Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/27

Այս էջը սրբագրված է

էին, աշխատանքի բաժանումը կատարվում էր առարկայական ու դետալային ձևերով։

Տ․ ա–յան զարգացման հետևանքով սկսվեց «արհեստավորների քայքայման» ու դասակարգային տարբերացման պրոցես․ դրանց մեծ մասն աղքատացավ, դարձավ վարձու աշխատող, իսկ մի աննշան մասը հարստացավ, նրա «խնայողությունները» վերածվեցին կապիտալի։ Առաջացան խոշոր արհեստանոցներ կամ կապիտ․ պարզ կոոպերացիաներ, որոնցում աշխատանքի գործիքների, վարձու բանվորների ու ապրանքների արտադրության համակենտրոնացումը դրանց սեփականատերերի համար շուկայում իշխող դիրք էր ապահովում և հնարավորություն տալիս խոշոր մեծածախ առևտուր կատարել։ Տ․ ա–յան ապրանքների իրացման ու հումքի գնման մենաշնորհն իրենց ձեռքում կենտրոնացրին գնորդները, որի հետևանքով մանր արտադրողները կտրվեցին շուկայից։ Տ․ ա–յան մեջ կապիտ․ հարաբերությունների զարգացման ընթացքում գնորդները դարձան խոշոր ձեռնարկատերեր, առաջացան մանուֆակտուրաներ, և տարածվեց կապիտ․ տնային աշխատանքը՝ որպես վերջիններիս կցորդ (տես Տնայնագործություն)։ Տ․ ա․ պահպանվում է նաև իմպերիալիզմի փուլում։ Ռուսաստանում, օրինակ, 1912–13-ին կար 3,7 մլն տնայնագործ, արդ․ արտադրության ընդհանուր ծավալում Տ․ ա–յան տեսակարար կշիռը կազմում էր 33% ։ ՍՍՀՄ–ում կապիտալիզմից սոցիալիզմին անցման շրջանում, Լենինի, կոոպերատիվ պլանի համաձայն, տնայնագործներն ու արհեստավորները միավորվեցին արհեստագործական կոոպերացիայում (տես Կոոպերացիա)՝․ Սոցիալիստ, մյուս երկրներում ևս գրեթե բոլոր տնայնագործներն ու արհեստավորները կոոպերացված են։

Տ․ ա․ գոյություն ունի բոլոր կապիտ․ երկրներում, ուր արտադրության ու կապիտալի համակենտրոնացման ու կենտրոնացման հետ այն դուրս է մղվում խոշոր արտադրության կողմից, իսկ մանր ապրանքարտադրողները սնանկանում են։ Տես նաև Արհեստներ հոդվածը։

Գրկ․ Լ ե ն ի ն Վ․ Ի․, Ի՞նչ են «ժողովրդի բարեկամները» և ինչպե՞ս են նրանք մարտնչում սոցիալդեմոկրատների դեմ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1։ Ն ու յ ն ի, Նարոդնիկության տնտեսական բովանդակությունը ու նրա քննադատությունը պրն Ստրուվեի գրքում, նույն տեղում։ Мелкая промышленность СССР по данным Всесоюзной переписи 1929 г․, в․ 1-3, М․-Л․, 1932-33․

ՏՆԱՅՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, գյուղացիական տնտեսության մեջ ընտանիքի ուժերով հայթայթվող հումքով կազմակերպվող և միայն այդ ընտանիքի կարիքները բավարարող արտադրություն։ Տ․ անխզելիորեն կապված է երկրագործությանը և բնատնտեսության անհրաժեշտ պարագան է։ Առաջացել է նախնադարյան համայնական կարգերի դարաշրջանում, մարդկանց արտադր․ գործունեության հիմնական ճյուղերի՝ անասնապահության և երկրագործության ձևավորմանը զուգահեռ։ Տ–յան արտադրանքի այս կամ այն տեսակի զարգացումը կախված է եղել տեղական պայմաններից և առկա հումքից։ Տ–յան առավել վաղ և համապարփակ տեսակներն են եղել մորթու, կաշվի, փայտի, փայտակեղևի զանազան մշակումները, թաղիքի պատրաստումը։ Նախնադարյան դարաշրջանում ծղոտից, մազից, բնաթելերից և այլ հումքերից հյուսվածքների (պարան, ցանց, զամբյուղ, ամաններ ևն) արտադրությամբ սկիզբ է դրվել մանածագործության զարգացմանը։ Թելերի հյուսումից սկիզբ է առել մանումը, իսկ վերջինից՝ պարզունակ դազգահներով (ուղղահայաց և հորիզոնական) ջուլհակությունը (ոստայնանկությունը)։ Տնտ․ կարևոր նշանակություն է ունեցել կավագործ, կամ բրուտագործ, արտադրությունը։

Տ․ եղել է մինչկապիտ․ արտադրաեղանակների, հատկապես ֆեոդ, տնտեսության բաղկացուցիչ մասը։ Գյուղացիական տնային արտադրանքների և նահապետական (բնատնտեսական) երկրագործության միատեղությունը բնորոշ է եղել վաղ միջնադարյան տնտեսակարգին։ Տ-յան արտադրանքները չեն հանվել շուկա, դրանք օգտագործել են իրենք՝ արտադրողները, այսինքն՝ արտադրությունները դեռևս չեն եղել արդյունաբերության ինքնուրույն ձևեր։ Տ–յան արտադրանքները գյուղացու տնտեսության սահմաններից դուրս՝ հողատիրոջը, հասել են սոսկ բնահարկի տեսքով։ Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում Տ․ աստիճանաբար վերաճել է արհեստների, բայց իսպառ դուրս չի մղվել։ Կապիտալիզմը, բնատնտեսության քայքայման հետ միատեղ, քայքայել է նաև Տ․, բայց դրա մնացուկները գրեթե միշտ պահպանվում են մանր գյուղաց․ տնտեսություններում։ Կ․Սեղբոսյան

ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ (ՏՇԿ), համակցված ձեռնարկություն, որտեղ օրգանապես զուգակցված են հավաքովի կոնստրուկցիաների արտադրությունը, դրանց փոխադրումը շինհրապարակ, մոնտաժումն ու ետմոնտաժային աշխատանքները՝ ընդհուպ մինչև պատրաստի շենքերի շահագործման հանձնելը։ ՏՇԿ միավորում է հավաքովի դետալներ արտադրող, տրանսպորտային, շինմոնտաժային (ներառյալ մասնագիտացված) կազմակերպությունների ֆունկցիաները՝ միաժամանակ պահպանելով կոոպերացված կապերը ոչ հանքային նյութեր, փայտե դետալներ մատակարարող և մի շարք այլ ձեռնարկությունների հետ։ Կոմբինատը սովորաբար կառուցում է շենքի վերգետնյա մասը, իսկ զրոյական ցիկլի, երբեմն նաև հարդարման ու սանտեխ․ աշխատանքներն իրականացնում են մասնագիտացված ենթակապալառու կազմակերպությունները։ ՏՇԿ, որպես կանոն, ներառում է խոշորապանել տնաշինության, երկաթբետոնե իրերի գործարաններ կամ արտադրամասեր, շինմոնտաժային վարչություններ, շինարարական և տրանսպորտային տեղամասեր, նախագծակոնստրուկտորական բյուրոներ։

ՍՍՀՄ–ում առաշին ՏՇԿ ստեղծվել է 1959-ին, Լենինգրադում։ 1962-ից նման կոմբինատներ են կազմակերպվել Մոսկվայում, այնուհետև լայն տարածում ստացել մյուս քաղաքներում։ ՀՍՍՀ–ում 1984- ին գործել է մեկ ՏՇԿ՝ Երևանի տնաշինական կոմբինատը, որը կազմակերպվել է 1965-ին՝ երկաթբետոնե կոնստրուկցիաների N․ 3 գործարանի բազայի վրա։

ՏՆԳԵՏ, Տ ն կ ե տ, Տ ն կ ի տ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասուն գավառի Հազզո–Խաբլջոզ (Հզվան կամ Խարզան) գավառակում, Մարաթուկ լեռան հս․ ստորոտին, համանուն գետակի աջ ափին։ XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին ուներ ավելի քան 200 հայ բնակիչ (30 տուն)։ Տ․ ավերվել և ամայացել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածներն ապաստանել են Արլ․ Հայաստանում (հիմնականում՝ Թալինի շըրջանի Կաքավաձոր և Աշնակ գյուղերում)։ Գ․ Բադալյան

ՏՆԿԱՐԱՆ, 1․ տնտեսություն (կամ տնտեսության մի մաս), որտեղ աճեցվում են պտղատու ծառատեսակների, խաղողի վազի, դեկորատիվ և անտառային ծառատեսակների ու թփերի տնկիներ և սերմնաբույսեր։ 2․ Փորձարարական կամ գիտահետազոտական հիմնարկում կազմակերպված հողամաս՝ գյուղատնտ․ բույսերի աճեցման, բազմացման և ուսումնասիրման համար։ Ըստ մասնագիտացման Տ–ները հիմնականում լինում են․ պտղատու, անտառային կուլտուրաների, խաղողի։

Կան նաև խառը Տ–ներ, որտեղ բոլոր կուլտուրաներն աճեցվում են միևնույն տնտեսությունում։

Պ տ ղ ա տ ու Տ․ կազմված է մայրուտների, բազմացման, պատվաստի և ձևավորման բաժիններից։ Մ ա յ ր ու տ ն ե ր ն ստեղծվում են տնկանյութի աճեցման համար սերմեր, վեգետատիվ ճանապարհով բազմացող պատվաստակալներ և շրջանացված սորտերի կտրոններ ստանալու համար։ Բ ա զ մ ա ց մ ա ն բաժնում աճեցվում են տարբեր ծառատեսակների սերմնաբույսեր։ Պ ա տ վ ա ս տ ի և ձ և ա վ ո ր մ ա ն բաժնում վերատնկված (հիմնականում խնձորենի, տանձենի) կամ տեղում աճեցված (ծիրանենի, դեղձենի) սերմնաբույսերը պատվաստվում են, ապա մեկ կամ երկու տարի հետո տեղափոխվում հիմնական այգի։

Խ ա ղ ո ղ ի Տ–ում աճեցվում են յուրարմատ (որդնալվիճից ազատ շրջաններում) և պատվաստած (որդնալվիճով վարակված շրջաններում) տնկիներ։

Ա ն տ ա ռ ա յ ի ն Տ–ում աճեցվում են տարբեր ծառատեսակների ու թվերի սերմնաբույսեր և տնկիներ։ Լինում են անտառային, անտառամելիորատիվ, կանաչապատման և պտղահատապտղային Տ–ներ։ Անտառային և անտառամելիորատիվ Տ–ում աճեցնում են առավելապես միամյա, երկամյա սերմնաբույսեր՝ անտառա–կուլտուրական աշխատանքների համար, իսկ կանաչապատման և պտղահատապտղային Տ–ներում գլխավորապես տնկիներ՝ բնակավայրերի կանաչապատման համար։ Ըստ զբաղեցրած տարածքի մեծության լինում են փոքր (մինչև 3 հա), միջին (20 հա) և մեծ (20 հա-ից) Տ–ներ։ Լինում են նաև ժամանակավոր և մշտական։ ժ ա մ ա ն ա կ ա վ ո ր ը հիմնադրում են մեկ կամ մինչև 5 տարի օգտագործելու նպատակով։ Մ շ տ ա կ ա ն ը երկարատև օգտագործման համար է և ավելի խոշոր է (տասնյակ կամ հարյուրավոր հա)։ է․ Առաքելյան