Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/12

Այս էջը սրբագրված է

կերպով ներկայացնել լեզվակառուցվածքները։ Այս առումով լավագույն մեթոդներից է հարաբերակցայինը, որի կիրառումով ներկայացվում է ամբողջական լեզվի կառուցվածքը։ Արդի Տ․ հիմնվում է գերազանցապես բազմահատկանիշ դասակարգումների վրա և զերծ է ձևաբանական Տ-յան «գնահատողական» արատավոր գծից։ Տ–յան տվյալները մեծապես կարող են օգնել մեքենական թարգմանության, լեզուների ուսուցման, բառարանագրության, նորահայտ լեզուների վերծանության, ոճերի քննության և մի շարք այլ ասպարեզներում։ Տ–յան տվյալները կարող են օգտագործվել նաև պատմահամեմատական լեզվաբանության մեջ, վերականգնված լեզվական ձևերի կառուցատիպերը ճշտելու առումով։

Գրկ․ Ջահուկյան Գ․ Բ․, Լեզվաբանության պատմություն, հ․ 1–2, Ե․, 1960–62։ Սարգսյան Ա․ Ե․, Դասական գրաբարի տիպաբանական բնութագիրը, տես Հայոց լեզվի կառուցվածքը, [ժող․], Ե․, 1975։ Успенский Б․ А․, Принципы структурной типологии, М․, 1962; Новое в лингвистике, в․ 3, 5, М․, 1963, 1970; Виноградов В. А․, Методы типологии, в кн․։ Общее языкознание․ Методы лингвистических исследований, М․, 1973; Джаукян Г․ Б․, Общее и армянское языкознание, Е․, 1978․ Ա․ Սարգսյան

ՏԻՊԱԿԱՆԸ, օբյեկտիվ աշխարհի տվյալ կոնկրետ համակարգի համար կանոնիկը, նմուշայինը, առավել հավանականը (տես Տիպ)։ Տ․ հասկացությունը զարգացվել է գերազանցապես XIX դ․ գրական տեսություններում (Վ․ Բելինսկի, Ի․ Տեն, Գ․ Բրանդես և այլք)՝ կապված հիշյալ դարաշրջանի ռեալիստ, արվեստին հատուկ գծերի իմաստավորման հետ այս առումով բնութագրական է Ֆ․ էնգելսի՝ 1888-ին Մ․ Հարկնեսին գրած նամակում արտահայտված այն միտքը, թե ռեալիզմը ենթադրում է «տիպական հանգամանքներում տիպական բնավորությունների ճշմարտացի վերարտադրություն»։ Տիպական անհատականությունների ստեղծումը դժվարին պրոցես է, որը նշվում է «տիպականացում» տերմինով։ Տիպականացումը հաճախ հասկացվում է որպես մի շարք տիպական գծերի համադրում՝ մարդկային մեկ կերպարում։ Բայց ավելի էական է մեկ ուրիշ պրոցես՝ երբ ծավալվում և ավարտի են հասցվում այն հնարավորությունները, որ արվեստագետը տեսել է իրեն ծանոթ իրական մարդկանց մեջ։ Տիպական բնավորություններում, նրանց փոխգործողություններում, հանգամանքների հետ նրանց կապի մեջ էլ մարմնավորվում է անհատի և հասարակության կոնկրետ հարաբերակցության գեղարվեստական ճանաչումը։ Զ․ Ավետիսյան

ՏԻՊԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ, տիպային (նույնատիպ) շենքերի, կառույցների, կոնստրուկցիաների, մանրամասերի և այլ կերտվածքների նախագիծը, որ նախատեսված է մասսայական շինարարության կամ սերիական արտադրության համար։

ՏԻՊԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, պայմանագրի օրինակելի ձև, որը մշակում և հաստատում են իրավասու մարմինները (մինիստրների խորհուրդ, մինիստրություններ, գերատեսչություններ)։ Տ․ պ–ի նորմերը լինում են պարտադիր և օրինակելի։ Պարտադիր նորմերը կողմերի ցանկությամբ փոփոխվել չեն կարող, օրինակելի նորմերը, պայմանագիր կնքող կողմերի նպատակներին համապատասխան, կարող են լրացվել, ճշգրտվել կամ փոխվել այլ նորմերով։ Տ․ պ–ի տեսակները բազմազան են՝ բնակարանային վարձակալության, գյուղատնտ․ մթերքների կոնտրակտացիայի, հրատարակչական, կապալի, կապիտալ շինարարության կապալի, կենցաղային վարձույթի ևն։

ՏԻՊԱՅՆԱՑՈՒՄ, 1․ գրականության և արվեստի մեջ, տիպականի մարմնացումը։ 2․ Տեխնիկայում, միջոցառումների համակարգ, որոնց նպատակը մեքենաների արտադրությունը, շենքերի և կառույցների շինարարությունը, տեխնոլոգիական պրոցեսների կատարումը փոքր թվով ընտրված տիպերի հանգեցնելն է։ Տ․ մեքենաների դետալների, շենքերի և կառույցների տարրերի միատեսակացման և ստանդարտացման անհրաժեշտ պայմանն է։ Մեքենաների կոնստրուկցիաների Տ–ման շնորհիվ հնարավոր է ընտրել առավել կատարյալ կոնստրուկցիա և դրա հիման վրա կազմակերպել հոսքազանգվածային կամ մասնագիտացված սերիական արտադրություն։ Տ․ շինարարության ինդուստրացման, շենքերի և կառույցների արժեքի իջեցման, որակի բարձրացման և կառուցման ժամկետների կրճատման կարևորագույն պայմանն է։ Տեխնոլոգիական պրոցեսների Տ․ հնարավորություն է տալիս ընտրել առավել ռացիոնալ և բարձր արտադրողականության պրոցեսներ ու դրանք կիրառել նմանատիպ շինվածքների մշակման կամ պատրաստման համար, օգտագործելով տիպային հանդերձանքը, գործիքները և սարքավորումը։ Տ․ նպաստում է աշխատանքի արտադրողականության բարձրացմանը, նյութական ռեսուրսների խնայողությանը, արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը։

ՏԻՍԱ, Տ ի ս ս ա (հունգ․ Tisza, սերբ․, հորվաթերեն՝ Tisa), գետ ՍՍՀՄ–ում, Ռումինիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում և Հարավսլավիայում, Դանուբի ձախ, ամենաերկար (966 կմ) վտակը։ Ավազանը 157,1 հզ․ կմ2 է։ Սկիզբ է առնում Արլ․ Կարպատներից, հոսում առավելապես Միջինդանուբյան դաշտավայրով։ Հիմնական վտակները (Սամոշ, Կյորյոշ, Մարոշ) թափվում են ձախից։ Սնումը ձնաանձրեվային է, ջրի միջին ծախսը՝ 810 մ3/վրկ։ Տ–ի վրա են Տիսալյոկ և Կիշկյորե հէկերը։ Նավարկելի է։ Տ–ի ափերին են Խուստ (ՍՍՀՄ), Տիսաֆյուրեդ, Սոլնոկ, Սեգեդ (Հունգարիա) քաղաքները։

ՏԻՍՄԵՆԻՑԱ, գյուղ Ուկր․ ՍՍՀ Իվանո-Ֆրանկովսկի մարզում, հայկ․ գաղթավայր։ Դեռևս XVI դ․ 40-ական թթ․ այստեղ հաստատվել են հայեր, սակայն թուրքերի և թաթարների հաճախակի հարձակումների պատճառով շուտով հեռացել են այլ վայրեր։ Հայերը կրկին Տ–ում հաստատվել են 1679-ին (եկել են Կամենեց–Պոդոլսկից)։ Դոմինիկ Պոտոցկին նրանց համար կառուցել է փայտե եկեղեցի, Ցակուբ Վարդերեսովիչին նշանակել (1684) քահանա։ Նրանց շնորհվել են բազմաթիվ արտոնություններ, այդ թվում՝ ինքնավարություն (1689-ին ստեղծել են իրենց վարչությունը՝ վոյթի գլխավորությամբ)։ 1714-ին նրանք կազմակերպել են Ս․ Գրիգորի եղբայրությունը (կանոնադրությունը հաստատվել է Լվովի հայկական արքեպիսկոպոսարանում, 1723-ին), 1724-ին՝ Ս․ Հովակիմի և Ս․ Աննայի, 1729-ին՝ Անարատ հղության տիրամոր Աստվածածնի եղբայրությունները, որոնք կոչված էին հայ չքավորներին նյութապես օգնելու և այլ բարեգործ. նպատակների համար։ 1750-ին կառուցվել է Ս․ Աստվածածին (նաև՝ Ս․ Կայեթան) հայկ․ եկեղեցին (մի քանի անգամ վերանորոգվել է, կանգուն էր մինչև 1950-ական թթ․ սկիզբը)։ Տ–ի հայկ․ համայնքը զգալիորեն տուժել է 1764-ի հրդեհից, 1770-ի ժանտախտից, 1802-ի երկրաշարժից։ 1782-ին Տ–ում ապրել է 375 հայ։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստներով ու առևտրով, հատկապես՝ անասունների վաճառքով։ 1894-ին Տ–ի հայկ․ համայնքը բաղկացած էր ընդամենը 130 հոգուց։ Այն վերջնականորեն քայքայվեց առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին։

Գրկ․ Բժշկյան Մ․, ճանապարհորդութիւն ի Լեհաստան, Վնտ․ 1830։ Վ․ Գրիգորյան

ՏԻՍՍԵ էդուարդ Կազիմիրովիչ (1897 – 1961), սովետական կինոօպերատոր։ ՌՍՖՍՀ (1935) և Լատվ․ ՍՍՀ (1947) արվեստի վաստ․ գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Կինոյում աշխատել է 1914-ից (Լիեպայայում), որպես զինվ․ կինոթըղթակից նկարահանել լատիշ առաջին փաստագրական ֆիլմերը (պատկերում են 1918–20-ի քաղաքացիական պատերազմի դեպքերը)։ Վ․ Ի․ Լենինի նկարները, որ ժապավենի է առել Տ․, մտել են «Վլադիմիր Իլյիչ Լենին» վավերագրական ֆիլմ (1949)։ Եղել է Ս․ էյգենշտեյնի կինոնկարների օպերատորը՝ «Գործադուլ» (1925), «Պոտյոմկին» զրահանավը» (1925), «Հոկտեմբեր» (1927), «Հինը և նորը» (1929), «Ալեքսանդր Նևսկի» (1938), «Իվան Ահեղ» (1945, 2-րդ սերիան Ա․ Ն․ Մոսկվինի հետ, 1958)։ Աշխատել է նաև այլ ռեժիսորների հետ՝ «Հանդիպում էլբայի վրա» (1949), «Կոմպոզիտոր Դլինկա» (1952)։ Եղել է «Անմահ կայազորը» ֆիլմի (1956) ռեժիսորը (Զ․ Մ․ Ագրանենկոյի հետ) և օպերատորը։ Տ․ սովետական օպերատորական դպրոցի նախահայրերից է։ 1921-ից դա–