Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/661

Այս էջը հաստատված է

Հյուսիսային Մարոկկոյում նախկին իսպանական գոտու վարչական կենտրոնը։ Հիմնադրվել է IX դ․։ Շրջակայքում են հռոմեական Տամուդ քաղաքի ավերակները։ Կան թանգարաններ, XVII դ․ ճարտարապետական հուշարձաններ։

ՏԵՐ ՄԱՆՎԵԼ ՔԱՐԳՈՐԾ (ծն․ և մահ․ թթ․ անհայտ), XV–XVI դդ․ քանդակազարդող հայ վարպետ։ Աշխատել է հոր՝ տեր Հովհաննեսի հետ։ Նրանց գործերից հայտնի է Առինջ գյուղի (այժմ՝ ՀԱՍՀ Աբովյանի շրջանում) մոտ գտնվող ավերակ բերդի մուտքի կամարակալ քարի վրա 1501-ին կերտված բարձրաքանդակը՝ դեմառդեմ իրար փաթաթված երկու վիշապ՝ կռվելիս։ Դրանից ներքև, մուտքի կալաքարի վրա, նրանց թողած արձանագրությունն է և քանդակի թիվը՝ ՋԾ։ Դ․ Հովսեփյանի կարծիքով («Խաղբակյանք», Ա, 165) վիշապների քանդակը ավելի հին՝ XIII–XIV դդ․ գործ է։ Նկ․ տես հ․ 1, էջ 541։

Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։

ՏԵՐ–ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Արմենակ Եփրեմի [16(28)․9․1898, Թիֆլիս –11․12․1957, Երևան], հայ սովետական երգիչ (տենոր), օպերայի և օպերետի արտիստ։ ՀԱՍՀ ժողովրդական արտիստ (1954)։ 1908–10-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, երգել Ս․ Մելիքյանի ղեկավարած երգչախմբում։ Ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան (1920), կատարելագործվել Մոսկվայի Հայ կուլտուրայի տան մեներգեցողության ստուդիայում (1936–37)։ Երգել է Երևանի կոնսերվատորիայի երգչախմբում, որպես մեներգիչ մասնակցել Ա․ Սպենդիարյանի ղեկավարած սիմֆոնիկ համերգներին։ 1937–41-ին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ Հանգես է եկել Սարոյի (Ա․ Տիգրանյանի «Անուշ»), Սեթոյի (Հ․ Ստեփանյանի «Լուսաբացին»), Լիստնիցկու (Ի․ Զերժինսկու «Խաղաղ Դոն») դերերգերի կատարմամբ։ Եղել է Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի կազմակերպիչներից (1942-ից) և առաջին արտիստներից, 1941–52-ին՝ Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգիչ։ Որպես երգիչ մասնակցել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Պեպո», «Զանգեզուր», «Քաջ Նազար», «Սևանի ձկնորսները», «Անահիտ» կինոֆիլմերի նկարահանմանը։ Տեր–Աբրահամյանի ձայնն առանձնանում էր արտակարգ ջերմությամբ, մեծ արտահայտչականությամբ, թավշյա քնքշությամբ։ Նրա կատարմանը բնորոշ էր անմիջականությունը, բնականությունը, զգացմունքային ազատությունը։ Առանձին վարպետությամբ և հմայքով է կատարել հայկական ժողովրդական ու գուսանական («Ես սարեն կուգայի», «Պաղ աղբյուրի մոտ», «Առ սիրուհիս»), Կոմիտասի «Կռունկ», «Ախ մարալ ջան», «Անտունի», «Ծիրանի ծառ» երգերը։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Ա․ Սարյան


ՏԵՐԱԿՈՏԱ (իտալ․ terra cotta, < terra – հող, կավ և cotta – թրծված), թրծուն, թրծակավ, չջնարակված, գունավոր, ծակոտկեն մակերեսով գեղարվեստական և կիրառական խեցեղեն կերտվածքներ (անոթներ, սկահակներ, քանդակներ, խաղալիքներ, հախճասալեր, ճարտ․ մանրամասեր և այլն)։ Թրծվելուց հետո Տերակոտան ստանում է բնորոշ գույն (բաց դեղնավունից մինչև կարմիր–դարչնագույն, սև) ու մակատեսք (խոշորահատիկից մինչև մանրահատիկ՝ լրիվ կամ մասնակի ողորկությամբ)։ Գեղարվեստական Տերաոտայի նմուշները հայտնի են նոր քարի դարից։ Կիրառվում է նաև ժամանակակից քանդակագործության մեջ։


ՏԵՐ–ԱՂԵՔՍԱՆԴՐՅԱՆ Գեորգ Դավթի (1840, Թիֆլիս –3․2․1890, Թիֆլիս), հայ բանահավաք–ազգագրագետ, գրող։ Սկզբնական կրթությունն ստացել է Ներսիսյան դպրոցում (1860), ապա սովորել դասական գիմնազիայում (Թիֆլիս)։ «Մեղու Հայաստանի», «Կռունկ հայոց աշխարհի», «Արձագանք», «Նոր դար» պարբերականներում լույս են տեսել Տեր–Աղեքսանդրյանի չափածո («Մեկ խարազի կյանքից», երգիծական պոեմ՝ Թիֆլիսի բարբառով) և արձակ գործերը («Ուխտագնացություն ի Թելեթ», «Պրիկազչիկ Միշելը», «Տանու աղջիկը անկտրիլ խարբուզակ է» և այլն), հոդվածներն ու գրախոսությունները («Մեր աշուղների խաղերը», «Գ․ Մրվանձտյանցի «Գրոց–բրոցը», «Մայաթ–Նովայի հիշատակին», «Թիֆլիսեցու հանճարը յուր առածների և ասացվածքների մեջ» են), թարգմանությունները (Ի․ Կռիլովի առակներից, Ա․ Օստրովսկու «Ուրիշի սահնակ մի նստիր», «Արդյունավոր պաշտոն» պիեսները)։ Նրա աշխատություններից գլխավորը «Թիֆլիսեցոց մտավոր կյանքը» (1885) բանահյուսական նյութերի ժողովածուն է (շուրջ 6700 առած–ասացվածք, ոճական ու դարձվածքային նմուշ, երգ, հեքիաթ, հանելուկ, շուտասելուկ, աղոթք, օրհնանք, անեծք, կենաց, մականուն են)։ Տեր–Աղեքսանդրյանը ստորագրել է նաև Դաբաղ Ղաղո, Շաքար Մանուշակյանց, Գեո Ավետիսով, Աղվինինց Դավիթ։ Ա․ Նազինյան

ՏԵՐ–ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Երվանդ Գրիգորի [9(22)․11․1865, Պարտիզակ –26․4․1945, Լիոն], հայ բանասեր, հրապարակագիր, թարգմանիչ։ Կրթություն է ստացել ծննդավայրում։ 1882-ից եղել է ուսուցիչ։ Աշխատակցել է «Ընտանիք», «Երկրագունդ» պարբերականներին (1883–88)։ 1895-ից, ուսուցչությանը զուգընթաց, որպես խմբագրապետ, հաջորդաբար աշխատել է «Արևլք», «Բյուգանդիոն», «Մանզումեի էֆքիար» օրաթերթերում։ Հանդես է եկել միջազգային քաղաքականության, ազգային–մշակութային կյանքի, գրական–բանասիրական հարցերի վերաբերյալ հոդվածներով։ Որոշակի ավանդ ունի արևմտահայ գրական լեզվի մշակման գործում․ հիշատակելի են «Ծաղկաքաղ» (1889) հայ գրականության դասագիրքը և «Քերականական զրույցներ»-ը։ 1919–20-ին Կ․Պոլսում հրատարակել է «Նոր կյանք» օրաթերթը, տպագրել Մեծ եղեռնից փրկվածների վկայությունները։ 1922-ից ապրել է Բուլղարիայում, ապա՝ Ֆրանսիայում։ Տեր–Անդրեասյանը աշխարհաբարի է վերածել հայ շարականները («Շարականք հայ Ս․ եկեղեցւոյ», հ․ 1–2, 1902–04), թարգմանել է շատ գրքեր, այդ թվում՝ Ֆ․ Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրերը» (հ․ 1–2, 1935) և շվեցարացի գրող, բանասեր, հոգևորական Կ․ Բրեֆինի «Քրիստոս Ինքնակալ» պատմավեպը, որն ինքը Տեր–Անդրեասյանն ենթավերնագրել է «Առյուծարքայն Հայոց Տրդատես» (1967)։ Գործածել է նաև Ետան, Տարազ, Ահուրամազդա ծածկանունները։ Գրկ․ Արծաթագիրք Երվանդ Տեր–Անդրեասյանի, վկայություններ հայ գրողներու և մտավորականներու կողմե, Փարիզ, [1944]։

Գ․ Անդրեասյան


ՏԵՐ–ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Հրանտ Միհրանի (22․10․1892, Պարտիզակ –11․9․1978, Կ․ Պոլիս), հայ գրականագետ, պատմաբան, թարգմանիչ։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ներսես– Շուշանյան վարժարանում, ավարտել Կ․ Պոլսի համալսարանի գրականության ֆակուլտետը։ Եղել է ուսուցիչ–տնօրեն Ռոդոսթոյի և Կ․ Պոլսի ազգային վարժարաններում (1913–24), դասավանդել Պեզազյան և Մխիթարյան դպրոցներում, Կեդրոնական վարժարանում (1925–63)։ 1963–72-ին՝ Կեդրոնականի տնօրենը։ Միաժամանակ դասախոսել ու գիտական աշխատանք է կատարել Կ․ Պոլսի համալսարանում, զբաղվել թուրքական պատմագրության հետ առնչվող հայկական աղբյուրներով («Պատմության վերաբերյալ հայկական աղբյուրներ», 1950, «Ջալալիների ապստամբությունները ըստ հայկական մի աղբյուրի», 1963, «ԺԴ և ԺԵ դդ․ թուրք պատմության վերաբերյալ հայերեն մանր ժամանակագրություններ և հիշատակարաններ», 1973 են․ գրվել են թուրք․)։ Տեր–Անդրեասյանի թուրքական թարգմանությամբ, ծանոթագրությամբ ու մեկնաբանություններով լույս են տեսել Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի «Պատմութիւն Ստամպօլայ»-ը (1952), Ղ․ Ինճիճյանի «Ստամպօլ»-ը (2 հրտ․, 1976), Գ․ Ակներցու «Պատմութիւն ազգին նետողաց»-ը (1954), Սիմեոն Լեհացու «Ուղեգրութիւն, տարեգրութիւն և հիշատակարանք»-ը (1964), Գ․ Օղուլլուխյանի