շրջկենտրոնից 30 կմ արմ․։ Սովետական տնտեսությունն զբաղվում է ծխախոտի և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց։ Հիմնադրել են Սամսունի շրջանից եկած հայերը, 1882-ին։
ՍՊԵՐ, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում, Ճորոխ գետի վերին հոսանքի շրջանում։ Եղել է Բագրատունիների ժառանգ. տիրույթը։ Իշխանանիստ կենտրոնն էր Սպեր բերդաքաղաքը։ Մյուս նշանավոր բերդն էր Բաբերդը։ Սպերը հռչակված էր ոսկու հարուստ հանքերով, որոնք հնում շահագործվել են։ Անտիկ հեղինակները Սպերը հիշատակում են Սիսպիրիտիս, Հեսպերիտիս ևն անվանումներով («սասպեյրներ» ցեղանունից)։ Մեծ Հայքի բաժանումից (387) հետո Սպերը մտել է Հայաստանի հռոմ․ մասի մեջ։ Արաբ. նվաճումներից հետո եղել է Արմինիա ոստիկանության, 885-ից՝ հայ Բագրատունյաց թագավորության կազմում։ XI դ․ վերջին Սպերը նվաճել են սելջուկյան թուրքերը։ 1207-ից հայ–վրաց․ զորքերը՝ Զաքարե և Իվանե Զաքարյանների գլխավորությամբ, ազատագրել են Սպերը։ 1242-ին Սպերը զավթել են Բարձր Հայք ներխուժած մոնղոլ. հորդաները։ XV դ․ Սպերը ընկել է կարա–կոյունլու, ապա՝ ակ–կոյունլու թուրքմեն ցեղերի, 1502-ից՝ Սեֆևյան Պարսկաստանի տիրապետության ներքո։ Օսմանյան սուլթանությունը Սպերը զավթել է 1555-ի և 1639-ի թուրք–պարսկ․ պայմանագրերով։ Թուրքերը Սպերը բաժանել են երկու մասի՝ Բաբերդ (Բայբուրթ)՝ համանուն կենտրոնով, և Սպեր քաղաքն իր շրջակայքով, որոնք, մեծ մասամբ որպես սանջակներ (լիվաներ), մտնում էին Էրզրումի էյալեթի (վիլայեթի) մեջ։ Երբեմն Սպերը կցվել է Չլդըրի էյալեթին։ XVII դ․ Սպերը զուտ հայաբնակ էր։ Հակոբ Կարնեցին նշում է, որ Սպերի բնակիչները ամբողջովին հայեր էին։ Զբաղվում էին այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, հանքարդյունահանությամբ (հռչակավոր էին Վանք–Մադենի արծաթահանքերը), արհեստներով։ XV–XVII դդ․ զանազան նվաճողների ասպատակություններն ու կրկնվող պատերազմները ավերեցին Սպերը։ XVII դ․ սկզբին Շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթը մեծ վնաս հասցրեց նաև Սպերին։ XVII դ․ վերջին Սպերի հազարավոր հայեր, խուսափելով թուրք. հալածանքներից, հեռացան, իսկ մնացածներից շատերը XVIII դ․ սկզբին բռնությամբ մահմեդականացվեցին։ Հայ բնակիչների թիվը բավականին նվազեց 1829–30-ի գաղթի ժամանակ, երբ ավելի քան 1000 ընտանիք Բաբերդից և Սպերից վերաբնակվեց Ախալքալաքում ու Ախալցխայում։ 1895–96-ին Սպերի քրիստոնյա հայերը ենթարկվեցին համիդյան կոտորածներին։ Չնայած դրան, XX դ․ սկզբին էլ Սպերի բնակիչները հիմնականում հայերն էին՝ քրիստոնյա և մահմեդական։ Վերջիններս պահպանել էին հայկական շատ սովորույթներ, որոշ տեղերում՝ նաև լեզուն: Անփոփոխ էին մնացել նրանց գյուղերի պատմ․ անունները։ XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին Սպերը Էրզրումի վիլայեթի գավառակներից (կազա) էր։ Հս–ից սահմանակից էր Համշենի և Խոտորջրի, արլ–ից՝ Թորթումի, արմ–ից՝ Բաբերդի և հվ–ից՝ Էրզրումի գավառներին։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Սպերի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են։ Սեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Սպերի հայաբնակ բնակավայրերը․ Աղբրիկ, Ավեր, Գանձ (Գանձասար), Գող (Կյող), էգեձոր, Թշաձոր (Դշաձոր), Խոզաղբյուր, Կաժ, Հիշեն, Հողեկ, Հունուտ, Ձկնաջուր (Զենաջուր), Ղազենց, Ճիպոտ (Չիփոթ), Մանց (Մաթուսանց, Մաթսանց), Մեզեգրեկ (Մեզերեկ), Շեհրիստանց, Ջուրակենց, Սալաձոր, Սպեր կամ Գասապա, Վանք, Վարիզոնց, Տշանց, Քրեոզ, Օձուտ (Օձտեղ)։
Գրկ.Ինճիճյան Ղ․, Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնւո․, 1822։ Կարնեցի Հ․, Տեղագիր Վերին Հայոց, Վաղ–պատ, 1903։ Ա–Դո, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները, Ե․, 1912։ Սրվանձտյանց Գ․, Երկ․, հ․ 2, Ե․, 1982։ Տես նաև Սպեր հոդվածի գրականությունը։
ՍՊԵՐ, բերդաքաղաք Սեծ Հայքի ԲարձրՀայք նահանգում, Սպեր գավառի կենտրոնը, Ճորոխ գետի աջ ափին, գեղատեսիլ այգեշատ ձորում։ Սպերը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այն եղել է Բագրատունիների տիրույթը։ Հակոբ Կարնեցին (XVII դ․) Սպերն անվանում է«պարոնանիստ քաղաք»։ XV դ․ վերջին քառորդին Սպերը զավթել են օսմանյան թուրքերը։ XIX դ․ սկզբին մոտ 900 տուն բնակիչ ունեցող Սպերը, հետագա տասնամյակներին հայերի արտագաղթից հետո, վերածվեց անշուք գյուղաքաղաքի։ XIX դ. 70-ական թթ․ վերջին Սպերում ապրում էր 230 հայ (25 տուն)։ Ունեին եկեղեցի (Ս․ Աստվածածին) և վարժարան (Բագրատունյան)։ XX դ․ սկզբին այնտեղ ապրում էր 40 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին արհեստներով և այգեգործությամբ։ Շրջակա լեռներում պահպանվել էին բերդի և հայկական եկեղեցու ավերակներ, իսկ Ճորոխի վրա՝ հնագույն մի կամուրջ։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Սպերի հայերը բռնությամբ տեղահանվել են։ Սեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Այժմ Սպերը (Իսփիր) փոքրիկ ավան է Թուրքիայի էրզրումի իլում։
Գրկ․ Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ․ 2, Ե․, 1964։ Ինճիճյան Ղ․, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ․ 1, Ասիա, հ․ 1, Վնտ․, 1806։ Ալիշան Ղ․, Տեղագիր Հայոց Մեծաց, Վնտ․, 1855։
ՍՊԵՐԱՆՍԿԻ Ալեքսեյ Դմիտրևիչ (1888-1961), սովետական ախտաբան-ֆիզիոլոգ։ ՍՍՀՄ ԳԱ (1939) և ՍՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1911-ին ավարտել է Կազանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ 1920-ից եղել է Իրկուտսկի համալսարանի օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի պրոֆ․, 1923–28-ին՝ Ի․ Պ․ Պավլովի ասիստենտը, միաժամանակ կազմակերպել (1926) ու ղեկավարել է Լենինգրադի վիրաբուժական նյարդախտաբանության ինստ–ի փորձառական բաժինը։ 1928–34-ին Լենինգրադի փորձառական բժշկության ախտաբանական ֆիզիոլոգիայի, 1934-ից՝ Մոսկվայի փորձառական բժշկության համամիութենական ինստ–ի ընդհանուր ախտաբանության բաժինների վարիչ։ 1945-ից՝ ՍՍՀՄ ԲԳԱ ընդհանուր և փորձառական ախտաբանության ինստ–ի դիրեկտոր, 1954-ից (ինստ–ի վերակառուցումից հետո)՝ ընդհանուր ախտաբանության բաժնի վարիչ։ Սպերանսկին ներվիզմի հետնորդներից է։ Հիմնականում հետազոտել է նյարդային համակարգի դերը ախտաբանական տարբեր պրոցեսների առաջացման, զարգացման մեխանիզմների, ընթացքի ու ելքի, ինչպես նաև օրգանիզմի խանգարված ֆունկցիաների փոխհատուցման և առաջացման հարցերում։ ՍՍՀՄ Պետ․ (1943) և ՍՍՀՄ ԳԱ Ի․ Պավլովի անվ․ մրցանակներ (1937)։ Պարգեատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։
Երկ․ Нервная система в патологии, М․–Л․, 1930: Избр․ труды, М․, 1955․
ՍՊԵՐԱՆՍԿԻ Գեորգի Նեստորովիչ (1873–1969), սովետական մանկաբույժ, մայրության և մանկության պահպանության համակարգի ստեղծման կազմակերպիչներից, ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1943) և ՍՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս (1957)։ 1898-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ Ն․ Ֆ․ Ֆիլատովի աշակերտը։ 1912-ին Մոսկվայում հիմնել է կրծքի երեխաների առաջին տունը՝ բուժարանով, լաբորատորիայով, կոնսուլտացիայով, կաթնախոհանոցով և մանկամսուրներով։ 1922-ից՝ մայրության և մանկության պահպանության ինստ–ի (այժմ՝ ՍՍՀՄ ԲԳԱ մանկաբուժության ինստ․) դիրեկտոր։ 1931–62-ին՝ բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստ–ի մանկաբուժության ամբիոնի վարիչ։ Հիմնական աշխատանքները վերաբերում են նախա– և ետծննդյան կանխարգելման, վաղ մանկական տարիքի երեխաների ֆիզիոլոգիայի և ախտաբանության, կերակրման, խնամքի, կոփման և դաստիարակության հարցերին։ Եղել է մանկաբույժների համամիութենական ընկերության նախագահ (1938–62), «Պեդիատրիա» («Педиатрия») ամսագրի խմբագիր (1972-ից ամսագիրը կոչվում է Սպերանսկու անվամբ)։ Չեխոսլովակիայի Յա․Պուրկինյեի անվ․ բժշկ․ ընկերության, Բուլղարիայի և Լեհաստանի մանկաբույժների ընկերության պատվավոր անդամ։
Պարգևատրվել է Լենինի 4 և 2 այլ շքանշաններով։
Երկ․ Питание здорового и больного ребёнка, М․, 1958 (համահեղինակ)։ Азбука матери, 15 изд․, Киев, 1948: Мать и дитя, М․, 1960 (համահեղինակ՝ Б․ А․ Архангельский)․
ՍՊԵՐԱՆՍԿԻ Միխայիլ Միխայլովիչ (1772–1839), ռուս պետական գործիչ, կոմս (1839)։ 1803–07-ին՝ ներքին գործերի մինիստրության դեպարտամենտի դիրեկտոր։ 1807-ից՝ Ալեքսանդր I կայսրի մերձավորագույն խորհրդականը, պետական բարեփոխումների հեղինակ, Պետական խորհրդի ստեղծման (1810) նախաձեռնողը։ Ալեքսանդր I-ի հանձնարարությամբ