Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/192

Այս էջը սրբագրված է

Հետազոտվել է ջերմության և լույսի ազդեցությունը բամբակենու վաղահասության և բերքատվության բարձրացման վրա (Ս․ Սադիկով)։ Ստացվել են բամբակենու նոր բերքատու սորտեր, որոնք պիտանի են մեքենայացված բերքահավաքի համար։ Ստացվել են բրնձի բարձր բերքատու 20, բանջարանոցային, այդ թվում բոստանային, կուլտուրաների 50-ից ավելի սորտեր։
Այգեգործության, խաղողագործության և երկրագործության ԳՀԻ–ում ստեղծվել են խաղողի և պտղահատապտղային կուլտուրաների 60-ից ավելի նոր սորտեր։ Ստացվել են թթենու շերամի, գյուղատնտ․ կենդանիների և կարակուլ ոչխարների նոր ցեղեր։
Բ ժ շ կ ա կ ա ն գ ի տ ու թ յ ու ն ն ե ր ը։ Մշակվել են մալարիայի, որովայնային տիֆի (Ի․ Մուսաբաև), վարակական դեղնախտի, բրուցելոզի դեմ պայքարի միջոցներ, ստամոքսաղիքային հիվանդությունների ախտորոշման մեթոդներ (Է․ Աթախանով)։ Հետազոտվել է գոսիպոլի որոշ ածանցյալների ազդեցությունը իմունադեպրեսիվ պրոցեսների վրա՝ օրգանների և հյուսվածքների, մասնավորապես երիկամների, պատվաստման ժամանակ (Ու․ Արիպով)։
2․ Հասարակական գիտությունները Փիլիսոփայությունը։ Ստրկատիրական և վաղ ֆեոդ. շրջանում աշխարհայացքի հիմնական ձեը զրադաշտականությունն էր։
V–VI դդ․ լայնորեն տարածվել է մազդակիզմ ընդդիմադիր ուսմունքը։ Արաբ. նվաճումից հետո սկսվել է իսլամի տարածումը։ Բնագիտ․ գիտելիքների զարգացման հետ IX–X դդ․ բնության վերաբերյալ հայացքներում ի հայտ են գալիս մատերիալիստական միտումներ (Մուհամմեդ ալ–Խորեզմի, Ահմեդ Ֆերգանի, Աբու Ռեյհան Բիրունի)։ Պանթեիստական աշխարհայացք է զարգացրել Աբու Նասր Ֆարաբին:
X–XI դդ․ սահմանագծում տարածվել է սուֆիզմը (Ցուսուֆ Համադանիի դպրոցը, XII դ․)։ XIII դ․ Չինգիզ խանի արշավանքները հանգեցրին մշակույթի անկման, որի վերելքը սկսվել է XIV դ․ վերջին –XV դ․ սկզբին․ առաջացել է սուֆիզմի նոր հոսանք Մուհամմեդ Նակշբենդիի գլխավորությամբ, որը քարոզում էր աշխատանք և գիտելիք, հրաժարում ճգնավորականությունից և միստիցիզմից։
XV դ․ փիլ–յան զարգացումը կապվում է Ուլուգբեկի կառավարման և գիտ․ գործունեության հետ։ Առաջադիմական հասարակական–քաղ․ մտքի զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել Ալիշեր Նավոիի ստեղծագործությունը։ XVII–XVIII դդ․ ազատախոհական և հակակղերական գաղափարներ են զարգացրել Տուրդին և Մաշրաբը։ Միջին Ասիայում մեծ ազդեցություն է ձեռք բերել Բեդիլի պանթեիստական ուսմունքը։ XIX դ․ 2-րդ կեսին զարգացել է աշխարհիկ և հոգևոր խոշոր հողատերերի գաղափարախոսությունը (Խազինի, Մուխի), ծնունդ առնող բուրժուազիայի գաղափարախոսությունը՝ ջադիդիզմը, և լուսավորականությունը (Ահմեդ Դոնիշ, Ֆուրկատ, Մուկիմի, Հ․ Համզա Նիյազի, Ս․ Այնի, Ավազ Օթար Բոնու և ուրիշներ)։ XIX դ․ վերջին սկսել են ներթափանցել մարքսիզմի գաղափարները։ Դրանց պրոպագանդիստները կենտր․ Ռուսաստանից աքսորված սոցիալ–դեմոկրատներն էին։ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո տարածվում է մարքս–լենինյան փիլ–յունը, այդ գործում մեծ ավանդ ունեն Պ․ Կոբզևը, Շ․ էլիավան, Վ․ Կույբիշևը, Ա․ Ռուձուտակը, Մ․ Ֆրունզեն, Ա․ Իկրամովը և Ֆ․ Խոջաևը։ 1930–1940-ական թթ․ գիտ․ կյանքում կարևոր իրադարձություն էր Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի աշխատությունների («Կապիտալ», «Անտի–Դյուրինգ») և Վ․ Ի․ Լենինի Երկերի հրատարակումը ուզբեկերեն (1947–53), որոնք դարձան փիլ․ հետազոտությունների հիմք։ Պատ․ մատերիալիզմի և գիտ․ կոմունիզմի բնագավառներում ընդհանրացվում են հանրապետության սոցիալ–տնտ․ և մշակութային զարգացման նվաճումները, բացահայտվում զարգացման ոչ կապիտ․ ուղու առանձնահատկությունները, ազգ․ հարցի լուծման, սոցիալիզմը կոմունիզմի վերաճելու ընթացքում կոմունիստական կուսակցության դերի աճման պատմ․ նշանակությունը։
1958-ից գործում է Ուզբ․ ՍՍՀ ԳԱ փիլ–յան և իրավունքի ինստ–ը։ Փիլ–յան գծով հոդվածներ է տպագրում «Օբշչեստվեննիե նաուկի վ Ուզբեկիստանէ» (1961-ից) ամսագիրը։
Պատմական գիտությունը։ Ու–ի հին պատմության վերաբերյալ տեղեկություններ են տալիս հնագիտական նյութերը, բանահյուսությունը, «Ավեստան», Աքեմենյանների արձանագրությունները։ Ու–ի տարածքում ապրող ժողովուրդների մասին վկայություններ կան հուն․, հռոմ․, հայկ․, բյուզ․ սկզբնաղբյուրներում։ IX–XI դդ․ գրվել են Թաբարիի, Ֆիրդուսու, Բիրունիի և այլոց երկերը։ Մոնղ․ արշավանքների մասին տեղեկություններ կան Իբն ալ Ասիրի, Ռաշիդ ադ Դինի մոտ։ Ռուսաստանին միացվելու ժամանակաշրջանում Կոկանդի խանությունում տեղի ունեցած իրադարձություններն արտացոլված են Մուհամմեդ Սալիխի «Տաշքենդի նոր պատմություն»-ում։ XIXդ. 2-րդ կեսի հայտնի պատմաբաններից էր Ահմադ Դոնիշը՝ Բուխարայի պատմության վերաբերյալ երկի հեղինակը։ XIX դ․ վերջին Միջին Ասիայի պատմ․ և հնագիտ․ ուսումնասիրությամբ սկսել են զբաղվել ռուս․ գիտ․ հաստատությունները։ Միջին Ասիայի պատմության ուսումնասիրության մեջ մեծ դեր ունի Վ․ Բարտոլդը։ Միջին Ասիայի և Ղազախստանի ազգագրական հետազոտությամբ զբաղվել են Վ․ Ռադլովը, Ա․ Կունը և ուրիշներ։ Ու–ում հնագիտ․ առաջին պեղումները կատարել են Ն․ Վեսելովսկին, Վ․ Վյատկինը և ուրիշներ։
Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխության հաղթանակից հետո ուզբ․ պատմագիտության ձևավորման և վերելքի գործում վճռական դեր են խաղացել Վ․ Ի․ Լենինի աշխատությունները, կուսակցական փաստաթղթերը։ Մարքսիստ պատմաբանների կադրերը համախմբվել են միջինասիական կոմունիստ, համալսարանի (1921) և Թուրքեստանի կոմկուսի ԿԿ–ին կից կուսպատմության բաժնի (բացվել է 1922-ին) շուրջ։ Ազգ․ կադրերի պատրաստման գործում զգալի դեր են կատարել Մոսկվայի և Լենինգրադի համալսարաններն ու գիտ․ կենտրոնները։ 1918-ին Տաշքենդում բացվել է Թուրքեստանի արևելագիտության ինստ–ը, որը 1920-ին ձուլվել է Թուրքեստանի (1923–1960-ին միջինասիական) համալսարանի մեջ։ 1927-ին ստեղծվել է Սամարղանդի բարձրագույն մանկավարժ, ինստ–ը (այժմ՝ Սամարղանդի համալսարան)։ Աշխատանքներ են կատարվել Թուրքեստանի ժողովուրդների ազգագրական քարտեզը կազմելու ուղղությամբ։ Հնագիտ․ կանոնավոր պեղումները (Սամարղանդում, Բուխարայում, Խորեզմում և այլուր) կարևոր նյութեր են տվել Ու–ի հին և միջնադարյան պատմության վերաբերյալ (Մ․ Մասոն, Բ․ Դենիկե, Ա․ Ցակուբովսկի և ուրիշներ)։ Բարտոլդը և նրա աշակերտները շարունակել են ուսումնասիրել ֆեոդալիզմի պատմությունը Միջին Ասիայում և մեծ ազդեցություն են ունեցել ուզբ․ սովետական պատմագիտության զարգացման վրա։ Պատմաբանների ուշադրության կենտրոնում են գտնվել Ու–ի նոր և նորագույն պատմության, հեղափոխ․ և ազգ․-ազատագր․ շարժումների, Հոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական պատերազմի, ցարիզմի գաղութային քաղաքականության խնդիրները (Մ․ Այնի, Պ․ Անտրոպով, Ֆ․ խոջաև և ուրիշներ)։ 1947–50-ին ստեղծվել է «Ուզբեկստանի ժողովուրդների պատմություն» (հ․ 1–2) ընդհանրացնող աշխատությունը։ 1950– 1960-ական թթ․ հնագիտական գտածոները հնարավորություն են տվել ստեղծելու հիմնակազմ աշխատություններ Ու–ի հին մշակույթի և արվեստի պատմության վերաբերյալ (Գ․ Պուգաչենկովա, Լ․ Ռեմպել)։ Ատեղծվել են մենագրություններ հեղափոխ․ շարժման և ՍՄԿԿ պատմության (Պ․ Կովալյով, Խ. Թուրսունով և ուրիշներ), Հոկտեմբերյան հեղափոխության, ուսումնասիրություններ ներքին և արտաքին հակահեղափոխության ջախջախման, բանվոր դասակարգի, կոլտնտեսային շինարարության ևն հարցերի վերաբերյալ (Ի․ Դոդոնով, Մ․ Վահաբով, Յու․ Ալեսկերով, Մ․ Ախունովա, Ռ․ Ամինովա և ուրիշներ)։ Հրատարակվել են խոշոր աշխատություններ կոմունիստական կուսակցության պատմության (խ․ Գուլյամով, Մ․ Մուսան և ուրիշներ), սովետների և պետ․ շինարարության (Ա․ Աղզամխոջաև և ուրիշներ) վերաբերյալ։ 1967–68-ին լույս են տեսել «Ուզբեկական ԱՍՀ պատմության» 2-րդ, լրացված հրատարակության չորս հատորները։ Կուսակցության պատմության ուսումնասիրության գործում առաջատար դերը պատկանում է Ու–ի կոմկուսի ԿԿ–ին կից կուսակցության պատմության ինստ–ին՝ ՍՄԿԿ ԿԿ–ին կից մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի ուզբ․ մասնաճյուղին։ Ինստ–ը ուզբ․ թարգմանել և հրատարակել է Վ․ Ի․ Լենինի երկերը, Կ․ Մարքսի «Կապիտալը» ևն։
Տնտեսագիտությունը։ Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը տնտեսագիտական հետազոտությունները Ու–ի տարածքում, գլխավորապես ելնելով Թուրքեստանում