Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/349

Այս էջը հաստատված է

հարցադրումների ասպարեզ։ Վարուժանը դառնում է գրական նոր շարժման կենտր․ դեմքը։ ժողովածուի լայնահուն պոեզիան հնչեցնում է ազգ․ ու համամարդկային ցավի, վրեժի ու պայքարի երգը («Ձոն», «Նեմեսիս»)։ Քաղ․ ու սոցիալ․ ճնշման «բագինին վրա» բարոյապես ու ֆիզիկապես ողջակիզվում է ոչ միայն հայը, այլն մարդն առհասարակ («Հայրենիքի ոգին», «Թիապարտները», «վաղվան բողբոջներ», «Լվացարարուհին», «Ջարդը»)։ Վրեժի ու պայքարի «Կրկեսին մեջ» հերոսանում է ոչ միայն դարերով հալածված մի փոքրիկ ազգ, այլն իր վաղվա օրը կերտող մի ամբողջ մարդկություն («Վերածնություն», «Կռվի երթ», «Վահագն», «Դյուցազնի մը սուրին»)։ Ազգ․ ազատագրության հույսերի արթնացման նոր ալիքը քաղ․ ու սոցիալ․ սուր շեշտվածություն է հաղորդում Վարուժանի բանաստեղծությանը, «Ցեղին սիրտը» ժողովածուի մեջ նոր ձևով ու բովանդակությամբ շարունակվում են Խ․ Աբովյանի, Ղ․ Ալիշանի, Մ․ Պեշիկթաշլյանի, Րաֆֆու ռոմանտիկական ավանդույթները։ Հայրենասիրությունը միայն զգացմունք չէ, այլն գաղափար է, աշխարհայացք, գեղարվեստական մթնոլորտի կազմակերպման եղանակ, պոետիկական համակարգը ձնավորող սկզբունք։ Վ․ խորապես յուրացրել էր համաշխարհային հին ու նոր մշակույթի փորձը, երազում էր ստեղծել «մարդ էակին գիրքը»՝ իրար ձուլելով արմ․ մտքի խստությունն ու արլ․ երևակայության կանոնազանց ազատությունը, վենետիկյան գույներն ու ֆլանդրիական «բարբարոս իրապաշտությունը»։ Սակայն ժողովրդի քաղ․ ճակատագրի անհրաժեշտությամբ գեղարվեստական խոսքը պետք է դառնար պայքարի զենք, հագենար հրապարակախոսական տարերքով։ Այս հարկադրական ինքնօտարումը վերաճում է ստեղծագործող անհատի ներքին դրամայի («Տրտունջք»), որով բնութագրվում է ժամանակի արևմտահայ բանաստեղծությունն առհասարակ։ «Ցեղին սիրտը» հարազատ ժողովրդի «ծովածուփ արյան» և ճնշված մարդկության դարավոր տառապանքի աղաղակն է։ Վարուժանի յուրաքանչյուր նոր ժողովածու բաց է անում արվեստի նոր ուղղություն, բերում է նոր բովանդակություն ու ոճ, հաստատում գեղարվեստական ձևի նոր սկըգբունքներ՝ դասականորեն ներկայացնելով գրական շարժման տվյալ պահի համար բնորոշ միտումները։ «Հեթանոս երգեր»-ը (1912) 10-ական թթ․ ծայր առած «հեթանոսական» շարժման ամենաամբողջական արտահայտությունն է։ Այս հոսանքի էությունը ազատության, ուժի, գեղեցկության պաշտամունքն էր՝ ի հակադրություն տիրող սոցիալ․ ու բարոյական անկման, բարքերի ապականության, մարդու բնական նկարագրի աղավաղման։ Գրքի երկու բաժիններում («Հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ») Վարուժանը պատկերում է իրարից տարբեր և իրար հակադրվող երկու աշխարհ։ «Ասպետական դարերու, «մեծազոր կենցաղի» փառաբանությունը չէր նշանակում անցյալի իդեալականացում կամ պատմության վաղընջական ժամանակները վերադառնալու կոչ․ դա միայն գեղարվեստական պայմանականություն էր, որով բանաստեղծը մարմին էր տալիս ուժեղ, առնական, կատարյալ մարդու, ազատ,ներդաշնակ ու գեղեցիկ աշխարհի մասին իր իդեալներին («Գեղեցկության արձանին», «Վանատուր», «Հեթանոսական», «Օ" Տալիթա», «Արևելյան բաղնիք», «Մեռած աստվածներուն», «Հարճը»)։ Արվեստի հրաշքով նա փորձում է վերագտնել մարդկության կորցրած արժեքները («Բեգաս», «Լույսը»)։ Իդեալի այսպիսի բարձրությունից բուրժ․ աշխարհը ներկայացվում է որպես մարդկային չարչարանքի գողգոթա։ Գործարաններում, հանքերում, աշխատանքի բորսաներում եռում է մարդկանց բազմամիլիոն բանակը, ապրելը վերածվում է գոյության ծանր հարկադրանքի։ Մարդն օտարվում է իր նախաստեղծ էությունից, «ոսկի հորթի» պաշտամունքը, կեղծիքը, սուտը եղծում են գեղեցկի մաքուր իդեալը՝ ապրելու երջանկությունը դարձնելով գոյության դրամա («Բանվորուհին», «Սպասում», «Ընկեցիկը», «Մեռնող բանվոր», «Մեքենաները», «Դադար», «Մայիս մեկ»)։ «Հեթանոս երգեր»-ի գեղագիտ․ համակարգի հիմքը վսեմի կատեգորիան է՝ հերոսականի, ուժի, գեղեցկի կոնկրետ դրսևորումներով։ Եթե կլասիցիստները անտիկ ժամանակներում փնտրում էին քաղաքացիական արիության ու առաքինության օրինակներ, իսկ Լըկոնտ դը Լիլը՝ սոցիալ․ ներդաշնակության իդեալ, ապա Վ–ի ստեղծագործության մեջ հեթանոսական կենցաղի դրվագները վերանում են իրենց պատմ․ ժամանակից, այդ յուրօրինակ գեղարվեստական իրականության մեջ անունն ու տարազը փոխած ապրում է ժամանակակից մարդը։ «Գողգոթայի ծաղիկներ» շարքը ընդհանրության որոշ եզրեր ունի էմիլ Վերհառնի ստեղծագործության հետ։ էական տարբերությունն այն է, որ եթե Վերհառնը համանման բանաստեղծություններում հետևում էր որոշակի սոցիալ․ ուտոպիայի, ապա Վարուժանի ակնկալած վերածնությունը չէր ենթադրում որևէ հայտնի սկզբունքով կազմակերպված սոցիալ․ իրականություն, հակառակ ակնհայտ դեմոկրատական կողմնորոշմանը՝ հայ բանաստեղծի իդեալը կապվում էր գեղեցկի, ներդաշնակի, բնականի թագավորության որքան հրապուրիչ, նույնքան էլ անիրական մի աշխարհի հետ։ Լիարյուն ու ներդաշնակ կյանքի, ուժեղ, առողջ, բնականորեն անեղծ մարդու իդեալը «Հեթանոս երգեր»-ից տարբեր, բայց էությամբ նույնական մի այլ աշխարհի սկիզբ է դառնում «Հացին երգը» (1921) շարքում, որի հղացման ազդակը Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» և Վերգիլիոսի «Մշակականք» պոեմներն են։ Սակայն Վ․ ստեղծել է ձևով ու բովանդակությամբ միանգամայն ինքնուրույն երկ։ Նրա նոր գրքի թեման հացի արարման պատմությունն է՝ հողագործի աշխատանքի ոգեշունչ Փառաբանությամբ։ Ավելի լայն առումով «Հացին երգը» արտահայտում է մտքի ու մկանի աշխատանքով հայրենի եզերքն արգասավորելու, վերածնության ոգեղեն իդեալները հողեղեն մի սկզբի կապելու գաղափարը։ Մյուս կողմից՝ թեև «Հացին երգը» շարքում զգալի է հայ գյուղին բնորոշ կոլորիտը (բառապաշար, պատկերի կառուցման առարկայական ատաղձ ևն), բայց և այնպես ներկայացված գյուղաշխարհը չի կարելի կապել որոշակի աշխարհագրական միջավայրի հետ։ Բանաստեղծը թևակոխում է մի նոր եզերք՝ ընդարձակելով «Հեթանոս երգեր»-ում նվաճված աշխարհի սահմանները, այստեղ էլ քնարական մթնոլորտը շնչում է գեղեցկի ու ներդաշնակի որոնման պաթոսով, պոետիկական կառույցի հիմքը դարձյալ վսեմի կատեգորիան է, մասշտաբները էպոսային վիթխարիություն ունեն («Մշակները», «Ցան», «Սայլերը»)։ «Հացին երգը» Վարուժանի ստեղծագործության մեջ որքան շարունակություն, նույնքան էլ սկիզբ էր․ բանաստեղծը ձգտում էր «Ցեղին սիրտը» և «Հեթանոս երգեր» շարքերի դասական արվեստի չափանիշները ձուլել ժող․ մտածողության տարերքին («Առաջին ծիլեր», «Ցորյանի ծովեր», «Հասուն արտ», «Հունձք կը ժողվեմ․․․», «Կամներգ», «Երնում»)։ Այս տեսակետից Վարուժանի վերջին գիրքը եզակի երևույթ է արևմտահայ բանաստեղծության մեջ։ Նա ծրագրել էր նաև գրել «Գինիին երգը» ն մշակել ամբողջ «Աասնա ծռեր» էպոսը, բայց ողբերգական մահը անկատար թողեց այս ծրագրերը։ Վարուժանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուս․, ֆրանս․, անգլ․ և այլ լեզուներով։ 1958-ի փետր․ 8-ին Գենտում տեղի ունեցավ Վարուժանին նվիրված երեկո։ Փետր․ 9-ին համալսարանի մատենադարանի մեծ սրահում ամրացւլեց հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայ․, ֆրանս․, ֆլամանդ․ արձանագրությամբ։ Երևանում կան Վարուժանի անվ․ փողոց, դպրոց։ Երկ․ Տրտունջք, Սեբաստիա, 1911։ Երկ․, Ե․, 1946։ Հեթանոս նրգնր, Երուսաղեմ, 1953։ Բանաստեղծություններ, Ե․, 1955։ Երկ․, Ե․, 1969։ Երկ․, Ե․, 1984։ Նամականի, Ե․, 1965։ Poemes, Beyrouth, 1972․ Գրկ․ Գրական ասուլիսներ, Դ․ Վարուժանի «հեթանոս երգերը», ԿՊ, 1913։ է ս ա ճ ա ն– յ ա ն Լ․, Դանիել Վարուժան, ԿՊ, 1919։ Սիրունի Հ․, Դանիել Վարուժան, Պուքրեշ, 1940։ Սարգսյան Գ․, Վարուժանի ստեղծագործական կյանքը․ Ծ․, 1947։ ճ․ ի զ մ և ճ– յան Դ․, Դանիել Վարուժան, Կահիրե, 1955։ ՝՝Հուշամատյան Դանիել Վարուժանի, լՓարիզ], 1958։ Ռշտունի Հ․, Դանիել Վարուժան, Ե․, 1961։ Ղանալանյան Հ․, Դանիել Վարուժան, Ե․, 1961 ։Պ ա տ ր ի կ Ա․, Դանիել Վարուժանն իմ հուշերում, Բեյրութ, 1968։ Մ ա դ ո յ ա ն Գ․, Դանիել Վարուժան, Ե․, 1976։ Գարրիելյան Վ․, Դանիել Վարուժան, կյանքը և գործը, Ե․, 1978։ Ս և ա կ Պ․, Վարուժանի պոեզիան․ Երկ․ ժող․, հ․ 6, Ե․, 1976։

Վ․ Կիրակոսյան

ՎԱՐՈՒՅԹ, նախաքննության մարմինների, դատարանի, դատախազի