Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/671

Այս էջը հաստատված է

Տերետորիալ ջրերով խաղաղ անցման իրավունք ունեն միջազգային կոնվենցիայի պահանջներով (անցումը չպետք է խախտի ափամերձ պետության անվտանգությունը ևն) ղեկավարվող բոլոր պետությունների նավերը։ Տերետորիալ ջրերի լայնության հարցը միշտ եղել է վիճելի։ Կարծիքներ են եղել ճանաչել 3,6 կամ 12 ծովային մղոն լայնություն ունեցող շերտը, իսկ որոշ պետություններ միակողմանիորեն այն ընդարձակել են մինչև 200 ծովային մղոն։ ՄԱԿ–ի 3-րդ կոնֆերանսում 12 ծովային մղոնն ընդունվել է Տերետորիալ ջրերի, 200 մղոնը՝ տնտեսական գոտու աոավելագույն սահման։ Տերետորիալ ջրերի արտաքին սահմանը այն գիծն է, որի յուրաքանչյուր կետը ելակետային (բազիսային) գծի (ամենամոտ կետից գտնվում է պետության հայտարարած Տերետորիալ ջրերի լայնությանը հավասար հեռավորության վրա։ Տերետորիալ ջրերի ելակետային գիծը համարվում է պետության ծովափի երկարությամբ ամենամեծ տեղատվության գիծը։

Յու․ Բարսեղով

ՏԵՐԻՏՈՐԻԱԼ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ (ՏԱՀ), երկրի միասնական ժողտնտեսական համալիրի բաղկացուցիչը որոշակի տարածքում։ Ընդգրկում է նյութական արտադրության ձեռնարկությունները և ոչ արտադրական ոլորտի օբյեկտները։

Տերիտորիալ-արտադրական համալիրները ձևավորվում են միութենական հանրապետությունների ու տնտեսական շրջանների սահմաններում և այդ շրջանների համալիր զարգացման ու ժողտնտեսության օպտիմալ կառուցվածքի ստեղծման կարևոր պայման են (տես նաև Տնտեսական շրջանացում)։ Ձևավորվող Տերիտորիալ-արտադրական համալիրների համալիրության և արդյունավետության բարձրացումը սերտորեն կապված է պլանավորման և կառավարման կատարելագործման հետ։ ՍՍՀՄ–ում սոցիալիստական շինարարության փորձը ցույց է տալիս, որ տերիտորիալ-արտադրական համալիրը տնտեսության տարածքային ճյուղային կազմակերպման առավել առաջադիմական ձև է։ Դրանց ստեղծումը լայն ծավալ է ստացել սկսած 1970-ական թթ․, երբ գլխավորապես հարուստ և արդյունավետ բնական ռեսուրսների բազայի վրա կազմակերպվեցին Արևմտասիբիրական, Կենտրոնակրասնոյարսկի, Կենտրոնաիրկուտսկի, Բրատսկ–Ուստ–Իլիմսկի, Հարավ–Տաջիկական, Հարավ–Յակուտական, Տիմանա-Պեչորական, Կուրսկի մագնիսական անոմալիայի, Օրենբուրգի, Պավլոդար–Էկիբաստուգի, Կարաթաու–Ջամբուլի, Մանգըշլակի և այլ տերիտորիալ-արտադրական համալիրներ։ Մի շարք համալիրներ են ձևավորվելու կառուցվող Բայկալ–Ամուրյան մայրուղու գոտում։ Տերիտորիալ-արտադրական համալիրների ձևավորմամբ կատարելագործվում է տնտեսության տարածքային–ճյուղային կազմակերպումը և զգալիորեն բարձրանում հասարակական արտադրության արդյունավետությունը։

Վ․ Ներկարարյան

ՏԵՐ–ՀԱԿՈԲՅԱՆ Սենեքերիմ Իոսչաաուրի [Չելեպի, 1881, ք․ Գյումուշխանե (Տրապիզոնի վիլայեթում)–1938], բանասեր, մանկավարժ։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1896–1903) և Բեռլինի համալսարանում (1905–1910)։ Դասավանդել է Թավրիզի (1903-05), Երևանի, Ալեքսանդրապոլի, Շուշիի, Նախիջևանի, Թիֆլիսի և Բաքվի հայկական դպրոցներում, Գևորգյան ճեմարանում (1910–17)։ Եղել է Էջմիածնի թանգարանի վարիչի օգնական (1917–21), Էջմիածնի մատենադարանի դիրեկտոր (1921–37)։ Մեծ եղեռնից փրկված հայ գաղթականներից հավաքել է հարուստ ազգագրական նյութեր, մատենադարանի հավաքածուները հարստացրել նոր ձեռագրերով։ Հեղինակ է մի շարք հոդվածների և ուսումնասիրությունների (անտիպ)։ Տեր–Հակոբյանի արխիվը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Գրկ․ Ադամյան Ա․ Հ․, Սենեքերիմ Տեր–Հակոբյանի արխիվը, «ԼՀԳ», 1971, N 12։

Բ․ Չուքասզյան

ՏԵՐ–ՀԱՐՈՒԹՅԱՆ (Տեր–Հարությունյան) Խորեն Հարությունի (ծն․ 2․3․1909, Աշոտավան, այժմ՝ Աշվան, Արմ․ Հայաստան), ամերիկահայ քանդակագործ, նկարիչ։ Մեծ եղեռնի օրերին տեղահանվել է ծննդավայրից, 1921-ին հանգրվանել է Վուստերում (ԱՄՆ), ուր 2 տարի հաճախել է տեղի թանգարանի գեղարվեստական կիրակնօրյա դպրոցը։ Աճել և պրոֆեսիոնալ հասունություն է ձեռք բերել հիմնականում ինքնուրույն աշխատանքով։

1929-ից մշտական բնակություն է հաստատել Նյու Յորքում։ 1930–44-ին մեծ մասամբ ապրել է Ճամայկայում, ստեղծել տեղի բնությանը, աշխատավորների կենցաղին նվիրված յուղաներկ ու ջրաներկ գործեր։ 1930-ական թթ․ վերջերից հիմնականում հանդես է եկել որպես քանդակագործ։ Թեմաների և գեղարվեստական ձևերի լայն ընդգրկման տեր արգասավոր արվեստագետը, չնայած մոդեռնիզմին տված որոշ հարևանցի տուրքերին, ստեղծագործել է ռեալիստական մեթոդով։ Հավասար հաջողությամբ տիրապետում է բրոնզի, տարբեր Փայտերի ու քարերի քանդակման ձևերին ու մշակման տեխնոլոգիային։ Ստվար շարքեր են կազմում Տեր–Հարությանի անիմալիստական գործերը («Եղնիկներ», մարմար, 1940, «Բազե», ավազաքար, 1955, «Աքլորամարտ», բրոնզ, 1962), այլաբանությունները («Արձագանք», օնիքս, 1948, «Օրփեոսի ձայնը», գրանիտ, 1955, «Անի», բրոնզ, 1963, «Արարատի գագաթը», մարմար, 1967), դիցաբանական, ինչպես և աշխարհիկ մեկնաբանություն ունեցող աստվածաշնչային թեմաները («Լեդա», բրոնզ, 1943, 1963, 1981, «Դանայա», բրոնզ, 1963, «Արարչագործություն», փայտ, 1937, «Կայեն», Փայտ, 1942, «Մարգարե», մարմար, 1944, «Հոբ Երանելի», մարմար, 1947), պատերազմի և սոցիալական անարդարությունների հետևանք մարդկային ողբերգությունները («Ողբերգություն», փայտ, 1941, «Տառապող ժողովուրդը»՝ նվիրված Լենինգրադի հերոսական պաշտպանությանը, փայտ, 1942, «Դատապարտվածը», փայտ, 1944, «Սովամահություն», փայտ, 1947, «Մի՛ սպաններ», բրոնզ, 1963)։ Մի ամբողջ պատկերաշար են կազմում Հիրոսիմային, Լիդիցեին, Վիետնամի պատերազմին նվիրված գրաֆիկական թերթերը։ Նրա արվեստում առկա են նաև ըմբոստ, հանուն արդարության պայքարող կերպարները («Դավիթ և Գողիաթ», փայտ, 1943, «Կյանքի պայքար», փայտ, 1944, «Չարի վախճանը», փայտ, 1944)։

Տեր–Հարությանի ստեղծագործության մեջ մեծ տեղ ունեն հայկական թեմաները, որոնց անդրադարձել է բազմիցս, հայրենասիրական շնչով մարմնավորելով ազգային էպոսի («Սասունցի Դավթի ծնունդը», մարմար, 1950, «Ծովինար», բրոնզ, 1963), ազատագրական պայքարի հերոսների («Վարդան զորավար», «Մուսա լեռան 40 օրը», երկուսն էլ՝ բրոնզ, 1963), հայ դպրության մեծերի («Մեսրոպ Մաշտոց», «Մահակ Պարթև», երկուսն էլ՝ բրոնզ, 1964), ինչպես և Հայաստանի արդիականությունը խորհրդանշող («Արարատի որդին», մարմար, 1947, «Արարատի մայրը», մարմար, 1973) կերպարները։ Ստեղծել է նաև Մեծ եղեռնին նվիրված բարձրաքանդակների