մոլեկուլային միացությունների հալույթներին ու խիտ լուծույթներին։ Հեղուկ համակարգերում, օրինակ, հոսքի ժամանակ տեղի է ունենում հեղուկի մածուցիկության խիստ նվազում, հոսքը դադարեցնելիս՝ մածուցիկության աստիճանական աճ մինչև նրա նախնական արժեքը։ Մածուցիկապլաստիկ միջավայրերում դեֆորմացիաներից փոքրանում է համակարգի ամրության (հոսունության) սահմանը, դեֆորմացիաները վերացնելիս վերականգնվում է այդ սահմանի սկզբնական մեծությունը։ Բյուրեղական պոլիմերներում ու էլաստոմերներում հաջորդական «ծանրաբեռնում–հանգիստ» փուլերում տեղի է ունենում նյութի կառուցվածքի դարձելի փոփոխություն՝ փոխվում է մակրոմոլեկուլի կոնֆորմացիան, քայքայվում ու վերականգնվում են ինչպես ներ–և միջմոլեկուլային կապերը, այնպես էլ վերմոլեկուլային գոյացությունները։ Կոագուլվող համակարգերում Տ․ տեղի է ունենում շատ թույլ մեխանիկական ազդեցություններից, արագ քայքայվում է միջմոլեկուլային թույլ ուժերով պայմանավորված կառուցվածքը, որն արագ վերականգնվում է այդ ազդեցությունը վերացնելիս։ Այսպիսով, լայն առումով Տ․ մածուցիկահոսուն կամ պլաստիկ համակարգերի արդյունարար մածուցիկության ժամանակավոր իջեցումն է համակարգերի դեֆորմացիաների հետևանքով, անկախ նրանցում տեղի ունեցող փոփոխությունների ֆիզիկ. բնույթի։
ՏԻՖ (< հուն․ τῦφος – ծուխ, մշուշ, գիտակցության մթագնում), բառացի՝ վարակիչ հիվանդություն, որն ուղեկցվում է ջերմով և գիտակցության խանգարումներով։ «Տ․» տերմինն օգտագործվում է դրսևորման որոշ ձևերով իրար նման, բայց պատճառագիտությամբ տարբեր մի շարք սուր վարակիչ հիվանդությունները նշելու համար։ Տես Բծավոր տիֆ, Ետադարձ տիֆ, Որովայնային տիֆ, Պարատիֆեր։
ՏԻՖԼՈՊԵԴԱԳՈԳԻԿԱ (< հուն․ τυφλός – կույր և παιδαγωγική – դաստիարակման արվեստ, մանկավարժություն), դեֆեկտոլոգիայի բնագավառ, զբաղվում է խանգարված տեսողություն ունեցող երեխաների (ի ծնե կույր, մասնակի տեսնող, թույլ տեսնող, կույր խուլ) դաստիարակության, կրթության, ուսուցման և աշխատանքի նախապատրաստման պրոբլեմների լուծմամբ։ Կույրերի առաջին դպրոցը ստեղծել է Տ–ի հիմնադիր, ֆրանսիացի մանկավարժ Վ․ Գայուին, 1784-ին, Փարիզում։ ՍՍՀՄ–ում սովետական իշխանության հաստատման առաջին իսկ տարիներից կույրերի դպրոցները ներառվել են ժող․ կրթության ընդհանուր համակարգում։ 30-ական թթ․ բացվել են թույլ տեսնող երեխաների դպրոցներ։ Կույր և թույլ տեսնող երեխաների համընդհանուր պարտադիր կրթության նպատակով ստեղծվել է միջնակարգ և 8-ամյա հանրակրթական հատուկ դպրոցների ցանց։ Կույրերի դպրոցներում օգտագործվում են ըստ Լ․ Բրայլի համակարգի ցցուն–կետավոր տպագիր, թույլ տեսնողների դպրոցներում՝ մեծ տպատառերով դասագրքեր և այլ գրականություն։ Տ․ հենվում է ընդհանուր մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիական օպտիկայի, մանկաբուժության, բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի, ակնաբուժության և այլ կից գիտությունների տվյալների վրա։ Սովետական Տ–ի կենտրոնը ՍՍՀՄ ՄԳԱ դեֆեկտոլոգիայի ԳՀԻ է։ Գիտ․ կենտրոններ են ստեղծվել նաև Մեծ Բրիտանիայում, ԳԴՀ–ում, ԳՖՀ–ում, ՌՍՀ–ում, ՉՍՍՀ–ում և այլուր։ ՀՍՍՀ–ում գործում է կույր և թույլ տեսնող երեխաների դպրոց։
ՏԽԼԵՆԻ (Corylus), տ կ ո ղ ե ն ի, պ ն դ ու կ ե ն ի, կեչազգիների ընտանիքի տերևաթափ թփերի, հազվադեպ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 20 տեսակ՝ տարածված Եվրոպայի, Ասիայի և Հս․ Ամերիկայի անտառային գոտում։ ՍՍՀՄ–ում՝ 7 տեսակ։ Արժեքավոր տնտ․ նշանակություն ունի Տ․ ս ո վ ո ր ա կ ա ն ը (C․ avellana), ծառ է կամ թուփ 4–8 մ բարձրությամբ։ Բունը և կմախքային ճյուղերը հարթ են, մոխրագույն։ Տերևները խոշոր են, կլորավուն, թավոտ, մուգ կանաչ գույնի, ամբողջաեզր կամ մանր ատամնավոր, հերթադիր։ Ծաղիկները բաժանասեռ են։ Առէջքային (արական) ծաղիկները երկար գլանաձև կատվիկներ են, վարսանդայինը (իգական)՝ երկծաղիկ ծաղկաբույլ։ Պտուղը միասերմ ընկույզ է՝ ծածկված բաց կանաչ գույնի պտղաբաժակով։ Պտղի միջուկն օգտագործվում է թարմ վիճակում, հրուշակեղենի, քաղցրավենիների արտադրության Մեջ։ Պտղի միջուկը պարունակում է ճարպեր (50–70%), սպիտակուցներ (15–20%), վիտամիններ։ Տ․ ջերմասեր, խոնավասեր բույս է։ Բազմանում է մացառներով, անդալիսով։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, ծաղկում է վաղ գարնանը, ինքնափոշոտվող է։ Ապրում է մինչև 80 տարի։ ՀՍՍՀ–ում վայրի վիճակում աճում է Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Ղափանի անտառներում, մշակվում է Աշտարակում, Օշականում, Եղեգնաձորում, էջմիածնում։ Տարածված են Աշտարակի և Ողջաբերդի սորտերը, որոնք աչքի են ընկնում իրենց սննդարար հատկանիշներով։ է․ Մորիկյան
ՏԿԱՉՅՈՎ Պյոտր Նիկիտիչ [29․6(11․7)․ 1844–23․12․1885 (4․1․1886)], ռուս հրապարակախոս, հեղափոխական նարոդնիկության գաղափարախոս։ Ուսանողական հեղափոխական հուզումներին մասնակցելու համար 1861-ին հեռացվել է Պետերբուրգի համալսարանից, սակայն 1868-ին էքստեռն ավարտել է իրավաբանական ֆակուլտետը։ 1865-ից աշխատակցել է առաջադիմական մամուլին։ 1869-ին ձերբակալվել է, դատապարտվել բանտարկության։ 1873-ին վտարանդվել է։ Պ․ Լ․ Լավրովի և Մ․ Ա․ Բակունինի հետ հարաբերությունները խզելուց հետո ժնևում հրատարակել է «Նաբատ» («Набат», 1875–81) ամսագիրը։ Հետագայում ապրել է Փարիզում և աշխատակցել Օ․ Բլանկիի թերթին։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է հոգեբուժական հիվանդանոցում։ Տ․ եղել է պայքարի դավադրական մեթոդների կողմնակից, հեղափոխությունը համարել «հեղափոխական փոքրամասնության» դիկտատուրայի հաստատում։ Որպես բլանկիզմի հետևորդ չի ըմբռնել պետության դասակարգային էությունը, պնդում էր, որ ռուս. պետությունը արմատներ չունի տնտեսության մեջ և չի արտահայտում որևէ դասակարգի շահեր։ Տ–ի հայացքները որոշակիորեն արտացոլվել են «Նարոդնայա վոլյա» կազմակերպության գործունեության մեջ։ Բարձր գնահատելով Տ–ի և նարոդովոլականների ծառայությունները՝ Վ․ Ի․ Լենինը քննադատել է նրանց դավադրական տակտիկան (տես Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 6, էջ 219–220, հ․ 13, էջ 95)։ Իբրև գրաքննադատ պաշտպանել է ռեալիզմը, գեղարվեստական երկին ներկայացրել բարձր գաղափարայնության ու հասարակական կարևորության պահանջ, պայքարել պահպանողական գրական–գեղագիտական ուղղությունների, «արվեստը արվեստի համար» տեսության դեմ։ Սակայն հաճախ անտեսել է գեղարվեստական երկի գեղագիտական արժեքը, սխալ գնահատել Ի․ Ս․ Տուրգենևի, Մ․ Ե․ Սալտիկով–Շչեդրինի, Լ․ Ն․ Տոլստոյի ստեղծագործությունը։
Երկ․ Соч․, т․ 1–2, М․, 1975–76; Избр․ соч․, т․ 1–6, М․, 1932–37; Избр․ лит․-критич․ статьи, М․–Л․, 1928․
Գրկ․ է ն գ ե լ ս Ֆ․, Ռուսաստանում սոցիալական հարցի մասին, Մ ա ր ք ս Կ․ և Է ն գ ե լ ս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 2, Ե․, 1973։ Պ լ ե խ ա ն ո վ Գ․Վ․, Մեր տարաձայնությունները, Փիլիսոփայական ընտ․ երկ․, հ․ 1, Ե․, 1960։ П․ Н․ Ткачёв, в кн․։ История русской философии․ Указатель литературы изданной в СССР на русском языке за 1917 – 1967 гг․, ч․ 3, М․, 1975, с․ 732-35․
ՏԿՈՒՑՔ, տ ա կ ու ց ք, սպիրտային արտադրության մնացուկ, որն օգտագործվում է որպես կեր։ Սննդարարությունը և բաղադրությունը ըստ սպիրտի հումքի (եգիպտացորեն, կարտոֆիլ, մաթ, աշորա ևն) տարբեր է։ Թարմ Տ․ պարունակում է 3,2-ից (կարտոֆիլի Տ․) մինչև 12,2 (եգիպտացորենի Տ․) կերային միավոր և 0,6–1,7 կգ մարսելի պրոտեին 100 կգ կերում, չոր Տ․ համապատասխանաբար՝ 60,2–102 և 12,6–14,9։ Թարմ Տ․ պարունակում է 92–94% ջուր և 6–8% չոր նյութեր։ Այն սովորաբար խառնում են կոպիտ կերերի հետ և տալիս կենդանիներին (բտվողներին՝ 70–80, մատղաշներին՝ 40–50, կաթով սնվողներին՝ 30, բանող ձիերին՝ 12–18 լ)։ Կաթնաթթուն և քացախաթթուն չեզոքացնելու նպատակով Տ–ին ավելացնում են կավիճ։ Տ․ պահպանելու համար սառեցնում են, սիլոսացնում և չորացնում։ Չորացրած Տ․ լավ է պահպանվում և փոխադրունակ է։
ՏՀԼԱ, տես Ղավուրմա։
ՏՀԻՄՊՀՈՒ, Թ հ ի մ փ հ ու, Բութանի մայրաքաղաքը։ Գտնվում է միջլեռնային հովտում, Չինչու գետի ափին։ Ավելի քան 20 հզ․ բն․ (1984)։ Առևտրա-արհեստավորական կենտրոն է, կան անտառանյութի մշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։
ՏՂԱԲԵՐՈՒԿ (Aethionema), բ ո ց ա թ ե լ ու կ, բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Տերևները փոքր են, 1–4 սմ երկարությամբ, ամբողջաեզր․