Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/97

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

և իրականացմանը, մտել ԿԿ–ի քաղբյուրոյի, ռազմահեղափոխական կենտրոնի՝ զինված ապստամբությունը ղեկավարող կուսակցական մարմնի, Պետրոգրադի ՌՀԿ–ի կազմի մեջ։ Սովետների II համառուսաստանյան համագումարում [1917-ի հոկտ․ 26 (նոյեմբ․ 8)] ընտրվել է առաջին սովետական կառավարության կազմում որպես ազգությունների գործերի ժողկոմ (1917-22), միաժամանակ 1919–1922-ին գլխավորել է Պետական վերահսկողության ժողկոմատը (1920-ից՝ Բանգյուղտեսչության ժողկոմատ)։ Քաղաքացիական կռիվների տարիներին (1918–1920) Ստալինը կատարել է կուսակցության և կառավարության մի շարք կարևոր հանձնարարությունները․ եղել է հանրապետության ՌՀԽ-ի, Հվ․, Արմ․ և Հվ–Արմ․ ռազմաճակատների ՌՀԽ-ների անդամ։

Ստալինը ակտիվորեն մասնակցել է երկրի ժող․ տնտեսության վերականգնման, նէպի իրականացման, բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքի ամրապնդման համար կուսակցության պայքարին։ 1922-ի ապրիլին կուսակցության ԿԿ–ի պլենումում ընտրվել է Կենտկոմի գլխավոր քարտուղար և այդ պոստում մնացել մինչև կյանքի վերջը։ Ստալինը մասնակցել է ՍՍՀՄ կազմավորմանը, սակայն սկզբում թույլ է տվել սխալ՝ առաջ քաշելով «ինքնավարացման» («ավտոնոմիզացիա») նախագիծը (բոլոր հանրապետությունների մտնելը ՌՍՖՍՀ–ի կազմի մեջ ինքնավար հանրապետության իրավունքով)։ Լենինը քննադատել է այդ նախագիծը, հիմնավորել կամավոր սկզբունքով միավորվող իրավահավասար հանրապետությունների միության ստեղծումը։

Լավ իմանալով կուսակցության կադրերին՝ Վ․ Ի․ Լենինը մեծապես ներգործել է նրանց դաստիարակման վրա, նրանց տեղաբաշխել ըստ անձնական հատկանիշների։ «Նամակ համագումարին» իր նոթերում Լենինը բնութագրել է Կենտկոմի մի շարք անդամների, այդ թվում նաև Ստալինին։ Նրան համարելով կուսակցության ականավոր գործիչներից մեկը, Լենինը գրել է․ «Ընկ․ Ստալինը, դառնալով գլխավոր քարտուղարը, իր ձեռքում կենտրոնացրել է անսահման իշխանություն, և ես վստահ եմ, թե արդյոք նա միշտ կկարողանա՞ բավականաչափ զգուշորեն օգտվել այդ իշխանությունից» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 45, էջ 407)։ Ապա մի քանի օր անց ավելացրել է․ «Ստալինը չափից դուրս կոպիտ է, և այդ թերությունը, որը լիովին հանդուրժելի–է մեր՝ կոմունիստներիս շրջանում և հարաբերություններում, անհանդուրժելի է դառնում գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ուստի ես ընկերներին առաջարկում եմ մտածել Ստալինին այդ պաշտոնից տեղափոխելու եղանակի մասին և այդ պաշտոնում նշանակել մի այլ մարդու, որը մյուս բոլոր տեսակներից ընկ․ Ստալինից տարբերվում է միայն մեկ առավելությամբ, այն է՝ ավելի համբերատար է, ավելի լոյալ, ավելի քաղաքավարի ու ավելի ուշադիր դեպի ընկերները, ավելի քիչ քմահաճ է և այլն» (նույն տեղում, էջ 409)։ ՌԿ(բ)Կ ԿԿ–ի որոշմամբ Լենինի նամակին ծանոթանում են կուսակցության XIII համագումարի (1924-ի մայիս) պատգամավորները։ Ելնելով երկրի բարդ իրավիճակից, համագումարը նպատակահարմար է գտնում Ստալինինին թողնել գլխավոր քարտուղարի պոստում, պայմանով, որ նա հաշվի առնի Լենինի քննադատությունը և համապատասխան եզրակացություն անի։

Լենինի մահից հետո Ստալինը մասնակցել է ՍՄԿԿ քաղաքականության, երկրի տնտ․ ու մշակութային շինարարության պլանների, պաշտպանունակության ամրապնդման միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, կուսակցության ու սովետական պետության արտաքին քաղ․ կուրսի անցկացմանը։ Անհաշտ պայքար է ծավալել լենինիզմի հակառակորդների դեմ, աչքի ընկնող դեր խաղացել տրոցկիզմի և աջ օպորտունիզմի գաղափարաքաղ․ ջախջախման, կուսակցության միասնության պահպանման գործում։ ՍՍՀՄ–ում սոցիալիզմի կառուցման համար պայքարում (երկրի ինդուստրացում, գյուղատնտեսության կոլեկտիվացում, կուլտուրական հեղափոխություն) ՍՄԿԿ և ՍՍՀՄ մյուս ղեկավար գործիչների հետ Ստալինը զգալի ավանդ է ներդրել։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) Ստալինը ղեկավար մասնակցություն է ունեցել ՍՍՀՄ–ի պաշտպանունակության ամրապնդման, ֆաշիստական Գերմանիայի և միլիտարիստական ճապոնիայի ջախջախման գործում՝ կուսակցության բազմակողմանի գործունեության մեջ։ Դրա հետ միասին պատերազմի նախօրյակին Ստալինը լուրջ սխալ է թույլ տվել ՍՍՀՄ–ի վրա հիտլերյան Գերմանիայի հնարավոր հարձակման ժամկետի որոշման հարցում։ 1941-ի մայիսի 6-ին Ստալինը նշանակվել է ՍՍՀՄ ժողկոմխորհի նախագահ (1946-ից՝ Մինիստրների խորհուրդ), 1941-ի հունիսի 30-ին՝ Պաշտպանության պետ․ կոմիտեի նախագահ, հուլիսի 19-ին՝ ՍՍՀՄ պաշտպանության ժողկոմ, օգոստոսի 8-ին՝ ՍՍՀՄ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։ Որպես սովետական պետության ղեկավար Ստալինը մասնակցել է երեք մեծ տերությունների (ՍՍՀՄ, ԱՄՆ, Սեծ Բրիտանիա) ղեկավարների Թեհրանի (1943), Ղրիմի (1945-ի փետրվար) և Պոտսդամի (1945-ի հուլիս) կոնֆերանսներին։ Ետպատերազմյան շրջանում Ստալինը միաժամանակ ՍՄԿԿ ԿԿ–ի գլխավոր քարտուղարը և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահն էր։

Ստալինի գործունեության մեջ դրական կողմերի հետ եղել են նաև տեսական և քաղաքական սխալներ։ Եթե Լենինի մահից հետո սկզբում նա հաշվի էր առնում իր անձի նկատմամբ արված քննադատական դիտողությունները, ապա ավելի ուշ՝ սկսեց հեռանալ կոլեկտիվ ղեկավարության լենինյան սկզբունքներից և կուսակցական կյանքի նորմերից, գերագնահատել սեփական ծառայությունները ժողովրդի և կուսակցության ընդհանուր հաջողությունների մեջ։ Աստիճանաբար ձևավորվել է Ստալինի անձի պաշտամունքը, որը մեր երկրում սոցիալիստական օրինականությունների կոպիտ խախտումների պատճառ է դարձել, լուրջ վնաս հասցրել կուսակցության գործունեությանը, կոմունիստական շինարարության գործին։

ՍՄԿԿ XX համագումարը (1956) դատապարտեց անհատի պաշտամունքը, որը խորթ է մարքսիզմ–լենինիզմի ոգուն, սոցիալիստական հասարակարգի բնույթին։ «Անհատի պաշտամունքի և նրա հետևանքների հաղթահարման մասին» ՍՄԿԿ ԿԿ–ի որոշումը (1956-ի հունիսի 30) տվեց Ստալինի գործունեության օբյեկտիվ գնահատականը, անհատի պաշտամունքի ծավալուն քննադատությունը։

Ստալինը եղել է ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի քաղբյուրոյի (1919–52), ՍՄԿԿ ԿԿ–ի նախագահության (1952–53), Կոմինտերնի գործկոմի (1925–43), Համառուսաստանյան ԿԳԿ–ի (1917-ից), ՍՍՀՄ ԿԳԿ–ի (1922-ից) անդամ, I–III գումարումների ՍՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ։ Նրան շնորհվել էին սոցիալիստական աշխատանքի հերոսի (1939), Սովետական Միության հերոսի (1945), Սովետական Միության մարշալի (1943) կոչումները, Սովետական Միության գեներալիսիմուսի (1945) զինվորական բարձրագույն կոչումը։ Նա պարգևատրվել է Լենինի 3, «Հաղթանակի» 2, Կարմիր դրոշի 3, Սուվորովի I աստիճանի շքանշաններով և մի շարք մեդալներով։ Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում։

Երկ․ Երկ․, հ․ 1 – 13, Ե․, 1946-51։ Լենինիզմի հարցերը, 11 հրտ․, [Ե․], 1953։ Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմի մասին, 5 հրտ․, Ե․, 1950։ Մարքսիզմը և լեզվաբանության հարցերը, Ե․, 1951։ Սոցիալիզմի տնտեսական պրոբլեմները ՍՍՀՄ–ՈԼմ, [Ե․], 1952։

Գրկ․ ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի որոշումը անհատի պաշտամունքը և նրա հետևանքները հաղթահարելու մասին, Ե․, 1956։ XX съезд КПСС․ Стенографический отчет, т․ 1–2, М․, 1956; История КПСС, т․ 1–5, М․, 1964-70;

ՍՏԱԼԻՆԳՐԱԴԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1942–1943, սովետական զորքերի պաշտպանական (1942-ի հուլիսի 17–նոյեմբերի 18) և հարձակողական (1942-ի նոյեմբերի 19–1943-ի փետրվարի 2) գործողությունները Հայրենական մեծ պատերազմի (1941–45) ժամանակ, Ստալինգրադի պաշտպանության և Դոնի ու Վոլգայի միջև գործող գերմանաֆաշիստական զորքերի խմբավորումները ջախջախելու նպատակով։ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել են (տարբեր ժամանակ կազմավորված) Ստալինգրադյան, Հվ–Արլ., Հվ–Արմ․ Դոնի, Վորոնեժի (ձախ թևի) ռազմաճակատների զորքերը, Վոլգյան ռազմ. նավատորմիղը և ՀՕՊ–ի ուժերը։

Գերմանաֆաշիստական հրամանատարությունը 1942-ի ամռանը հարձակում ծավալեց սովետա–գերմանական ճակատի հվ․ թևում՝ նպատակ ունենալով գրավել Կովկասի նավթային և Դոնի ու Կուբանի բարեբեր շրջանները։ Ստալինգրադի վրա հարձակման համար գերմ․ հրամանատարությունը առանձնացրեց «Բ» բանակախմբի 6-րդ բանակը (հրամ․ գեներալ-գնդապետ Ֆ․ Պաուլյուս), որի մեջ հուլիսի 17-ին մտնում էր 13 դիվիզիա՝ մոտ 270 հզ․ մարդ (3 հզ․ հրանոթ ու ականանետ և մոտ 500 տանկ, 1200 մարտական ինքնաթիռ)։

Գերագույն գլխավոր հրամանատարության ռազմակայանը (ԳԳՀՌ) Ստալինգրադի ուղղությամբ իր պահեստից դուրս բերեց