Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/37

Այս էջը սրբագրված է

է։ Գործում են Պլանային, Գիտաաեխնիկական, Նյութատեխնիկական մատակարարման կոմիտեներ և մի շարք մշտական հանձնաժողովներ։ Տնտեսական փոխօգնության խորհուրդն ունի Ստանդարտացման և համաշխարհային սոցիալիստական համակարգի տնտեսական պրոբլեմների միջազգային ինստիտուտներ։ Տնտեսական փոխօգնության խորհրդի շրջանակում է գործում Միջազգային ինվեստիցիոն բանկը (ՄԻԲ)։

Գրականություն ԽՄԿԿ XXVII համագումարի նյութերը, Ե․, 1986։ Устав Совета экономической взаимопомощи, в сб․։ Основные руководящие и методические документы Совета Экономической Взаимопомощи, М․, 1977; Комплексная программа дальнейшего углубления и совершенствования сотрудничества и развития социалистической экономической интеграции стран-членов СЭВ, М․, 1971; Рыбанов О․ К․, Плановые основы экономической интеграции стран-членов СЭВ, М․, 1979; Международный рынок СЭВ в условиях интеграции, М․, 1980․

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տնտեսական միջոցառումների համակարգ, որ մինչսոցիալիստական ֆորմացիաներում պետությունն իրականացնում է՝ ելնելով տիրող դասակարգի, իսկ սոցիալիզմի պայ մաններում՝ ամբողջ հասարակության շահերից. տնտեսագիտության բնագավառ: Տնտեսական քաղաքականության սոցիալական բովանդակությունը, նրա հիմքում ընկած գաղափարները, նպատակներն ու դրանց իրագործման միջոցները որոշվում են հասարակարգի բնույթով, արտադրության միջոցների նկատմամբ սեփականատիրական հարաբերություններով։ Ինչպես ամեն մի քաղաքականություն՝ այն պատմականորեն որոշակի արտադրաեղանակի էկոնոմիկայի խտացված արտահայտությունն է։ Տնտեսական քաղաքականության վրա, որը մշակում է իշխանության գլուխ կանգնած քաղաքական կուսակցությունը, ազդում են դասակարգային ուժերի հարաբերակցությունը, երկրում ու միջազգային ասպարեզում դասակարգային պայքարի զարգացման աստիճանը, պատերազմի ու խաղաղության իրադրությունը և այլ գործոններ։ Բուրժուական պետության տնտեսական քաղաքականության նպատակն է պահպանել կապիտալիստական սեփականությունը, ընդլայնել շահագործման ոլորտը։ Այն հակադրվում է աշխատավոր զանգվածների արմատական շահերին և այդպիսով սրում դասակարգային հակասությունները։ Ժամանակակից պայմաններում կապիտալիստական պետությունը ձգտում է ուժեղացնել միջամտությունն էկոնոմիկայում, կարգավորել այն, սակայն նա անկարող է ապահովել պլանաչափ զարգացումն ամբողջ հասարակության մասշտաբով։ Սոցիալիստական հասարակարգում տնտեսական քաղաքականությունը հիմնվում է հանրային սեփականության, էկոնոմիկայի զարգացման պլանաչափ բնույթի, սոցիալիզմի տնտեսաքկան օրենքների գիտակից օգտագործման վրա։ Նպատակն է՝ հանրային արտադրության անարգել, արագ զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծման ուղիով առավել բավարարել ամբողջ հասարակության ու նրա յուրաքանչյուր անդամի աճող պահանջմունքները։

Ժամանակակից պայմաններում տնտեսական քաղաքականությունը ավելի ու ավելի է ձևավորվում որպես գիտական ինքնուրույն ուղղություն, որի առարկան էկոնոմիկայի քաղաքական ղեկավարման գիտական հիմունքների ու սկզբունքների սոցիալիստական հասարակարգի զարգացման տարբեր փուլերում տնտեսական քաղաքականության իրականացման փորձի ուսումնասիրությունն է։


ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ, սոցիալ–տնտեսական քարտեզագրություն, քարտեզագրության բաժին՝ կապված տնտեսական աշխարհագրության և ժողովրդական տնտեսության պրակտիկայի հետ։ Զբաղվում է տնտեսության, բնակչության, բնական ռեսուրսների, մշակույթի, սպասարկման ոլորտի հատուկ քարտեզների ստեղծման և օգտագործման խնդիրներով։ Տնտեսական քարտեզներն անհրաժեշտ են արտադրողական ուժերի գիտական տերիտորիալ կազմակերպման և դրա միջոցով էլ արտադրության արդյունավետության բարձրացման համար։

ԽՍՀՄ–ում տնտեսական քարտեզագրությունը ձևավորվել է XX դ․ 20–30-ական թվականներին տնտեսական քարտեզների մեծ պահանջարկի, հանրապետությունների, տնտեսական շրջանների և ժողտնտեսության ճյուղերի արագ զարգացման, խորհրդային էկոնոմիկայի նվաճումների պրոպագանդումը ծավալելու և ուսումնական հաստատություններում տնտեսական աշխարհագրության դասավանդումն արմատավորելու պայմաններում։ Տնտեսական քարտեզագրության կազմավորման և զարգացման գործում մեծ ավանդ են ներդրել Ն․ Ն․ Բարանսկին, Ա․ Ի․ Պրեոբրաժենսկին, Վ․ Պ․ Կորովիցինը և ուրիշներ, ՀԽՍՀ–ում՝ ԳԱ երկրաբանության ինստիտուտի աշխարհագրության բաժինը (Գ․ Ա․ Քոչարյան, Լ․ Հ․ Վալեսյան և ուրիշներ), բուհերի տնտեսական աշխարհագրության ամբիոնները։

Ժամանակակից տնտեսական քարտեզագրությունը հենվում է տնտեսաաշխարհագրական հետազոտությունների տեսության ու մեթոդիկայի, ինչպես նաև քարտեզագրական տեխնիկայի հետագա կատարելագործման վրա։


ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ, հասարակության զարգացման տարբեր աստիճաններում նյութական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման պրոցեսներում տնտեսական երևույթների անհրաժեշտ, կայուն, կրկնվող, պատճառականությամբ պայմանավորված կապեր և փոխկախվածություններ։ Արտահայտում են արտադրահարաբերությունների (տես Արտադրողական ուժեր և արտադրական հակաբերություններ) այս կամ այն համակարգի գործողության և զարգացման առավել էական, տիպական գծերը։ Տնտեսական օրենքներից յուրաքանչյուրը տնտեսական երևույթների և պրոցեսների որակական և քանակական միասնական կողմերի արտահայտություն է և այդ պրոցեսների ներքին չափ։ Տնտեսական օրենքները, բնության օրենքների նման, օբյեկտիվ են․ ծագում և գործում են առանձին անձանց և ամբողջ հասարակության կամքից ու գիտակցությունից անկախ։ Միաժամանակ բնության օրենքներից տարբերվում են այն բանով, որ գործում և դրսևորվում են հասարակության առարկայական–աշխատանքային և արտադրական գործունեության միջոցով։ Տնտեսական օրենքներն ունեն նաև պատմական բնույթ։ Արտադրության յուրաքանչյուր եղանակի հատուկ է տնտեսական օրենքների իր համակարգը։ Տնտեսական օրենքների բնույթը և դրսևորման ձևերն ամբողջարար կախված են արտադրության միջոցների սեփականության տիպից, արտադրության իրական հանրայնացման մակարդակից, արտադրական հարաբերությունների գործողությունների տնտեսական կապերի բնույթից։ Տնտեսական օրենքները դրսևորվում են տվյալ արտադրահարաբերությունների համակարգի տնտեսական կատեգորիաների միջոցով։

Տարբերվում են ընդհանուր տնտեսական օրենքներ, որոնք հատուկ են հասարակական–տնտեսական բոլոր ֆորմացիաներին (արտադրողական ուժերի զարգացման բնույթին ու մակարդակին արտադրական հարաբերությունների համապատասխանության, հասարակական աշխատանքի արտադրողականության աճի և այլն օրենքներ), և առանձնահատուկ տնտեսական օրենքներ, որոնք գործում են միայն որոշակի արտադրության եղանակի կամ նրա զարգացման առանձին փուլերի պայմաններում (մենաշնորհային շահույթի, ըստ աշխատանքի բաշխման)։ Գոյություն ունեն նաև այնպիսի տնտեսական րենքներ, որոնք բնորոշ են միայն մի քանի հասարակական–տնտեսական ֆորմացիաների (որտեղ գոյություն ունի ապրանքային արտադրություն)։ Դրանցից են, օրինակ, արժեքի, դրամաշրջանառության, պահանջարկի ու առաջարկի օրենքները։

Յուրաքանչյուր հասարակարգում գործում են ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձնահատուկ տնտեսական օրենքներ։ Փոխներգործության մեջ դրանք կազմում են տվյալ արտադրաեղանակի տնտեսական րենքների համակարգը և ներկայացնում ներքին անհրաժեշտ և էական կապերի ու կախվածության ամբողջություն, որն ավելի լրիվ է բնութագրում նրա էությունը և զարգացման ուղղությունը։ Այն ընդգրկում է տվյալ արտադրության եղանակի հիմնական տնտեսական օրենքը (տես Կապիտալիզմի հիմնական տնտեսական օրենք, Սոցիալիզմի հիմնական տնտեսական օրենք), անհրաժեշտ և հավելյալ արդյունքի յուրացման, հասարակական աշխատանքը և արտադրության միջոցները տնտեսության տարբեր ճյուղերի և գործունեության ձևերի միջև բաշխելու, վերարտադրության, ընդհանուր և այլ տնտեսական օրենքներ։ Բոլոր հակամարտ հասարակական–տնտեսական ֆորմացիաներում տնտեսական օրենքները գործում են տարերայնորեն և դրսևորվում որպես մարդուն որոշակի գործողության հարկադրող կույր ուժեր։ Տնտեսական րենքների իմացությունն ու օգտագործումը հակամարտ հասարակարգերում ունի դասակարգային բնույթ, ծառայում է շահագործող դասակարգերի շահերին։ Կապիտալիզմի շահագործողական էությունը, նրա տնտեսական զարգացման տարերային բնույթը բացառում են աշխատավորական լայն զանգվածների գործունեության պլանաչափ կազմակերպումը՝ տնտեսական օրենքների գիտակցաբար օգտագործման նպատակով։

Արտադրության կոմունիստական եղանակի ժամանակ արտադրության միջոցների հանրային սեփականությունը և ժողովրդական տնտեսության պլանաչափ կազմակերպումը հնարավորություն են տալիս ճանաչել, տնտեսական գործունեության մեջ հաշվի առնել տնտեսական օրենքները և ապահովել դրանց գիտակցաբար կիրառումը տնտեսավարման բոլոր մակարդակներում։ Սոցիալիզմի տնտեսական օրենքների օգտագործման գիտական հիմքերը դրել են Կ․ Մարքսը, Ֆ․ Էնգելսը, Վ․ Ի․ Լենինը, դրանք մշակվել և զարգացվել են ԽՄԿԿ և կոմունիստական ու բանվորական մյուս