Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/95

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Սվիֆթի գրելաոճում վարպետորեն համադրված են հակիրճ, գործնական պատմելաձևը և երևույթների ու մարդկանց զավեշտական չաւիազանցումները, ճշգրիտ թվացող տեղեկությունները և երևակայության անկաշկանդ հորինվածքները, բառապաշարի առօրեականությունը և նոր հասկացությունների ու գեղարվեստական անսպասելի պատկերների առատությունը։ Վեպը աղբյուր է եղել բազմաթիվ նմանակումների, բեմականացումների, նկարչական վերարտադրումների, հատկապես գրքային նկարազարդումների համար։

Սվիֆթի հայ առաջին կենսագիրը և թարգմանիչը Սարգիս Գասպարյանն է («Ճամբորդութիինք Կիւլիվերի ի զանազան հեռակայ ազգս աշխարհի ի Յովնաթան Սուիֆթայ», մաս 1–4, 1857), որը գրողի կենսագրական տեղեկությունների հետ մեկտեղ ուրվագծել ու բացահայտել է «Գուլիվերի» պատմահասարակական նախադրյալները։

Երկ․ Գուլիվերի ճանապարհորդությունը լիլիպուտների և բրոբդինյացոց աշխարհներում, Թ․, 1897։ Սկզբում վիրաբույժ, ապա մի քանի նավերի կապիտան Լեմյուել Գուլիվերի ճանապարհորդությունները դեպի աշխարհի այլ և այլ երկրներ, Ե․, 1958։

Լ․ Սամվելյան

ՍՎՂԸՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառի Թոնուս գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 2000 հայ բնակիչ (250 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, հացահատիկի մշակությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍՎՅԱՏՈՍԼԱՎ ԻԳՈՐԵՎԻՉ (ծն․ թ․ անհտ․–972 կամ 973), Կիևի մեծ իշխան մոտ 945-ից, զորավար։ 964–966-ին Կիևին է ենթարկել վյատիչներին։ X դ․ 60-ական թթ․ ավերել է Խազարական խաքանությունը, պատերազմել կամա–վոլգյան բուլղարների դեմ, Հս․ Կովկասում պարտության մատնել մի շարք ցեղերի։ 967 կամ 968-ին ներխուժել է Բուլղարիա, հաստատվել Դանուբի գետաբերանում, սակայն 969-ին վերադարձել է Ռուսիա, ջախջախել Կիևի վրա հարձակված պեչենեգներին, ապա նորից արշավել Բուլղարիա։ Բուլղարների և հունգարների հետ դաշնակցած արշավել է Բյուզանդիա։ Արկադիուպոլսի մոտ Սվյատոսլավ Իգորեվիչի զորքերի առաջխաղացումը կանգնեցրել է բյուզ․ հայազգի զորավար Վարդաս Սկլերոսը։ 971-ի ապրիլի վերջին բյուզ․ կայսր Հովհաննես 1 Չմշկիկը պաշարել է Դորոստոլ ամրոցը, ուր Սվյատոսլավ Իգորեվիչը իր զորքով դիմադրել է 3 ամիս, ապա բանակցություններ սկսել կայսեր հետ։ Կնքվել է հաշտության պայմանագիր։ Կիև վերադառնալու ճանապարհին Սվյատոսլավ Իգորեվիչը Դնեպրի սահանքների մոտ սպանվել է պեչենեգների դեմ մարտում։

Գրկ. Рыбаков Б․ А․, Древняя Русь․ Сказания․ Былины․ Летописи, [М․, 1963]․

ՍՎՈԲՈԴԱ (Svoboda) Լյուդվիկ (25․11․1895, Գրոզնետին, Չեխիա–20․09․1979, Պրագա), ՉՍՍՀ պետական, քաղաքական և ռազմական գործիչ, բանակի գեներալ (1945), ՉՍՍՀ եռակի հերոս (1965, 1970, 1975), Սովետական Միության հերոս (1965)։ Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Ստացել է գյուղատնտ․ կրթություն։ 1915-ին զորակոչվել է ավստրո–հունգ․ բանակ, եղել է ռուս. ճակատում։ Սվոբոդայի ղեկավարությամբ գործող չեխ հայրենասերների խումբն անցել է ճակատային գիծը և 1916-ին մտել չեխոսլով․ լեգիոն։ 1920-ին վերադարձել է հայրենիք՝ դարձել չեխոսլով․ բանակի կադրային սպա։ 1931–34-ին դասավանդել է ռազմական ակադեմիայում, ապա եղել հետևակային գումարտակի հրամանատար։ Չեխոսլովակիան գերմանաֆաշիստական զորքերի կողմից օկուպացվելուց հետո եղել է ընդհատակյա հակաֆաշիստական ռազմական կազմակերպության հիմնադիրներից։ 1939-ի ամռանը մեկնել է Լեհաստան, ուր կազմավորել է չեխ․ զորական միավորում, որի հետ 1939-ի սեպտեմբերին անցել է Սովետական Միություն։ Սվոբոդան 1942-ի փետրվարին Բուզուլուկում 1-ին Չեխոսլով․ առանձին հետևակային գումարտակի ստեղծման նախաձեռնողն է, որը Սոկոլովի տակ 1943-ի մարտին առաջին անգամ մարտի է բռնվել գերմանաֆաշիստական զորքերի հետ։ 1943-ին գլխավորել է 1-ին Չեխոսլով․ առանձին հետևակային բրիգադը, որը մարտնչել է Կիևի, Բելայա Ցերկովի, Ժաշկովի տակ։ 1944-ին Սվոբոդայի հրամանատարությամբ գործող 1-ին Չեխոսլով․ բանակային կորպուսը մասնակցել է Դուկելյան օպերացիային, Սլովակիայում մղվող մարտերին։

1945–50-ին՝ ազգ․ պաշտպանության մինիստր։ Չեխոսլով․ այլ գործիչների հետ ստորագրել է Կոշիցեի ծրագիրը (1945)։ 1948-ին մտել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) մեջ, ընտրվել Ժող․ ժողովի դեպուտատ։ 1950–1951-ին՝ Չեխոսլովակիայի կառավարության նախագահի տեղակալ և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պետ․ կոմիտեի նախագահ։ 1955–59-ին եղել է Կ․ Գոտվալդի անվան ռազմական ակադեմիայի պետը, 1968–75-ին՝ ՉՍՍՀ պրեզիդենտը, ՉՍՍՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ 1948–49-ին ՉԿԿ ԿԿ–ի, 1968-ի օգոստոսից՝ ՉԿԿ ԿԿ–ի և ԿԿ–ի նախագահության անդամ։ Պարգևատրվել է Կ․ Գոտվալդի (1959, 1970), Լենինի (1943, 1965), Հոկտեմբերյան հեղափոխության (1970), Սուվորովի 1-ին (1945), 2-րդ աստիճանի (1943) շքանշաններով։ Խաղաղության չեխոսլովակյան (1968), «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» միջազգային լենինյան (1970) մրցանակներ։

ՍՏԱԲՍՏ ՄԱՏԵՐ (Stabat mater dolorosa, միջ․ լատ․–կանգնած էր մայրը վշտագին), կաթոլիկական պոեմ [տեքստը 20XЗ տող ոտանավոր, aab-ccb կառուցվածքով (վերագրվում է իտալ․ ֆրանցիսկյան միաբանության ներկայացուցիչ բանաստեղծ Յակոպո դա Տոդիին (1228–1306)], որտեղ խաչված Որդու տառապանքը սգացող Տիրամայրը արտահայտում է ընդհանրապես որդեկորույս մոր վիշտն ու հուսահատությունը։ XIV դ․ հորինվել է եղանակ և այնուհետև Ստաբատ Մաստերը գոյատևել է որպես սեքվենցիա։ Արարողության մեջ կատարվել է «Տիրամոր յոթ վշտերը» կոչվող տոնին (սեպտեմբերի 15), հետագայում Ավագ Ուրբաթին և այլ տոների։ Գրական տեքստը (որոշ դեպքերում՝ նաև մեղեդին) սկսած XV դարից նշանավոր շատ կոմպոզիտորների ստեղծագործության համար նյութ է դարձել։ Համանուն երկեր են գրել Ժոսքեն Դեպրեն և Պալեստրինան (վերջինը՝ ա կապելլա քառաձայն երկու երգչախմբի կոմպոզիցիա), Ջ․ Բ․ Պերգոլեզին (1735, սոպրանոյի ու ալտի և լարային կվարտետի համար, երգեհոնի նվագակցությամբ), Ջ․Ռոսսինին (1842, չորս մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար), Ջ․ Վերդին (1897, վոկալ–սիմֆոնիկ պոեմ), XVIII դ․՝ նաև Ա․ Սկարլատտին և Յո․ Հայդնը, XIX դ․՝ Ֆ․ Շուբերտը, Ա․ Դվորժակը, XX դ․՝ Կ․ Շիմանովսկին, Ֆ․ Պուլենկը, Կ․ Պենդերեցկին և ուրիշներ։ Ստաբատ Մաստերը կազմել է երաժշտական ժանր, սակայն չի մնացել հոգևոր երաժշտության սահմաններում, այլ աշխարհականացել է բովանդակությամբ։

Ստաբատ Մաստերի սկզբնական հատվածին խոսքային տեքստով միանգամայն հարազատ է հայկական միջնադարյան նշանավոր «Տիրամայրն» տաղը, որ առանձնանում է տեքստի (հայտնի է միայն 1-ին տունը) ընդգծված ժողովրդական արտահայտություններով՝

Տիրամայրն հանդէպ որդւոյն

ի խաչին կայր տըրտմագին,

Եւ, լըսելով զծարաւին,

հառաչմամբ լայր ցաւագին,

Ի փուշ պըսակըն դիտելով,

ողբ, կոծ, վայ տայր իւր անձին․

–Աչացըս լոյս, որդեակ Յիսուս,

Ես ընդ քեզ մեռանիմ։

Մեղեդին պահպանվել է առնվազն երկու գրառումով՝ Ն․ Թաշճյանի (Երգեցողութիւնք ս․ Պատարագի, 1874, էջ 186) և Կոմիտասի (Ձեռագիր արխիվ)։ «Տիրամայրն» տաղը երբեմն վերագրվել է Գրիգոր Նարեկացուն։ Սակայն, եթե մեղեդին (Կոմիտասի հայտնաբերածը) իր խոր ավանդականությամբ և ոճական այլ հատկանիշներով մոտիկ է Գրիգոր Նարեկացու այլ տաղերին, ապա խոսքերը լեզվաոճական և տաղաչափական հատկանիշներով, հավանաբար, փոքր–ինչ ուշ ժամանակի արգասիք են։ «Տիրամայրն» յուրատեսակ հայկական Ստաբատ Մաստեր է։

Ռ․ Աթայան

ՍՏԱԲԻԼԻՏՐՈՆ [< լատ․ stabilis – կայուն, հաստատուն և (էլեկ)ւորոն], իոնային կամ կիսահաղորդչային դիոդ, որի վոլտամպերային բնութագիրն աշխատանքային մասում գրեթե զուգահեռ է հոսանքի առանցքին, այսինքն, սարքի լարումն աննշան է փոխվում՝ դրա միջով անցնող հոսանքի ուժի փոփոխության դեպքում։ Ստաբիլիտրոնը կիրառում են էլեկտրական շղթայի որոշակի տեղամասում լարումը