Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/356

Այս էջը հաստատված է

են փորձերի նախապատրաստման համար օժանդակ շինություն։

ՎԵԳՆԵՐ (Wegner) Արմին Թեոֆիլ (Armin Theophil, 1886 թվականի հոկտեմբերի 16, Էլդերֆելդ-Վուպերտալ - 1978 թվականի մայիսի 17, Հռոմ), գերմանացի գրող, հրապարակախոս։ Սովորել է Բրեսլաուի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում (1908–1913), ստացել իրավագիտության դոկտորի աստիճան (1914)։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին։ 1915–1916 թվականներին գերմանական սանիտարական ծառայության կազմում եղել է Թուրքիայում, տեսել Տեր-Զոր (Դեյր էզ-Զոր) քշված բազմահազար հայերի ողբերգությունը, նրանց խոշտանգումները, լուսանկարել սպանդի շատ տեսարաններ։

Վեգները գրի է առել իր տեսածն ու ապրածը և լուսանկարների հետ մեկտեղ ուղարկել Գերմանիա՝ առանձին մարդկանց ու մամուլին։ Սակայն դրանք չեն հրապարակվել։ Հետագայում այդ նամակները և նույն շրջանում գրած այլ նյութեր ամփոփվել են նրա «Անվերադարձ ճանապարհ» (1919) գրքում։

Վեգները ծավալել է պացիֆիստական գործունեություն։ Տարվելով սոցիալիստական գաղափարներով՝ հանդես է եկել հեղափոխական բնույթի հրապարակախոսություններով ու հոդվածներով, 1919 թվականին խմբագրել և հրատարակել է «Դեր Օստեն» («Der Osten») առաջադիմական թերթը։

1919 թվականին Վեգները հրապարակել է բաց նամակ («Կտակ անապատում»)՝ ուղղված ԱՄՆ–ի պրեզիդենտ Վ․ Վիլսոնին, փաստերով հաստատել թուրք կառավարողների ծրագրած հայկական ցեղասպանությունը և խարազանել արևմտյան իմպերիալիստական պետություններին՝ որպես մեղսակիցների։ «1915 թվականի գարնանը,– գրել է Վեգները,– երբ թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկու միլիոն հայերի՝ երկրի երեսից ջնջելու իր հրեշավոր ծրագրի իրականացմանը․․․», «Չկար մեկը, որ խանգարեր․․․ խելագարված հանցագործների գործողությունները» (Wegner А․ Т․, «Am Kreuzweg der Welten», էջ 224)։

1921 թվականինին Վեգները որպես վկա ներկա է եղել Ս․ Թեհլերյանի դատավարությանը Բեռլինում, հավաքել է սղագրական նյութերը, գրել առաջաբան («Արդար վճիռ») և հրատարակել առանձին գրքով («Թալեաթ փաշայի դատավարությունը․․․», 1921)։

1922 թվականին հրատարակված «Ճիչ Արարատից» գրքույկում, ներկայացնելով Զմյուռնիայի կոտորածները, Վեգները դարձյալ մերկացրել է Թուրքիայի կառավարող շրջանների հայատյաց քաղաքականությունը և արևմտյան տերությունների անտարբերությունը։

1933 թվականին, ֆաշիստների իշխանության գլուխ անցնելուց հետո Ա․ Հիտլերին ուղղած բաց նամակում Վեգները դատապարտել է հրեական ջարդերը, բանտարկվել է, նետվել համակենտրոնացման ճամբար։ 1934 թվականին փախել է Գերմանիայից և երկարատև չարչարանքներից հետո հաստատվել Հռոմում (Պերսի Էքշտայն անվան տակ)։ Վեգները մեկն է այն 250 գրողներից ու գործիչներից, որոնց գրքերն արգելվել և այրվել են ֆաշիստական Գերմանիայում։

Վեգները գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, էսսեներ, նովելներ,

ճանապարհորդական նոթեր, որոնց բնորոշ են մարդասիրությունը, եղբայրության գաղափարը, որևէ ազգի հալածանքի մերժումը։ Բանաստեղծությունների առաջին գրքույկը հրատարակվել է դեռևս դպրոցական տարիներին։ 1910 թվականին տպագրվել է «Արձակ բանաստեղծություններ» ժողովածուն։

Վեգների «Երկու քաղաքների միջև» (1909), «Լսիր իմ խոսքը, Աննա Մարիա» (1912), «Քաղաքների դիմապատկերը» (1917), «Հազար նպատակներով փողոցը» (1924) բանաստեղծությունների ժողովածուներում գերմանական գրականության մեջ ներմուծել է մեծ քաղաքի թեման։ Այդ թեման շոշափված է նաև նրա լավագույն վեպերում՝ «Խոստովանություն» (1922), «Մոնի կամ Աշխարհը ներքևից» (1929)։ Վեգներին հետաքրքրել է արևելյան թեման։ Գերմանական գրականության մեջ նա առաջինն է ներկայացրել Արևելքն առանց վարդագույն երանգավորման՝ «Երանության տանը» (1920), «Պատանի Հուսեյնը» (1921) և այլ պատմվածքներ։ Վեգների ստեղծագործության մեջ զգալի տեղ են գրավում ճանապարհորդական նոթերը՝ «Աշխարհների խաչմերուկում» (1930), «Պատվի առնել» (1930, տպավորություններ Խորհրդային Ռուսաստանից և Հայաստանից), «Մեքենաները տափաստանում» (1932), «Որս հազարամյա երկրում» (1932)։

1927 թվականին խորհրդային կառավարության հրավերով Վեգներն իր կնոջ՝ արձակագիր Լ․ Լանդաուի հետ այցելել է Մոսկվա, մասնակցել Հոկտեմբերյան հեղափոխության X տարեդարձի հանդիսություններին, եղել Հայաստանում, հանդիպել իր հին բարեկամներին (Կարապետ Մելիք– Օհանջանյան, Հակոբ Զորյան և ուրիշներ), որոնց հետ ծանոթացել ու մտերմացել էր Բեռլինում, 1918–1920 թվականներին), Երևանի համալսարանում դասախոսություններ կարդացել գերմանական նոր պոեզիայի և Հին Հունաստանի թատրոնի ու թատերգության մասին։ Միաժամանակ նյութեր է հավաքել հայերի մասին եռերգություն գրելու համար։ Գործը մնացել է անավարտ։ Տպագրվել է միայն մի հատված՝ «Պատանի Ադամը» վերնագրով։ Վեգները վերստին Հայաստան է այցելել 1968 թվականին։

Մինչև կյանքի վերջը Վեգները հետաքրքրվել է Հայաստանով ու հայերով, հանդես եկել նրանց նվիրված հոդվածներով, էսսեներով, հուշերով։ 1972 թվականին ԱՄՆ–ի տարբեր քաղաքներում լուսանկարների ցուցադրումով զեկուցումներ է կարդացել Մեծ եղեռնի և բարգավաճող Խորհրդային Հայաստանի մասին։

Երկեր Am Kreuzweg der Welten, В․, 1982․ Լ․ Մելիք–Օհանջանյան, Ս․ Ստեփանյան

ՎԵԴԱՆԵՐ, վեդայական գրականություն (սանսկրիտերեն վեդա, բառացի՝ գիտելիք), հնդկական բանահյուսության հնագույն հուշարձաններ՝ ստեղծված մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջին –I հազարամյակի 1-ին կեսին, հին հնդկական (վեդայական) լեզվով։ Բաղկացած են ժամանակագրական կարգով իրար հաջորդող հուշարձանների մի քանի շարքից, հիմների, երգասացությունների ու զոհաբերական բանաձևերի չորս ժողովածուից (Ռիգվեդա, Սամավեդա, Յաջուրվեդա, Աթհարվավեդա), բրահմանաներից (աստվածաբանական տրակտատներ, որոնք պարզաբանում են քրմական ծեսը)․ սրանց հետևում են արանյակներն ու ուպանիշադները (չափածո և արձակ փիլիսոփայական երկեր)։ Վեդաներում աստվածացվում է բնությունը, առկա են ոգեպաշտությունն (անիմիզմ) ու նախնադարյան մոգությունը։ Իրենց արտահայտությունն են գտել նաև նախնադարյան համայնական կարգերի քայքայման ու դասակարգային հասարակության ձևավորման ժամանակաշրջանի՝ հին հնդիկների հավատալիքները։ Վեդաների բովանդակությունը սինկրետիկ է՝ չտարբերակված ծիսային պատվիրանները զուգորդվում են փիլիսոփայական, բարոյական և սոցիալական ուսմունքներին, մոգության տարրերը միախառնվում գիտական պատկերացումների սաղմերին։ Հարուստ տեղեկություններ կան հին հնդիկների պատմության, կենցաղի, սովորույթների, հոգեբանության մասին։ Վեդաները հետաքրքիր են նաև որպես ոճական բազմազանությամբ օժտված գրական հուշարձաններ, որոնց նախնադարյան բանահյուսությունն ու առասպելաբանությունը պարունակում են գրական ժանրերի տարրեր՝ հիմնականում առակ և այլն։

Վեդաներում անդրադարձել են սոցիալ–տնտեսական հարաբերությունները։ Վեդաները մեծարվել ու պաշտվել են որպես աստվածային հայտնություններ՝ շրուտներ (բառացի՝ ասվածներ) և իրենց կրոնական գործառնության ընթացքում փոխանցվել են բանավոր, հիշողությամբ։

Վեդաները անցել են զարգացման մի քանի շրջան։ Առաջին շրջանի վեդաներից ամենաարժեքավորը Ռիգվեդան է (հիմների վեդա)։ Սամավեդան գործնականում զուրկ է ինքնուրույն նշանակությունից, քանի որ նրա 1549 հիմնից միայն 75-ը հայտնի չէ Ռիգվեդային։ Սամավեդան, որն ունի մեղեդիների նոտային նշանագրեր, հետաքրքրական է երգարվեստի պատմության և հին հնդկական երաժշտության ուսումնասիրման առումով։ Ռիգվեդայի շատ հիմներ կրկնվում են նաև Յաջուրվեդայում (զոհաբերությունների վեդա)։ Կարևոր և ուշագրավ հուշարձան է Աթհարվավեդան (անեծքի վեդա)՝ իր 731 հիմներով, այն ստեղծվել է ավելի ուշ և քիչ է առնչվում մյուս վեդաներին։ Կան արձակ կտորներ։ Ոճն արտահայտիչ է, առատ բարդ զուգադրություններով։ Վեդաների զարգացման 2-րդ շրջանն են նշանավորում բրահմանաները, որոնցից առավել հայտնի են առասպելներով ու լեգենդներով հարուստ Այթարեյա–բրահմանան և Կաուշիթակի–բրահմանան․ սրանք նույնպես աղերսներ ունեն Ռիգվեդայի հետ։ Վեդաների զարգացման հաջորդ շրջանին են վերաբերում արանյակներն