Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/73

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ժամանակակից գիտնական Ժ․ Մատե) ուռուցքների և լեյկոզների ժամանակ կիրառել ոչ առանձնահատուկ վակցինաբուժություն։ Ս֊յան մեջ կարևոր դեր են կատարում օրգանիզմ ներմուծված սպիտակուցների ինքնալուծման (ավտոլիզի) և քայքայման նյութերը, որոնք խթանող ազդեցություն ունեն հյուսվածքների վերականգման պրոցեսներում։ Ս֊յան մեխանիզմում հավանաբար կարևոր է այն, որ 1․ սպիտակուցների քայքայման նյութերն ակտիվացնում են օրգանիզմի սեփական (այդ թվում իմունոկոմպետենտ) սպիտակուցների կենսասինթեզը և 2․ հյուսվածքային միջավայրում սպիտակուցների մեծ քանակությամբ ցածրամոլեկուլային նախորդների առակայությունը վերոհիշյալ կենսասինթեզն ապահովում է անհրաժեշտ պլաստիկ նյութերով։

ՍՊԻՏԱԿ (մինչև 1949֊ը՝ Համամլու), քաղաք (1960-ից) ՀՍՍՀ֊ում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։ 1971֊ից՝ հանրապետական ենթակայության քաղաք։ Գտնվում է Փամբակ գետի և նրա վտակ Ջրաշենի ափերին։ Ս֊ով են անցնում Երևան—Թբիլիսի երկաթուղին, Կիրովական—Երևան, Կիրովական—Լենինական ավտոճանապարհները։ Հեռավորությունը Երևանից 101 կմ է։ Կլիման բարեխառն է, մեղմ, ձյունառատ ձմեռով, չափավոր տաք ամառով։ Հունվարի միջին ջերմաստիճանը -4°C է, հուլիսինը՝ 18°C, տեղումների քանակը՝ 500 մմ:

Նախատոնական Համամլուն բացի մի քանի դարբնոցից, ջրաղացներից ու ձիթահանքից արդ. ոչ մի ձեռնարկություն չի ունեցել: Բնակիչները զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ: Ս. այժմ հանրապետության արդ. կենտրոններից է: Քաղաքն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազով, ջրային և աշխատանքային ռեսուրսներով: Գործում են կարի (2 ֆաբրիկա, տարեկան արտադրանքը՝ 88,5 մլն ռ.) և «Հայվերելակմեքենա» (18,8 մլն ռ.) արտադրական միավորումները, հացամթերքների (35,8 մլն ռ.) սննդի, կենցաղսպասարկման կոմբինատները, շաքարի (20,7 մլն ռ.), պանրի, հացի, կաշվի փոխարինիչների գործարանները, թռչնաբուծական ֆաբրիկան (տես Սպիտակի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա): Բոլոր ձեռնարկությունները միասին տարեկան տալիս են ավելի քան 161,5 մլն ռ. արտադրանք: Արդ. արտադրանքի որոշ տեսակներ (վերելակներ, կիտրոնաթթու, կաշվե բաճկոններ, կանանց մուշտակներ ևն) առաքվում են հանրապետությունից դուրս: Ս-ի անասնապահական սովետական տնտեսությունն ունի կաթնամսատու ուղղություն. զբաղվում է նաև ճակնդեղագործությամբ, հացահատիկի մշակմամբ և այգեգործությամբ:

Ս-ով է անցնում Ձորագետի հէկ — Լենինական բարձր լարման էլեկտրահաղորդման գիծը: Քաղաքն օգտվում է Ղազախ — Երևան գազամուղից:

Ս-ի առաջին գլխ. հատակագիծը կազմվել է 1965-ին (Ճարտ. Ա. Հարությունյան), երկրորդը՝ 1974-ին (Ճարտ-ներ՝ Կ. Ղազարյան, Հ. Միրզախանյան): Բնակավայրի քաղաքաշինական օրգանիզմը պայմանավորված է Փամբակ գետի ձորով և Ջրաշեն գետի երկայնքով ձգվող երեք բարձրադիր հարթություններով ու հս-ից անցնող ավտո- և երկաթուղային ճանապարհների առկայությամբ: Բնակելի գոտիները տեղադրված են ձորի հս. և հվ. տարածքում, արդ. ձեռնարկությունները՝ գերազանցապես արլ-ում: Լայնական կապերն իրականացվում են տրանսպորտային և հետիոտն մի քանի կամուրջներով: Քաղաքի կենտրոնը հարում է ձորի հվ. բարձրադիր ափին և հատակագծային կառուցվածքով շարունակվում դեպի ձորի երկայնքով փոված պուրակն ու հանգստի գոտին: Նոր կառուցումները ծրագրվում են իրականացնել գոյություն ունեցող մենատնային կապիտալ կառուցապատմանը ներդաշնակ: 1980-ից, համաձայն հատակագծման նոր նախագծի, հիմնական վերակառուցման է ենթարկվում քաղաքի կենտրոնը: 1983-ին կառուցվել են քաղաքային մարզահամալիրը, քաղաքի մուտքը խորհրդանշող «Փյունիկ» հուշարձանը: 11-րդ հնգամյակում կառուցվելու են բնակելի բազմահարկ նոր շենքեր, 108 տեղով հյուրանոց, 250 մահճակալով հիվանդանոցային համալիր, առևտրի կենտրոն, էստակադ՝ Փամբակ գետի վրա:

Նախահեղափոխական Համամլուում 1916-17 ուս. տարում եկեղեցուն կից գործել է 1 ծխական դպրոց (141 աշակերտ):

1983-84 ուս. տարում քաղաքում կային 5 միջնակարգ, 1 ութամյա (մոտ 3000 աշակերտ), գեղարվեստի, երաժշտ. և մարզական դպրոցներ, պրոֆտեխ. ուսումնարան (600 ուսանող), Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկոմի մասնաճյուղ (336 ուսանող): 1984-ին կար 10 մսուր-մանկապարտեզ: Ուս. հաստատություններում աշխատում էին 290 ուսուցիչ և դաստիարակ (221-ը՝ բարձրագույն կրթությամբ): Քաղաքն ունի մշակույթի տուն, 3 գրադարան, կինոթատրոն, ժող. թատրոն, պատմաազգագրական թանգարան, կապի հանգույց (2 բաժանմունքով), ավտոմատ հեռախոսակայան:

Ս-ում գործում են մեկ շրջանային հիվանդանոց (155 մահճակալով), պոլիկլինիկա, ստոմատոլոգիական պոլիկլինիկա, մոր և մանկան կոնսուլտացիաներ, սանիտարա-հակահամաճարակային կայան, դեղատուն, շտապ օգնության կայան: Քաղաքի առողջապահական հիմնարկներում կա 349 բուժաշխատող (57-ը բժիշկ): Քաղաքն ունի մարզադաշտ (5 հզ. տեղով), 2 զբոսայգի ևն: Ս. ռադիոֆիկացված է, բնակիչներն օգտվում են միութենական և հանրապետական հեռուստահաղորդումներից: Գործում է հեռուստավերահաղորդիչ: Ունի տպարան:

Քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում Հայրենական պատերազմում զոհված սպիտակցիների պատվին կանգնեցված է հուշարձան-կոթող (ճարտ. Գ. Գյուլխասյան):

Ժամանակակից Ս-ի տարածքը եղել է հին բնակատեղի, որի մասին են վկայում շինարարական աշխատանքների ժամանակ այստեղ հայտնաբերված մեր թվականությունից առաջ IV-I հազարամյակներին վերաբերող նյութական մշակույթի մնացորդները: Համամլու գյուղի հիմնադրման մասին գրավոր վավերագրեր չկան, ենթադրվում է, որ գյուղի բնակչության զգալի մասը գաղթել է Պարսկահայքի Հեր (հետագայի Խոյ) գավառից: Գյուղի «Համամլու» կամ «Համամլի» անվանումը հավանաբար առաջացել է պարսկ. «համամ» (բաղնիք) բառից, որի մասին են վկայում այժմյան շաքարի գործարանի տեղում (նախկին «Դեմի» կոչված հանդամասում) հայտնաբերված կավե մեծ կարասներն ու խողովակները: Համամլուի նոր անվանումը (Սպիտակ) կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարի հանքերի հետ: Գյուղն ունեցել է եկեղեցի (Ս. Աստվածածին, 1883):

Հ. Մկրտչյան