Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/163

Այս էջը սրբագրված է

է գլխ․ ֆունկցիաներն ապահովող մշտական համընդհանուր կառուցվածքներից՝ օրգանոիդներից, որոշ նյութերի ժամանակավոր կուտակումներից (լիպիդներ, ածխաջրեր, սպիտակուցներ, պիգմենտներ են) և տարբեր տիպի բջիջների առանձնահատուկ գոյացություններից (մկանաթելիկներ, տոնոֆիբրիլներ են)։ Նշված բոլոր ներառումներն ընկղմված են Ց–ի համեմատաբար միատարր, բազմաթիվ մոլեկուլների կոլոիդ լուծույթի՝ հիալոպլազմայի մեջ։

Տես նաև Բջիջ, Պրոտոպլազմա։

ՑԻՏՈՔՐՈՄՆԵՐ, շ ն չ ա ռ ա կ ա ն ֆ ե ր մ ե ն տ ն ե ր, երկաթ պարունակող բարդ սպիտակուցներ, որոնց պրոսթետիկ (ոչ սպիտակուցային) մասը կազմում է հեմը (հեմոպրոտեիդներ)։ Առաջինը նկարագրել է շոտլանդացի գիտնական Մաք Մաննը (1886), իսկ նրանց դերը կենդանի բջիջներում բացահայտել է Դ․ Քեյլինը (1926, Անգլիա)։ Հայտնի են շուրջ 30 Ց․։ Լայնորեն տարածված են բուս․, կենդան, և մանրէների բջիջներում։ Կարևոր դեր են կատարում կենդանի օրգանիզմներում ընթացող բազմաթիվ պրոցեսներում (բջջային շնչառություն, ֆոտոսինթեզ, միկրոսոմային օքսիդացում)։ Կենդանի բջիջներում իրականացնում են էլեկտրոնների և (կամ) ջրածնի աստիճանական տեղափոխությունն օքսիդացվող օրգ․ նյութերից մոլեկուլային թթվածնին։ Պրոցեսի ընթացքում առաջանում է էներգիայով հարուստ միացություն՝ ադենոզինեռֆոսֆորաթթու։

ՑԻՏՐՈՒԼԻՆ, α-ամինա–δ–ուրեիդավալերիանաթթու, H2NCONH(CH2)3CH(NH2)COOH, բնական ամինաթթու։ Գոյություն ունի օպտիկապես ակտիվ Լ – , D– և ռացեմատ LD–ձևերով։ L–Ց․ ազատ վիճակում պարունակվում է ձմերուկի և որոշ այլ բույսերի հյութերում, ընդավորների արմատային պալարներում, կաթնասունների հյուսվածքներում (լյարդ, երիկամներ, ուղեղ, մկաններ, արյուն)։ Բնական սպիտակուցների կազմության մեջ չի մտնում։ Օրգանիզմում մասնակցում է օրնիթինային ցիկլի ռեակցիաներին (օրնիթինից արգինինի կենսասինթեզի միջանկյալ արգասիք է)։ Բույսերում մասնակցում է նաև ազոտի ֆիքսման պրոցեսին։

ՑԻՏՐՈՒՍԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐ, սատապազգիների ընտանիքի ցիտրուս ցեղի մշտադալար բույսերի խումբ։ Մշակում են (28 տեսակ՝ նարնջենի, գրեյպֆրութ, մանդարին, կիտրոն, թուրնջենի ևն) ԱՄՆ–ում, Ճապոնիայում, ՉԺՀ–ում, Հնդկաստանում, Պակիստանում, Ավստրալիայում, Միջերկրածովյան երկրներում ևն, իսկ ՍՍՀՄ–ում՝ Արմ․ Վրաստանում (տնկարկների 90%), Ադրբեջանում, Սոչիի շրջանում, Տաջիկստանում ևն։

Պատկերազարդումը տես 320-րդ էջից հետո՝ ներդիրում։

ՑԻՏՐՈՒՍՈՎԱՆ, գյուղ Աբխազ․ ԻՍՍՀ Գուդաութայի շրջանում, շրջկենտրոնից 23 կմ հվ–արլ․։ Բնակչությունը՝ հայեր, աբխազներ, վրացիներ։ Ունի հանգստյան տուն, ակումբ–կինո։ Հայերը եկել են Սամսունի շրջակա գյուղերից, 1881-ին։

ՑԻՐԿՈՆ (գերմ․ Zirkon), միներալ։ Քիմ․ կազմը՝ (Zr, Hf, Th, Ս, TR, Са, Na) [(Si, Al, P, S)X(O, OH)4]։ Բյուրեղագիտ․ համակարգը տետրագոնային է։ Առաջացնում է բյուրեղային ներփակումներ, հատիկավոր, կոլոմորֆ անջատումներ։ Գույնը՝ տարբեր երանգի շագանակագույն։ Փայլը՝ ալմաստի։ Կարծրությունը՝ 6,5, խտությունը՝ 4000–5100 կգ/մ3։ Հանդիպում է գրանիտոիդային և ալկալային ապարներում։ Zr-ի ստացման հանքանյութ է։ Օգտագործվում է ապարների բացարձակ հասակը կապարային մեթոդով որոշելու համար։ Ց–ի խոշոր կուտակումներ կան ԱՄՆ–ում (Ֆլորիդա), Շրի Լանկայում, Արլ․ Ավստրալիայում։

ՑԻՐԿՈՆԻՈՒՄ (Zirconium), Zr, տարրերի պարբերական համակարգի V պարբերության, IV խմբի տարր։ Կարգահամարը՝ 40, ատոմական զանգվածը՝ 91,22։ d տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s2 4p6 4d2 5s2։ К, Լ և М թաղանթները լրացված են։ Բնական Ց․ բաղկացած է 90Zr (51,46%), 91Zr (11,13), 92Zr (17,11), 94Zr (17,4) և 96Zr (2,8) կայուն իզոտոպներից։ Ստացվել են 81–99 զանգվածի թվերով 14 ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից 95Zr (T1/2= 95 օր) օգտագործվում է որպես իզոտոպային ինդիկատոր։ Ամենից կայուն է 93Zr (T1/2= 1,5·106 տարի, β-) իզոտոպը։

Ց․ հայտնաբերել է գերմ․ քիմիկոս Մ․Կլապրոտը (1879), որը Ցեյլոնից բերված թանկարժեք բարից՝ ցիրկոնից, անջատեց Ց–ի օքսիդը (ZrO2)։ Մետաղական Ց․ թեև ոչ մաքուր, սև փոշու ձևով առաջինն ստացել է Ի․ Բերցելիուսը( 1825)։ Մաքուր՝ ձուլածո Ց ․ ստացվեց միայն 1925-ին, յոդիդային ռաֆինացմամբ (նիդերլանդացի գիտնականներ՝ Ա․ վան Արկել և Ի․ դե Բուր)։ Ց․ անվանումը ծագել է ցիրկոն միներալի անունից։

Ց․ երկրակեղևում տարածված (դանդաղ տեղաշարժվող) տարր է, կազմում է նրա զանգվածի 1,7 • 10-20/0–ը (տարածվածությամբ 19-րդն է)։ Հայտնի են Ց–ի 27 միներալները, որոնցից արդ․ նշանակություն ունեն բադդելեիտը՝ ZrO2 և ցիրկոնը։

Ց․ արծաթասպիտակ, բնորոշ փայլով մետաղ է։ Առաջացնում է α և β ձևափոխություններ (α→β անցումը տեղի ունի 863°C–ում)։ Ց–ի հալ․ ջերմաստիճանը 1855°C է, եռմանը՝ 4340°C, խտությունը՝ 6450 կգ/մ3։ Մաքուր Ց․ պլաստիկ է, հեշտությամբ ենթարկվում է մամլման, գլանման և այլ սառը կամ տաք մշակման։ Մետաղների լարման շարքում Ց․ գտնվում է ջրածնից (նաև ցինկից և մանգանից) ձախ։ Միացություններում առավելապես քառարժեք է, ցուցաբերում է +4, հազվադեպ՝ + 1, +2 և +3 օքսիդացման աստիճաններ։ Քիմ․ հատկություններով նման է հաֆնիումին։ Սովորական պայմաններում ձուլածո Ց․ քիմիապես պասսիվ է և կոռոզիակայուն, պատվում է օքսիդի պաշտպանիչ շերտով։ Թթվածնի հետ հեշտությամբ միանում է 800°C–ից բարձր տաքացնելիս (200–400°C–ում՝ շատ դանդաղ)։ Ց–ի փոշին ինքնահրկիզվող է, օդում կարող է բռնկվել անգամ սենյակային ջերմաստիճաններում։ Առաջանում է Ց–ի (IV) օքսիդ՝ ZrO2։ Ց․ ջրածնի հետ առաջացնում է հիդրիդներ՝ ZrH, ZrH2, և պինդ լուծույթներ։ Ֆտորի հետ Ց․ միանում է սովորական պայմաններում, մյուս հալոգենների հետ՝ տաքացնելիս (200°C), ստացվում են Ց–ի (IV) հալոգենիդները՝ ZrX4։ Տաքացնելիս Ց․ միանում է նաև բորի, ազոտի (700–800°C), ածխածնի (900°C) հետ՝ առաջացնելով բորիդ՝ ZrB2, նիտրիդ՝ ZrN և կարբիդ՝ ZrC։

Մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ և ներմետաղական միացություններ։ Ց․ կայուն է ջրի և ջրային գոլորշիների (մինչև 300°C), աղաթթվի, նոսր (< 50%) ծծմբական թթվի և ալկալիների նկատմամբ (միակ մետաղն է» որ չի լուծվում ամոնիակ պարունակող ալկալիներում)։ Ազոտական թթվում և արքայաջրում լուծվում է տաքացնելիս (>100°C)։ Ց–ի (IV) աղերը հեշտությամբ հիդրոլիզվում են։ Ց–ի ստացման հիմնական հումքը ՍՍՀՄ–ում ցիրկոնն է։ Ձուլածո Ց․ ստանում են մամլված փոշին վակուումում հալելով։ Գերմաքուր Ց․ ստանում են աղեղային վառարանում կամ յոդային ռաֆինացմամբ ստացված մետաղն էլեկտրոնային ճառագայթով հալելով։ Ց․ և նրա համաձուլվածքներն օգտագործվում են միջուկային ռեակտորներում, հրթիռներում, թռչող և այլ սարքերում, քիմ․ մեքենաշինության մեջ։ Փոշեկերպ Ց․ օգտագործվում է պիրոտեխնիկայում և պայթուցիկ նյութերի արտադրության մեջ։ Ցիրկոնային հրակայուն նյութերն (պարունակում են ZrO2 կամ ZrSiO4) օգտագործվում են մետաղաձուլության և հրթիռաշինության մեջ։

ՑԻՐԿՈՆԻՈՒՄԻ ԿԱՐԲԻԴ, ZrC, ցիրկոնիումի միացությունն ածխածնի հետ։ Մոխրագույն, դժվարահալ (3800°C), բյուրեղական նյութ է։ Լուծվում է արքայաջրում և տաք, խիտ ծծմբական թթվում։ Օգտագործվում է որպես մետաղների դժվարահալ ծածկույթներ, հղկանյութ, խեցանյութերի բաղադրիչ։

ՑԻՑԵՐՈ, 1․ տպատառ, որի կեգելը հավասար է 12 պունկտի (4,51 մմ)։ Առաջին անգամ կիրառվել է 1467-ին, Ցիցերոնի «Նամակների» տպագրության ժամանակ, որտեղից էլ՝ անվանումը։ Առավելապես կիրառվում է մանկական գրքերի և սկզբնական ուսուցման դասագրքերի տեքստի շարվածքի համար։ 2․ Գծային չափերի միավոր, որն օգտագործվում է շարվածքի արտադրության ժամանակ։

ՑԻՑԵՐՈՆ, Կ ի Կ ե ր ո ն Մարկոս Տուլիոս (Cicero Marcus Tullius) (մ․ թ․ ա․ 106–մ․ թ․ ա․ 43), հռոմեացի հռետոր, քաղ․ գործիչ, գրող։ Հեծյալների դասի ներկայացուցիչ։ Քաղ․ ասպարեզ է մուտք գործել Սուլլայի դիկտատուրայի կողմնակիցների դեմ արտասանած ճառերով՝ ի պաշտպանություն Քվինտիոսի, մ․ թ․ ա․ 81-ին և Ռոսկիոսի, 80-ին (հայ․ հրտ․ «Ատենախօսութիւն Կիկերոնի վասն Ամերիացի Սեքստոս Րոսկիոսի», «Հյուսիսափայլ», 1860, թրգմ․ Ս․ Նազարյան)։ Ց–ին մեծ հռչակ է բերել սուլլայական Վերեսի դեմ 70-ին արտասանած ճառը, ինչպես նաև Պոմպեոսի օգտին 66-ին ծերակույտում արտասանած ճառը։ 63-ին Ց․ ընտրվում է կոնսուլ և այնուհետև ցուցաբերում ազնվականական կողմնորոշում, որն արտահայտվել է Կատիլինայի դատավարության ժամանակ արտասանած չորս ճառերում (այսպես կոչված