Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/262

Այս էջը հաստատված է

վերջիններս ճանապարհին ուխտադրժորեն հարձակվել են նրանց վրա և մեծ մասին կոտորել։ Միաժամանակ թուրքական խուժանը հարձակվել է Վանի անպաշտպան թաղամասերի վրա, սրի քաշել մոտ 500 մարդ, հրո ճարակ դարձրել Հայկավանքի, Ս․ Հակոբի, Հանկույսների եկեղեցիները U Այգեստան թաղամասի մեծ մասը։ Այս իրադարձություններն ստացել են «Վանի մեծ դեպք» անունը։ Մեծ չափեր է ընդունել պանդխտությունը (XX դ․ սկզբին Կ․ Պոլիս են մեկնել Վանի 3 հզ․ բնակիչ)։ XX դ․ աոաջին տասնամյակում Վանը ապրել է տնտեսական վերելք։ Դարասկզբին քաղաքն ունեցել է 100 կտավագործական արհեստանոց՝ 300 դազգահով։ Զարգացել է կահույքի արտադրությունը։ Կրկին աշխուժացել է հասարակական կյանքը։ Երամյան և Կենտրոնական վարժարանների շրջանավարտների ուժերով լույս են տեսել «Երկունք» խմորատիպ ամսագիրը, թռուցիկներ, տեղեկատուներ։ 1906-ի աշնանից հրատարակվել է «Նոր սերունդ» ամսաթերթը, ավելի ուշ՝ «Հայացքը» թերթը։ 1907-ի հոկտեմբերին գործադուլ են արել կահույքագործները և կոշկակարները, 1909-ի հունիսին՝ հացթուխները։ 1909-ի գարնանը Վանի բնակիչները ցույց են կազմակերպել սուլթան Համիդի և թուրքական ինքնակալության դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին քաղաքն ունեցել է շուրջ 50 հազ․ բնակիչ, որից 32 հազ․՝ հայ։

1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, Վանի հայությունը, որին միացել էին շրջակա գավառների փախստական հայերը, հերոսական դիմադրություն է ցույց տվել թուրքական ջարդարարներին (տես Վանի հերոսամարտ 1915)։ Հայերի ինքնապաշտպանությանը մեծապես նպաստել են ռուսական բանակի և Անդրանիկի հայկական կամավորական ջոկատների մարտական գործողությունները թուրքական բանակի դեմ։ 1915-ի մայիսին ռուսական և հայ կամավորական զորքերը մտել են քաղաք: Կազմվել է Վանի և նրա շրջանի ժամանակավոր վարչություն։ Վանի ժամանակավոր նահանգապետ է նշանակվել Ա․ Մանուկյանը։ Սակայն հուլիսի 2-ին ռուսական զորքը թողել է Վանը և հայ բնակչությունը ստիպված է եղել հեռանալ քաղաքից։ Վանում մնացած փոքրաթիվ հայ բնակչությունը (մի քանի հարյուր հիվանդներ, վիրավորներ, կանայք, երեխաներ, ծերեր) կոտորվել են առանց մարտի քաղաք մտած թուրքական խուժանի ձեռքով։ Մի քանի օր հետո ռուսական զորքերը կրկին գրավել են Վանը, սակայն այն ամբողջովին արդեն կողոպտված էր և հրկիզված։ Բնակիչների մի մասը վերադարձել է Վան, բայց 1917–1918-ին ստիպված կրկին բռնել գաղթի ճանապարհը։ Վանի հայ բնակչության զգալի մասն ապաստան է գտել Արլ․ Հայաստանում, Անդրկովկասում, Հս․ Կովկասում, Պարսկաստանում, մնացածները՝ ցրվել աշխարհով մեկ։ Վանը ուներ հատակագծային երկմաս կառուցվածք. բաղկացած էր բուն քաղաքից կամ Քաղաքամեջից և արվարձաններից։ Քաղաքամեջը (մոտ 64 հա տարածքով) գտնվում էր միջնաբերդի հվ․ կողմի հարթավայրի վրա։ Շրջապատված էր կրկնակի պարիսպներով, որոնք բոլոր կողմերից (բացի հս․, որտեղ բերդի բարձրաբերձ ժայռերն էին) դարպասներ ունեին, լճի (արմ․), հվ․ (երկու) և արլ․ («Թավրիզյան»)։ XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին Քաղաքամեջի հայկ․ թաղերում կար 7 եկեղեցի, որոնցից հինգը՝ Ս․ Նշան, Պողոս–Պետրոս, Տիրամոր, Ս․ Վարդան և Ծիրանավոր, գործող էին, իսկ երկուսը՝ Ս․ Սահակ և Ս․ Առաքելոց, կիսավեր։ Կար նաև բողոքականների եկեղեցի։ Քաղաքամեջի Թոփչի–մեյդանում Վանիի առաջնորդարանն էր, հվ․ պարսպապատի մոտ՝ Շուկայական հրապարակը՝ իր առևտրա–արհեստավորական շարքերով։ Քաղաքամեջը ամբողջովին ավերված է։ Արվարձանները, որոնք տարածվում են Քաղաքամեջից հարավ և արևելք ընկած հարթավայրի վրա, իրենց մեծությամբ գրեթե 12–15 անգամ գերազանցում էին Քաղաքամեջին։ Վերջինս Այգեստանի հետ կապվում էր Թավրիզյան դարպասներից սկսվող և շուրջ 6 կմ երկարություն ունեցող մայրուղու՝ Սխգյայի Ջաղդայի (խճուղու) միջոցով, որը հատվում էր արևելքից արևմուտք ձգվող Խաչփողան կոչվող մեկ ուրիշ մայրուղու հետ։ Քաղաքամեջի արևելյան կողմում, Թավրիզյան դարպասներին կից էր Հայկավանք թաղը, որը 1896-ի հայկական կոտորածների ժամանակ ավերակի վերածվեց ու այլևս չվերականգնվեց։ Թրքաբնակ Շամիրամ թաղը գտնվում էր Քաղաքամեջի հվ․ կողմում։ Խաչփողանից հարավ և արևելք ընկած ողջ ընդարձակ մասը՝ Այգեստանը, բնակեցված էր միայն հայերով։ Դրա արևմտյան մասում էր գտնվում Վանի մյուս առևտրական կենտրոնը՝ Արարուց մեյդանը։ Պտղատու այգիներով հարուստ Այգեստանը, որի խոշոր թաղերն էին Նորաշենը, Հանկույսները, Արարքը, Նորատունկները, ոռոգվում էին թաղամասերով հոսող ջրանցքների (այդ թվում «Շամիրամի»), առուների, Հանկույսներ գետակի, ինչպես նաև լավ կազմակերպված քահրեզային համակարգի ջրերով։ Թաղամասերն ունեին հասարակական աղբյուրներ։ Քարաշեն և աղյուսաշեն բնակելի տները հիմնականում 1–2 հարկանի էին, դեպի բակն ուղղված, սենեկաշարի երկայնքով ձգվող «օրոսբացներ» (երեսբացներ) կոչվող պատշգամբներով, հարուստներինը՝ նաև դեպի փողոցն ուղղված պատշգամբով, 2–3 հարկանի։ Այդպես էին կառուցված Դյուլումյանների, Գափամաջյանների, Թերզիբաշյանների, Զիդեջյանների, Հյուսյանների, Թյությունջյանների և ուրիշ մեծահարուստների մենատները։ Դարեվերջին տեղի ունեցած երկու աղետների (1876-ի հրդեհի, 1896-ի կոտորածների դեպքերը) հետևանքով Վանի մոնումենտալ շենքերի մի մասը, հատկապես եկեղեցիները, ավերվել ու հրկիզվել են, հետո՝ վերականգնվել։ Արարուց Ս․ Աստվածածին եկեղեցին, որ Վանի թաղային եկեղեցիներից ամենամեծն էր (16,8X X40,5 մ, պատերի ստորին մասը քարաշեն, վերին մասում՝ աղյուսաշեն), վերաշիթվել է 1884-ին։ Արևելքից եկեղեցուն հարում էր բակը և ընդարձակ գերեզմանոցը, ուր թաղվել են Վասպուրականի ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչներ, Վանի հերոսամարտում ընկած մարտիկներ։ Հայկավանք ի Ս․ Հակոբ և Հանկույսների թաղային եկեղեցիները կառուցվել են 1898-ին։ Վերջինս իր ինքնատիպությամբ եզակի էր հայկական եկեղեցիների մեջ․ նրա փայտաշեն ծածկի ձևերում վերարտադրված էր հայկական ժողովրդական բնակելի տների ծածկերում լայնորեն կիրառվող «հազարաշեն» համակարգը։ Վանի հիշատակելի հասարակական շենքերից էին Երամյան վարժարանի երկհարկանի նոր շենքը (1903–07), Աշխատանքի տունը (1911 – 1912, ճարտ․ Հ․ Քաջազնունի) և Վարժապետանոցի երկհարկանի շենքը (1912)։ Վանիի համար նավահանգիստ էր ծառայում լճափին գտնվող Ավանց գյուղի ծովախորշը։ Նշանավոր են եղել Վանիի դպրոցները։ 1870-ին հիմնադրվել են Հայկազյան վարժարանը և Սանդխտյան իգական դպրոցը։ 1878–81-ին գործել է Վարժապետանոցը։ Վերջինիս փակվելուց հետո ստեղծվել է Կեդրոնական վարժարանը։ 1880-ին որբանոցին կից բացվել է Երամյան դպրոցը։ Վանում աշակերտների թիվը հասել է 4 հզ․, որոնցից 3 հզ․ սովորել են ազգային դպրոցներում։ Վանում կազմակերպվել են թատերային ներկայացումներ (Կ․ Պոլսից հյուրախաղերի են եկել նշանավոր հայ դերասաններ)։ Վանում է ստեղծագործել նկարիչ Փ․ Թերչեմեզյանը։ 1911-ին Վան է գործուղվել Հ․ Օրբելին, որը Թոփրախ կալեում հայտնաբերել է պատմական հուշարձաններ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Վանի ազատագրումից հետո, քաղաքի միջնաբերդում պեղումներ են կատարել Ն․ Մառը և Հ․ Օրբելին։ Ներկայումս Վանը Թուրքիայի համանուն իլի կենտրոնն է՝ 47 հզ․ (1970) բնակչությամբ։ Թուրքերից բացի քաղաքում բնակվում են նաև քրդեր։ Ունի ցեմենտի, ալյուրի և այլ արդյունաբերական ձեռնարկություններ։ Գրկ․ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Երեմյան Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Линч X․ Փ․ Б․, Армения․․․, т․ 2, Тифлись, 1910; Տես նաև Վանի հերոսամարտ․ 1915 և Վանի վիյալեթ հոդվածների գրականությունը։ Բ․ Հարությունյան, Վ․ Հարությունյան

Վանի բնակիչներն եղել են նշանավոր արհեստավորներ, կիրառական արվեստի վարպետներ։ Արհեստների մեջ առաջնակարգ տեղը պատկանել է ոսկերչությանը։ Վանում 90–100 ոսկերչական խանութ–արհեստանոց կար։ Պատրաստել են զարդեր, ծխամորճեր, թասեր, դանակներ, մատնոցներ, գավաթներ, գրելու պարագաներ, եկեղեցական իրեր և այլն։ Նախապատվությունը տրվել է արծաթին (մեկ տարում միջին հաշվով 600 հզ․ գ արծաթյա իր է արտահանել եվրոպական երկրներ)։ Ոսկերչական բազմազան տեխնիկաներից հատկապես լայն տարածում է ունեցել մանրաբուրդը։ Բարակ ոսկյա կամ արծաթյա թելերից ստացված ժանյականման հորինվածքներն ստեղծագործական անսպառ հնարավորություններ են ընձեռել վարպետներին։ Գոտիներ պատրաստելիս օգտագործվել է սևադը, ընդելուզման