի քանի կարգով բարձրացնել ժամանակի էտալոնի ճշգրտությունը։ Ցեգիումային էտալոնով ատոմային վայրկյանի վերարտադրման ճշգրտությունն այժմ կազմում է ±1•10־12։ 2․ Անկյունային վայրկյան, հարթ անկյունների չափման արտահամակարգային միավոր։ Նշանակումը՝ ...″: Հավասար է 1/3600 աստիճանի, 1/60 րոպեի կամ 4,848137-10–6 ռադիանի։
ՎԱՅՔԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ (ն․ Վայոց ձորի լեռնաշղթա, Հայոց ձորի լեռնաշղթա), ՀՍՍՀ հվ–արմ․ մասում, Զանգեզուրի լեռնաշղթայի արևմտյան լեռնաճյուղը։ Տ–աձև ձգվում է զուգահեռականին մոտ ուղղությամբ։ Ունի ծալքաբեկորավոր կառուցվածք։ Կազմված է կրաքարերից, կրաքարային մերգելներից, ավազաքարերից, կոնգլոմերատներից, հյուսիս–արևելքում՝ անդեզիտներից, դացիտ–լիպարիտներից։ Երկարությունը 64 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3120 մ (Գոգի լեռ)։ Արևմտյան մասը աստիճանաբար ցածրանում, ճյուղավորվում և ձուլվում է Նախիջևանի հարթավայրին։ Կան մինչև 150 մ բարձրության էքստրուզիվ, կոնաձև գմբեթներ։ Հյուսիսային լանջը էրոզիոն–դենուդացիոն աստիճաններով ցածրանում է դեպի Արփայի հովիտը։ Կան քարայրեր։ Հարավային և հարավ–արևմտյան լանջերը ավելի մասնատված են, ցածրանում են դեպի Միջինարաքսյան իջվածքը։ Լանջերի ստորին մասերում զարգացած է բեդլենդը։ Արփա և Նախիջևան գետերի վտակները լեռնաշղթայի լանջերին առաջացրել են ջրհավաք ձագարներ և էրոզիոն գոգավորություններ, որոնց մեջ աչքի է ընկնում հարավային լանջին զարգացած Ջահուկի կրկեսաձև գոգավորությունը։ Աարևելյան մասում կան սառցապատման հետքեր (կառեր, մորեններ)։ Բարձրալեռնային գոտում արտահայտված է սառնամանիքային հողմահարումը, 2200–2250 մ վրա շատ են քարացրոնները։ Կան ժայռային մնացուկներ, քարափներ ու դարափուլեր։ Լանջերը ծածկված են տափաստաններով, տեղ–տեղ՝ տրագանտային թփուտներով, գագաթային մասը՝ ենթալպյան և ալպյան մարգագետիններով։ Գ․ Աբրահամյան
ՎԱՆ, Վանտոսպ, Վան Տոսպա, Քաղաքն Շամիրամա, Շամիրամաշեն, Շամիրամակերտ, Երվանդավան, Քաղաքն ամարատանի, Ամուրն ավան, քաղաք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Տոսպ գավառում, Վանա լճի արևելյան ափին։ Ենթադրվում է, որ Վան անվանումն առաջացել է սեպաձև արձանագրություններում հիշվող Բիայնիլի երկրանունից։ ժողովրդական ավանդությունը Վանի հիմնադրումը վերագրում է Ասորեսաանի Շամիրամ թագուհուն։ Իրականում այն հիմնադրել է Ուրարտուի թագավոր Սարդուրի Ա (մ․ թ․ ա․ 835–825), անվանել Տուշպա, դարձրել պետության մայրաքաղաքը։ Այն կարճ ժամանակամիջոցում վերածվել է բազմամարդ կենտրոնի։ Մենուայի գահակալման տարիներին (մ․ թ․ ա․ մոտ 810-786) քաղաքի օրավուր աճող ջրի պահանջը բավարարելու համար կառուցվել է Մենուայի ջրանցքը։ Մենուայի, նրա հաջորդներ Արգիշտի Ա–ի ու Սարդուրի Բ–ի ժամանակներին է վերաբերում Մովսես Խորենացու այն վկայությունը, որ Վանում կառուցվել են երկհարկ և եռահարկ, գույնըզգույն քարերով զարդարված բազմաթիվ ընտիր ապարանքներ, գեղեցկագույն ու ընդարձակ փողոցներ, բաղնիքներ և այլ շինություններ։ Մ․ թ․ ա․ 735-ին Ասորեստանի թագավոր Թգլաթպալասար III պաշարել է Վանը, բայց չի կարողացել գրավել այն։ Ենթադրվում է, որ մ․ թ․ ա․ VI դ․ Երվանդունիները Վ․ դարձրել են իրենց հիմնադրած թագավորության մայրաքաղաքը, իսկ Աքեմենյան Պարսկաստանի գերիշխանության ժամանակ (մ․ թ․ ա․ VI դ․ վերջ –մ․ թ․ ա․ IV դ․ 2-րդ կես) այն եղել է XIII սատրապության կենտրոնը։ Մ․ թ․ ա․ IV–III դդ․ գտնվել է անկախու– թյունը վերականգնած Երվանդունիների պետության, մ․ թ․ ա․ II–I դդ․՝ Մեծ Հայքի Արտաշեսյան, I–IV դդ․՝ Արշակունիների թագավորության կազմում՝ որպես արքունի քաղաք։ 360-ական թթ․ Պարսից Շապուհ II արքան Վանից գերեվարել է մեծ թվով հայ և հրեա (վերջիններիս Պաղեստինից բերել էր Տիգրան Բ Մեծ թագավորը) բնակչություն։ Հայ Արշակունիների թագավորության անկումից (428) հետո Վանը գտնվել է մերթ Արծրունիների, մերթ Ռշտունիների իշխանության ներքո։ IX դ․ վերջին – X դ․ սկզբին՝ Դերենիկ և Գագիկ Արծրունիների օրոք, Վանը նոր վերելք է ապրել։ 908–1021-ին եղել է Վասպուրականի թագավորության մայրաքաղաքը։ Գագիկ Արծրունի թագավորը (908–943) շինարար, աշխատանքներ է ծավալել Վանում, վերաշինել «Ամրական քարանձավը», միջնաբերդում կառուցել եկեղեցիներ և դեպի ջրամբարը տանող սանդուղք։ Վարագա լեռան ստորոտներից ստորգետնյա քարաշեն ջրմուղ է անցկացվել դեպի քաղաք։ Ավարտվել է Վանի ժայռաբերդում Դերենիկ Արծրունու (875–885) սկսած պալատի շինությունը։ 1021-ին Վանը անցել է Բյուզանդական կայսրությանը՝ դառնալով Վասպուրականի կատապանության կենտրոնը։ XI դ․ վերջին Վանը գրավել են սելջուկյան թուրքերը, XIII դ․ կեսին՝ մոնղոլները։ Ջելաիրյանների և Չոբանյանների հակամարտության շրջանում Վանում տիրել են քրդական ցեղեր։ 1387-ին Վանը, որ գտնվում էր քուրդ ամիրա Եզդինի իշխանության ներքո, քսանվեց օր դիմադրել է Լենկթեմուրի զորքերին։ Վերջինս, գրավելով քաղաքը, 7 հազ. մարդ ցած է նետել բերդի պարիսպներից։ XV դ․ Վանում տիրել են կարակոյունլուները, ապա՝ ակկոյունլուները։ XVI դ․ սկզբին Վանը անցել է Սեֆյան Պարսկաստանին, 1555-ի Ամասիայի և 1639-ի Կասրե–Շիրինի թուրք–իրանական հաշտության պայմանագրերով՝ օսմանյան սուլթանությանը՝ դառնալով Վանի վիլայեթի կենտրոնը։ Առաքել Դավրիժեցին վկայում է, որ քա– ղաքն զգալիորեն տուժել է 1648-ի երկրա– շարժերից․ քանդվել են բազմաթիվ հին շինություններ, եկեղեցիներ, բնակարաններ, պարիսպներ, զոհվել են զգալի թվով բնակիչներ։ Ըստ Ղ․ Ինճիճյանի, XIX դ․ սկզբին Վանում գործում էին քարաշեն 8 եկեղեցի (Ս․ Տիրամայր կամ Ս․ Նշան, Ս․ Պետրոս, Ս․ Պողոս, Ս․ էջմիածին, Ս․ Ստեփանոս, Ս․ Վարդան, Ս․ Սահակ, Ս․ Ծիրանավոր)։ Քաղաքի հոգևոր առաջնորդարանը Վարագա վանքն էր։ 1862-ին հայ բնակչությունն ընդվզել է թուրքական իշխանավորների դեմ և առժամանակ գրավել Վանի բերդը։ Այդ հուզումների ժամանակ զոհվել է շուրջ հազար հայ։ Չնայած օտար տիրապետությանը, Վանը պահպանել էր Արմ․ Հայաստանի արհեստագործական և մշակութային կենտրոնի իր նշանակությունը։ XIX դ․ 2-րդ կեսին Վանում սկսել է զարգանալ կապիտալիստական մանուֆակտուրան։ 1870-ին Թոխմախյան եղբայրները հիմնել են կտավագործական արհեստանոց։ 1880-ական թթ․ հիմնվել են Գափամաճյանների, Չթչոց և այլ գործարաններ, մի քանի կաշեգործական ձեռնարկություններ (նշանավոր էր Պարթևյանինը)։ 1880–90-ական թթ․ վարպետ Ալեքսանդրը, Ամերիկայից և Եվրոպայից համապատասխան սարքավորում բերելով, կառուցել է կիսամեքենայացված մեքենաշինական գործարան։ XX դ․ սկզբին քաղաքի կտավագործ, արհեստանոցներում աշխատել է 1500 մարդ։ Քաղաքի բնակչության որոշ մասը շարունակել է զբաղվել երկրագործությամբ (մասնավորապես այգեգործությամբ)։ Օսմանյան սուլթանության ռազմաֆեոդալական կարգերը խոչընդոտել են կապիտալիստական արտադրության զարգացմանը։ XIX դ․ Վանը ունեցել է 30 հազ. բնակչություն (2/3-ից ավելին հայեր)։ XIX դ․ 2-րդ կեսից Վ․ դարձել է Արմ․ Հայաստանի հայ ազգային-ազատագրական շարժումների կենտրոններից մեկը։ Վարագա վանքում հրատարակվել է «Արծվի Վասպուրականի»-ն։ 1872-ին Վանում ստեղծվել է «Միություն ի փրկություն» գաղտնի ընկերությունը, որի նպատակն էր հայ ժողովրդի ազատագրումը թուրք, տիրապետությունից։ Ազգային-ազատագրական գաղափարներ են քարոզել Մկրտիչ Ա Վանեցին և Գ․ Սրվանձտյանը։ Մ․ Փորթուգաւյանը Վանում բացել է «Հայրենասեր» ընկերության առաջին լսարանը և Վարժապետանոցը, որը դարձել է հեղափոխական պայքարի կենտրոն։ 1878–1879-ին ձևավորվել է արմենական «Սև խաչ» գաղտնի կազմակերպությունը։ Կազմակերպվել է «Զինակիր» ընկերությունը, որը բնակչությանը վարժեցրել է ռազմական գործին։ Թուրքական կառավարության սանձազերծած Հայկական կոտորածներ 1895–96-ի ժամանակ Վանի բնակչությունը՝ Մ․ Ավետիսյանի, Մարտիկի (Մարտիրոս Սարուխանյան) և ուրիշների գլխավորությամբ, հերոսական դիմադրություն է ցույց տվել թուրքական ջարդարարներին։ Ինքնապաշտպանությունն սկսվել է 1896-ի հունիսի 3-ին։ Կռվել են 30 դիրքերում ամրացած մոտ հազար պաշտպան։ Զինամթերքի պակասի պատճառով պաշտպաններն ընդունել են Պարսկաստան հեռանալու թուրքերի առաջարկը, սակայն