Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/68

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

միավորել ձմեռային և ամառային թատրոնները մեկ շենքի մեջ, հանգեցրել է նորարարական մի շարք լուծումների։ Երկդահլիճ թատերական շենքին Ա․ Հ․ Թամանյանը տվել է տարածական ոչ անսովոր, բայց արտահայտիչ մարմնավորում․ բեմի հանդիպակաց կողմերի կիսաշրջանաձև դահլիճները, իրենց օժանդակ մասերով, միավորված են հատակագծում օվալաձև, աստիճանաբար բարձրացող տարածական կոմպոզիցիայի մեջ, որի կենտրոնում բեմի ծավալն է։ Նոր լուծում ուներ բեմը՝ յուրաքանչյուր դահլիճում բաղկացած հիմնական և կողային բեմերից, միավորված ընդհանուր պորտալով։ Բեմի հատակի համար նախագծված էր նոր, կատարյալ մեխանիկական սարքավորում։ Ըստ նախագծի շենքի հվ․ կողմում լինելու էր ձմեռային թատրոնը, հս․ կողմում՝ ամառային թատրոնը։ Շենքի երկու դահլիճները մեծ հանդեսների համար հնարավոր էր միավորել՝ բացելով բեմի երկու կողմի պորտալները, և բեմը դահլիճների շրջվող պարտերների հետ դառնալու էր ընդարձակ ասպարեզ, իսկ երկու ամֆիթատրոնները՝ շուրջ 3 հզ․ տեղ ունեցող օվալաձև հանդիսասրահ։ Ամառային թատրոնի ծածկը հենվելու էր շենքի արտաքին, կիսաշրջանաձև պարագծով դասավորված սյուներին․ ճակատի առաջին, երկրորդ, երրորդ հարկերի միջսյունային տարածությունները բաց էին և տարածականորեն կապելու էին դահլիճը կից պուրակի հետ, որը ծառայելու էր իբրև բացօթյա ճեմասրահ։ Շենքի աչքի ընկնող տեղերում (դրսում և ներսում) պիտի լինեին զարդաքանդակներ ու որմնանկարներ, ըստ նախագծի վերջին տարբերակներից մեկի՝ նաև արձաններ։ 1937-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում թատրոնի նախագծին շնորհվել է Ոսկե մեծ մեդալ (Grand prix)։ Թատրոնի շրջակա տարածությունում Ա․ Թամանյանը նախատեսել էր գեղարվեստական հաստատություններ, որոնց համալիրը, ներառյալ նաև թատրոնը, կոչվում էր ժողովրդական տուն։ Սկզբնական նախագծերում թատրոնը կոչվում էր ժողովրդական տան թատրոն։

Շենքի շինարարությունն իրականացվել է երկու փուլով․ 1939-ին ավարտվել է ձմեռային թատրոնի համար նախատեսված մասը, որտեղ սկսել է գործել օպերայի և բալետի թատրոնը [չիրականացվեց դահլիճները միավորելու կարևոր մտահղացումը, թերի կատարվեց բեմի մեքենայացումը, գրանիտով կառուցվեց շենքի միայն առաջին երկու հարկը (նախատեսված էր ամբողջը) ևն]։ Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթբետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ (ավարտվել է 1953-ին, ճարտարապետ Գ․ Ա․ Թամանյան), որը չփոխեց շենքի՝ բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը։ Մոնումենտալ այս շենքը իր միասնական ու հաստատուն ծավալով, քանդակագործական երկին հատուկ արտահայտչական ուժով, հանդիսավոր ու գեղեցիկ ձևերով, ներդաշնակ համաչափություններով իշխում է շրջակա կառուցապատմանը և քաղաքի համայնապատկերում։ Հայ ճարտարապետության լավագույն ավանդույթներն ու կենսունակ ձևերը այստեղ կիրառված են ստեղծագործական այնպիսի վերամշակումով, որ ստացել են այժմեական հնչողություն և նոր որակ։ Շատ կարևոր եղավ այս շենքի նշանակությունը և սովետահայ ճարտարապետության համար։

1978–80-ին օպերայի և բալետի թատրոնը, 1981–83-ին նաև Համերգային մեծ դահլիճը (վերանորոգման նախագծերը՝ Գ․ Ա․ Թամանյանի, մասնակցությամբ ճարտարապետներ՝ Յու․ Ա․ Թամանյանի և Գ․ Գ․ Թամանյանի) հիմնովին վերանորոգվել են (լրացվել է բեմի մեխանիկական սարքավորումը, բացվել են կողային բեմերը ևն), փոխվել են դահլիճների, նախասրահների, ճեմասրահների և ներքին մյուս տարածությունների հարդարման շինանյութերը, օգտագործվել է մարմար, գրանիտ ևն, իրականացվել են ճակատների որմնասյուների խոյակների, գոտիների, մուտքի դռների շրջակալների զարդաքանդակները, գրանիտով վերակառուցվել է երկրորդ հարկի քիվապատը։ 1980-ից սկսվել են շենքը գրանիտով երեսպատելու աշխատանքները։ Վերանորոգումից հետո օպերայի դահլիճն ունի 1200 տեղ, Համերգային դահլիճը՝ 1400 տեղ։

Գրկ․ Государственный театр оперы и балета Армении имени А․ А․ Спендиарова, М․,1939; Бархин Г․, Архитектура театра, М․, 1947; Тигранов Г․, Опера и балет Армении, М․, 1966; Նույնի, Армянский музыкальный театр, т․ 1–3, Е․, 1956–75․

Լ․ Զորյան

ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ–ԹԱՆԳԱՐԱՆ, գործում է 1967-ի նոյեմբ․ 25-ից, Երևանում։ Բացվել է Նալբանդյան փողոցի № 21 տանը, որտեղ կոմպոզիտորն ապրել է կյանքի վերջին տարիներին (1926–1928)։ Թանգարանի ֆոնդերը կազմում են մոտ 1000 միավոր։ Ցուցասրահներում ներկայացված են Սպենդիարյանի կյանքին և ստեղծագործությանը վերաբերող նյութեր, իրեր։ Էքսպոզիցիայի մի զգալի բաժին նվիրված է կոմպոզիտորի ստեղծագործության երևանյան շրջանին (1924–1928)։ Ներկայացված է Սպենդիարյանի աշխատասենյակը, որտեղ նա աշխատել է «Ալմաստ» օպերայի գործիքավորման վրա։ Ցուցադրվում է նաև հայկական ժողովրդական գործիքների հավաքածու, որը թանգարանի մի առանձին բաժինն է կազմում։ Թանգարանում կազմակերպվում են համերգներ, դասախոսություններ։

Ա․ Զախարյան

ՍՊԵՆԴԻԱՐՈՎ (Սպենդիարյանց) Լեոնիդ Աֆանասիի (Ստեփանոսի) (15․5․1869, Սիմֆերոպոլ – 17․8․1897, Պետերբուրգ), հայ երկրաբան։ Կոմպոզիտոր Ա․ Ս․ Սպենդիարյանի եղբայրը։ 1894-ին ավարտել է Յուրևի (այժմ՝ Տարտու) համալսարանը։ Գյուղատնտեսական և միներալոգիական գիտությունների թեկնածու։ Հիմնականում զբաղվել է միներալոգիայով, պետրոգրաֆիայով և հնէաբանությամբ։ Ուսումնասիրել է ՀՍՍՀ Արագածի և Կոտայքի (այժմ՝ Աբովյանի) շրջանի նորագույն հրաբխային ապարները, Ավստրիայի երկրաբանական կառուցվածքը, Ղրիմում և Կովկասում հավաքել ու մշակել է հնէաբանական հետաքրքիր նյութեր։ Սպենդիարովը մասնակցել է Միջազգային երկրաբանական կոնգրեսի VI (1894, Ցյուրիխ) և VII (1897, Պետերբուրգ) նստաշրջանների աշխատանքներին։ Սպենդիարովի մահվանից հետո (1897-ին) սահմանվեց Սպենդիարովի անվան մրցանակ։

ՍՊԵՆԴԻԱՐՈՎԱ (Սպենդիարյան) Տատյանա Ալեքսանդրի (ծն․ 21․12․1901, Յալթա), սովետական թարգմանչուհի, բանաստեղծուհի։ Կոմպոզիտոր Ա․ Սպենդիարյանի դուստրը։ Գրել է պատանեկության տարիներից։ 1922-ին լույս է տեսել նրա «Նվեր» ժողովածուն։ Սպենդիարովան ռուս, թարգմանական դասական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է։ Տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին։ Թարգմանել է անգլերենից (Ջ․ Քիթս, հին անգլերեն երգեր), գերմաներենից (Ֆ․ Շիլլեր), հրեերենից (իդիշից, Օ․ Դրիզ), ինչպես նաև Արևելքի (Օ․ Խայամ, Հաֆեգ, Ա․ Նավոի, Վագիֆ, Ռ․ Թագոր ևն) և այլ ժողովուրդների պոեզիայի նմուշներից։

Սակայն Սպենդիարովայի գրական գործունեության մեջ առաջատարը հայ պոեզիայից կատարած թարգմանություններն են (Սայաթ–Նովա, Հ․ Թումանյան, Ա․ Իսահակյան, Վ․ Տերյան, Դ․ Վարուժան, Ե․ Չարենց, Գ․ Սարյան, Հ․ Շիրազ, Ս․ Կապուտիկյան, Հ․ Սահյան, Վ․ Դավթյան ևն)։ Հարազատ մնալով հեղինակի մտքերի, զգացմունքների, ապրումների խորությանը՝ Սպենդիարովան տվել է երաժշտականության ու ձևի տեսակետից կատարյալ թարգմանություններ։ Գրել է նաև պատմվածքներ։

Երկ․ Пора золотая (переводы, стихи, рассказы), Е․, 1983․

Ս․ Վերմիշևա