Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/80

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

նրանց հատուկ է խորությունը, անկեղծությունը, բանաստեղծականությունը։ Սկզբնապես կատարվել են ա կապելլա երգչախմբով, որպես կոլեկտիվ իմպրովիզացիա, որտեղ մեղեդին տարբերակվել է յուրաքանչյուր անցկացման ժամանակ։ XIX դ․ վերջին երևան են եկել գործիքային նվագակցությամբ (բանջո, դաշնամուր) մեներգեցողության համար նախատեսված սպիրիչուելսի մշակումներ։

ՍՊԻՐԻՏԻԶՄ, տես Ոգետեսություն:

ՍՊԻՐԻՏՈՒԱԼԻԶՄ (ֆրանս․ spiritualisme, < լատ․ spiritualis – հոգևոր, spiritus – հոգի, ոգի), օբյեկտիվ իդեալիստական հայեցակետ, որը ոգին համարում է իրականության նախահիմք, մատերիայից դուրս և դրանից անկախ գոյություն ունեցող անմարմին սուբստանց։ Որպես փիլիսոփայական տերմին «սպիրիտուալիզմ» առաջին անգամ օգտագործել է Վ․ Կուզենը, հետագայում սպիրիտուալիստական են կոչվել XIX–XX դդ․ ֆրանս․ և իտալ․ փիլ–յան մի շարք դպրոցներ և ուղղություններ։ Ըստ էության սպիրիտուալիստական է աստծու կեցության և հոգու անմահության նկատմամբ հավատը։ Փիլ–յան մեջ սպիրիտուալիզմը բնորոշ է այն բոլոր ուսմունքներին, որոնք սուբստանց են համարում հոգևոր էությունը (Պլատոն, Գ․ Լայբնից, Ջ․ Բերկլի և ուրիշներ)։ Երբեմն «սպիրիտուալիզմ» հասկացության բովանդակության մեջ շեշտվում են ոգու իռացիոնալ կողմերը և ոգին դիտվում է իբրև մի ամբողջականություն, որը չի հանգում բանականությանը, գաղափարին կամ իր այլ դրսևորումներին։

ՍՊԻՐԻՖԵՐԻԴՆԵՐ (Spiriferida), փականքավոր ուսոտանիների անհետացած խումբ, ապրել են օրդովիկից մինչև միջին յուրա։ Խեցին կազմված է փորի և մեջքի, հիմնականում լայնակի ձգված ուռուցիկ փեղկերից։ Սպիրիֆերիդները ունեցել են մերձհատակային ապրելակերպ, ամրանալով սուբստրատին խեցու հատուկ անցքից դուրս եկող մարմնի ելուստի՝ «ոտիկի» օգնությամբ։ Սպիրիֆերիդները մեծ նշանակություն ունեն պալեոզոյան նստվածքների շերտագրության համար։

ՀՍՍՀ–ում սպիրիֆերիդները մեծ տարածում ունեն դևոնի և ստորին կարբոնի նստվածքներում։

ՍՊԻՐՈԳԻՐԱ (Spirogyra), թելաձև կանաչ ջրիմուռների ցեղ։ Սպիրոգիրաների թելիկները կազմված են բջիջների մեկ շարքից, որոնք պարունակում են քլորոպլաստների մեկ կամ մի քանի պարուրաձև ժապավեններ։ Բազմանում է վեգետատիվ (թելերի կտորներով) և սեռական (կոնյուգացիա) ճանապարհով։ Հայտնի է սպիրոգիրայի մոտ 200 տեսակ, տարածված կանգնած և դանդաղ հոսող քաղցրահամ ջրերում։ Բամբականման մեծ կուտակումներ է առաջացնում ջրի մակերևույթին։

ՍՊԻՐՈԽԵՏՆԵՐ (< հուն․ σπετρα – գալար, պարույր և хαίτη – մազեր), միկրոօրգանիզմներ, որոնց բջիջները նման են բարակ ոլորված թելի (տրամագիծը՝ 0,1–0,6, երկարությունը՝ 5–500 մկմ)։ Շարժունակ են, սակայն մտրակիկներ չունեն։ Սպորներ չեն առաջացնում, բազմանում են լայնակի կիսվելով։ Տարբերում են ոչ ախտածին սպիրոխետներ, որոնք ապրում են հողում, կանգնած և հոսող ջրերում և ախտածին սպիրոխետներ, որոնք սպիրոխետոզների հարուցիչներ են։ Բոլոր սպիրոխետներ անաերոբ են, 60°C–ից բարձր ջերմաստիճաններում մահանում են։ Արհեստական պայմաններում ոչ ախտածին սպիրոխետներ աճում են սովորական սննդարար միջավայրում, ախտածինները՝ կենդանիների արյան շիճուկ կամ թարմ հյուսվածք, ներքին օրգանների փոքրիկ կտորներ պարունակող սննդամիջավայրում։ Սպիրոխետներ միջանկյալ տեղ են զբաղեցնում նախակենդանիների և բակտերիաների միջև։

ՍՊԻՐՈԽԵՏՈԶՆԵՐ, մարդու և կենդանիների համաճարակագիտական և կլինիկական դրսևորումներով իրարից տարբերվող հիվանդությունների խումբ, որոնց հարուցիչները սպիրոխետներն են։ Ըստ վարակման մեխանիզմի լինում են՝ 1․ աղիքային սպիրոխետոզներ, որոնք սեպտիկ բնույթի, ամենուր հանդիպող վարակիչ հիվանդություններ են (լեպտոսպիրոզներ)։ Վայրի կենդանիների լեպտոսպիրոզներին յուրահատուկ է բնական օջախայնությունը։ Վարակը հիմնականում փոխանցվում է հիվանդ կենդանիների արտաթորանքներով կեղտոտված ջրերի և սննդամթերքների միջոցով։ Լեպտոսպիրներն օրգանիզմ են թափանցում մարսողական համակարգի, լորձաթաղանթի և ախտահարված մաշկի միջոցով։ 2․ Արյունային սպիրոխետոզներ, փոխանցողական (տրանսմիսիվ) հիվանդություններ, որոնց շարքն են դասվում ոջլային (եվրոպական), տզային ետադարձ տիֆի մի շարք ձևեր։ 3․ Արտաքին ծածկույթների սպիրոխետոզներ, մաշկի, լորձաթաղանթների, ոսկրերի ախտահարումով ընթացող քրոնիկական հիվանդությունների խումբ, որոնցից են սիֆիլիսը և տաք երկրներում տարածված՝ ֆրամբեզիա, պինտա և բեջել հիվանդությունները։ Հարուցիչները տարբեր տեսակի տրեպոնեմներն են, որոնք օրգանիզմ են թափանցում ախտահարված մաշկի, լորձաթաղանթների միջոցով։ 4․ Շնչառական ուղիների սպիրոխետոզները արձանագրվում են արևադարձային երկրներում, հազվադեպ՝ Եվրոպայում և ԱՄՆ–ում։ Հիվանդությունն ունենում է սուր ընթացք, հաճախ լինում են արյունազեղումներ տարբեր օրգան–համակարգերում։

Սպիրոխետոզներ, թռչունների, տրեպոնեմոզ, բորելիոզ, ընտանի և վայրի թռչունների վարակիչ հիվանդություն։ Հարուցիչը Spirochaeta anserinum-ն է։ Ախտանշաններն են․ տենդ, ընկճված վիճակ, ախորժակի անկում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում (մինչև 43–43,8°C), շարժողական օրգանների լուծանք։ Թռչունների անկումը 80–90% է։ Վարակի աղբյուրը հիվանդ թռչուններն են, փոխանցողները՝ տզերը։ Ախտորոշում են կլինիկական նշանների, էպիզոոտոլոգիական տվյալների, արյան քսուքի բակտերիալոգիական հետազոտության հիման վրա։ Բուժումը․ օսարսոլ, անտիբիոտիկներ։ Կանխարգելումը․ պատվաստումներ, պայքար տզերի դեմ ևն։

Սպիրոխետոզներով հիվանդանում են նաև ճագարները։ Գրկ․ Заразные болезни человека, под ред․ В․ М․ Жданова, М․, 1965; Кассирский И․ А․, Плотников Н․ Н․, Болезни жарких стран, М․, 1959․

ՍՊԻՐՏԱՅԻՆ ԼԱՔԵՐ, բնական և սինթետիկ խեժերի 30–40%-անոց լուծույթները էթիլսպիրտում։ Օգտագործվող խեժերը շելլաք, սանդարակ, բևեկնախեժ, ֆենոլալդեհիդային խեժեր և թաղանթ առաջացնող նյութեր են։ Սպիրտային լաքերի առաձգականությունը մեծացնելու համար ավելացնում են գերչակաձեթ, կտավատի ձեթից ստացվող ճարպաթթուներ ևն։ Սպիրտում լուծվող օրգանական ներկեր ավելացնելով ստանում են սև կամ գունավոր սպիրտային լաքեր, փոշիացված չլուծվող անօրգանական գունակիրներ խառնելով՝ արծնալաքեր։ Սպիրտային լաքերով լաքապատում են վրձնի կամ բամբակե խծուծի օգնությամբ, մի քանի շերտով (10 րոպե ընդմիջումներով)։ Թաղանթառաջացումը տեղի է ունենում սպիրտի գոլորշիացման հետևանքով։ Չորացած սպիրտային լաքերը լուծելի են սպիրտում, անկայուն են ջրի, խոնավության և ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների նկատմամբ և դրանց ազդեցությունից լաքի գեղատես փայլուն մակերևույթը խունանում է։ Սինթետիկ թաղանթառաջացնող խեժերը զգալիորեն կրճատել են սպիրտային լաքերի կիրառությունը։

Ալ․ Հակոբյան

ՍՊԻՐՏԱՅԻՆ ԽՄՈՐՈՒՄ, տես Խմորում։

ՍՊԻՐՏԱՉԱՓ, ջրային լուծույթում էթիլ–սպիրտի պարունակությունը չափող գործիք։ Ստատիկ խտաչափ է՝ աերոմետր։ Աշխատանքը հիմնված է Արքիմեդի օրենքի վրա։ Չափում է լուծույթի խտությունը, որը կախված է սպիրտի պարունակությունից։ Սանդղակը ցույց է տալիս սպիրտի ծավալային (կամ կշռային) պարունակությունը տոկոսներով։

ՍՊԻՐՏՆԵՐ, օրգ․ միացություններ, որոնց մոլեկուլները պարունակում են ածխածնի հագեցած ատոմին միացած հիդրօքսիլ (ОН) խմբեր։ Ածխաջրածինների հիդրօքսիլ ածանցյալներն են։ Արոմատիկ օղակին միացած ОН- խումբ պարունակող միացությունները կոչվում են ֆենոլներ, կրկնակի ածխածին–ածխածին կապի մոտ ОН խումբ պարունակող միացությունները՝ էնոլներ։ Ըստ մոլեկուլում պարունակվող ОН- խմբերի թվի սպիրտները լինում են՝ միատոմանի սպիրտներ (ալկոհոլներ), երկատոմանի սպիրտներ (գլիկոլներ), եռատոմանի սպիրտներ (տես Գլիցերին), քառատոմանի սպիրտներ (օրինակ, պենտաէրիտրիտը) և այլ բազմաատոմ սպիրտներ։ Ըստ ОН խմբին միացած ածխաջրածնային ռադիկալի բնույթի տարբերում են ացիկլիկ կամ ալիֆատիկ սպիրտներ (մեթիլսպիրտ, էթիլսպիրտ ևն), ալիցիկլիկ սպիրտներ (ցիկլահեքսանոլ ևն), ճարպաարոմատիկ սպիրտներ (բենզիլ սպիրտներ ևն) և հետերոցիկլային սպիրտներ։ Ըստ ОН խմբին միացած ածխածնի ատոմի բնույթի միատոմանի սպիրտները լինում են առաջնային (–СН2ОН), երկրորդային (СНОН) և երրորդային (C—ОН)։ Սպիրտների անվանումները սովորաբար կազմվում են ածխաջրածնային ռադիկալի անվանը «սպիրտ» ավելացնելով (СН3– ОН մեթիլսպիրտ, С3Н7ОН պրոպիլսպիրտ ևն)։ Ըստ Ժնևյան անվանակարգման՝ ածխաջրածնի անվանը ավելացնում են «ոլ» վերջածանցը (բազմատոմանի սպիրտներին՝ «դիոլ», «տրիոլ» ևն)։ Ցույց է տրվում նաև ՕH խումբ միացրած ածխածնի ատոմի համարը, օրինակ՝ СН3–СНОН–СН3,