Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/397

Այս էջը հաստատված է

սպառման ֆոնդերն ինտենսիվ ընդլայնված վերարտադրության պայմաններում պետք է ավելի մեծ չափերով ավելանան, քան աշխատողների թիվը։ Կուտակման տեմպերի, չափերի և զուտ արդյունքի մեջ նրա բաժնի միջև գոյություն ունի ուղղակի փոխադարձ կապ․ զուտ արդյունքի մեջ որքան մեծ է կուտակման բաժինը (կամ արտադր․ կուտակման նորման), այնքան, կուտակման անփոփոխ արդյունավետության պայմաններում, բարձր են համախառն ու զուտ արդյունքի աճման տեմպերը։

Աշխատուժի վերարտադրության հանրայնացված արտադրության միջոցների համասեփականատեր, շահագործումից ազատ մարդկանց աշխատուժի վերարտադրություն է։ Այն ապահովում է աշխատունակ բնակչության լրիվ զբաղվածությունը արտադր․ և ոչ արտադր․ ոլորտներում։ Ժամանակակից գիտատեխ․ հեղափոխության պահանջներին համապատասխան որակյալ աշխատուժի վերարտադրությունում կարևոր է բարձրորակ մասնագետների տեսակարար կշռի բարձրացման, մտավոր և ֆիզիկ․ աշխատանքի էական տարբերությունների վերացման, կոմունիստական աշխատանքի հաստատման համար։ Աշխատուժի վերարտադրությունը կատարվում է ըստ աշխատանքի քանակի ու որակի վարձատրության, ինչպես նաև սպառման հասարակական ֆոնդերի միջոցով։

Ապահովելով համընդհանուր զբաղվածությունը, աշխատանքի արտադրողականության բարձրացումն ու ազգային եկամտի աճը՝ սոցիալիստ. կուտակումը նյութական հիմք է ստեղծում բնակչության իրական եկամուտների ավելացման, ժողովրդի կենսամակարդակի ու կուլտուրայի բարձրացման, նրանց աճող պահանջմունքների բավարարման համար։ Սոցիալիստ․ կուտակման օրենքը կարելի է ձևակերպել որպես աշխատունակ բնակչության համընդհանուր զբաղվածության ապահովման պայմաններում արտադր․ կուտակման և ժող․ սպառման օպտիմալ զուգակցման օրենք։ Որոշակի հակասություն գոյություն ունի կուտակման ու սպառման ֆոնդերի աճման տեմպերի միջև․ կուտակման մեծ չափով ավելացումը կարող է կրճատել սպառման համար օգտագործվող ռեսուրսները, և ընդհակառակը։ Այդ հակասության հաղթահարման ուղին արտադրության անընդհատ աճի ապահովումն է՝ աշխատավորության իրական եկամուտների ավելացման պայմաններում։ Կուտակման ու սպառման զուգակցման խնդրում վճռական նշանակություն է ստանում ժամանակի հանգամանքը, և որոշակի ժամանակում առավելագույն արդյունքի ստացումը դաոնում է վերարտադրության կարևոր գործոն։

Վերարտադրության ֆոնդերի, այդ թվում՝ կուտակման ու սպառման օպտիմալ համամասնության ապահովումը հնարավոր է միայն համապատասխան նյութաիրային տարրերի առկայության, արտադրության միջոցների և սպառման առարկաների որոշակի համամասնության պայմաններում։ Արտադրության միջոցների արտադրության մասշտաբները որոշվում են ծախսված արտադրության միջոցների փոխհատուցման և արտադր․ ֆոնդերի կուտակման անհրաժեշտությամբ, իսկ սպառման առարկաներինը՝ աշխատավորների կողմից դրանց սպառմամբ: Արտադրության միջոցների արտադրության առաջանցիկ աճի օրենքի պահանջը դրսևորվում է կենդանի աշխատանքի խնայողության նպատակով մեքենական տեխնիկայի արագ աճի, հասարակական աշխատանքի արտադրողականության արմատական բարձրացման միջոցով։ Միաժամանակ, ժողտնտեսության մեջ գործում են I ստորաբաժանման աճի տեմպերը դանդաղեցնող գործոններ՝ գլխավորապես աշխատանքի միջոցների մեծ մասշտաբներն ու դրանց խնայողական օգտագործումը։ Զարգացած սոցիալիզմի ընդլայնված վերարտադրությանը բնորոշ է երկու ստորաբաժանումների, այդ թվում՝ «Ա» և «Բ» խմբերի աճի տեմպերի մերձեցման միտումը։ Ընդ որում, արտադրության միջոցների արտադրության համար արտադրության միջոցների առավել աճի պայմաններում ավելանում է սպառման առարկաների արտադրության համար արտադրության միջոցների արտադրությունը։ II ստորաբաժանման արտադրանքի մեջ պարենային և ոչ պարենային ապրանքների արտադրության համամասնությունն աստիճանաբար փոխվում է հօգուտ վերջինի։

Հասարակական ամբոջական արդյունքի և դրա բաշխման հետևանքով ձևավորվող բոլոր վերարտադրական ֆոնդերի իրացումը միջնորդավորվում է շրջանառության պրոցեսով, ժողտնտեսության ճյուղերի և դրանց ձեռնարկությունների միջև փոխանակությամբ։ Երկու ստորաբաժանումների, արդյունաբերության ու գյուղատնտեսության, արդյունահանող ու վերամշակող ճյուղերի միջև արդյունքների փոխանակությունը հիմնականում կատարվում է համարժեքության հիման վրա և նպատակ ունի ապահովել ծախսված արտադրության միջոցների փոխհատուցումը, աշխատանքի վարձատրությունը և ձեռնարկությունների շահութաբերությունը։ Հասարակական ամբողջական արդյունքի շրջանառության պրոցեսը միաժամանակ սոցիալիստական ձեռնարկությունների (միավորումների) միջոցների շրջապտույտների ամբողջություն է: Արտադրության միջոցների արտադրության շրջանառությունը ապահովում է հիմնական ու շրջանառու ֆոնդերի վերարտադրությունը երկու ստորաբաժանումներում։ I ստորաբաժանման մեջ ամորտիզացիայի ու արտադրության ընդլայնման համար օգտագործվող հավելյալ արդյունքի մասերին համապատասխանող արտադրության միջոցները շրջանառում են I ստորաբաժանման շրջանակներում։ Արտադրության այն միջոցները, որոնցում մարմնացած է ըստ աշխատանքի վարձատրության ֆոնդը և I ստորաբաժանման աշխատողների կողմից սպառվող հավելյալ արդյունքի մասը, փոխանակվում է սպառման առարկաների հետ և օգտագործվում II ստորաբաժանման հիմնական ու շրջանառու ֆոնդերի փոխհատուցման և ընդլայնման համար։ II ստորաբաժանման արտադրանքը շրջանառում է աշխատավորների եկամուտների իրացման համար։ Այս ստորաբաժանման ներսում շրջանառում են սպառման առարկաներն ու II ստորաբաժանման հավելյալ արդյունքի մի մասը, որը տնօրինում են աշխատավորները։ Այն սպառման առարկաները, որոնց արժեքում մարմնացած են հիմնական արտադր․ ֆոնդերի Փոխհատուցման համար օգտա– գործվող ամորտիզացիոն ֆոնդի մասը և II ստորաբաժանման շրջանառու ֆոնդերը, ինչպես նաև այդ ստորաբաժանման հիմնական ու շրջանառու ֆոնդերի ընդլայնման համար կուտակվող հավելյալ արդյունքի մի մասը, պետք է փոխանակվեն արտադրության միջոցների հետ, այսինքն՝ տրամադրվեն I ստորաբաժանման աշխատողներին՝ նրանց պահանջմունքները բավարարելու համար։ Հետևաբար, համապատասխանություն է անհրաժեշտ II ստորաբաժանումից I-ին տրվող սպառման առարկաների գների գումարի և I-ից ստացվող արտադրության միջոցների գների միջև։ II ստորաբաժանման հավելյալ արդյունքի մյուս մասում մարմնացած սպառման առարկաներն իրացվում են զուտ շրջանառության, պետական կառավարման ու պաշտպանության, լուսավորության, առողջապահության, սոցիալական ապահովության դրամական ֆոնդերի օգնությամբ, որոնք ձևավորվում են պետական բյուջեում միջոցներ կենտրոնացնելու ուղիով։

Հասարակական արդյունքի իրացման պրոցեսը կատարվում է արժեքի օրենքի պլանաչափ օգտագործման միջոցով։ Որոշակի համամասնություններով վերարտադրությունը ապահովելու համար սոցիալիստական պետությունը, ֆինանսական համակարգի օգնությամբ կենտրոնացնելով ազգային եկամտի կեսից ավելին, ակտիվորեն ներգործում և ուղղություն է տալիս ընդլայնված վերարտադրությանը։ Սոցիալիզմի օրոք հասարակության առաջընթացն ապահովելու համար որոշվում են արտադրության աճի տեմպերն ու համամասնությունները հեռանկարային ժամանակաշրջանում։

Գրկ. Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, գ․ 21–23, Ե․, 1954, հ․ 2, Ե․, 1936, էջ 122–319։ Նույնի, Գոթայի ծրագրի քննադատությունը, Ե․, 1955։ Էնգելս Ֆ․, Անտի–Դյուրինգ, բաժին 3, գ․ 3, Ե․, 1967: Լենին Վ․ Ի․, Այսպես կոչված շուկաների հարցի առթիվ, Երկ․ լիակտ․ ժող., հ․ 1: Նույնի, Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, նույն տեղում, հ․ 3։ Նույնի, Դիտողություն շուկաների տեսության հարցի շուրջը, նույն տեղում, հ․ 4։ Նույնի, Դարձյալ իրացման տեսության հարցի շուրջը, նույն տեղում։ Սոցիալիստական վերարտադրության լենինյան ուսմունքը (ժող․), Ե․, 1970։ Մարգարյան Շ․Ս․, Զարգացած սոցիալիզմի ընդլայնված վերարտադրության բնորոշ գծերը, Ե․, 1979։ Кроирод Я․ А․, Общественный продукт и его структура при социализме, М․, 1958: Пашков А․ И․, Экономический закон преимущественного роста производства средств производства, М․, 1958: Капиталистическое воспроизводство в современных условиях, М․, 1966: Анчишкин А․ И․, Яременко Ю․ В․, Темпы и пропорции экономического развития, М., 1967: К. Маркс и социалистическая экономика, М․, 1968: Факторы экономического развития СССР, М․, 1970․

Շ․ Մարգարյան

ՎԵՐԱՑԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ, տես Աբստրակտ արվեստ:

ՎԵՐԱՑԱԿԱՆԸ, տես Կոնկրետը և վերացականը։