Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/190

Այս էջը սրբագրված է

ՀՍՍՀ–ից առաքվում է նաև ցիանամիդ, ամոնիումի բորակ, այլ քիմիկատներ, ավտոդողեր ևն (Հայաստանից Միջին Ասիա առաքվող կալցիումի ցիանամիդի շուրջ 80, ամոնիումի բորակի 40 և ավտոդողերի շուրջ 60%-ը ստանում է Ու․), ինչպես նաև պեմզա, տուֆի սալիկներ, բազալտե իրեր և բնական այլ շինանյութեր, սննդի արդյունաբերության արտադրանք (հատկապես ծխախոտ, կարամել և հանքային ջրեր)։ Սննդի արդյունաբերության արտադրանքը կազմում է ՀՍՍՀ–ից Ու․ առաքվող ամբողջ արտադրանքի ծավալի 30%–ը։ Հայ շինարարների հատուկ ջոկատը երկրաշարժից տուժած Տաշքենդում հայկ․ տուֆով կառուցել է մի գեղեցիկ թաղամաս։
X․ Բժշկաաշխարհագրական բնութագիրը
1983-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 35,2, մահացությունը՝ 7,5։ Կյանքի միջին տևողությունը՝ 67 տարի։ 1984-ին գործում էին 1245 հիվանդանոցային հիմնարկ՝ 214,3 հզ․ մահճակալով (1913-ին՝ 63 հիվանդանոց, 1000 մահճակալով), 1000 բնակչին՝ 11,9 մահճակալ (1913-ին՝ 2,3 մահճակալ)։ 1984-ին աշխատում էին 58,7 հզ․ բժիշկ (1913-ին՝ 139 բժիշկ), 10000 բնակչին՝ 32,7 բժիշկ, 166,6 հզ․ միջին բուժաշխատող։
Հայտնի են Ակտաշ, Չարտակ, Տաշքենդի հանքային ջրեր բուժավայրերը, ուր գործում են 259 առողջարան՝ 44,3 հզ․ մահճակալով, 23 հանգստյան տուն ու պանսիոնատ։
XI․ ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմնարկները
Մինչև XIX դ․ 2-րդ կեսը Ու–ի տարածքում գործել են միայն մուսուլմանական հոգևոր դպրոցներ (մեդրեսե, մեկթեբի)։ Կանայք, որպես կանոն, կրթություն չէին ստանում։ Ռուսաստանի հետ միավորվելուց հետո ստեղծվել են հիմնականում ռուս, աշխարհիկ ուս․ հաստատություններ: 1897-ին ՈՒ-ում գրագետ է եղել բնակչության 3,6%-ը։ 1917-ին գործել է հանրակրթական 165 դպրոց (17500 աշակերտ, դպրոցական տարիքի երեխաների մոտ 3% –ը)։
Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո (1917) ստեղծվել են կրթության և ազգ․ մշակույթի զարգացման համար բոլոր պայմանները։ 1918-ին մտցվել է ընդհանուր անվճար ուսուցում մայրենի լեզվով, դպրոցն անջատվել է եկեղեցուց։ Սովետական իշխանության առաջին տարիներին կրթության զարգացմանը (հատկապես կանանց) խանգարել են մուսուլման հոգևորականության ազդեցությունը, հին վերապրուկներն ու սովորույթները, տեղի մանկավարժական կադրերի պակասը։ Ուսուցչական կադրերի պատրաստման, դպրոցական կրթության նյութական բազայի ստեղծման գործում Ու-ին օգնել են եղբայրական մյուս հանրապետությունները։ 1920-ին հիմնադրվել է Թուրքեստանի համալսարանը (1960-ից՝ Վ․ Ի․ Լենինի անվ․ Տաշքենդի համալսարան)։ 1930-ին մտցվել է համընդհանուր տարրական պարտադիր ուսուցում։ 1939-ին գրագետ է դարձել բնակչության 78,7%-ը՝ Ետպատերազմյան տարիներին իրականացվել է համընդհանուր պարտադիր 7-ամյա, 1959-ից՝ 8-ամյա պարտադիր կրթությունը։ 1971–75-ին ավարտվել է անցումը համընդհանուր միջնակարգ կրթության։ Սկսել է զարգանալ պրոֆտեխ․ կրթությունը։
1982-ին 7886 նախադպրոցական հիմնարկում դաստիարակվել է 1026,4 հզ․ երեխա, 1984/85 ուս․ տարում 9350 դպրոցում սովորել է 4400 հզ․ աշակերտ, 42 բուհում՝ 289,5 հզ․ ուսանող, 247 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատությունում՝ 273,0 հզ․ սովորող։ Խոշորագույն բուհերն են․ Տաշքենդի, Սամարղանդի, Կարակալպակյան (Նուկուսում) համալսարանները, Տաշքենդի մանկավարժ․, բժշկ․, գյուղատնտ․, պոլիտեխ․, ժողտնտեսության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստ–ները։ 1982-ին ժող․ տնտեսությունում աշխատել է բարձրագույն կրթությամբ 583 հզ․, միջնակարգ մասնագիտական կրթությամբ՝ 607 հզ․ մարդ։ Գիտ․ հիմնարկներում աշխատել է 36,5 հզ․ գիտ․ աշխատող, այդ թվում՝ 960 դ–ր և 13,4 հզ․ գիտ․ թեկնածու։ 1984-ին գործել է 7500 գրադարան (75,1 մլն օրինակ գիրք և հանդես), խոշորագույնն է՝ Ա․ Նավոիի անվ․ Ուզբ․ ՍՍՀ պետ․ գրադարանը (հիմն, է 1870-ին, Տաշքենդում, 1984-ին՝ 4,5 մլն օրինակ գիրք)։ Ունի 42 թանգարան, խոշորներից են՝ Վ․ Ի․ Լենինի թանգարանի մասնաճյուղը, Ու–ի ժողովուրդների պատմության Այբեկի անվ․ պետ․, Ուզբ․ ՍՍՀ արվեստների, Ա․ Նավոիի անվ․ գրականության, բնության հանրապետ․ (բոլորը՝ Տաշքենդում), Ուզբ․ ՍՍՀ մշակույթի և արվեստի պատմության պետ․ (Սամարղանդում) թանգարանները։ Գործում են 900 քաղաքային և 3500 գյուղ, մշակույթի տուն և ակումբ, 235 ժողովրդական համալսարան, 84 կուլտուրայի և հանգստի տուն։
XII․ Գիտությունը և գիտական հիմնարկները
1. Բնական և տեխնիկական գիտություններ
Մ․ թ․ ա․ I հազարամյակի կեսերին Ամուդարյա, Սիրդարյա և Զարավշան գետերի ավազանում ստեղծվել են ոռոգման խոշոր կառույցներ, մշակվել են տարբեր բույսեր, կառուցվել քաղաքներ։ Նրանք գործնական գիտելիքներ ունեին լեռնային գործի, մետալուրգիայի, խեցեգործության, ջուլհակագործության, ոսկերչության, շինարարության, պատկերացում ունեին երկնային լուսատուների շարժման, ժամանակի հաշվման համակարգի, հաշվումների մի քանի ձևերի մասին։
IX–XI դդ․ Մերվում, Բուխարայում, Ուրգենչում, Սամարղանդում, Խոջենդում և այլ քաղաքներում ստեղծվեցին աստղադիտարաններ, «Իմաստության տներ», գրադարաններ։ Թարգմանվեցին Հին Հունաստանի և Հնդկաստանի գիտնականների որոշ աշխատություններ։ Աստղագիտության և մաթեմատիկայի զարգացմանը նպաստել է Ուլուգբեկի (XV դ․) աստղագիտ․ դպրոցը (Սամարղանդում)։ IX–XVIII դդ․ զգալի առաջընթաց ունեցավ քաղաքաշինությունը, խեցեգործությունը, գունավոր ապակիների, բարձրորակ թղթի, բամբակի, բրդի, մետաքսի գործվածքների և արծաթե, պղնձե, ոսկե իրերի պատրաստումը ևն։
XIX դ․ 2-րդ կեսին Միջին Ասիան Ռուսաստանի հետ միավորվելուց հետո Ու–ի տարածքի և բնական հարստությունների ուսումնասիրմանը մասնակցում էին բազմաթիվ ռուս գիտնականներ։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Ռուս. աշխարհագրական ընկերության ծրագրով կատարվեցին Արալյան ծովի, սառցադաշտերի, կենդան. և բուս. աշխարհի, սեյսմիկ պրոցեսների, հողաբուսաբանական և ջրաբանական հետազոտություններ։ XIX դ․ 2 րդ կեսին և XX դ․ սկզբին Տաշքենդում հիմնադրվեցին օդերևութաբանական կայան (1867), վիճակագրական կոմիտե (1868), աստղադիտարան (1873), Թուրքեստանի գյուղատնտ․ փորձակայանը (1898), սեյսմիկ կայան 1901-ին (Տաշքենդում և 1914-ին Սամարղանդում) ևն։
1920-ի դեկրետով Տաշքենդում հիմնվեց առաջին բարձրագույն ուս․ և գիտական հաստատությունը սովետական Արևելքում՝ Թուրքեստանի պետհամալսարանը (1960-ից՝ Տաշքենդի համալսարան)։
1920-ական թթ․ կեսերին–30-ական թթ․ սկզբին ստեղծվեցին Միջին Ասիայի ջրային տնտեսության գլխավոր վարչությունը, Երկրբ․ կոմիտեի միջինասիական բաժանմունքը (1926), բամբակագործության համամիութ․ ԳՀԻ (1929), Միջինասիական բամբակաոռոգման պոլիտեխ․, մետաքսագործական (երկուսն էլ՝ 1929), Միջինասիական երկրբ․ հետախուզական (1930, այժմ՝ Տաշքենդի Բիրունիի անվ․ պոլիտեխ․), հիդրոօդերևութաբանական (1931), բժշկ․ ինստ–ները ևն։
Ու–ի գիտնականների ջանքերով երկիրը 1920-ական թթ․ ապահովվեց բամբակի հումքով։ 1938-ին Տաշքենդում ստեղծվեց Երկրբ․ ԳՀԻ։ 1937–39-ին հրատարակվեց «Ուզբ․ ՍՍՀ երկրաբանություն»-ը (հ․ 1–3), 1941-ին՝ Միջին Ասիայի հվ–արլ․ մասի երկրբ․ քարտեզը։ Աշխատանքներ էին տարվում երկրաֆիզիկայի, աստղագիտության, հելիոտեխնիկայի, օրգ․ քիմիայի, քիմիայի և սիլիկատների տեխնոլոգիայի վերաբերյալ ևն։ Վերակառուցվում էին ոռոգման համակարգեր, պայքար էր տարվում հողերի աղակալման և ճահճակալման դեմ։ Աճեցվում էին բամբակենու բարձր բերքատու, ինչպես նաև նրբաթել սորտեր։ Բուսաբաններն ուսումնասիրում էին անապատային և բարձրլեռնային բուսական աշխարհը։
1940-ին հիմնադրվեց ՍՍՀՄ ԳԱ ուզբ․ մասնաճյուղը։ 1941-ին հրատարակվեց «Ուզբեկստանի ֆլորան» (հ․ 1) աշխատությունը։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) Ուզբ․ ՍՍՀ ԳԱ մասնաճյուղը և ԳՀԻ–ներն աշխատում էին Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելոռուսիայից Ու․ էվակուացված ԳՀԻ–ների հետ համագործակցված։ 1941-ին կազմակերպվեց էներգ․ ինստ–ը։ 1943-ին Ուզբ․ ՍՍՀ ԳԱ մասնաճյուղի բազայի վրա հիմնադրվեց Ուզբ․ ՍՍՀ ԳԱ։ Գիտահետազոտական աշխատանքների գլխ․ ուղղությունը արդյունաբերության համար նոր ռեսուրսների հայտնաբերումը և գյուղատնտ․ մթերքների արտադրության ավելացումն էր։ Հետախուզվեց Անգրենի գորշ ածխի հանքավայր։ Սկսվեցին մշակվել վոլֆրամի