և առաքման սպեկտրները (այդ սպեկտրներում տարբեր երկարության ալիքների հարաբերական ինտենսիվությունը) չափելու համար։ Սպեկտրալուսաչափը երկճառագայթ սարք է և հնարավորություն է տալիս չափել կլանման սպեկտրները՝ համեմատելով չափվող և էտալոնային կանալների լուսային խոսքերը, որոնք պտտվող օպտիկական մոդուլյատորի միջոցով հերթականությամբ ուղարկվում են դեպի մոնոքրոմատոր։ Երբ երկու կանալներում լուսային հոսքերի մեծությունները հավասարվում են, համակարգը գտնվում է հավասարակշռության մեջ, և օպտիկական սեպը մնում է անշարժ։ Ալիքի երկարության փոփոխության դեպքում հետազոտվող նմուշի թողունակությունը (կլանումը) փոխվում է, և համակարգի հավասարակշռությունը խախտվում է․ առաջանում է համապատասխան ազդանշան, որն ուժեղացնելով, տրվում է սեպը շարժման մեջ դնող շարժիչին։ Սեպը կշարժվի այնքան, մինչև երկու կանալներում հոսքերը հավասարվեն։ Սեպի հետ համընթաց շարժվող ինքնագրիչը շարժական ժապավենի վրա գրի է առնում կլանման կորը։ Սպեկտրալուսաչափի տարատեսակներից են սպեկտրոֆլուորիմետրը (ֆլուորեսցենցումը հետազոտելու համար), սպեկտրաբևեռաչափը (լույսի բևեռացումը հետազոտելու համար), սպեկտրոռեֆրակտոմետրը (բեկման ցուցչի դիսպերսիան հետազոտելու համար) ևն։
«Դասական» տիպի բազմականալ սպեկտրային սարքերում գրանցվում է միանգամից սպեկտրի լայն տիրույթ։ Այդպիսի սպեկտրային սարքերի օպտիկական սխեման նման է նկ․ 1-ում պատկերված սխեմային։ Եթե սպեկտրային սարքերի կիզակետային հարթությունում տեղավորվեն ելքի մի շարք ճեղքեր, ապա հնարավոր կլինի միաժամանակ առանձնացնել մի քանի նեղ սպեկտրային շերտեր։ Այդպիսի սարքը կոչվում է պոլիքրոմատոր։ Իսկ եթե ելքի յուրաքանչյուր ճեղքից դուրս եկող ճառագայթումը գրանցվի առանձին ընդունիչով, կստացվի բազմականալ սպեկտրոմետր, որը կոչվում է քվանտոմետր։ Բազմականալ սպեկտրային սարքերից ամենահինն ու տարածվածը սպեկտրոգրաֆն է, որի կիզակետային հարթությունում տեղավորված լուսանկարչական թիթեղի կամ ժապավենի վրա միաժամանակ գրանցվում է ճառագայթման համարյա ողջ սպեկտրը։ Թույլ ճառագայթման (աստղագիտական հետազոտություն) սպեկտրների գրանցման պահաժամը փոքրացնելու նպատակով սպեկտրագրաֆներում օգտագործում են էլեկտրոնաօպտիկական փոխակերպիչներ։ Բազմականալ սպեկտրային սարքերից պարզագույնը սպեկտրոսկոպն է։ Այս սարքում սպեկտրը դիտվում է աչքով՝ կիզակետային հարթությունում տեղավորված օկուլյարի միջոցով։ Սպեկտրոսկոպի տարատեսակներից է ստիլոսկոպը։
«Նոր» մեթոդներով աշխատող սպեկտրային սարքերում սպեկտրային տարրալուծումն իրականացվում է ոչ թե օպտիկական դիսպերսող տարրով, այլ սարքի էլեկտրական մասով։ Դրանց աշխատանքի հիմքում ընկած է ճառագայթման ընտրողական մոդուլումը։ Այս սարքերն ունեն մեծ լուսաուժ, որն էական է հատկապես սպեկտրի ինֆրակարմիր տիրույթի համար, որտեղ աղբյուրների պայծառությունը շատ փոքր է։ Նման սպեկտրային սարքերի միականալ տարբերակներում (Սիսամ և ռաստրային սպեկտրոմետրեր) մոդուլվում է ամբողջ սպեկտրի մի նեղ 6λ տիրույթ, իսկ մնացած մասը չի մոդուլվում։ Սիսամ (Իըամս, ինտերֆերենցիոն ընտրողական ամպլիտուդային մոդուլումով սպեկտրոմետր) սպեկտրոմետրը երկճառագայթ ինտերֆերոմետր է (Մայքելսոնի ինտերֆերոմետր), այն տարբերությամբ, որ հայելիները փոխարինված են դիֆրակցիոն ցանցերով։ Երկու ինտերֆերող փնջերի ընթացքների տարբերության գծային փոփոխությունն ինտերֆերենցիոն պատկերում առաջ է բերում ինտենսիվության պարբերական փոփոխություն, այսինքն՝ իրականացվում է ամպլիտուդային մոդուլում սպեկտրային նեղ տիրույթում, որը և գրանցվում է ընդունիչում։ Հետազոտվող սպեկտրային տիրույթի փոփոխությունը կատարվում է դիֆրակցիոն ցանցերի պտույտով։ Ռաստրային սպեկտրոմետրը «դասական» մեթոդով աշխատող սպեկտրոմետրերից տարբերվում է նրանով, որ մոնոքրոմատորի մուտքի և ելքի ճեղքերը փոխարինված են ռաստրերով։ Օպտիկական ռաստրը կազմված է բազմաթիվ թափանցիկ և անթափանց մասերից։ Սպեկտորմետրի կիզակետային հարթությունում ստացվում է մուտքի ռաստրի մեներանգ պատկերների շարք, որոնցից մեկի հետ համընկնում է ելքի ռաստրը՝ կազմելով մուտքի ռաստրի մեներանգ պատկերը։ «Նոր» մեթոդներով աշխատող բազմականալ սպեկտրային սարքերում (ֆուրիե–սպեկտրոմետր, ադամար–սպեկտրոմետր) սպեկտրի յուրաքանչյուր 6λ տիրույթ միաժամանակ մոդուլվում է տարբեր հաճախականություններով՝ կապված յուրաքանչյուր տիրույթի ալիքի երկարության հետ։ Ընդունիչի գրանցած այդ բարդ էլեկտրական ազդանշանը հետազոտվող սպեկտրի Ֆուրիեի ձևափոխությունն է։ Ճառագայթանման սպեկտրային բաղադրությունը կարելի է պարզել՝ էլեկտրոնային հաշվողական մեքենայի միջոցով ստացված էլեկտրական ազդանշանի Ֆուրիեի հակադարձ ձևափոխություն կատարելով։ «Նոր» մեթոդներով աշխատող սպեկտրային սարքերը անընդհատ կատարելագործվում են։
Գրկ․ Тарасов К․ И․, Спектральные приборы, Л․, 1968: Пейсахсон И․ В․, Оптика спектральных приборов, Л․, 1970: Зайдель А․ Н․, Островская Г․ В․, Островский Ю․И․, Техника и практика спектроскопии, М․, 1972․
ՍՊԵԿՏՐԱՅԻՆ ՍԵՐԻԱՆԵՐ (լատ․ series–շարք), տես Սպեկտրներ ատոմային։
ՍՊԵԿՏՐԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, նյութի ատոմային ու մոլեկուլային բաղադրության որակական և քանակական որոշման ֆիզիկական մեթոդ՝ հիմնված նյութի սպեկտրների ուսումնասիրության վրա։ Սպեկտրային վերլուծության ֆիզիկական հիմքը ատոմների և մոլեկուլների սպեկտրոսկոպիան է։ 1859–61-ին Գ․ Կիրխհոֆի և Ռ․ Բունզենի կատարած հետազոտությունները հնարավորություն են տվել կապ հաստատել գոլորշիների առաքման (կլանման) սպեկտրի և համապատասխան ատոմների քիմիական անհատականության միջև։ Այդ կապի գոյությունը պայմանավորել է որակական սպեկտրային վերլուծության զարգացումը։ Քանակական սպեկտրային վերլուծության հիմքը դրել է գերմանացի ֆիզիկոս Վ․ Դեռլախը 1926-ին։
Ըստ լուծվող խնդրի բնույթի՝ տարբերում են սպեկտրային վերլուծության հետևյալ տեսակները, ատոմային կամ տարրային (որոշվում է նմուշի քիմիական բաղադրությունը), մոլեկուլային (որոշվում է նմուշի մոլեկուլային բաղադրությունը), իզոտոպային (որոշվում են նմուշում իզոտոպների տեսակները), կառուցվածքային (որոշվում է միացության մոլեկուլային կառուցվածքը)։ Հտազոտվող սպեկտրի տեսակից կախված՝ սպեկտրային վերլուծությունը լինում է․ էմիսիոն (օգտագործվում են հիմնականում ատոմների առաքման սպեկտրները), կլանման (օգտագործվում են հիմնականում մոլեկուլների կլանման սպեկտրները), կոմբինացիոն (օգտագործվում է նմուշի կոմբինացիոն ցրման սպեկտրը), լյումինեսցենտային (օգտագործվում են լյումինեսցենցման սպեկտրները), ռենտգենյան (օգտագործվում է նմուշի ռենտգենյան սպեկտրը), ռադիոսպեկտրոսկոպիական (օգտագործվում է մոլեկուլի կլանման սպեկտրը միկրոալիքային տիրույթում)։ Ըստ ստացված արդյունքների բնույթի՝ սպեկտրային վերլուծությունը լինում է որակական, երբ սպեկտրի միջոցով որոշվում է նմուշի քիմիական բաղադրությունը (քիմիական տարրերի առկայությունը կամ մոլեկուլային կազմը) և քանակական, երբ ճշգրիտ որոշվում է նմուշում տվյալ տարրի կամ միացության քանակը։
Առաքման սպեկտրների (էմիսիոն, կոմբինացիոն, լյումինեսցենտային) օգնությամբ սպեկտրային վերլուծությունը կատարվում է հետևյալ փուլերով․ 1․ վերլուծության ենթարկվող նմուշի ընտրում և պատրաստում։ Նմուշի ճիշտ ընտրությունն էական է հատկապես այն դեպքում, երբ հետազոտվող խառնուրդի պարունակությունը շատ քիչ է։ 2․ Նմուշի սպեկտրի գրգռում այս կամ այն եղանակով։ 3․ Նմուշի առաքած սպեկտրի գրանցում սպեկտրային սարքերի միջոցով։ 4․ Ստացված սպեկտրի վերծանում՝ սպեկտրային գծերի աղյուսակների և ատլասների հետ համեմատելու միջոցով։ Ստացված սպեկտրային գծերի ալիքի երկարությունները ճշգրիտ որոշելուց հետո