Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/147

Այս էջը սրբագրված է

– 16°C–ից մինչև –18°C է)։ Տարեկան տեղումները 200–500 մմ են, վեգետացիոն շրջանը՝ մոտ 165 օր։ Խոշոր գետը Իշիմն է։ Ջրամատակարարման համար կառուցված է Վյաչեսլավի խոշորագույն ջրամբարը Ցելինոգրադի մոտ։ Լճերը հիմնականում աղի են (Թենգիգ, Կիյակտը, Կիպշակ ևն)։ Մարզի տարածքի մեծ մասը գտնվում է տափաստանային զոնայում։ Տարածված են մուգ շագանակագույն, հաճախ աղուտ հողերը, կան նաև սևահողեր, որոնք լրիվ հերկված են։ Բուսածածկույթում գերակշռում են խոտաբույսերն ու անապատային բույսերը, համեմատաբար բարձր շրջաններում հանդիպում են սոճու–կեչու նոսր անտառների փոքր տեղամասեր։ Կենդանիներից կան կրծողներ, սմբակավորներ, գիշատիչներ, թռչուններ, լճերի ափերին՝ ջրլող թռչուններ։ Մարզում գործում է Կուրգալջինսկի լճամերձ արգելանոցը։

Բնակչությունը։ Բնակվում են ռուսներ (46%), ղազախներ (մոտ 20%), ինչպես նաև ուկրաինացիներ, բելոռուսներ, գերմանացիներ, թաթարներ, բաշկիրներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 6,8 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 61% (1986)։ Քաղաքներն են Ցելինոգրադը, Երմենթաուն, Աթբասարը ևն։

Տնտեսությունը։ խամ ու խոպան հողերի յուրացումից հետո Ց․ մ․ դարձել է երկրի հացահատիկային գլխավոր մարզերից մեկը։ Տնտեսության գլխավոր ճյուղերն են ոչ ջրովի հացահատիկային հողագործությունը, մսաբրդատու անասնապահությունը, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանումը։ էներգետիկ բազան հիմնված է ածխի և մազութի վրա։ Գործում է Ցելինոգրադի ջէկը, որը մտնում է Արմ․ Սիբիրի ու Ղազախստանի միասնական էներգոհամակարգի մեջ։

Զարգացած է հանքարդյունահանող արդյունաբերությունը, մեքենաշինությունը, մետաղամշակությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը։ Կան շինանյութերի արտադրություն (երկաթ–բետոնե հավաքովի կոնստրուկցիաներ և աղյուս), կահույքի ֆաբրիկա։

Գյուղատնտ․ հողահանդակների մեջ մեծ տեղ են գրավում արոտավայրերը (59%)։ 1954–58-ին Ց․ մ–ում յուրացվել են մոտ 4 մլն հա խամ ու խոպան հողեր։ Ցանքատարածությունները կազմում են ավելի քան 3744,8 հզ․ հա։ Մշակում են գարնանացան ցորեն, գարի, կորեկ, կերային կուլտուրաներ (բազմամյա խոտեր), եգիպտացորեն, կարտոֆիլ, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Անասնապահության առաջատար ճյուղը մանր եղջերավոր անասնապահությունն է։ Զարգացած է նաև խոշոր եղջերավոր անասնապահությունը, ձիաբուծությունը, խոզաբուծությունն ու թռչնաբուծությունը։ Իշիմ գետում և քաղցրահամ լճերում զբաղվում են ձկնորսությամբ։

Երկաթուղիների երկարությունը 1108,5 կմ է (1986), ավտոճանապարհներինը՝ 5,7 հզ․ կմ, այդ թվում 5,3 հզ․ կմ՝ կոշտ ծածկով։

1985/86 ուս․ տարում Ց․ մ–ում գործում էին 512 հանրակրթական դպրոց, 27 պրոֆ-տեխ․ ուսումնարան, 16 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 4 բուհ։ Մարզում է Ղազախ․ ՍՍՀ ԳԱ հողագիտության ինստ–ի Ցելինոգրադի բաժանմունքը, Հացահատիկային տնտեսության համամիութենական ինստ–ը, մի շարք ԳՀԻ–ներ։ 1986-ին Ց․ մ–ում կար 587 գրադարան, 469 ակումբային հիմնարկ, 628 կինոսարք, մարզական հայրենագիտական թանգարան, դրամատիկական թատրոն։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։ 1983-ին մարզի 93 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 2952 բժիշկ։

ՑԵԼՅՈՒԼՈԶ (ֆրանս․ celulose, < լատ․ cellula – բջիջ, թաղանթ), տես Թաղանթանյութ։

ՑԵԼՈՄ (< հուն․ κοίλωμα – իջվածք, խոռոչ), տես Մարմնի երկրորդային խոռոչ։

ՑԵԼՈՖԱՆ (< ֆրանս․ cellulose – թաղանթանյութ, հուն. φᾱνός – լուսավոր), վիսկոզից ստացվող թափանցիկ թաղանթ։ Օգտագործվում է հիմնականում փաթեթավորման համար, որպես երշիկի մաշկապատյան և այլ նպատակներով։

ՑԵԼՍԻՈՒՍԻ ՑՈՒՑՆԱԿ, ջերմաստիճանային այնպիսի ցուցնակ, որում սառույցի հալման և ջրի եռման ջերմաստիճանների միջակայքը, մթնոլորտային նորմալ ճնշման (101325 պա կամ 760 մմ սնդ․ ս․) դեպքում, բաժանված է 100 հավասար մասի։ Կոչվել է ցուցնակն առաջարկող (1742) շվեդ գիտնական Ա․ Ցելսիուսի (A․ Celsius, 1701–44) անունով։ Ջերմաստիճանն ըստ Ց․ ց–ի արտահայտվում է Ցելսիուսի աստիճաններով (°C),ընդ որում սառույցի հալման ջերմաստիճանն ընդունվում է 0°C, ջրի եռման ջերմաստիճանը՝ 100°C։ Տես նաև Ջերմաստիճանային ցուցնակներ։

ՑԵԼՈՒԼՈԻԴ (< ֆրանս․ cellulose – թաղանթանյութ և հուն․ ειδος – նման), թաղանթանյութի նիտրատից (կոլաքսիլին) ստացվող պլաստմասսա։ Պարունակում է նաև պլաստիֆիկատոր և ներկանյութ։ Դյուրավառ է և ունի սահմանափակ կիրառություններ։ Օգտագործվում է պլանշետներ, քանոններ, խաղալիքներ, օճառաման, սանր ևն պատրաստելու համար։

ՑԵԽԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, պ ե լ ո թ ե ր ա պ ի ա (< հուն․ πηλός – կավ, ցեխ և θεραπεία – բուժում), տարբեր ծագման բուժիչ ցեխերի և ցեխանման նյութերի (տորֆ, պարաֆին, օզոկերիա ևն) կիրառումը կուրորտային և արտակուրորտային պայմաններում։

Ցեխերը բուժիչ նպատակներով օգտագործել են դեռևս Հին Հունաստանում, Եգիպտոսում, Հռոմում։ Ց․ լայն կիրառում է ստացել XVIII դ․ վերջից և XIX դ․ սկզբից, եվրոպական երկրներում (Շվեդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա ևն)։ Ռուսաստանում ցեխերի բուժիչ հատկությունները հայտնի են եղել XIV–XVI դդ․ և որպես ժող․ բժշկության միջոցներ օգտագործվել են Սակի (Ղրիմ) և Տինակի (Աստրախան) լճերի ցեխերը։ Օրգանիզմի